Համառոտ ակնարկ

          Հիմնադրվելով 1943 թվին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը դառնում է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտ­րոնը, որտեղ համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, տասնամյակների ընթացքում ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտա­կան հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ:                
           Ինստիտուտի տարբեր սերունդների գիտաշխատողներ զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերա­կանության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահա­յերենի քննությամբ, գիտնականների հետաքրքրությունների ոլորտում են նաև գրա­կան լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբա­նության հարցերը, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բա­ռա­րան­ների և տերմինա­րանների ստեղծումը: Ինստիտուտի աշխատակիցները հեղի­նակել են ընդհանուր-տեսական և հայերենի կառուցվածքի ու պատմական զար­գացման առանձին հարցերի վերաբերող մենագրական ու խմբային աշխատութ­յուն­ներ, մշակել կամ առաջադրել են հայ քերականագիտության զարգացման համար կարևոր սկզբունքներ:            
            Զգալի աշխատանքներ են կատարվել ժամանակակից հայերենի քերակա­նական կառուցվածքի և գործառության հետազոտության ուղղությամբ: Այս ոլորտում լայն կիրառություն են ստացել ուսումնասիրության նոր, հատկապես կառուցված­քային, վիճակագրական, փորձառական մեթոդներ, լեզվի հետազոտության համա­կարգ­չային ծրագրեր, նոր և նորագույն տեխնոլոգիաներ: Բազմաթիվ մենագրություն­ներում ու ժողովածու­ներում լուսաբանվել են լեզվական կառուցվածքի տարբեր հարցեր, կատարվել է բառապաշարի, հնչյունական, հո­լովման և խոնարհման ենթա­հա­մա­կարգերի, քերականական առանձին կարգերի և առանձին խոսքի մասերի ուսում­նասիրություն: Այդ ամենի արդյունքները ամփոփված են «Ժամանակակից հա­յոց լեզու» եռահատոր ակադեմիական քերականության մեջ, որը պարունակում է լեզ­վական բոլոր մակարդակների մանրամասն նկարագրությունը: Նշանակալի են հայոց լեզվի զարգացմանը և կառուցվածքին, ժամանակակից հայերենի տեսու­թյան հիմունքներին, իմաստաբանությանը և բառակազմությանը (Գ.Ջահուկյան, Է.Աղա­յան), ժամանակակից գրական հայերենի քերականությանը, բային ու անվանական խոսքի մասերին, չթեքվող խոսքի մասե­րին, դրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությանը (Ս.Աբրահամյան, Գ.Գարեգինյան), ժամանա­կակից հայերենի շարահյուսությանը, շարահյուսական կառուցվածքի առանձին միավորների, հարաբերությունների ու հասկացությունների (Վ.Առաքելյան, Ն.Պառ­նասյան), հնչյունաբանությանը, հնչյունային ու հնչույթային համակարգերին, շեշտի և հնչերանգի առանձնահատկություններին (Ա.Խաչատրյան, Ռ.Թոխմախյան, Ա.Արամ­յան) նվիրված հիմնարար աշխատությունները: Քննվել են նաև ժամանակակից հա­յե­րենի բառապաշարին, նրա զարգացման ու հարստացման միտումներին ու հնա­րա­վորություններին, նորաբանություններին, փոխառություններին ու պատճենումներին առնչվող հարցեր, հետազոտվել են բառակազմական ու իմաստաբանական իրո­ղու­թյուններ (Հ.Օհանյան, Ս.Էլոյան):   
           Ոճագիտության ասպարեզում կատարվել է գործառական ոճերի և քերա­կանական ու ձևաբանական ոճաբանության հարցերի քննություն (Ռ.Մկրտչյան):  Ստեղծվել են գեղարվեստական գրականության լեզվին վերաբերող աշխատութ­յուններ, քննվել են շարահյուսությանն առնչվող ոճաբանական հարցեր` դարձ­վածք­ների, արտահայտչական միջոց­ների, բառակազմության ոճական հնարավորութ­յուն­ները, հայերենի ժողովրդախոսակցական տարբերակային առանձնահատ­կութ­յուն­ները:    
           Մի շարք աշխատություններ են նվիրվել տեխնիկական, բժշկագիտական, հասարակա­կան-քաղաքական, գրականագիտական, թատերագիտական, լեզվաբա­նական, գյուղատնտեսա­կան, ռազմական, կրոնաեկեղեցական տերմինաբանության ծագման և զարգացման պատմու­թյանը: Գիտատեսական խնդիրների քննությանը զուգընթաց առաջին անգամ տերմի­նարաններ, տերմինաբանական բառարաններ են կազմվել գիտության նորագույն ճյուղերի գծով (ֆիտոցենոլոգիա, մոլեկուլային ֆիզի­կա, շրջակա միջավայրի պահպանություն, դիվանագիտու­թյուն, տարազանուններ), հրատարակվել են ‎ֆենոլոգիայի և գոյապահպանության հայե­րեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարանները: Կազմվել է «Հայոց լեզվի գիտատեխ­նիկական տեր­մի­նաբանություն բառարան-տեղեկատու»:
          Հայագիտության ավանդական ուղղությունների ընդլայնմանն ու զարգացմանը զուգըն­թաց հետազոտություններ են ծավալվել հանրալեզվաբանության, հոգելեզ­վաբանության (հրատարակվել է փոխաբերացման հոգելեզվաբանական վերլու­ծու­թյանը վերաբերող աշխատություն), տեքստի լեզվաբանության, մաթեմատիկական լեզվա­բանության ուղղություններով, զարգացման նոր մակարդակի է բարձրացել  փորձառական հնչյունաբանությունը և այլն:       
          Զգալի աշխատանքներ են կատարվել ընդհանուր և համեմատական լեզվա­բանության բնագավառում:  Ստեղծվել են ընդհանուր և համեմատական լեզվաբա­նության հարցերին և պատմությանը նվիրված հիմնարար աշխատություններ (Հ. Ա­ճառ­յան, Գ.Ղափանցյան, Է.Աղայան, Գ.Ջահուկյան): Կարևոր արդյունքներ են ձեռք բերվել ընդհանուր լեզվաբանական կաղապարի մշակ­ման, լեզվական միավորների ու մակարդակների փոխհարաբերության, լեզվաբանական կարգե­րի սահմանման ու դասա­կարգման, լեզուների հեռավոր ցեղակցության ուսումնասի­րության և նոստ­րատիկ լեզվաբանության ուղղությամբ: Քննության են առնվել հայերենի և Առաջավոր Ասիայի հին լեզուների առնչությունները, հարևան հնդեվրոպական և ոչ հնդեվ­րո­պական լեզուների հետ հայերենի բազմապիսի շփումները (Գ.Ջահուկյան, Գ.Ղա­փանց­յան, Լ.Հովհաննիսյան, Վ.Համբարձումյան, Մ.Աղաբեկյան): Կարևոր է նաև լեզվի ձևայնացված քննության սկզբունքների և մեթոդների մշակումը և դրանց կիրառումը հայոց լեզվի կառուցվածքի ուսումնասիրության մեջ (Ռ.Ուռուտյան, Լ.Հովսեփյան, Վ.Ջիհանյան):       
           Կատարվել են ուսումնասիրություններ` նվիրված լեզուների տիպաբանու­թյանը և պրագ­մալեզվաբանությանը (Է.Աթայան):       
  Լայն ուշադրության են արժանացել հայ լեզվաբանության պատմության հար­ցերը: Հրատարակվել են հայ լեզվաբանության և հայ քերականության պատմությանը նվիրված աշխատություններ (Գ.Ջահուկյան, Է.Աղայան, Գ.Սևակ): Մենագրություն­ներ են նվիրվել լեզ­վաբանության զարգացման առանձին բնագավառների:       
           Նշանակալից են ձեռքբերումները հայոց լեզվի պատմության ուսումնա­սիրության բնագավառում: Հավաքվել է փաստական հարուստ նյութ, ստեղծվել են ինչպես հայոց լեզվի ամբողջական պատմությանը (Հ.Աճառյան, Ս.Ղազարյան), այն­պես էլ նրա զարգացման առանձին շրջանների և առանձին բնագավառների վերաբե­րող աշխատություններ (Գ.Ջահուկյան, Վ.Առաքելյան, Ա.Աբրահամյան, Ս.Ղազարյան, Է.Աղայան, Լ.Հովսեփյան, Ա.Սարգսյան): Ուշադրության կենտրոնում են եղել այն­պի­սի հիմնարար հարցեր, ինչպիսիք են հայերենի զարգացման փուլերի ժամանա­կա­գրա­կան սահմանների և բնորոշ առանձնահատկությունների որոշումը, գրական լեզուների ձևավորման և գործառության, նրանց բարբառային հիմքերի զարգացման ու մշակման հիմնական միտումների բացահայտումը (Գ.Ջահուկյան, Լ.Հովսեփյան, Վ.Համբարձումյան):   
           Լեզվի պատմաբանները ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում   գրա­բարի, միջին հայերենի, վաղ աշխարհաբարի բառապաշարային շերտերին, դրանց գործառական առանձնահատկություններին, իմաստային խմբերին: Բազմակողմա­նիորեն քննվել է Vդ. մատենագրության բառապաշարը, դիտարկվել են նաև թարգմա­նա­կան գրականության բառապաշարի ոճական, ժանրային յուրահատկությունները՝ թեմատիկ բազմազանությամբ հանդերձ: Ի հայտ են բերվել հարյուրավոր նոր բառեր, որոնց ստուգաբանությունը, իմաստների ճշտումը, գործառական նրբերանգների պար­զա­բանումը մեծ կարևորություն ունեն լեզվի պատմության համար: Արժեքավոր են Vդ. գրաբարի և հայ թարգմանական  գրականության բառապաշարին, գրաբա­րի բառապաշարի իմաստային խմբերի քննությանը, Նոր հայկազյան բառարանում չվկայված բառերին  (Լ.Հովհաննիսյան), հայոց լեզվի համեմատական բառագիտութ­յա­նը և լատինաբան հայերենին   (Վ.Համբարձումյան) նվիրված մենագրությունները: Ավարտվել է VI-VIII դդ. հին հայերենի լիակատար էլեկտրոնային բառարանի կազ­մումը (Ա.Սարգսյան):       Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ոլորտում հատկապես արժեքավոր է միջին հայե­րենի պատմությանը նվիրված «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» երկհատոր աշխատությունը (Հ.Մուրադյան, Լ.Հովսեփյան, Մ.Մուրադյան, Ս.Անթոսյան, Պ.Վարդապետյան, Լ.Կարապետյան):        
           Ընդհանուր առմամբ` տարաժամանակյա հայեցակետով լուսաբանվել են լեզ­վական կառուցվածքի առանձին մակարդակների, ինչպես նաև քերականական առան­ձին կարգերի և առանձին խոսքի մասերի զարգացման հարցերը: Հնչյունական, հոլովման, խոնարհման համակարգերի, բառակազմության պատմական հետազո­տությունների արդյունքները ամփոփվել են «Հայերենի պատմական քերա­կա­նություն» երկհատորյակում:     
           Մեծ ծավալի աշխատանք է կատարվել հայ բարբառների ուսումնասիրության ուղ­ղությամբ (Հ.Աճառյան, Ա.Ղարիբյան, Հ.Մուրադյան, Է.Աղայան, Վ.Պետոյան, Ս. Բաղ­դասարյան, Ռ.Բաղրամյան, Կ.Դավթյան և ուրիշներ): Հրատարակվել են բազ­մաթիվ բարբառների վերաբերող մենագրություններ, մշակվել են հայ բարբառների հնչյունական, տիպաբանական և բազմահատկանիշ դասակարգման սկզբունքները (Ա.Ղարիբյան, Գ.Ջահուկյան):    
          Բարբառագիտական ուսումնասիրությունների բնագավառում նշանակալից է հայերենի բարբառագիտական ատլասի ստեղծման ձեռ­նարկումը: Կատարվել է ատլասի վերաբերյալ նյութերի հավաքում թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահման­ներից դուրս գտնվող հարյուրավոր վայրերից, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր աղբյուրների հիման վրա, ընթանում են այդ նյութերի դասդասման, ուսումնասիրման և նկարագրության աշխատանքներ: Միաժամանակ նպատակ է դրված վերականգ­նելու բարբառների աշխարհագրական տեղաբաշխման պատմական պատկերը և, մասնավորապես, ցույց տալու հայ բարբառների` մինչև 1915թ. եղած վիճակը: Ստեղծ­վել է «Հայերենի տարածքային տարբերակների շտեմարան», որը քարտեզագիր հա­մա­կարգերի համակցությամբ հնարավորություն կտա կազմելու բարբառագիտական քարտեզներ: Մշակվել է նաև հայերենի բարբառների հնչագրերի  հիմնօրինակը:   
          Փորձարկվել են հայերենի բարբառների բառիմաստային և բառային զուգա­բանու­թյուն­ների տեղեկատվական հենքերը: Դրանք լիովին բավարարում են առա­ջադրվող պահանջները. լեզվա­բանը անհրաժեշտության դեպքում կարող է դիտար­կել` ա) հենքում գրանցված խոս­վածքը կամ խոսվածքները, բ) ատլասի ծրագրով տրված գրական եզրի բառային ծավալումը խոս­վածքում կամ խոսվածքներում, գ) ատլասի ծրագրով տրված գրական եզրի և նրա բարբա­ռային համարժեքի ծավալումը խոսվածքում կամ խոսվածքներում:    
         Հարուստ ավանդույթներ ունի հայ բառարանագրությունը: Հայերենա­գիտության այս բնագավառը լեզվի ինս­տիտուտը համալրել է բացատրական, երկ­լեզվյան-թարգմանական բառարաններով, ստեղծել հո­մանիշների, հականիշների, լեզ­վա­բանական, շրջուն (հանգաբառարան), հաճա­խականության, տարբեր հեղինակ­ների լեզվի, բարբառային, տերմինաբանական, հայոց լեզվի նորաբանություն­ների, ուղղագրական բառարաններ: Հրատարակվել են Ստ. Մալխասյանցի «Հայերէն բացա­տրական բառարանը» (քառահատոր, ՍՍՌՄ պետ. մրցանակ` 1946 թ.),  «Ժամանա­կակից հայոց լեզվի բացատրական բառարանը» (քառահատոր), «Ռուս-հայերեն» (քառահատոր) և «Հայ-ռուսե­րեն» թարգմանական բառարանները, բարբառային բա­ռե­րի (յոթ հատոր), լեզվաբանական, հայոց լեզվի հաճա­խականության, գոյապահ­պանության, ‎ֆենոլոգիայի հայերեն-անգլերեն-ռու­սերեն բացատրական բառարան­ները: Ռուս-հայերեն բառարանի համար Ա.Ղարիբյանը 1972թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Հրատարակվել են հայ բառարանագրության պատ­մու­թյանը (XVII դ. վերջ-XIX դ. ) և գրաբարի բառարանագրությանը (Գ.Թոսունյան) նվիրված մենագրու­թյուննե­ր:     
       1962 թ. ինստիտուտում կազմվում և հրատարակվում են հեղինակային համա­բար­բառ­ներ, որոնցում այբբենական կարգով ներկայացվում են տվյալ երկի բոլոր բառերը` համապատասխան գործածություններով: Համաբարբառներն անհրաժեշտ սկզբնաղբ­յուրներ են լեզվաբանության, գրականագիտության, պատմագիտական, ազգագրագիտական հետազոտությունների համար: Լույս է տեսել գրաբար ինք­նու­րույն գրականության հեղինա­կային համաբարբառների ավելի քան 40 հատոր, պատ­րաստ են մի շարք համաբարբառների էլեկտրոնային տարբերակները:     
         Աշխատանքներ են ընթանում հայերենագիտական ուսումնասիրությունների մեջ նոր և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ ԳԱ ինֆորմա­տիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ մշակվել է հայոց լեզվի համակարգչային հիմնօրինակը: Ստեղծվել է ժամանակակից հայերենի (արևելահայ և արևմտահայ տար­բե­րակներ) բա­ռապաշարի, այլև գրաբարի` ձևաբանական բնութագրիչներով համա­կարգչային շտեմարան, որն օգտագործվում է գրաբար և աշխարհաբար տեքստեր խմբագրելու և սրբագրելու համար Abbyy  ‎‎‎‎ֆիրմայի FineReader համակարգում:  Մշակվել է ժամանակակից հայերենի բայերի շտեմարան Access  միջավայրում. բոլոր բայերի համար նշվում են  խոնարհման հարացույցը, ձևային բառակազմական կաղապարը, բա­ռարանային բնութագրերը: Համակարգը հնարավորություն է ընձե­ռում ավտոմատ կերպով առանձնացնել ցանկացած ձևույթ պարունակող, ցանկացած կաղապար կամ բնութագիր ունե­ցող  բառերի ամբողջությունը:    
         2003 թ. ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» պարբերա­կանը, որի նպատակն էր անդրադառնալ առհասարակ լեզվի և լեզվաբանության առանց­քային և զար­գացման հեռանկարի տեսանկյունից առավել ուշագրավ խնդիր­ների և հարցերի լուսաբան­մանը (լույս է տեսել տասնմեկ համար):    
         Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թ. կազմակերպում է «Ջահուկյանական ընթեր­ցումներ», նաև երի­տա­սարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստա­շրջաններ` հանրապետության  բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտ­երկ­րի հայագետների մասնակցությամբ:     
           Ինստիտուտի աշխատակիցները գործուն մասնակցություն են ունենում հան­րապետական և միջազգային գիտաժողովներին, գիտական խնդիրներից բացի՝ անդ­րադառնում են խոսքի մշակույթի բարձրացման, ուղղախոսության և ուղղագրության նորմավորման, հայոց լեզվի հարստացման, գրական հայերենի անաղարտության պահպանման հարցերին: Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն ունի յոթ  բաժին՝ արդի հայերենի, բարբառագիտության, հայոց լեզվի պատմության, կիրառական լեզ­վա­բանության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, արևմտահայերենի: Սրանցում ընդգրկված ավագ, միջին և կրտսեր սերնդի՝ մոտ վեց տասնյակ գիտաշ­խա­տողները շարունակում են ուսումնասիրություններ կատարել հայերենա­գ­ի­տության ավանդական բնագավառներում՝ նաև նպատակ ունենալով ամբողջացնել գիտական մեծ արժեք ունեցող այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են հայոց լեզվի քառահատոր պատմությունը (լույս է տեսել Գ.Ջահուկյանի հեղինակած՝ նախա­գրային ժամանակաշրջանին նվիրված հատորը), արևմտահայերենի համակողմանի նկարագրությունը, հայերենի պատմական եռահատոր քերականու­թյունը (լույս են տեսել պատմական հնչյունաբանությանը և բառագիտությանը նվիրված հատորները), հայ բարբառագիտական ատլասին վերաբերող ուսումնասիրությունները և այլն: Մյուս կողմից՝ աշխատանքներ են տարվում հետազոտական նոր խնդիրների առաջադրման, լեզվաբանական նոր մեթոդների և ուղղությունների արմատավորման ուղղությամբ (լեզվամշակութաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, լեզվի ձևականացված քննություն, խոսքի ավտոմատ վերլուծություն ու համադրություն, տեքստի մեքենական թարգմանություն և այլն): 

Հայտարարություններ

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.