Հավելված
ՀՀ ԿԳՄՍ նախարարի
«20» մայիսի, 2020 թ.
N 638-Ա/2 հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական
գործունեության բազային, պետական-նպատակային ծրագրերի և պայմանագրային (թեմատիկ) թեմաների (այսուհետ` Ծրագիր/Թեմա)` գիտության համակարգի
գործունեության որակի և արդյունավետության գնահատման նպատակով իրականացվող մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի/Թեմայի մշտադիտարկման նպատակն է՝ դրա կատարման ընթացքի, ձեռքբերված արդյունքների, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններով ներկայացված տվյալների համապատասխանության ստուգումը ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) նախատեսված առաջադրանքին, օրացուցային պլանին և ծախսերի նախահաշվին:
3. Ծրագրի/Թեմայի մշտադիտարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից:
4. Ծրագրի/Թեմայի մշտադիտարկումն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) կատարման ընթացքի, ձեռքբերված գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների, ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.
2) հավաքագրված տվյալների վերլուծություն.
3) հավաքագրված տվյալների և դրանց վերլուծության հիման վրա
մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկանքի (այսուհետ` Տեղեկանք) կազմում.
4) բացահայտված խնդիրների կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների և ցուցումների մշակում ու
Ծրագրի/Թեմայի ղեկավարին տրամադրում.
5) մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ շտեմարանի (այսուհետ` Շտեմարան) վարում:
5. Յուրաքանչյուր տարի իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության 16
Ծրագրի/Թեմայի, այդ թվում՝ բազային ֆինանսավորման առնվազն 6 Ծրագիր, նպատակային-ծրագրային ֆինանսավորման առնվազն 2 պետական Ծրագիր,
պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման առնվազն 8 Թեմայի մշտադիտարկում:
6. Ծրագրի/Թեմայի մշտադիտարկումը կարող է սկսվել՝
1) 12 ամիս տևողությամբ Ծրագրի/Թեմայի դեպքում՝ ոչ վաղ, քան իրականացման երեք ամիսը լրանալուց հետո.
2) 24 ամիս և ավելի տևողությամբ Ծրագրի/Թեմայի դեպքում՝ ոչ վաղ, քան
իրականացման վեց ամիսը լրանալուց հետո.
3) ոչ ուշ, քան Ծրագրի/Թեմայի իրականացման ավարտից մինչև երեք ամիս առաջ:
7. Մշտադիտարկում իրականացնելուն պատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ (այսուհետ` Խումբ), որի կազմում
ընդգրկվում են Կոմիտեի քաղաքացիական ծառայության ղեկավար և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակիցներ և գիտության տվյալ բնագավառի
գիտական պետական կազմակերպությունների երկու ներկայացուցիչներ:
8. Խումբը ձևավորվում է ոչ ուշ, քան մշտադիտարկման սկզբից յոթ օր առաջ:
Մշտադիտարկման մասին Ծրագրի/Թեմայի ղեկավարը տեղեկացվում է ոչ ուշ, քան մշտադիտարկման սկզբից երեք օր առաջ:
9. Խումբն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Կոմիտե ներկայացված փաստաթղթերը,
Ծրագրի/Թեմայի իրականացման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում
Ծրագրի/Թեմայի ղեկավարից կարող են պահանջվել Պայմանագրով նախատեսված լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր, կազմակերպվել այցելություններ՝ Ծրագրի/Թեմայի իրականացման վայր հանդիսացող կազմակերպություն:
10. Խումբը հավաքագրում է մշտադիտարկման համար անհրաժեշտ տվյալները, յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան վերլուծություն:
11. Խմբի ղեկավարը Կոմիտեի գլխավոր քարտուղարին է ներկայացնում Տեղեկանք՝ Ծրագրի/Թեմայի կատարման ընթացքի, ձեռքբերված արդյունքների, Պայմանագրով նախատեսված առաջադրանքին, օրացուցային պլանին և ծախսերի նախահաշվին համապատասխանության մասին: Մշտադիտարկման արդյունքում խնդիրներ բացահայտվելու դեպքում դրանց կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Խմբի առաջարկությունները նույնպես ներառվում են Տեղեկանքում:
12. Կոմիտեի գլխավոր քարտուղարը Կոմիտեի նախագահին է ներկայացնում Ծրագրի/Թեմայի մշտադիտարկման ընթացքում հավաքագրված տվյալները, դրանց
վերլուծության արդյունքները և Տեղեկանքը:
13. Կոմիտեն Ծրագրի/Թեմայի ղեկավարին է տրամադրում մշտադիտարկման արդյունքում բացահայտված խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ
անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները:
14. Ծրագրի/Թեմայի ղեկավարը, տեղեկացվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտե է ներկայացնում բացահայտված խնդիրների վերաբերյալ հիմնավորումներ, պարզաբանումներ, ինչպես նաև տեղեկատվություն՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:
15. Մշտադիտարկման արդյունքները, Տեղեկանքը, ինչպես նաև Ծրագրի/Թեմայի ղեկավարի ներկայացրած հիմնավորումները, պարզաբանումները, խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է Շտեմարան:
16. Մշտադիտարկման մասին տեղեկատվությունը զետեղվում է Կոմիտեի պաշտոնական կայքում: