ԿԱՆՈՆԱՐԿՈՒՄ

ՏՆՏԵՍՎԱՐՈ՞Ղ, ԹԵ՞ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ
 
       Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» տնտեսավարել բառի դիմաց մեկնում է. «Իբրև տնտես կառավարել, տնտեսական գործերը կառավարել», իսկ տնտեսվար բառի դիմաց նշում է. «Հապավում տնտեսության վարիչ բառերի»: Համանման բացատրություն է տալիս նաև ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը»:
         Ժամանակակից պաշտոնական հայերենում, մասնավորապես՝ տնտեսագիտական, իրավաբանական տեքստերում զուգահեռ օգտագործվում են և՛ տնտեսավարող սուբյեկտ, և՛ տնտեսվարող սուբյեկտ եզրույթները, ընդ որում՝  միևնույն իմաստով, միևնույն համատեքստում: Ցավալին այն է, որ այս եզրույթի հիշյալ «տարբերակները» համակիրառվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»օրենքում սահմանված է. «Տնտեսվարող սուբյեկտ՝արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ, առևտրային ցանց...  ֆիզիկական անձ»:
         Սակայն, այս երկու ձևերից ո՞րն է համապատասխանում այս սահմանմանը, և որը՝ ոչ, անկախ նրանից, թե դրանցից որն է առավել վաղ օգտագործվել: Տնտեսվարել, փաստորեն, նշանակում է «տնտեսության վարիչ լինել», մասնավորապես՝ «դպրոցի կամ այլ հիմնարկի տնտեսվարը լինել», իսկ տնտեսավարել՝ «տնտեսական գործերը կառավարել»: Բնականաբար, քանի որ օրենսդրության մեջ խոսքը տնտեսություն վարող հիմնարկության կամ ֆիզիկական անձի մասին է, ուրեմն ճիշտը, միանշանակ, երկրորդ տարբերակն է: Ուստի, իրավական ակտերի վերանայման պարագայում անհրաժեշտ է երկձևությունները փոխարինել մեկ միասնական եզրույթով՝ տնտեսավարող սուբյեկտ բառակապակցությամբ:
 
Արտակ Վարդանյան
Բանասիրական գիտությունների թեկնածու
 
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
        Հայոց ազգային խոհանոցը մեր ժողովրդի ստեղծած հազարամյա արժեքների անբաժան մասն է և աշխարհի հնագույն ու հարուստ խոհանոցներից մեկը: Նրա մասին գրվել և հրատարակվել են հայ և օտար բազմաթիվ հեղինակների գրքեր ու մենագրություններ: Ռուս նշանավոր խոհանոցագետ-ուսումնասիրող Վիլյամ Պոխլեբկինը իր «Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները» գրքում նշել է, որ հայկական խոհանոցը Ասիայի տարածքի ամենահին խոհանոցն է և աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը, թեև ավելի ուշ ժամանակաշրջաններից ավանդական շատ կերակրատեսակներ կրում են օտար անուններ: «Հայկական խոհանոցիբնորոշ գծերը ձևավորվել են Ք.ա. առնվազն մեկ հազարամյակ առաջ՝ հայ ժողովրդի ձևավորման ընթացքում և շատ առումներով պահպանվել է ավելի քան երեք հազարամյակ՝ մինչև մեր օրերը»,- գրում է Պոխլեբկինը։
         Հայկական ուտեստների ամենակիրառական եզրույթներից են կաթնամթերքների ավանդական անվանումները, որոնց մի մասը մեզ է հասել հազարամյակների խորքից: Սակայն, մեր օրերում երբեմն մոռացվում են որոշ կաթնամթերքների ավանդական անվանումները՝ դրանց փոխարեն օգտագործվելով օտար կամ աղավաղված անուններ:
        Հում սերը անհիշելի ժամանակներից հայոց մեջ անվանվել է արաժան, որի բարբառային ձևերն են՝ ըրէժան, ըրաժան և այլն: Սակայն վերջին տարիներին որտեղից-որտեղ կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրանքում համերաշխորեն հայտնվել են  «Ռեժան» մակագրությամբ արաժանի տուփերը:
       Սակայն, ինչպես արիշտա արտադրող ընկերությունը իր արտադրանքի վրա չի գրի «Ռշտա», այլ՝ «Արիշտա», այդպես էլ «Ռեժանի» փոխարեն, անտարակույս, պետք է գրել դասական «Արաժան» տարբերակը։
        Հաջորդ կաթնամթերքը, որի անունը ուղղակի անհարկի մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով օտար «Ռիկոտտա» անվանը, որքան էլ զարմանալի է, հայկական հնագույն և հայտնի մի կաթնամթերք է՝ լոռը, որը ստացվում է թեթևակի թթվեցված և մակարդված կաթից կամ թարմ պանրաջրից։ Հայերս վաղնջական ժամանակներից խնոցու թանից կամ մածնաթանից ստացել ենք թթվաշ շոռը՝ մածնաշոռը, իսկ կաթից՝ քաղցրավուն լոռը կամ կաթնալոռը: Ուստի ճիշտ կլինի, եթե լոռ արտադրող արտադրանքի վրա օտար և ճռճռան «Ռիկոտտա» բառի փոխարեն գրվի ուղղակի «Լոռ»:
 
Արտակ Վարդանյան
Բանասիրական գիտությունների թեկնածու
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.