Խնդիրը վերաբերում է արեւմտահայերէնի պահպանմանը՝ հայերէնի ա'յն լեզուաճիւղին, ինչը Իւնեսկոն դասել է անհետացող լեզուների շարքին: ԻմԿարծիքով Լեզուապահպանական յանձնախումբը պէտք է փաստարկի, թէ՝
Ինչու՞ պէտք է պահպանել արեւմտահայերէնը.
Ա) Դա հայերէնի աշխարհաբարի երկու գրական լեզուաճիւղերից մէկն է, ժամանակային առումով՝ արեւմտահայերէնը մեր առաջին աշխարհաբար գրական լեզուն է, որով խօսել եւ խօսում է ազգի մի մեծ հատուածը.
Բ) Այդ գրական լեզուն (ի տարբերութիւն արեւելահայերէնի) օգտագործուել է մեր պատմական հայրենիքի տարածքի գերակշիռ՝ աւելի քան 7/10 մասում եւ գոյատեւել ու օգտագործւում է ցայսօր.
Գ) Միջազգային հանրութիւնը հայոց պատմութեան, մշակոյթի եւ ազգային արժեհամակարգի այլ բաղադրիչների մասին հիմնականում տեղեկացուել է արեւմտահայերէն գրական լեզուով.
Դ) Արեւմտահայերէնի շնորհիւ է պահպանուել եւ մինչեւ մեր օրերին հասել մեր աւանդական համազգային (դասական) միասնական ուղղագրութիւնը, նաեւ դրանով են կապուել աշխարհում ցրուած մեր ազգի տարբեր հատուածները, տարբեր սերունդները, տարբեր ժամանակների մշակութային արժէքները.
Ե) Արեւմտահայերէնով ստեղծուած ճոխ ու համաշխարհային մակարդակով ստեղծուած գրականութիւնը, գիտական եւ պատմական աշխատութիւնները (ստեղծուած Մխիթարեան եւ աշխարհում ցրուած տարբեր հայագիտական այլ կենտրոնների կողմից) կազմում են մեր ազգային արժեհամակարգի շատ կարեւոր մասը, որի կորստեան դէպքում աւելի քան կիսով չափ կ'աղքատանար մեր ինքնութեան պատմական ու մշակութային դէմքը: Հետեւաբար շատ կարեւոր է նաեւ այն, որ արեւելահայերը կարողանան բնագրով կարդալ եւ հասկանալ արեւմտահայերէնով աւանդուած ազգային արժէքները:
Զ) Կորցնելով արեւմտահայերէնը, մենք կը կորցնենք այդ լեզուն կրողներին՝ այսօրուայ սփիւռքահայութեանը, մեր հայրենիքի հզօրացման հիմքերից մէկին, աշխարհին ներկայացուող հայ դատի իրաւատիրոջը:
Որո՞նք են այսօր արեւմտահայերէնին սպառնացող վտանգները:Այս լեզուաճիւղի պահպանման հարցը լուծելիս յանձնախումբը ստիպուած է նկատի առնել՝
1. Սփիւռքի երկարակեցութեան անկանխատեսիլ լինելը (քանի՞ սերունդ կը պահպանի իր հայեցիութիւնը), մանաւանդ հաշուի առնելով հայ ընտանիքի՝ ներկայիս նկատուող ակնյայտ անկայունութիւնը ՝ խառն ամուսնութիւններով ձուլման արագացումը:
2.Նախկին գրագէտ եւ մաքուր արեւմտահայերէն գրող ու խօսող սերունդի աստիճանական անհետացումը եւ փոխարէնը նոր սերունդի յայտնուելը, ովքեր վարժուել են խօսել ու գրել ֆինանսական պատճառներով սրբագրիչներ չունեցող սփիուռքահայ մամուլում ու հրատարակչութիւններում տիրապետող ոչ միակերպ, աղճատուած արեւմտահայերէնով՝ յաճախ նաեւ Հայաստանից գաղթածների բարբառային հայերէնի խառնուրդ ժարգոնով:
Այս տագնապալի վիճակը թելադրում է արեւմտահայերէնի պահպանման հետեւեալ քայլերի իրականացումը, ինչի համար երկրում կան պատրաստի կադրեր: Առաջին քայլով՝
Արեւմտահայերէնը «բնակեցնել» յարատեւող հայրենիքում. հայաստանահայի ականջը վարժեցնել արեւմտահայերէնին. այդ նպատակով առաջին հերթին սկսել՝
-- տեղեկատուական միջոցներով բազմիցս հաղորդուող լուրերի մի մասը եւ ազգային թեմաներով տրուող որոշ (կրկնուող) ծրագրեր ներկայացնել նաեւ արեւմտահայերէնով.
--Յաճախակի հնչեցնել արեւմտահայ արձակի ու բանաստեղծութեան լաւագոյն նմուշները եւ թատրոններում յաճախակի եւ անխաթար հնչողութեամբ ներկայացնել արեւմտահայերի (սփիւռքահայերի) գործերը.
-- Մամուլի համար սփիւռքից գրուած յօդուածները, ինչպէս նաեւ արեւմտահայ (սփիւռքահայ) գրողների գործերը տպագրել առանց արեւելահայերէն թարգմանելու:
--Դասական Սփիւռքի դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը հայրենիքում եւ երեխաների ուսուցումը («Արի տուն» ծրագրով) տանել միայն արեւմտահայերէնով:
Երկրորդ քայլով՝
-- Յաջորդ տարուանից, ըստ հնարաւորութեան, մի քանի աւագ դպրոցներում սկսել արեւմտահայերէնի ուսուցումը՝ օգտուելով մերձաւոր արեւելքի դպրոցներից գաղթած ուսուցիչների ծառայութիւններից: Հետագայում դա տարածել բոլոր աւագ դպրոցներում:
--Միաժամանակ , արեւմտահայերէնի ուսուցիչների պատրաստման համար ծրագրել Երեւանի Պետական եւ Մանկավարժական համալսարաններում համապատասխան բաժանմունքների (ֆակուլտետների) ու դասընթացների ստեղծումը այն հաշւով, որ այդ շրջանաւարտները գիտենան նաեւ սփիւռքում գործող աւանդական ուղղագրութիւնը եւ կարողանան պայմանագրային հիմունքներով դասաւանդել հայրենիքում ու սփիւռքում:
Թոյլ տուէք նկատել, որ այս քայլերը կարելի է համարել նաեւ մերձեցմանն ուղղուած քայլեր:
Մայրենիի ուսուցումը սփիւռքի դպրոցներում բարելաւելու համար կարեւոր է՝
Առաջին քայլ
---Մէկօրեայ դպրոցներում ուսուցման ծրագրերը չխճողել քերականական բարդ կանոններով (ինչի պատճառով աշակերտները խուսափում են հայերէնի դասերից).
---Ուսուցումը տանել միայն հայերէնով, բացատրելով նաեւ տուեալ երկրի լեզուով (Ցաւօք, եկեղեցին արարողութիւնները, քարոզը եւ կրօնի դասերը նոյնպէս հիմնականում օտար լեզուով է անում):
---Սփիւռքի համայնքներում անջատ-անջատ գործող եկեղեցական երկու հատուածների դպրոցներում զգացւում են ուսուցիչների պակասի եւ դասարանները աշակերտներով համալրելու խնդիրներ: Մինչդեռ, ըստ տեղի հարմարութեան, անկախ եկեղեցական պատկանելութիւնից, համայնքի այդ դպրոցների՝ մի շենքում միացնելու շնորհիւ կը լուծուեն թերբեռնման հետ կապուած դժուարութիւնները: Դրա համար կարելի է նոյնիսկ համայնքային կրթական մի մարմին ստեղծել՝ երկու կողմերի ներկայացուցիչներով: Սա նաեւ կարեւոր եւ առաջին քայլը կը լինի սփիւռքի ներսում միասնականանալու հարցում:
---Ընդունել համահայկական հռչակագիր՝ համայնքային եւ եկեղեցական միջոցառումները՝ ժողովներ, զեկուցումներ, հոբելեաններ, տոնախմբութիւններ եւ այլն, կատարել միայն հայերէն լեզուով կամ զուգահեռ թարգմանութեամբ: Այս հարցերով կարելի է անմիջապէս զբաղուել՝ մասնակից դարձնելով համայնքի ժողովրդին Երկրորդ քայլ ( օժանդակութիւն դպրոցներին) -- --Սփիւռքում որակեալ կադրերը (մանաւանդ մերձաւոր Արեւելքից եկած) ցածր վարձատրման պատճառով հրաժարւում են ուսուցչութիւնից, իսկ ուսման բարձր վարձի պատճառով էլ ծնողները (յատկապէս բազմազաւակ) գերադասում են իրենց երեխաներին միայն տեղական («պետական») դպրոցներ ուղարկել : Թերեւս հարկ կը լինի լուծել տուեալ երկրի (օտարալեզու) դպրոցներում թոյլատրել հայ ուսուցիչներին՝ հայ երեխաների համար մայրենին դասաւանդել՝ վարձատրուելով տեղի ուսուցիչներին հաւասար: Սա հայրենի կառավարութեան եւ դիւանագէտների գործը պէտք է լինի:
---Սփիւռքում երեխան արդէն 2-3 տարեկանից սկսում է խօսել օտար լեզուով եւ դա սովորում է ո'չ թէ ծնողներից, այլ՝ մուլտֆիլմերից: Հարկ է մտածել նրանց համար այդ ֆիլմերը մի որեւէ ալիքով այդ երկրում մշտապէս հաղորդել հայերէն թարգմանութեամբ:
Երկրորդ քայլում նշուած այս հարցերը կարող են լուծուել բարերար կազմակերպութիւնների ու անհատների օգնութեամբ: Ի վերջոյ սփիւռքի միակ խնդիրը հայապահպան դպրոցներ ունենալն է: ժամանակն է, որ սփիւռքը պահպանելու նպատակով սփիւռքի դպրոցների համար ստեղծել համահայկական կրթական հիմնադրամ (ֆոնդ):
17 օգոստոս 2015 Նշան Որբերեան (ԱՄՆ, Ռոտ-Այլընտ)