Ս.թ. հունիսի 27-ին տեղի ունեցավ «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովը ողջույնի խոսքով բացեց ինստիտուտի տնօրեն Վ.Լ. Կատվալյանը. նա նշեց, որ գիտաժողովի զեկուցումները, դրանց շուրջ տեղի ունեցող քննարկումները, անշուշտ, իրենց նպաստը կբերեն լեզվաբանական հետազոտությունների հետագա ծավալման, հարակից թեմաների ընդգրկման և միջգիտակարգային ուսումնասիրությունների խորացման բնագավառում:
Բառագիտության արդի խնդիրներին նվիրված այս գիտաժողովում ներկայացված երկու տասնյակ զեկուցումները նվիրված էին բազմազան հարցերի, արծարծվում էին լեզվի բառապաշարի ուսումնասիրության տարբեր խնդիրներ, եղան տեսական և գործնական մի շարք հարցերի ուշագրավ դիտարկումներ:
Ֆ.Հակոբյանը «Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը էլեկտրոնային բառարանագրության մեջ» և «Նեյրոցանցերի դերը բառիմաստների ավտոմատ բացատրության գործընթացում» զեկուցումներում ներկայացրեց արհեստական բանականության համակարգերի կիրառության միջոցով բառարանագրի աշխատանքը դյուրացներու մի շարք ոլորտներ՝ տեքստի մեքենական թարգմանություն, բառացանկի կազմում, բառահոդվածների մշակում, նոր բառերի մեքենական առանձնացնում և այլն:
Բառարանագիտության պատմության մի դրվագ ներկայացրեց բառարանագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Վ.Բաղրամյանը: Նա «Ս. Սոմալյանի «Անգլերեն-հայերեն բառարանի» արժեքը» զեկուցման մեջ ներկայացրեց քիչ հայտնի փաստեր Ս.Սոմալյանի այս աշխատանքի բնույթի և առանձնահատկությունների մասին:
Մի շարք զեկուցումներում ուսումնասիրության նյութ էին դարձել լեզվի ինստիտուտի «Նոր բառեր» բառարանաշարի ներկայացրած նորակազմ բառերը: Կ. Առաքելյանը ուսումնասիրել էր «Նորակազմ բառեր արդի հայ քնարերգության մեջ», Ի. Մարգարյանը՝ «Համանուն և հարանուն բաղադրիչներով նորակազմությունները արդի հայերենում»,
Ա. Մկրտումյանի ուշադրության կենտրոնում էին «Մեղր և մեղու բաղադրիչներով կազմությունները «Նոր բառերում»: Լսվեցին նաև զեկուցումներ առանձին հեղինակների ստեղծած նորաբանությունների մասին: Լեզվի կոմիտեի աշխատակից Մ.Ալեքսանյանը կարդաց «Նորաբանությունները Հ.Շիրազի «Անի» պոեմում» զեկուցումը, Մ.Քումունցը և Կ. Դավթյանը ներկայացրին «Նորաբանությունները Ջիվան Արիստակեսյանի «Մատյան –շիվեր» գրքում համատեղ զեկուցումը:
Գ.Գրիգորյանը կարդաց «Բարևելու ժեստերի փոփոխությունը Covid-19-ի ժամանակաշրջանում. հանրամշակութային վերլուծություն» զեկուցումը: Քննարկման ժամանակ Ա. Գալստյանը, որ վարում էր գիտաժողովը, նշեց, որ հրատապ և ուսումնասիրության կարոտ են նաև հարակից մի շարք հարցեր. ողջույնի բանաձևերը և դիմելաձևերը մերօրյա հայերեն խոսքում (հասարակության տարբեր խավերի և տարբեր տարիքային խմբերի խոսույթում):
Հ.Բալոյանի «Հատկական փոխառությունների իմաստային և գործածության առանձնահատկությունների մասին», Հ. Զաքարյանի «Փոխառությունն ընդդեմ հասկանալիության» և Ս.Պապիկյանի « Դիտարկումներ հատկական փոխառություն տերմինի վերաբերյալ» զեկուցումներում քննվում էին փոխառության ըմբռնման, գործածության, հարակից այլ հարցեր (փոխառություն-օտարաբանություն, փոխառություն-պատճենում-հայերեն տարբերակ):
Վ.Խաչատրյանը ներկայացրեց «Բազմիմաստության և համանունության սահմանների որոշում», Հ.Ղազարյանը՝ «Տարարժեք երկրորդական ձևույթները ժամանակակից հայերենում», Ռ.Մարգարյանը՝ «Բառաբաղադրությունները հագուստ նշանակող բառերի իմաստային դաշտում» զեկուցումները:
Լ.Ղամոյանը կարդաց «Խաղ բառը և նրա բառակազմական առանձնահատկությունները գրական հայերենում» զեկուցումը, Լ. Ներսիսյանը և Ա. Ղազարյանը՝ «Իսկական բարդությունները Գորիսի բարբառում» համատեղ զեկուցումը:
Ն.Սիմոնյանի «Հայ- գերմանական բառային բացառիկ զուգաբանություններ» զեկուցումը, որը լսվեց մեծ հետաքրքրությամբ, հայերենի և բազմաթիվ լեզուների լեզվական փաստերի համադրումով և վերլուծությամբ, ուշագրավ եզրահանգումներով հագեցած ուսումնասիրություն է:Թեման, լինելով տարբեր ազգերի լեզվաբանների ուշադրության կենտրոնում, խիստ արդիական է և գրավիչ:
Ա. Գալստյանը և Լ.Թելյանը «Հայերենի տալ բայի իմաստագործառական քննություն» համատեղ զեկուցման մեջ անդրադարձել են նշված բայի դարձվածակազմական տարողունակությանը, իմաստային տարբեր կիրառություններին:
Մ.Ֆելեքյանի զեկուցման թեման էր «Բառերի բացատրության բացասական կամ ժխտական եղանակը հայերենի բառարաններում»:
Գիտաժողովի բացմանը ներկա էր Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, արևելագիտության ֆակուլտետի դեկան Լուսինե Եղիազարյանը: Նրա հաջորդ այցը՝ Սան Պաուլոյի համալսարանի՝ հայագիտություն ուսումնասիրող ուսանողների խմբի հետ, սպասվում է աշնանը:
Նախատեսվում են մի շարք աշխատանքներ, համատեղ թեմաների մշակումներ, հեռավար և առկա դասախոսություններ, սեմինարներ, մշակութային կամուրջների ձևաչափով հաղորդաշարերի ստեղծում, կլոր սեղաններ, հայերենագիտության արդի խնդիրների և հեռանկարների դիտարկում համաշխարհայնացման արդի փուլում և այլն:
ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
բառարանագրության բաժին