ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ, Վ. ԿԱՏՎԱԼՅԱՆ

2015 թվականը ցավալիորեն խորհրդանշական է ողջ հայության և յուրաքանչյուր հայ մարդու համար: 100 տարի առաջ օսմանյան թուրքերի իրագործած ցեղասպանությունը անդառնալիորեն բեկել է հայ ժողովրդի ճակատագիրը՝ այդպիսով մեծագույն կորուստներ պատճառելով ոչ միայն հայությանը, այլ նաև ողջ մարդկությանը, և իրականում առաջ է բերել քաղաքակրթական մեծագույն աղետ, որի հետևանքները զգալի են նաև այսօր: Մեկուկես միլիոն հայության նահատակության, հայ մարդկանց կրած անլուր տառապանքների, նաև կենսական տարածքների, նյութական ու հոգևոր արժեքների կորստի անամոք ցավը ընդմիշտ դաջված է յուրաքանչյուր հայի հոգում, և տարիներն ի զորու չեն մոռացնելու այն:  Վերապրելու, համազգային ցավը հաղթահարելու մղումը, սակայն, միավորել է ողջ հայությանը, որն ունակ է իր խոսքն ասելու աշխարհին՝ ազատ ապրելու, արարելու, արդի աշխարհում իր դերն ու կշիռը վերահաստատելու վճռականությամբ: Հայոց պետությունն ու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայությունը հռչակել են, որ հիշում են և պահանջում. հիշում են անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ և պահանջում են ճանաչել հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով ճանաչելով նաև ցեղասպանված ժողովրդի իրավունքներն ու հարգելով մեջքը շտկելու և ինքնիշխան ու զարգացող պետականություն կառուցելու նրա ջանքերն ու կամքը:

Մեր ժողովրդի կրած մարդկային, հոգևոր ու մշակութային կորուստները անդառնալի ու անմոռանալի են, սակայն պատմական արդարության վերականգնումը միշտ էլ հնարավոր է և պահանջում է համազգային միասնականություն, կամք և հետևողական աշխատանք:  

Ցեղասպանությունը մեծ կորուստներ պատճառեց նաև հայերենին: Եղեռնի պատճառով հայերենի տասնյակ բարբառներ անդառնալի կորստի մատնվեցին, իսկ գրական արևմտահայերենը դարձավ տարագիր ու աստանդական՝ զրկվելով բնականոն գործառության ու զարգացման հնարավորությունից:  Ընդհանուր առմամբ՝ ցեղասպանական քաղաքականության ու եղեռնի՝ հայոց լեզվին պատճառած վնասներն ու կորուստները կարելի է հանգեցնել հետևյալին.

  1. Գրական արևմտահայերենի հայրենազրկում, միասնական գործառության և զարգացման հնարավորության վերացում, գրական լեզվին հատուկ գործառույթների մեծ մասի իրականացման անհնարինություն, օտար միջավայրերում երկրորդական և աստիճանաբար մոռացվող լեզվի կարգավիճակով դրսևորում.
  2. Գրական հայերենի երկու ճյուղերի՝ իբրև մեկ ամբողջության միասնական զարգացման, մերձեցման, փոխհարստացման հնարավորության նվազեցում.
  3. Բարբառային հայերենի երկու տասնյակից ավելի ենթահամակարգերի (բարբառների) վերացում հայության բնաջնջմամբ, տեղահանմամբ, բռնի մահմեդականացմամբ, ուծացմամբ.
  4. Հայերենի մի շարք բարբառների հայրենազրկում, դրանց գոյության ու գործառության պայմանների բռնի փոփոխություն.
  5. Բարբառների կորստով պայմանավորված՝ հայերենում իբրև բարբառային հատկանիշներ հանդես եկող հնչյունաքերականական բազմաթիվ իրողությունների կորուստ.
  6. Բարբառների հետ միասին բառապաշարային տարբեր շերտերի, լեզվամտածողության, լեզվամշակույթի յուրահատուկ ու ինքնատիպ դրսևորումների, լեզվական գանձարանի անդառնալի կորուստ:

  Հանրահայտ իրողություն է՝ եղեռնագործության դատապարտումից հրաժարումը, պատմական իրադարձությունների միտումնավոր և կեղծ մեկնաբանությունները ճանապարհ են բացում  նորանոր քաղաքակրթական հանցագործությունների և ցեղասպանությունների համար: Արևմտյան քսանից ավելի բարբառների կորստից  հետո հայերենը 20-րդ դարի ընթացքում ունեցավ նաև արևելյան բարբառների կորուստ՝ այս անգամ արդեն Ադրբեջանին բռնակցված բուն հայկական, նաև հայաբնակ ու հայախոս այլ տարածքներում իրականացվող ցեղասպանական քաղաքականության հետևանքով: Նախախորհրդային և խորհրդային տարիներին ողջ Ադրբեջանի տարածքում կիրառվող հայահալած քաղաքականության, ջարդերի հետևանքով, ապա և ղարաբաղյան իրադարձությունների ընթացքում կազմակերպված տեղահանումների ու կոտորածների արդյունքում  այդ երկրում այլևս հայեր չեն ապրում, և կորստի են մատնվել ոչ միայն Ագուլիսի և Շամախիի բարբառները, այլ նաև Ղարաբաղի բարբառի Գանձակի և Ղազախի ենթաբարբառները, հայաբնակ բազմաթիվ բնակավայրերի խոսվածքներ:

Ցեղասպանությունից անցել է 100 տարի, և հազարամյակների պատմություն ունեցող հայերենը շարունակում է հաջողությամբ գործառել իբրև ճկուն ու հարուստ լեզու, դարձել է հայկական երկու պետությունների պետական լեզու  և շարունակում է ժամանակին համընթաց զարգանալ՝ դիմագրավելով հին ու նոր մարտահրավերներին:

Որևէ ժողովրդի գոյատևման և միասնականության կարևորագույն հիմքերից է լեզուն, որի կորուստը կարող է նշանակել այդ ժողովրդի անհետացում,  և որի երկփեղկումը ժամանակի ընթացքում կարող է ի վերջո հանգեցնել ժողովրդի երկփեղկման.  մարդկության պատմությունը նման բազում օրինակներ է տվել:  Հայոց լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր գոյության հիմնասյունը, ազգային միաբանության կարևոր առհավատչյան, համազգային, համապետական արժեք, ուստի  

նրա նկատմամբ անհրաժեշտ է հատուկ հոգացողություն, որը պետք է արտահայտվի բոլորիս՝ և՛ հայաստանյան իշխանությունների, և՛ աշխարհասփյուռ հայ հանրության, հատկապես՝ մտավորականության ջանքերի արդյունավետ ու շահագրգիռ համադրմամբ՝ ի շահ հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի, հայ մշակույթի: Իհարկե, լեզուն ունի զարգացման իր բնական օրենքները, և ձախողման է դատապարտված լեզվի նկատմամբ հնչյունաքերականական հորինված կանոնների, արհեստական կազմությունների պարտադրանքը, սակայն հասարակությունը չի կարող անտարբեր լինել լեզվական զարգացման գործընթացների նկատմամբ, ընդհակառակը՝  հասարակության մտավորական հատվածը պարտավոր է ուղղորդել այդ գործընթացները, նպաստել լեզվի պահպանմանը, միասնականությանն ու զարգացմանը:  Ի դեպ, հայ մտավորականները միշտ էլ մտահոգ են եղել լեզվական հարցերով, նպաստել են հայերենի մշակմանն ու կանոնարկմանը, պայքարել լեզվական աղճատումների դեմ, իրենց գիտական ու գեղարվեստական, հրապարակախոսական երկերով նպաստել լեզվի հարստացմանը:

            Լեզուն մեկընդմիշտ անփոփոխ տրված ու քարացած իրողություն չէ, այն շարունակ զարգանում է, ձեռք բերում նոր որակներ, ունենում լուծման ենթակա խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել արտալեզվական, պատմական հանգամանքներով, լեզվական հանրության կյանքին, կենսապայմաններին առնչվող իրողություններով:  

            Ինչպես ցանկացած լեզու, այնպես էլ հայերենը դրսևորվում է տարբերակային ձևերով, և լեզվական յուրաքանչյուր տարբերակ կարող է ունենալ իր մարտահրավերները: Իհարկե, հայերենի դրսևորման բոլոր տարբերակները՝ արևմտահայ և արևելահայ գրական լեզուները, խոսակցական լեզուն և բարբառները, միասնական համակարգի անտրոհելի բաղադրիչներ են, և այդ դրսևորումներից յուրաքանչյուրի խնդիրները ի վերջո ընդհանուր հայերենի, այսինքն՝ ՀՀ պետական լեզվի խնդիրներն են:

Գրական արևելահայերենի ներկա վիճակը իրավացիորեն մտահոգում է հասարակությանը, և պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, հնչում են տագնապներ, արվում են առաջարկություններ: Ինչ խոսք, լրջագույն խնդիրներ կան լեզվաքաղաքականության, լեզվամտածողության, լեզվագործածության, լեզվի կանոնարկման, ուսումնասիրության և ուսուցման բնագավառներում, և նշված ուղղություններով շարունակական տքնաջան աշխատանքի, մտքի լարման, կամքի, նվիրումի և նպատակադրման կարիքը կա: Լրջագույն խնդիրներ ունի նաև խոսակցական հայերենը, որը հեղեղված է անհարկի օտարաբանություններով, ժարգոնային անհեթեթ արտահայտություններով, լեզվական սխալներով ու աղճատումներով, որոնք հաճախ ներթափանցում են գրական լեզվի ոլորտ: Բարբառային հայերենը հաճախ տուժում է քաղքենիական այն մտայնությունից, թե իբր բարբառները մերժելի, կիրթ մարդուն ոչ վայել իրողություններ են և այլն:

Անշուշտ, թվարկված բոլոր խնդիրներն էլ մեծ կարևորություն ունեն, սակայն, կարծում ենք, այսօր առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն  ընդհանուրհայերենյան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արևմտահայերենի պահպանությունը և մայրենի լեզվի միասնականության ապահովումը:

Արևմտահայերենի պահպանության խնդիրը, առաջանալով  ցեղասպանության հետևանքով, գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում: Արդեն 100 տարի զրկված լինելով բնօրրանից, միասնական գործառության ու զարգացման, հետևաբար նաև՝ կանոնարկման հնարավորություններից, բարձրագույն կրթության, գիտության լեզվի իր դերից, դպրոցական համալիր ուսուցման միջոց լինելու գործառույթից՝ օտարախոս միջավայրերում արևմտահայերենը գոյատևում է համառ ջանքերի, ուժերի ամենօրյա լարման շնորհիվ: Ընդհանրապես, հայրենիքից դուրս, օտար պետականության շրջանակներում գործառող ցանկացած լեզու ստիպված է դիմակայել բազում մարտահրավերների: Մասնավորապես, տվյալ երկրի լեզվի նկատմամբ իրավական անհավասար վիճակը, համաշխարհայնացման գործընթացները, այլալեզու միջավայրին հարմարվելու նոր սերնդի բնական մղումը, խառնամուսնությունները օբյեկտիվ իրողություններ են, որոնք մշտապես առկա են լինելու և մշտապես ձգտելու են նեղացնել արևմտահայերենի գործառության շրջանակները:  Ընդհանուր առմամբ, արևմտահայերենի հիմնական խնդիրը հայրենիքից դուրս և ոչ միասնական գոյությունն ու գործառությունն է: Ասվածը նորություն չէ, և ակնհայտ է, որ այս խնդրի լուծման եղանակները ներկայումս դժվար է կանխորոշել: Սակայն ակնհայտ է նաև, որ արևմտահայերենի միասնականություն որոշակիորեն կարող է ապահովել մայր հայրենիքը: Կարծում ենք՝ նախ և առաջ հարկավոր է մեր հասարակության մեջ ամրապնդել այն բանի գիտակցումը, որ արևմտահայերենը համազգային արժեք է, ՀՀ պետական լեզվի և տանտիրոջ իրավունքով պետք է իր տեղն ունենա հայաստանյան իրականության մեջ, արևելահայերենի հետ զուգահեռ գործառի, արմատներ ձգի, ամրապնդվի հայրենիքում և իր կենդանարար ավյունը մղի սփյուռք: Չմոռանանք նաև, որ արևելահայ համարվողներիցս շատերը արևմտահայ արմատներ ունեն, իսկ ներկա Հայաստանում արևմտահայ խոսքը շարունակում է գործառել Կարնո, Մշո, Սասնո, Դիադինի և այլ բարբառների տեսքով: Արևմտահայերենի պահպանության, այն հայաստանյան իրականություն բերելու ուղղությամբ հսկայածավալ և շատ գնահատելի աշխատանք է կատարում Սփյուռքի նախարարությունը՝ շարունակ որոնելով, գտնելով ու գործադրելով սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման նորանոր, բազմազան ու արդյունավետ եղանակներ, նպաստելով հայաստանյան գիտակրթական համակարգում արևմտահայերենի ուսուցման և ուսումնասիրության կենտրոնների ձևավորմանը, արևմտահայերենի դասագրքերի և ձեռնարկների ստեղծմանը, հայրենիք եկած մեր ազգակիցների խնդիրների կարգավորմանը և այլն: Հայրենիքում արևմտահայերենի ամրապնդմանը կարող են նպաստել նաև ռադիոհեռուստատեսային հաղորդումների, պարբերականների, ֆիլմերի ստեղծումը, դպրոցական ծրագրերում արևմտահայերենի համակարգված ուսուցման ընդգրկումը, հնարավոր այլ միջոցների օգտագործումը: Մենք միանում ենք <<Մեսրոպյան ուխտ>> կազմակերպության անդամ Նշան Որբերյանի, եգիպտահայ մտավորական Պերճ Թերզյանի, նաև այլոց այն առաջարկին, որ Հայաստանում հարկավոր է (և հնարավոր է) ստեղծել արևմտահայերեն ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը հատկապես մանկավարժական որակյալ կադրեր կպատրաստի Սփյուռքի դպրոցների համար, ինչի կարիքը իսկապես շատ մեծ է: Ուզում ենք ընդգծել, որ նման բուհը կրթական խնդիրների լուծմանը զուգահեռ կնպաստի սփյուռքյան տարբեր համայնքների երիտասարդության համախմբանը, հայրենիքի հետ շփումների ակտիվացմանը, արևմտահայերենի զարգացմանը և կանոնարկմանը, գիտական տերմինաբանության զարգացմանը և այլն: Հիշենք, թե աշխարհաբարի մշակման գործում ինչ մեծ դերակատարություն են ունեցել Լազարյան ճեմարանն ու Ներսիսյան դպրոցը, չմոռանանք, որ ներկայումս հանգամանքների բերումով Հայաստանում բնակություն է հաստատել սիրիահայության աշխատասեր, հնարամիտ և ուսումնասեր հոծ մի զանգված, որի կրթական կարիքները նույպես կարող է բավարարել արևմտահայերեն ուսուցմամբ բուհը:

Արևմտահայերենի պահպանության կարևորությունը, ինչ խոսք, որևէ հիմնավորման կարիք չունի, սակայն ցանկանում ենք ընդգծել, որ արևմտահայերենը ոչ միայն ազգապահպան դեր ունի Սփյուռքում, այլ նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության լեզվական ներկայությունը աշխարհի բազմաթիվ երկրներում, կատարում է լեզվական դեսպանի յուրահատուկ դեր՝ հնարավորություն ստեղծելով աշխարհում ճանաչելի դարձնել մեր մշակույթը, ազգային ինքնատիպությունը: Այս առումով, արևմտահայերենի պահպանումը և զարգացումը ոչ միայն ազգային, այլ նաև պետական նշանակություն ունեցող առաջնահերթություն է:

Հարգելի բարեկամներ, արևմտահայերենի պահպանումը հայերենի պահպանումն է, արևմտահայերենը մեր հոգևոր հայրենիքի անբաժանելի, բայց վտանգված մի մասն է, և ինչպես անթույլատրելի է նահանջը երկրի սահմաններից, այդպես էլ անթույլատրելի է նահանջը լեզվական սահմաններից: Ուստի արևմտահայերենը պետք է վերադառնա Հայաստան, իր ոտքի տակ պետք է հարազատ հող զգա, հայրենի հող, Հայաստանի հող: Հավատացեք, արևմտահայերենի ներկայությունը  շատ անհրաժեշտ է նաև արևելահայերենին: 

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ազգի և պետության առջև իր խնդիրներն է առաջադրում, սակայն ազգային միասնականության պահանջը որևէ ազգի համար մշտական պահանջ է:  Մշտական է նաև լեզվական միասնականության պահանջը: Ահա թե ինչու՝ թե՛ ցեղասպանությունից առաջ և թե՛ ցեղասպանությունից 100 տարի անց հայության առջև ծառացած է մնում լեզվական միասնականության, այն է՝ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրը:  Խոսքը, իհարկե, ոչ թե գրական երկու տարբերակների արհեստական միաձուլման կամ դրանցից մեկի դուրսմղման, այլ ընդհանուր գրական հայերենի ներդաշնակ ու համաչափ գործառության ու միասնական զարգացման հնարավորություն ստեղծելու, երկու ճյուղերի փոխհարստացման, փոխներթափանցման ու բառապաշարների մերձեցման մասին է: Տարբերակների մերձեցումը, անշուշտ, ինքնանպատակ չէ. լեզվի միասնականության գիտակցումը ամրապնդում է ազգային միասնականության գիտակցումը: Ի դեպ, դեռևս 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, երբ թե՛ գրական արևմտահայերենը, թե՛ գրական արևելահայերենը արդեն բավականին մշակված և կանոնարկված լեզուներ էին, հայ մտավորականությունը, ելնելով իրավիճակից, քննարկում էր հայերենի երկու ճյուղերը մերձեցնելու խնդիրը, ընդ որում՝ գիտակցվում էր, որ երկու տարբերակների առկայությունը լեզվական հարստության վկայություն է, ուստի տարբերակների մերձեցումը և լեզվական միասնականությունը ենթադրելու էին ոչ թե տարբերությունների իսպառ վերացում, այլ տարբերակների համընթաց և միասնական զարգացում, կանոնարկում, փոխներթափանցում ու փոխհարստացում[1]:

Նկատենք, որ մեր օրերում առաջացել է նաև հենց արևմտահայերենի միասնականության խնդիր: Գրական արևմտահայերենը ներկայումս հանդես է բերում բազմաձևություններ լեզվի բոլոր մակարդակներում, պետական, գիտամշակութային, ուսումնական, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում համընդգրկուն և միասնական գործառույթներից  զուրկ լինելու հանգամանքը էականորեն բացասական ազդեցություն է ունենում լեզվական համակարգի հետագա միասնական զարգացման վրա: Իրավիճակը շտկելու նպատակով սփյուռքահայ մտավորականները ջանքեր են գործադրում՝ ըստ հնարավորին լրացնելու առկա բացը; Այդ առումով գնահատելի է Արևմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհրդի կատարած աշխատանքը Ֆրանսիայում: Ողջունելի են Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո Արևմտահայերենի պաշտպանության խորհրդի գործունեությունը, Մեսրոպյան ուխտի, այլ հաստատությունների, առանձին մտավորականների ջանքերը: Հավելենք, որ մեծ կարևորություն ունեն արևմտահայերենի գիտական ամբողջական հետազոտումն ու նկարագրությունը, ըստ հնարավորին սփյուռքահայ համայնքների լեզվական միասնականության հասնելու նպատակով ընդունելի և ընդհանուր ձևերի որոշումն ու առաջադրումը՝ գիտական հիմնավորումներով, արևելահայերենի և արևմտահայերենի՝ իբրև մեկ ամբողջական լեզվի միասնական հետազոտման, կանոնարկման, նաև՝ տերմինային համակարգի մշակման ուղղությամբ աշխատանքների ծավալումը:

Այսպիսով, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցումը լեզվի ճյուղերի համակարգերի արհեստական փոփոխություններ չի ենթադրում, և նպատակը գրական լեզվի մեկ միասնական տարբերակ ունենալը չէ, այլ զարգացման միասնական հեռանկարի և փոխհամաձայնեցված կանոնարկման ու փոխհարստացման ուղիների մշակումը և դրանց գործադրումը այն գիտակցումով, որ իր տարբերակային բոլոր դրսևորումներով հանդերձ հայերենը մեկ միասնական լեզու է, որի բոլոր իրողություններն ու միավորները շաղկապված են իրար՝ անկախ տարբերակային վերաբերությունից:

Ի դեպ, գրական երկու տարբերակները իրարից տարանջատված չեն:    Ռ.Տեր-Մերկերյանը, օրինակ, արձանագրել է բառապաշարների փոխներթափանցման իրողությունը՝ գրելով, որ լեզվական փոխազդեցությունների §հետեւանքները այսօր շօշափելի են առանձնապէս բառապաշարի մարզին մէջ: Արեւելահայ ճիւղին մէջ նկատելի է արեւմտահայերէնի մէջ արդէն կայունացած բառերու գործածութիւնը: Նոյնը նկատելի է նաեւ արեւմտահայերէնի մէջ: Երկու տարբերակներուն զարգացման ներկայ փուլը կը յատկանշուի բառապաշարներու ակնյայտ փոխներթափանցմամբ ու մերձեցմամբ¦[2]:

Արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման գործընթացը ավելի արդյունավետ կլինի, եթե ավելացող շփումների հետևանքով տեղի ունեցող բնական փոխներթափանցումները, առանձին գիտնականների կամ գիտնականների խմբի աշխատանքները, իրականացվող ծրագրերը համակարգելու և ուղղորդելու, միասնական որոշումներ ընդունելու համար ձևավորվի համահայկական մի հանձնախումբ կամ կառույց: Թերևս այդ կառույցը կազմակերպի նաև հայերենի միասնական ուղղագրության ձևավորման հարցի քննարկումներ, ուսումնասիրություններ, մշակի և ներկայացնի գիտականորեն հիմնավորված առաջարկություններ: Համենայն դեպս, անբնական և տարօրինակ է, երբ մեկ լեզուն ունի տարբեր ուղղագրություններ: Խնդիրը առկա է և լուծում է պահանջում, մանավանդ որ Լեզվի մասին ՀՀ օրենքում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Կարծում ենք՝ սկզբի համար ուղղագրության հարցում տարակարծիք կողմերից մեկը պետք է ընդունի, որ դասական ուղղագրությունը հայ ժողովրդի լեզվամշակութային մեծարժեք ժառանգություն է, գիտելիքի աղբյուր, լեզվի պատմության շտեմարան, որը դարեր շարունակ գործառել և շարունակում է գործառել, և որի ուսուցումը պետք է ընդգրկել եթե ոչ դպրոցական, ապա գոնե բուհական կրթական ծրագրերում, իսկ մյուս կողմը պետք է ընդունի, որ նոր ուղղագրությունը խոսքի գրավոր արտահայտության անհարմարությունների պատճառ չէ և նույնպես ունի գոյության իրավունք: Միասնական ուղղագրության կարելի է հասնել ոչ թե հակամարտությամբ, այլ համագործակցելով, մի կողմ թողնելով հավակնությունները և վիճաբանելու բուռն ցանկությունը, ամեն ինչից վեր դասելով ազգային միասնության հրամայականը, կատարելով հիմնավոր ուսումնասիրություններ, քննարկումներ և գտնելով ոսկե միջինը:  Ուղղագրությունը փոխելուն ուղղված կտրուկ պահանջները և հնչող մեղադրանքները միայն խանգարում են գործին:

Միասնական ուղղագրության  հարցը քննարկելիս, կարծում ենք, պետք է հաշվի առնել հետևյալ իրողությունները.

  1. Թե՛ հայերենի տարբեր դրսևորումները և թե՛ դրանց գրավոր արտահայտության տարբեր եղանակները փոխկապակցված և ոչ թե իրարամերժ ու հակադիր իրողություններ են.
  2. Դասական ուղղագրությունը լեզվամշակութային համազգային արժեք է, ունի լեզվական, պատմական մեծ նշանակություն, ներկայումս շարունակում է գործառել (թեկուզ և կանոնակարգման կարիք ունենալով) և արևմտահայերենի հատվածական գոյատևման պայմաններում չի կարող անհատների կամքով գործածությունից դուրս մղվել.
  3. Նոր ուղղագրությունը լիովին կարողանում է արտահայտել գրական արևելահայերենի հնչյունական իրողությունները, և արևելահայ հասարակությունը ուղղագրական փոփոխությունների կարիք չի զգում.
  4. Այնուամենայնիվ, հայերենը պետք է ունենա միասնական ուղղագրություն, որը պետք է ձևավորվի դասական և նոր ուղղագրությունների արժանիքների և առավելությունների հաշվառումով:

Կարծում ենք՝ առաջադրված բոլոր խնդիրների լուծմանը կնպաստի ստեղծվելիք Հայերենի բարձրագույն խորհուրդը, որի կազմում ընդգրկված կլինեն նաև արևմտահայ մտավորականներ:

 

[1] Ավետիսյան Յու., 2014,  15:

[2] Արեւմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհուրդ, Ուղեցոյց, պրակ Գ, Մարսել, 1998, էջ 10:

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.