Արևմտահայերենը տանտիրոջ իրավունքով պետք է իր տեղն ունենա հայաստանյան իրականության մեջ

18/03/2015

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի ելույթը  Մայրենիին նվիրված «Մեր լեզուն մեր Հայրենիքն է»  խորագիրը կրող  գիտաժողովի ժամանակ 

Բոլորիս մտահոգության առարկան գրական արևմտահայերենի վիճակն է, որն արդեն 100 տարի զրկված է միասնական գործառության ու զարգացման, հետևաբար նաև՝ կանոնարկման հնարավորություններից, բարձրագույն կրթության, գիտության լեզվի իր դերից, դպրոցական համալիր ուսուցման միջոց լինելու գործառույթից: Մենք բարձր ենք գնահատում սփյուռքահայ և հայաստանյան մտավորականության, Սփյուռքի նախարարության և հայ եկեղեցու ջանքերը՝ արևմտահայերենը պահպանելու, զորացնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ արդյունքում արևմտահայերենը պետք է իր ամուր հենարանն ունենա մայր հայրենիքում:  Արևմտահայերենը համազգային արժեք է, այն բոլորինս է և մեզ համար  նույնքան հարազատ ու սովորական պետք է լինի, որքան արևելահայերենը: Չմոռանանք նաև, որ շատերս արևմտահայ արմատներ ունենք, իսկ ներկա Հայաստանում արևմտահայ խոսքը շարունակում է գործառել Կարնո, Մշո, Սասնո, Դիադինի և այլ բարբառների տեսքով: Հետևաբար արևմտահայերենը տանտիրոջ իրավունքով պետք է իր տեղն ունենա հայաստանյան իրականության մեջ, այստեղ պետք է արմատներ ձգի, ամրապնդվի և հայրենիքից իր կենդանարար ավյունը մղի սփյուռք: Արևմտահայերենի պահպանումը և զարգացումը ոչ միայն ազգային, այլ նաև պետական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, որովհետև այն ոչ միայն ազգապահպան դեր ունի Սփյուռքում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում կատարում է լեզվական դեսպանի յուրահատուկ դեր՝ հնարավորություն ստեղծելով աշխարհում ճանաչելի դարձնել մեր մշակույթը, ազգային ինքնատիպությունը:

Հայերենի դրսևորման բոլոր տարբերակները՝ արևմտահայ և արևելահայ գրական լեզուները, խոսակցական լեզուն և բարբառները, միասնական համակարգի անտրոհելի բաղադրիչներ են, և այդ դրսևորումներից յուրաքանչյուրի խնդիրները ի վերջո ընդհանուր հայերենի, այսինքն՝ ՀՀ պետական լեզվի խնդիրներն են: Ուշադրության կարիք ունեն հատկապես գրական արևելահայերենի առջև ծառացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

  1. գրական լեզվի անաղարտության պահպանումը,
  2. մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարելավումը,
  3. լեզվի կանոնարկումը և զարգացումը:

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրավիճակի ճիշտ գնահատում և անհրաժեշտ գործողությունների մշակում:

Գրական լեզվի անաղարտության պահպանման անհրաժեշտությունը հատկապես ընդգծվում է, երբ ակտիվանում են լեզվի աղավաղման միտումները: Ներկայում լեզվի աղավաղումն արտահայտվում է լեզվական սխալների (և՛ արտասանական, և՛ բառագործածական, և՛ քերականական) տարածմամբ, գրական լեզվում խոսակցական, բարբառային իրողությունների, օտար բառերի ու արտահայտությունների անհարկի օգտագործմամբ, երբեմն նույնիսկ գռեհկաբանությունների, ժարգոնային արտահայտությունների գործածությամբ:

Մեր օրերում աղավաղումների պատճառներից մեկն էլ հասարակության մեջ լեզվի վերաբերյալ պատկերացումների խեղումն է, օրեցօր տարածվող այն թյուր ըմբռնումը, թե խոսակցական լեզուն ապահովում է ավելի անմիջական հաղորդակցում, և էական չէ, թե խոսքը ինչ որակ ունի, որովհետև կարևորը մտքի հաղորդումն է և հասկանալի լինելը: Եթե նման ըմբռնումը կարող է ընդունելի լինել առօրյա, կենցաղային հաղորդակցման դեպքում, ապա բոլորովին մերժելի է գրական լեզվի գործառության ոլորտներում: Այլ կերպ ասած՝ շփոթվել են լեզվի տարբեր դրսևորումների գործառական ոլորտները, և հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ հրապարակային խոսքը (գրավոր թե բանավոր) պետք է լինի համակարգված, կանոնավոր ու գեղեցիկ, հանրության համար ընկալելի և հաճելի: Կանոնավոր, բարձր և անաղարտ գրական լեզուն ճիգ ու ջանք է պահանջում, իսկ հասարակությունը մեծ մասամբ այդ առումով կա՛մ ծուլանում է, կա՛մ էլ լեզվական հարցերով զբաղվելու ժամանակ չունի:

Իրավիճակը շտկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել լեզվի վերաբերյալ ճիշտ պատկերացումների համակարգ, և այդ ուղղությամբ անելիքներ ունեն ինչպես գիտակրթական համակարգը, այնպես էլ հեռուստատեսությունն ու զանգվածային լրատվության մյուս միջոցները, թատրոնը, կինոն և իհարկե պետական կառավարման համակարգի տարբեր օղակներ; Գրական լեզուն կարիք ունի պետական հոգածության, ուղղորդված պետական ծրագրի և քաղաքականության, որի համակարգողը և վերահսկողը կարող է լինել Լեզվի պետական տեսչությունը՝ ունենալով օրենսդրական հիմքեր և անհրաժեշտ լիազորություններ:

Մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումը կրթական համակարգի մշտական խնդիրն է և շարունակական գործընթաց է: Ներկայումս այս խնդիրը առավել հրատապ է, որովհետև նկատելի է գրական լեզվի նորմերի գրեթե համատարած չիմացություն, թե՛ գրավոր, թե՛ բանավոր անսխալ և գեղեցիկ խոսք կառուցելու անկարողություն, որը անխտիր դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ գիտակրթական ոլորտի աշխատանքներում, գեղարվեստական խոսքում, պաշտոնական գրություններում:

Պատճառը թերևս կրթական համակարգում մայրենիի ուսուցման ծրագրերի և մեթոդների անկատարությունն է, հարցի ոչ բավարար և պատշաճ արժևորումը: Մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակվել ո՛չ քերականական կանոնները յուրացնելու պահանջով և ո՛չ էլ թեստերի պատասխանները գտնելու ունակությունների ձևավորմամբ: Մայրենիի ուսուցման հիմնական նպատակը չի կարող լինել սովորողներին որևէ կարգի (հատկապես՝ ընդունելության) քննության նախապատրաստումը: Միաժամանակ, մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակվել միայն գրական արևելահայերենի դասավանդմամբ:

Մայրենիի ուսուցման հարցում որակական փոփոխության հասնելու համար հարկավոր է ձևավորել դասավանդման այնպիսի ծրագրեր և եղանակներ, որոնց շնորհիվ սովորողները լեզվական գիտելիքների հետ միասին ձեռք կբերեն անսխալ և գեղեցիկ գրական խոսք կառուցելու ունակություններ, իրենց մտքերը ճիշտ արտահայտելու և ըստ անհրաժեշտության լեզուն ճկուն գործադրելու կարողություններ: Անհրաժեշտ է, որ մայրենիի ուսուցմանը նպաստի կրթական ողջ համակարգը: Սովորողները պետք է անհրաժեշտ տեղեկություններ և գիտելիքներ ունենան հայերենի բոլոր դրսևորումների (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար, բարբառային հայերեն) վերաբերյալ: Ընդհանրապես, յուրաքանչյուր դասընթաց պետք է հետապնդի նաև գիտության տվյալ բնագավառում լեզվի ճիշտ գործածման հմտությունների ձևավորման և ամրապնդման նպատակներ: Այս առումով կարևոր է նաև, որ կրթական համակարգում գործածվող ուսումնական նյութերը, դասագրքերը լեզվական առումով անթերի լինեն: Կարծում ենք՝ ցանկացած դասագիրք հրատարակվելուց առաջ պետք է ենթարկվի լեզվական փորձաքննության:

Լեզվի կանոնարկումը և զարգացումը  մեծ կարևորություն ունի, որովհետև միայն նորմավորված, միասնական և հարուստ լեզուն կարող է լիարժեք և հաջողությամբ բավարարել անհատի, պետության, հասարակության և ազգի լեզվական պահանջմունքները, լինել մշակութային արժեքների ստեղծման և կուտակման, պետական ու հասարակական գործունեության կազմակերպման միջոց: Այս գործընթացը նույնպես մշտական է ու շարունակական, քանի որ լեզվի բնականոն զարգացման և հասարակության մեջ տեղի ունեցած տեղաշարժերի հետևանքով միշտ առաջ են գալիս լեզվական նոր իրողություններ, որոնք կարիք ունեն գնահատման, արժևորման և համակարգման: Ներկայումս իրենց լուծմանն են սպասում ուղղագրական և ուղղախոսական, բառագործածման և տերմինաբանական, նաև քերականական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը օբյեկտիվորեն չի կարող լինել առանձին մասնագետների կամ մասնագետների խմբերի մենաշնորհը, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ նաև ինքնաբերաբար:  Մեր օրերում լեզվական նորմերը սահմանողների դերում հայտնվել են բուհական ընդունելության քննությունների շտեմարանների հեղինակները, որոնց ըմբռնումները հաճախ կրում են մասնավոր բնույթ: Հրապարակի վրա են ուսումնական բառարաններ, ուղեցույցներ, շտեմարաններ, գիտական աշխատանքներ, որոնց հեղինակները լեզվական տարբեր իրողությունների վերաբերյալ ներկայացնում են իրենց պատկերացումներն ու առաջարկությունները:

Բազմակարծությունը, ինչ խոսք, նպաստում է առաջընթացին, եթե տեղի են ունենում քննարկումներ, բերվում են փաստարկներ և կայացվում հանրության համար ընդունելի որոշումներ: Եվ չնայած լեզվի զարգացմանը և նորմավորմանը իրենց նպաստը կարող են բերել ուսումնական առանձին կենտրոններ, ստեղծագործ անհատներ (ինչպես եղել է մեր պետականության բացակայության ժամանակներում), բայց պետականության առկայության պայմաններում լեզվի նորմավորումը և զարգացումը առավել արդյունավետ կլինի պետական համակարգող կենտրոնի առկայությամբ, որպիսին, մեր պատկերացմամբ, կարող է լինել Հայերենի բարձրագույն խորհուրդը:

Հայերենի բարձրագույն խորհրդում պետք է ընդգրկվեն հայ նշանավոր լեզվաբաններ, հայտնի մասնագետներ, որոնք կներկայացնեն գիտակրթական ողջ համակարգը, թերևս նաև հայտնի մտավորականներ և գործիչներ (նաև՝ սփյուռքահայ), ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Խորհրդին կից կարող են գործել խորհրդակցական խմբեր՝ ըստ գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր բնագավառների: Խորհրդի նպատակն է լինելու գրական հայերենի (նաև՝ արևմտահայերենի) կանոնարկման գործընթացի կազմակերպումն ու համակարգումը, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցմանը, հայերենի զարգացմանը և հարստացմանը նպաստելը:

Խորհուրդը պետք է՝

ա) մշակի գրական հայերենի կանոնարկման սկզբունքները ըստ տարբեր ոլորտների՝ ուղղագրություն, ուղղախոսություն, տառադարձություն, տերմինաբանություն, քերականություն, բառապաշարի հարստացում և այլն.

բ)  շարունակաբար որոշի կանոնարկման ենթակա խնդիրների շրջանակը և նախաձեռնի պարբերական մասնագիտական քննարկումներ՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև այլ ոլորտների մասնագետների.

գ) քննարկի կանոնարկման հարցերի վերաբերյալ արտահայտված տեսակետները, արված առաջարկները, վիճելի հարցերը.

դ) պարբերաբար քննարկի արևելահայերենի և արևմտահայերենի փոխհարստացման, միասնական զարգացման հարցեր.

դ) քննարկումների արդյունքում արված եզրահանգումները և որոշումները, հանձնարարելի ձևերը, բառացանկերը իր պարբերականով ներկայացնի հանրությանը.

ե) պարբերաբար բառացանկերի ձևով հրապարակի անհարկի փոխառությունների, օտարաբանությունների հայերեն համարժեքները, այլ նյութեր.

զ) իր պարբերականում շարունակաբար հրապարակի լեզվական սխալների մեկնաբանություններ, պարզաբանումներ և այլն:

Կարծում ենք՝  Հայերենի բարձրագույն խորհուրդը կարող է լինել ՀՀ կառավարության հիմնական խորհրդատուն լեզվական հարցերում: Խորհրդի իրավասությունների շրջանակներում կարող է լինել նաև այնպիսի խնդիրների կարգավորումը, ինչպիսիք են հայերենի հոլովների քանակի, ուղղագրական բարեփոխումների և այլ հարցեր:

Թվում է՝ Հայերենի բարձրագույն խորհուրդը կարող է լինել ՀՀ կառավարությանն առընթեր գործող կառույց, ինչպիսին էր ժամանակին Տերմինաբանական կոմիտեն:

Հարգելի բարեկամներ, մեր լեզուն մեր հայրենիքն է, ուրեմն եկեք որդիական սիրով պահպանենք ու հզորացնենք լեզվական մեր հայրենիքը, հայ լեզուն տունն է հայուն, ուրեմն եկեք տիրոջ իրավունքով ու հոգածությամբ շարունակ նորոգենք ու շենացնենք մեր ընդհանուր տունը:

Աղբյուրը՝  ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջ

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.