Բարբառագիտության բաժնում կազմվել և խմբագրվել է "Հայոց լեզվի բարբառային բառարանը": Կազմվում են հայ բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների շտեմարաններ, որոնցում կներկայացվեն հայերենի բարբառների հնչյունական և բառային այն ընդհանրությունները, որոնցով տարբեր բարբառախմբերի պատկանող բարբառներն ու խոսվածքները ի հայտ են բերում ընդհանուր լեզվական հատկանիշներ: Աշխատանքներ են տարվում նաև բարբառագիտական նոր նյութերի գրանցման բարբառային քարտեզներ կազմելու ուղղությամբ: Քննվում են հայերենի բարբառների բառապաշարը ըստ բառիմաստային խմբերի և բարբառների հնչյունական և քերականական առանձնահատկությունները: Բաժնի վարիչ` ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյան:
Հայ բարբառների ուսումնասիրության հիմնական ուղղությունները
● Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի համալրում (առկա նյութի թվայնացում, մուտքագրում, դաշտային աշխատանքներ՝ նոր նյութեր հավաքելու համար):
● Հայերենի բարբառային բառապաշարի իմաստային, ծագումնաբանական, բառակազմական քննություն:
● Հայերենի բարբառների հնչյունական համակարգի փորձառական ուսումնասիրություն:
● Հայերենի բարբառների քերականական համակարգերի քննություն:
● Հինհայերենյան և միջինհայերենյան իրողությունների դիտարկում հայերենի բարբառներում:
● Հայ բարբառների համեմատական ուսումնասիրություն:
● «Հայ բարբառագիտություն» ակադեմիական աշխատության ստեղծում (տեսական հիմնադրույթների, ուսումնասիրության մեթոդների և սկզբունքների ճշգրտում, նյութի մշակում և շարադրում):