2013թ. փետրվարի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» խորագրով գիտաժողովը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտաշխատողներ, մտավորականության ներկայացուցիչներ:
Գիտաժողովում ներկայացված զեկուցումները վերաբերում էին արդի լեզվաքաղաքականության և լեզվի վերահսկողության հիմնախնդիրներին, արդի հայերենի գրական երկու տարբերակների փոխհարաբերությունների հարցին, սիրիահայ ներգաղթյալների լեզվական խնդիրներին, Արևելյան Եվրոպայի հայության լեզվական յուրահատկություններին, հայոց լեզվի ուսուցման առաջնահերթ, ԶԼՄ-ների և համակարգչային լեզվի խնդիրներին:
Գիտաժողովի ավարտին ընդունվեց հայտարարություն:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(«Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» գիտաժողովի մասնակիցների կողմից)
21.02.2013 թ.
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, որը հայերենը հռչակում է Հայաստանի
Հանրապետության պետական լեզու,
և ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որը հաստատագրում է, որ Հայաստանի
Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ու սահմանում է
լեզվաքաղաքականության հիմնական դրույթները, լեզվավիճակն ու
լեզվահարաբերությունները կարգավորող նորմերը,
նկատի ունենալով ՀՀ «Կրթության մասին», «Մամուլի եւ զանգվածային
լրատվության մյուս միջոցների մասին», «Գովազդի մասին» և այլ օրենքների ու
իրավական ակտերի՝ պետական լեզվի՝ հայերենի գործառությունը կարգավորող
հոդվածները,
հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության
պետական ծրագրում» 1 և «Հայագիտության զարգացման հայեցակարգում» 2
առաջադրված խնդիրներն ու ռազմավարությունը,
կարևորելով ինքնիշխան պետականության ամրապնդման և երկրի ազգային
անվտանգության ապահովման գործում պետական լեզվի՝ հայերենի հսկայական դերը,
ելնելով ներկայումս աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումներից և
առաջ եկող մարտահրավերներից՝
«Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» գիտաժողովի մասնակիցներս,
փաստելով, որ հայերենը ոչ միայն հայության հաղորդակցման միջոցն է ժողովրդի
գոյության բոլոր փուլերում ու վայրերում, այլ նաև ազգային մնայուն արժեք է, գիտական
ու մշակութային արժեքների ստեղծման, պահպանման ու սերնդեսերունդ փոխանցման
կարևորագույն միջոց, հայեցի մտածողություն ու հոգեկերտվածք ձևավորող, ազգի
միասնականությունն ապահովող ու հայապահպան հզոր գործոն,
արձանագրում ենք, որ մայրենի լեզուն՝ իր գրական երկու ճյուղերով, ինչպես նաև
խոսակցական ու բարբառային դրսևորումներով, մշտապես պետական ու
հասարակական հոգածության, արդյունավետ ու համակարգված
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 18-ի N 138 որոշմամբ:
2 Ըստ ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշման: լեզվաքաղաքականության կարիք ունի և ենթակա է գիտական շարունակական
հետազոտության ու կանոնարկման, ուստի առկա հրատապ խնդիրները լուծելու
նպատակով դիմում ենք
1.ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերականգնել Հայերենի բարձրագույն
խորհուրդը՝ իբրև կառավարությանն առընթեր կառույց,
2.ՀՀ ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով
ա) մայրենիի ուսուցման դպրոցական, բուհական ծրագրերի և դասագրքերի
շարունակական բարեփոխման գործընթացում առանձնապես կարևորել սովորողների
մեջ ճիշտ ու գեղեցիկ գրավոր և բանավոր խոսքի կառուցման ունակությունների,
հմտությունների, հայրենասիրության, ազգային արժանապատվության ու
մարդասիրության բարձր որակների ձևավորումը,
բ) հաստատել հայալեզու նոր դասագրքերի ձեռագրերի լեզվական
փորձաքննության կարգ՝ գործընթացում ներգրավելով լեզվի պետական տեսչությանը,
ԳԱԱ լեզվի ինստիտուտին, բուհերի հայերենագիտական ամբիոններին,
գ) խրախուսել բուհերի հայերենագիտական ամբիոններին՝ բակալավրիատի
համակարգում ավելի մեծ ուշադրություն դարձնելու արևմտահայերենի ուսուցման
խնդիրներին և մագիստրոսական ծրագրերում ընդգրկելու արևմտահայերենի
հետազոտման ու կանոնարկման հարցերը,
դ)քննարկել մայրենիի՝ ընդունելության քննության առկա կարգի
նպատակահարմարության հարցը, տարբերակված մոտեցում հանդես բերել
հումանիտար և բնագիտական ուղղվածությունների դիմորդներին առաջարկվող
հարցաշարերը կազմելիս,
3.ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին, լեզվի պետական տեսչությանը, բուհերի
հայերենագիտական ամբիոններին՝ առաջարկելով համատեղ աշխատանքներ ծավալել
ժամանակակից գրական հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն)
կանոնարկման ուղղությամբ, մշակել բառակերտման, եզրույթաբանության,
ուղղագրության և ուղղախոսության, տառադարձության և կետադրության
կանոնարկման միասնական սկզբունքներ,
4. ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին, բուհերի հայերենագիտական ամբիոններին՝
առաջարկելով ավելի խորացնել հայերենի համակողմանի ուսումնասիրությունը,
օգտագործել գիտության արդի նվաճումները, տեղեկատվական բարձր
տեխնոլոգիաները՝ ապահովելով հայերենագիտության մրցունակությունը
բազմամշակույթ աշխարհում, 5.ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին՝ առաջարկելով կազմավորել արևմտահայերենի
ուսումնասիրության բաժին, ձեռնարկել արևմտահայերենի համակողմանի
ուսումնասիրություն, գրական արևմտահայերենի կանոնարկում, արևելահայերենի և
արևմտահայերենի մերձեցման սկզբունքների մշակում՝ ՀՀ սփյուռքի նախարարության
աջակցությամբ համագործակցելով այլ պետություններում գործող հայագիտական
կենտրոնների, հայերենագետների հետ,
6.հեռուստաընկերություններին և զանգվածային լրատվության այլ միջոցներին՝
առաջարկելով միջոցներ ձեռնարկել՝ շտկելու լեզվական ոչ բարվոք իրավիճակը,
պահանջելով հանրությանը մատուցել ճիշտ ու մաքուր գրական հայերենը, ինչպես
նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով,
7.պետական մարմիններին, կազմակերպություններին, ձեռնարկություններին,
հիմնարկներին, գործարարներին, տնտեսվարողներին՝ հորդորելով կատարել ՀՀ
օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները լեզվական բնագավառում,
8.Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում և Արցախում ապրող մեր
հայրենակիցներին՝ հորդորելով սրբորեն պահպանել, սովորել և սերունդներին
փոխանցել մաքրամաքուր մայրենին, այն զերծ պահել տարատեսակ աղավաղումներից,
նպաստել ճոխ ու ճկուն հայերենի հետագա հարստացմանն ու զարգացմանը, անաղարտ
ու անխաթար գործառությանը: