ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակազմի ընդհանուր ժողովի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01/02/2023
Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր ժողովը քննարկեց ԳԱԱ համակարգի և ակադեմիական գիտության զարգացման հեռանկարների հարցը: Ժողովը միաձայն ընդունեց հետևյալ հայտարարությունը:
 
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակազմի ընդհանուր ժողովի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակազմի՝ 2023թ. հունվարի 31-ի ընդհանուր ժողովում)
            2023թ. լրանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, նրա կազմում նաև՝ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը: Իր գոյության ութ տասնամյակների ընթացքում գիտությունների ակադեմիան եղել է հայ գիտական մտքի ձևավորման և զարգացման հիմնական կենտրոնը, առկա քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հնարավորությունների շրջանակներում հավատարիմ է եղել իր առաքելությանը, պատվով է կատարել գիտության միասնական կաճառի իր դերը, նպաստել կյանքի բոլոր ոլորտների գիտական հենքի ամրապնդմանը:
            Հիշյալ ժամանակաընթացքում հայերենագիտության զարգացման գործում հսկայական դեր է ունեցել Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:  Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել հայոց լեզվի համաժամանակյա ու տարաժամանակյա ուսումնասիրության տարբեր ոլորտներում, ընդհանուր ու համեմատական լեզվաբանության ասպարեզում: Հրապարակվել են հազարավոր հոդվածներ ու մենագրություններ, ժողովածուներ, բառարաններ, ձեռնարկներ ու դասագրքեր, կոթողային արժեք ունեցող ակադեմիական շատ աշխատություններ: Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային ու հանրապետական բազում գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ, գիտագործնական քննարկումներ, եղել է երկրի լեզվագիտական միտքը ուղղորդող ու համախմբող հեղինակավոր հաստատություն: Ինստիտուտի գործունեության կարևորագույն ուղղություններից են եղել հասարակության մեջ լեզվի վերաբերյալ ճշմարիտ պատկերացումների տարածումը, գրական լեզվի կանոնարկման խնդիրներին անդրադարձը, գիտական ու կրթական տարբեր հաստատությունների հետ գործակցությունը, հայ լեզվաբանության ձեռքբերումների միջազգայնացումը:
            Հասարակական, քաղաքական հեղաբեկումները, մարդկանց աշխարհայացքում ու արժեքային համակարգերում տեղի ունեցած տեղաշարժերը, մշակութային վայրիվերումները, աշխարհաքաղաքական ցնցումներն ու պատերազմները ստեղծել են նոր իրավիճակ, որն իր ազդեցությունն է ունեցել ինչպես գիտաշխատողների աշխատանքի պայմանների, տրամադրությունների ու հոգեվիճակի, այնպես էլ գիտության ու կրթության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա: Լայն ասպարեզ է բացվել տարատեսակ, հաճախ ոչ մասնագիտական գնահատականների, փոխադարձ մեղադրանքների, ցավոք՝ արժեքների աջ ու ձախ վարկաբեկման ու անտեսման համար: Տարբեր անհատների, լրատվամիջոցների, հաստատությունների անհեռատեսության պատճառով անհիմն հարձակումների թիրախ են դարձել գիտնականներ, մտավորականներ, գիտական հաստատություններ և, ի վերջո, գիտությունը և գիտությունների ակադեմիան: Հաճախ հաշվի չեն առնվում գիտական գործունեության առանձնահատկությունները, ակադեմիական գիտության կարևորությունը: Առանց ստեղծված արդյունքներին տեղյակ լինելու՝ հնչում են անհիմն նախատինքներ, ակադեմիայի ճակատագրի վերաբերյալ տրամաբանորեն չպատճառաբանված առաջարկություններ՝ անտեսելով թե՛ գիտական, թե՛ ազգային ու պետական շահը:
            Իրականում՝ առկա պայմաններում ակադեմիական հաստատությունները շարունակում են ըստ հնարավորին արդյունավետ կատարել իրենց առաքելությունը, ապահովել գիտության տարբեր ոլորտների առաջընթացը: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ներկայում աշխարհի միակ հայերենագիտական կենտրոնն է, որտեղ շարունակվում է հայոց լեզվի ամբողջական, համակողմանի հետազոտությունը: Հաստատությունը գիտական ավանդույթների շարունակողն է, ներկայացնում է տասնամյակների ընթացքում ձևավորված ակադեմիական գիտական միջավայր, գիտական քննարկումների և ընդհանրացումների հարթակ է: Ինստիտուտը վերջին տասնամյակում ընդլայնել ու խորացրել է իր հետազոտությունների ոլորտը: 2023թ. իրենց հիմնադրման տասնամյակը կնշեն արևմտահայերենի, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բառարանագրության բաժինները, որոնք արդի հայերենի, հայոց լեզվի պատմության, բարբառագիտության ու կիրառական լեզվաբանության բաժինների հետ ծավալուն ու ամբողջական աշխատանքներ են կատարում լեզվի ուսումնասիրության տարբեր ոլորտներում: Վերջին 5 տարիներին լեզվի ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են շուրջ 450 հոդված և 90 մենագրություն, ժողովածու և ձեռնարկ: Կարևորագույն արդյունքներ են ձեռք բերվել հայերենի բարբառների, հայոց լեզվի պատմության, հայերենի և այլ լեզուների փախհարաբերությունների, արևմտահայերենի ուսումնասիրության, նորակազմությունների, ուղղագրական և այլ կարգի բառարանների կազմման ուղղություններով: Այդ ընթացքում կազմակերպվել են 15 միջազգային և 20 հանրապետական գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ և այլն:  Ինստիտուտը հրապարակում է գիտական երեք հանդես, ունի հրատարակչական խորհուրդ և համացանցային կայք: Իր աշխատանքներն է սկսում հանրապետությունում միակ՝ փորձառական հնչյունաբանության լաբորատորիան:
      Հաստատությունը լեզվին վերաբերող գիտակրթական հարցերի առնչությամբ գործակցում է հանրապետության բոլոր բուհերի հետ՝ կազմակերպելով մայրենիին նվիրված միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև՝ մասնակցելով այլ հաստատությունների համանման միջոցառումներին: Լեզվի ինստիտուտում իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացնում տարբեր բուհերի ուսանողներ: Մենք գործակցության պայմանագրեր ունենք Վանաձորի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Բրյուսովի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ: Ինստիտուտի գիտական խորհրդում հաստատվում են կրթական ու ակադեմիական այլ հաստատությունների, մատենադարանի աշխատակիցների ատենախոսության թեզերի թեմաներ, ինստիտուտում է գործում ԲՈԿ-ի Լեզվաբանության 019 մասնագիտական խորհուրդը:
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արտասահմանյան գործընկերներն են Ավստրիայի Հանրապետության Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ուսումնասիրության ինստիտուտի հայագիտության կենտրոնը, Լեհաստանի Գդանսկի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, Իտալիայի Հանրապետության Միլանի համալսարանը, Կիրառական լեզվաբանության եվրասիական կենտրոնը:
            Ասվածը գալիս է փաստելու, որ ՀՀ ԳԱԱ ներկա համակարգը գիտության՝ տասնամյակների ընթացքում իրեն արդարացրած կազմակերպական եղանակ է: Այն թույլ է տալիս ինքնուրույն որոշել գիտահետազոտական ուղղություններն ու ուսումնասիրության թեմատիկան, բացառում է վարչահրամայական աստիճանավորումը, գիտական խորհուրդը ազատ է՝ որոշելու հաստատության կառուցվածքը: Միևնույն ժամանակ, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի շրջանակում  գործակցությունը հնարավորություն է տալիս գիտության զարգացման խնդիրները քննարկել ավելի լայն դիտակետով, մշակել զարգացման և գործակցության ընդհանուր ծրագրեր, կազմակերպել գիտական ծանրակշիռ միջոցառումներ: Առկա համակարգը հնարավորություն է տալիս ազատ գործակցել ինչպես հանրապետական, այնպես էլ արտերկրի գիտակրթական հաստատությունների հետ:
            Ինչ խոսք, յուրաքանչյուր համակարգ մշտապես կարիք ունի բարեփոխումների: Իր գոյության ութ տասնամյակների ընթացքում գիտությունների ակադեմիան, լինելով գիտական ավանդույթներ ձևավորող և շարունակող համակարգ, չէր կարող իր աշխատանքները կազմակերպել առանց բարեփոխումների մեծ կամ փոքր, արագ կամ դանդաղ, հաջողված կամ ոչ այնքան հաջողված ծրագրերի: Եվ այսօր էլ՝ աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումների, տեխնիկայի ու տեխնոլոգիաների հախուռն առաջընթացի պայմաններում մեծ կարևորություն են ձեռք բերում ժամանակին համընթաց փոփոխությունների ու ծրագրերի առաջադրումն ու իրականացումը: ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը առկա իրավիճակին համահունչ է համարում ինչպես հաստատության, այնպես էլ գիտությունների ակադեմիայի աշխատանքների բովանդակային բարեփոխումները հետևյալ ուղղություններով.
  1. Գիտական աշխատանքների որակի և արդյունավետության բարձրացում.
Այս ուղղությամբ իրենց աշխատանքները պետք է վերափոխեն հաստատությունների գիտական ստորաբաժանումները՝   շարունակաբար (շաբաթը առնվազն մեկ անգամ) կազմակերպելով բոլոր աշխատակիցների գիտական թեմաների  կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներ, քննարկումներ՝ հաստատության էլեկտրոնային կայքում դրանց լուսաբանումով: Բաժինների նիստերում և քննարկումներում ըստ անհրաժեշտության պետք է ներգրավվեն համապատասխան ոլորտների մասնագետներ, կրթական համակարգի ներկայացուցիչներ: Բաժինների ներկայացմամբ ամիսը մեկ անգամ հաստատությունում պետք է կազմակերպվեն առավել կարևոր աշխատանքների և ձեռքբերումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ, որոնց կարող են մասնակցել գիտական հանրության ներկայացուցիչներ այլ հաստատություններից: Տարվա վերջում գիտական թեմաների կատարման արդյունքները պետք է ներկայացվեն և գնահատվեն հաստատության գիտական նստաշրջանում:
  1. Գիտական թեմատիկայի ձևավորման մոտեցումների արդիականացում.
Գիտական թեմաները պետք է վերաբերեն առավել կարևոր տեսական հարցադրումների,  ունենան ժամանակին համահունչ կիրառական ու գործնական ուղղվածություն, բխեն առաջադրված պահանջներից, շաղկապված լինեն հասարակական կյանքի համապատասխան ոլորտներին: Ցանկալի է, որ գիտական ծրագրերում ու թեմաներում ընդգրկված լինեն նաև մասնագետներ գիտության ու տնտեսության հարակից ոլորտներից, բուհական համակարգից:
  1. Գիտական որակյալ աշխատանքների խրախուսման կայուն համակարգի ներդրում.
Անհրաժեշտ է խրախուսել ինչպես հայաստանյան գիտական ամսագրերում ու ժողովածուներում, այնպես էլ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում որակյալ հոդվածների հրապարակումը, արժեքավոր մենագրությունների, ձեռնարկների, ուղեցույցների պատրաստումը: Ընդհանուր առմամբ պետք է ողջունելի համարել գիտական արդյունքների միջազգայնացումը:
  1. Գիտակրթական և այլ կարգի հաստատությունների հետ գործակցության ձևավորում, ամրապնդում.
Ակադեմիական յուրաքանչյուր ինստիտուտ պետք է դառնա տվյալ մասնագիտության ոլորտում գիտագործնական կապերի ձևավորման ու զարգացման կենտրոն՝ համախմբելով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների, խմբերի, ամբիոնների աշխատանքները՝ համատեղ ծրագրեր ու թեմաներ առաջադրելու և կատարելու, գիտաժողովներ, նստաշրջաններ, քննարկումներ կազմակերպելու,  նաև համատեղ հրապարակումներով, առաջարկություններով հանդես գալու առումներով: Ակադեմիական հաստատություններում կատարվող առավել կարևոր  գիտական թեմաների շուրջ անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել գիտական սեմինարներ բուհերի դասախոսների, ուսանողների համար, պետք է հնարավորություն ստեղծել, որ ուսանողների առանձին խմբեր կարողանան գիտական կազմակերպություններում մասնակցել քննարկումների իրենց հետաքրքրող թեման կատարող գիտաշխատողի մասնակցությամբ: Միաժամանակ՝ թե՛ այլ հաստատությունների մասնագետներ, թե՛ ուսանողներ պետք է հնարավորություն ունենան իրենց աշխատանքները ներկայացնելու ակադեմիական գիտական հանրության ուշադրությանը:
  1. ԳԱԱ համակարգում գիտակազմակերպական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված նոր կառույցների ստեղծում.
          Գիտակազմակերպական աշխատանքների համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով ԳԱԱ ներսում անհրաժեշտ է ձևավորել գիտության բոլոր կամ գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող գիտական իրողություններին առնչվող կառույցներ՝ մասնագիտական որոշակի ուղղվածություններով: Մասնավորապես, առաջարկում ենք ԳԱԱ կազմում ստեղծել տերմինաբանական խորհուրդ, որը կզբաղվի գիտության բոլոր ոլորտների տերմինային համակարգերի մշակման, ճշգրտման խնդիրներով, իսկ աշխատանքները կհամակարգի լեզվի ինստիտուտը: ԳԱԱ ներկա կառուցվածքը նման աշխատանքներ կազմակերպելու լայն հնարավորություններ է ընձեռում:  Ակադեմիական գիտության զարգացման խթան կարող է դառնալ համաակադեմիական գիտական նստաշրջանների շարքի կազմակերպումը:
          Գիտական միասնականության տեսանկյունով անդրադառնալով լեզվաբանությանը՝ նշենք, որ գիտությունների մեջ այն առանձնանում է և՛ իր համընդհանուր բնույթով, և՛ հետազոտության խիստ ուրույն առարկայով, խնդիրներով ու ուսումնասիրության եղանակներով: Լինելով հումանիտար գիտություն և մեծապես շաղկապված լինելով փիլիսոփայության, տրամաբանության, հասարակագիտության, պատմագիտության, աշխարհագրության, գրականագիտու­թյան հետ՝ լեզվաբանությունը իր հետազոտություններում զգալիորեն օգտագործում է մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության և բնագիտական այլ գիտաճյուղերի տվյալներ, ուսումնասիրության եղանակներ:  Մարդկային մտքի և հասարակության զարգացումը ոչ միայն ընդգծում են լեզվի ուսումնասիրության կարևորությունը, այլև պայմանավորում են դրա շարունակականությունը: Հայերենագիտության զարգացումը ունի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական, պետական մեծ կարևորություն: Լեզվաբանությունը այսպես կոչված օպտիմալացման ենթակա բնագավառ չէ, նրա զարգացումը, ինչպես և գիտության մյուս ոլորտներինը, ենթադրում է նորանոր գիտաճյուղերի, հետազոտական եղանակների ու միջոցների ձևավորում, մասնավոր ու ընդհանուր, տեսական ու կիրառական  խնդիրների առաջադրում:
Գիտության նպատակները, խնդիրները շատ ավելի ընդգրկուն են, քան կրթությունն է, որը, իհարկե, հենվում է գիտության նվաճումների վրա: Ճիշտ չէ գիտությունը դիտարկել միայն կրթական խնդիրների շրջանակում: Այդ առումով՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կրթական ու գիտական հաստատությունների մեխանիկական միավորումից: Կա՞ որևէ հիմնավորում, որ գիտությունը զարգացման ավելի մեծ հնարավորություններ ունի բուհական համակարգում, քան թե ակադեմիական համակարգում: Արդյո՞ք ակադեմիական տարբեր հաստատու­թյունների, մատենադարանի և տարբեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ազատ գործակցությունը ավելի արդյունավետ ու հեռանկարային չէ (ինչը առկա է այժմ), քան բուհական որևէ ֆակուլտետի կազմում  գիտահետազոտական մի ամբողջ ինստիտուտի ներառումը: 
           Մենք հաստատապես համոզված ենք, որ լեզվի ուսումնասիրությունը ակադեմիական հաստատությունում ունի այլ խնդիրներ, կրթական հաստատություններում՝ այլ, և աշխատանքների բարելավման ուղին ոչ թե արհեստական միավորումն ու նոր խնդիրների ստեղծումն է, այլ գիտական աշխատանքի համար բարենպաստ պայմանների ձևավորումը: Մասնավորապես, հրատապ կարևորություն ունի լեզվի ինստիտուտում տերմինաբանության բաժնի ստեղծումը, որը տարբեր գիտաճյուղերի մասնագետների հետ համագործակցությամբ պետք է զբաղվի տերմինաշինության հարցերով: Հայոց լեզուն եղել է և պետք է մնա գիտության լեզու, իսկ առանց զարգացող հայերեն տերմինային համակարգի՝ շուտով կարող ենք ունենալ հայերեն քերականությամբ, բայց օտարաբառ գիտական շարադրանքներ, որոնք անհրաժեշտաբար փոխարինելի կլինեն օտարալեզու գիտական գրականությամբ: 
Մարդկային հասարակության զարգացման շարժիչ ուժը գիտությունն է. թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը պետք է մեծ հոգացողություն հանդես բերեն գիտության նկատմամբ և զերծ մնան անհեռանկար փորձարկումներից:  Գիտնականների աշխատանքը պետք է արժևորել, անհրաժեշտ է նրանց հետ համագործակցել, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները, ի վերջո նրանք հասարակության առավել բանիմաց խումբն են:
       Համոզված ենք՝ ԳԱԱ առկա համակարգը պետք է պահպանել, իսկ բարեփոխումները պետք է միտված լինեն այդ համակարգը ամրապնդելուն,  աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելուն՝ առանց խաթարելու բաժանմունքների և ինստիտուտների համակարգված աշխատանքն ու գործակցությունը: Գիտությունների ակադեմիա ունեն ոչ բոլոր պետությունները, բայց չէ՞ որ միայն պետություննե՛րը ունեն գիտությունների ակադեմիա, այսինքն՝ այդ համակարգը պետականությանը բնորոշ իրողություն է: Ուրեմն, ամեն ինչից զատ, ակադեմիան պետք է պահպանել ու հզորացնել նաև իբրև պետության ու պետականության սյուն:
         Արդարացում չունի որևէ համակարգ բարելավելու պատճառաբանությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ համակարգի լուծարումը:
 
           
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.