Գիտարբուքով նոյեմբեր ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

11/12/2024
        2024 թ. նոյեմբեր  ամիսը ՀՀ ԳԱԱ  Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համար  նշանավորվեց միջազգային երեք գիտաժողովներով, որոնք կրում էին հետևյալ խորագրերը՝  «Արևմտահայերենը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հեռանկարներ» (նոյ․ 7), «Բարբառագիտական ընթերցումներ» (նոյ․ 14-15) և «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» (նոյ․ 26-27)։  Գիտաժողովները կազմակերպել էին լեզվի ինստիտուտի համապատասխան բաժինները՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի անմիջական աջակցությամբ, ինչպես նաև Երևանի պետական ու Հայկական պետական մանկավարժական համալսարանների բանասիրության ֆակուլտետների  և  Գորիսի պետական համալսարանի գործակցությամբ։
      Գիտաժողովների մեկնարկը տրվեց ինստիտուտի տնօրեն Վ․ Կատվալյանի՝ «Արևմտահայերենը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հեռանկարներ» գիտաժողովի բացման հանդիսավոր խոսքով,  այնուհետև ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ ՀՀԳ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի  Սուվարյանը, ապա ելույթ ունեցան ինստիտուտի արևմտահայարենի բաժնի վարիչ  Ս․ Տիոյանը և  «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս․ Դանիելյանը՝ բոլորն էլ կարևորելով առհասարակ գիտաժողովների և հատկապես արևմտահայերենին նվիրված քննարկումների կազմակերպումը։
      Լեզվի ինստիտուտի գիտաշխատողներից բացի՝  գիտաժողովներին մասնակցեցին ՀՀ գիտակրթական և զանազան այլ հաստատությունների (ԵՊՀ, ՀՊՄՀ, ՎՊՀ,  ԳՊՀ, ՀՌՀ, «Տաթև» գիտակրթական համալիր, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոն և այլն),  ինչպես  նաև արտասահմանյան տարբեր վայրերի և կրթօջախների (ՌԴ, ՉԺՀ, Կանադա,  Կիպրոս, Սիրիա, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան, Լիբանանի Հայկազյան համալ­սարան, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան, Լեհաստանի  Կատովիցե քաղաքի  Շլոնսկի համալսարան) մասնագետներ ու ներկայացուցիչներ։ Գիտաժողովի աշխատանքներն ընթացան առկա և առցանց։   
     Առաջին  գիտաժողովում արծարծված բոլորը հարցերը, բնականաբար, վերաբերում էին  արևմտահայերենի ներկայիս վիճակի նկարագրությանը, ապա և ծառացած մի շարք մարտահրավերների, այդ շարքում՝ ուսուցման, կանոնարկման  ու  պահպանման   խնդիրների։  
     Հնչեցին զեկուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներգաղթյալ արևմտահայերի ուսումնառության դժվարությունների վերաբերյալ, ապա  ՀՀ-ում և աշխարհի տարբեր վայրերում  արևմտահայերենի դասավանդման  խնդիրների մասին։  
    Առանձին զեկուցումներում ներկայացվեցին արևմտահայերենին վերաբերող տարբեր մտահոգություններ, ինչպիսիք են՝  ինչ-ինչ պատճառներով արևմտահայերեն խոսողների թվի նվազումը, տարբեր   միջավայրերի ազդեցությունը  սփյուռքահայ երեխաների խոսքի ձևավորման վրա,  արևմտահայերենի անհարկի աղավաղումը կրթության պակասի  և  այլ լեզուների  ազդեցության հետևանքով։  Շոշափվեցին նաև Հայաստանում և այլուր արևմտահայերենի կիրառականության,  արևմտահայերեն իրականացվող լրատվության  և մասնավոր այլ հարցեր։
     Արևմտահայերենի ուսուցման խնդիրներին վերաբերող և ընդհանրական այլ հարցադրումներից զատ, մասամբ նաև հաջորդ գիտաժողովներում, հնչեցին  զեկուցումներ լեզվաոճական առանձին հարցերի վերաբերյալ ևս։ Մասնավորապես խոսեցին  գոյականի հոգնակիակազմության շեղումների, կապերի շարահյուսական կիրա­ռությունների,  արևելահայերեն տեքստը  արևմտահայերենի վերածելու հիմնա­խնդիր­­ների,  հատուկ անունների տառադարձության, արևմտահայերենի և  արևելա­հայերենի բառային տարբերությունների և Եղիա Տէմիրճիպաշեանի երկերում արձանագրված հրապարակախոսական նորակազմու­թյուն­­ների  մասին։ Կարևորվեց արևմտա­հայերենի պահպանության հարցը Հայաստանում և այլուր, եղան նաև արծարծված խնդիրների լուծման տարբեր առաջարկներ։
     Նշանակալից էր նաև «Բարբառագիտական ընթերցումներ» գիտաժողովը, որի շրջանակում բանախոսները անդրադարձան հայ բարբառագիտությանը վերաբերող ընդհանրական հարցերի, այլև  կատարեցին դիտարկումներ առանձին բարբառների հնչյունական, բառապաշարային  և քերականական տարբեր իրողությունների վերաբերյալ։ Հաջորդ գիտաժողովի զեկուցումներից մի քանիսը ևս առնչվում էր հայերենի բարբառներին։
     Որոշ  զեկուցումներ առնչվում էին բարբառագիտական տարբեր  ուսումնասիրու­թյունների և դրանցում այս կամ այն հարցի քննությանը, ինչպես՝   V դարի հայերեն բարբառների հարցի քննությանը հայերենագիտության մեջ, Ղարաբաղի բարբառի առաջին ուսումնասիրություններին։
    Ոմանք անդրադարձան տարբեր աղբյուրներում վկայված բարբառային իրողություններին, այդ թվում՝ «Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարան­ներում  (ԺԴ, ԺԶ, ԺԸ դարեր) վկայված բարբառային բառերին,  Ա. Բակունցի «Կյորես» վիպակում գործածված դարձվածքներին, Լոռու հեքիաթների և վիմագրությունների ընդհանուր հատկանունների զուգադրական քննությանը։     
    Զեկուցումների գերակշիռ  մասը, սակայն,  վերաբերում էր  մերօրյա  կենդանի բարբառներին ու խոսվածքներին, նրանցում կիրառվող բարբառային ամենատարբեր միավորների։
    Ընդհանրական հարցեր արծարծվեցին Ագուլիսի բարբառի, լեհահայերի խոսվածքի և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի Խնուսի խոսվածքի դրսևորումների  մասին։ 
    Լսվեցին զեկուցումներ Տիգրանակերտի և Սևերեկի բարբառային միավորների հնչյունական առնչությունների,  Իջևանի խոսվածքում նոր պարսկերենից փոխառված բառերի  և Համշենի բարբառի     հնչյունական առանձնահատկությունների մասին։
   Անդրադարձ եղավ նաև Սյունիք-Արցախի բարբառային տարածքի իսկական բարդություններին, Արցախի բնականուններում ի ձևույթի իմաստագործառական բնութագրին և  Գորիսի բարբառում ածանցման որոշ յուրահատկությունների։ Ներկայացվեցին նաև Կարնո բարբառի մի քանի խոսվածքների  դարձվածքներ  և Գորիսի բարբառի չբառարանագրված դարձվածքներ։
    Տարաժամանակյա հայեցակետով դիտարկումներ   կատարվեցին  Ջուղայի բարբառի և  Շատախի բարբառում ձայնավոր նախահավելվածով աորիստի ձևերի, նաև  բարբառային հնաբանության  վերաբերյալ։
    Մի քանի զեկուցում առնչվում էր քերականական իրողություններին, մասնավորապես՝ բարբառային հայերենում շարահյուսական որոշ զուգաբանությունների արտահայտու­թյանը,  արևմտյան խմբակցության հարավկենտրոնական բարբառախմբի Մշո, Տիգրանակերտի, Սասունի բարբառների դերանունների  և  հայերենի մի շարք բարբառներում երկբարբառացման  քերականական  դրսևորումներին։
    «Բարբառագիտական ընթերցումներ» գիտաժողովն առանձնահատուկ էր  հատկապես նրանով, որ  ակտիվ մասնակցություն ունեցան Գորիսի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ իրենց դասախոս Մհեր Քումունցի հետ համատեղ ներկայացնելով Գորիսի բարբառին առնչվող տարբեր հարցերի վերաբերող զեկուցումներ՝ ելնելով թե՛ գրավոր աղբյուրներից և թե՛ արդի կենդանի խոսքից, այսպես՝ արևելյան լեզուներից փոխառված բառերը  Գորիսի բարբառում (ըստ Ս. Խանզադյանի ՙՄատյան եղելությանց՚ վիպակի),  կապ խոսքի մասը Գորիսի բարբառում և այլն։
    Միջազգային գիտաժողովների շարքում վերջինը «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովն էր։ Այս անգամ ևս ակտիվ մասնակցություն ունեցան թե՛ Հայաստանի և թե՛ արտասահմանի հետազոտողներ։
    Այս գիտաժողովի զեկուցումները նույնպես  վերաբերում էին բազմազան  հարցերի, մասնավորապես հայերենի պատմական զարգացման տարբեր փուլերի և հայերենի տարբեր դրսևորումների։
    Զեկուցումների մեծ մասն  առնչվում էր հայերեն գրավոր աղբյուրներում վկայված լեզվական այս կամ այն իրողությանը, մասնավորապես՝ հայերեն Աստվածաշնչում սեռական-տրական հոլովի մի առանձնահատուկ դրսևորմանը, Ամասիացու բժշկարաններում կենդանիների անուններով բաղադրված բառա­կա­պակցական բուսանուններին,  Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ամառան հատորի «Նորին քարոզ վասն տասնաբանեան օրէնս» գլուխներում գործածված իրավական հասկացություններ արտահայտող բառերին, Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկում «տուն/բնակավայր» հասկացույթի փոխառյալ բառերին, 14-րդ դարի երկերում  վկայված  օտար բառերին,      Սահակ Ձորոփորեցու  գործածած  և «Հանդէս բանաստեղ­ծաց» խորագրով ձեռագիր բառարաններում վկայված նորակազմություններին, ինչպես նաև՝ Բարդուղիմեոս Բոլոնիացու «Դիալեկտիկայի» քերականական լատինաբանություն­ներին՝ վաղ և ուշ շրջանների ձեռագրերի համեմատությամբ։
    Ոմանք անդրադարձան  լեզվաբանների տարբեր ուսումնասիրությունների, ինչպես և  դրանցում այս կամ այն հարցի քննությանը, այդ թվում՝  Լ․ Հովհաննիսյանի «Ղարաբաղի  (Արցախի) բարբառի հնաբանությունները» աշխատությանը, Արարատ Ղարիբյանի աշխատություններում բառակազմության տեսական և մանկավարժական հարցերի քննությանը։
    Կատարվեցին նաև բառաքննական և ստուգաբանական  դիտարկումներ  հայերենի տարածաժամանակային հարաբերություն արտահայտող, ապա և  ուրարտերեն որոշ բառերի մասին։  Առանձնակի հետաքրքրություն ներկայացրին հատկապես ուրարտերենի և հայերենի  բառային աղերսները։
    Եղավ նաև  միջին հայերենն  ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ գոյություն ունեցող տեսակետի  վերանայման և այդ հարցը նորովի քննելու առաջարկ։ Հնչեցին ուշագրավ զեկուցումներ հայերենի բառասկզբի նի մասնիկի, խաչքարերի զարդանախշերի հինհայերենյան գրառումերի և այլ  մասնավոր հարցերի վերաբերյալ ևս։
     Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը,  ամփոփելով գիտաժողովների շարքը,   մեկ անգամ ևս կարևորեց դրանց կազմակերպումը,  առանձնապես խրախուսեց  ուսանողների մասնակցությունը։ Նա մասնավորապես ընդգծեց, որ  գիտաժողովների ընթացքում  ակտիվ քննարկումներն ու  բանավեճերը նպաստում են գիտության, տվյալ դեպքում հայերենագիտության զարգացմանը, մի շարք խնդիրների պարզաբանմանն ու լուծմանը։
 
 
 
Հայոց լեզվի պատմության բաժնի ավագ գիտաշխատող՝           Վ․ Խաչատրյան

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.