Հայ գրականության մեջ Հովհաննես Թումանյանն այն եզակիներից է, որի ստեղծագործությունը, կարելի է ասել, ուսումնասիրվել է գրեթե ամբողջապես, սակայն, երբ ձեռքդ ես վերցնում նրա ընտրանին կամ կենսագրությունը, հասկանում ես, որ դեռ անելիքներ կան «Թումանյան մեծության» լիարժեք, բազմակողմանի ընկալման ու գնահատման առումով: Այսպես, թումանյանագիտությանը հայտնի են Հ. Թումանյանի բազմաթիվ պատվանուններ, որոնց նա արժանացել է իր ազգին բոլորանվեր ծառայելու համար, սակայն դեռևս չկա որևէ ամփոփ աշխատանք, որտեղ մեկտեղված և ուսումնասիրված լինեն այդ պատվանունները, դրանց ծագումը, ստուգաբանությունը
[1]: Նախ պարզենք` ի՞նչ է պատվանունը.
1. Պատիվ` հարգանք արտահայտող անուն, օրինակ` «Մեր առաջին գրական գործիչները երախտապարտ սերունդների կողմից ստացել են «Թարգմանիչ» պատվանունը» (Լեո)
[2]:
2. Մէկուն պատիւին` արժէքին աստիճանը արտայայտող անուն, Շքանուն. Տիտղոս: Կոմս, դուքս, մարաջախտ, բժիշկ, տոքտոր եւ այլն պատվանուններ են
[3]:
Մյուս բոլոր բառարանները, այդ թվում և առցանց, վերը բերված բացատրությունների համառոտ կամ ընդարձակ կրկնություններն են: Եվ ինչպես բառարաններից քաղած նյութերից, այնպես էլ մեր ուսումնասիրություններից հետևում է, որ
1. Պատվանունները, բացառապես դրական, պատվաբեր անուններ են, տրվում են եզակի անհատներին ինչպես նրանց կենդանության օրոք, այնպես էլ հետմահու,
2. Դրանք կամ ամբողջ ազգի, ավելի լայն հանրության կողմից շնորհված անուններ են, կամ էլ հասարակության որոշակի խմբի` խավի, մեծանուն անհատի մտքի, սրտի արգասիքը,
3. Երբեմն էլ պահի թելադրանքով, իրադրային, դիպվածային որակումներ կամ համեմատություններ:
Հ. Թումանյանն ունի ինչպես հանրահայտ, իրավամբ վաստակած, այնպես էլ ոչ բոլորին, կամ հասարակության ավելի լայն շրջաններին ոչ հայտնի, բայց դարձյալ արժանի պատվանուններ, որոնց թիվը շուրջ 15–ն է. և դրանցից առաջնայինը, անշուշտ,
1. Ամենայն հայոց բանաստեղծ-ն է: Բազմաթիվ վկայություններ կան այս պատվանվան մասին: Ուշագրավ են Վահան Թոթովենցի հուշերը. «Վանքի բակում հավաքվել էր տասնյակ հազարավոր գաղթականություն: Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին Թումանյանը վազեց, բռնի բաց արավ նոր կառուցվող հայրապետական Վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած Կաթողիկոսը կշտամբում է պոետին` ասելով.
-Ինչպե՞ս եք համարձակվում, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Հայրապետը:
Թումանյանը նրան պատասխանել էր.
-Իսկ Դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:
Եվ Վեհափառ Հայրապետը, զգալով իր սխալը, տեղի է տալիս»
[4]: Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատվանունը: «Սա երևի ամենաբարձր գնահատությունն է, որ Թումանյանն ակամա արժանացրել է իրեն»
[5]:
2.
Ամենայն հայոց որբերի հայրիկ: Այս մասին դառնությամբ խոստովանել է ամենայն հայոց բանաստեղծը: 1915-ի հունիս-օգոստոս ամիսներին նա իր վրա վերցրեց Եղեռնից մազապուրծ, ծնողազուրկ, հիվանդ, անօգնական ու մերկ հազարավոր որբերի խնամքը՝ վտանգելով ոչ միայն իր, այլև երկու դուստրերի կյանքը: Բանաստեղծն ինքն է դառնությամբ, խորագույն ցավով պատմել, թե ինչպես. «Երբ երեխաները փոքր-ինչ կազդուրվեցին, ամեն ճաշից հետո կախվում էին փեշերից և «Հայրի՜կ» անվանում»
[6]:
Այսպես հանճարեղ Լոռեցին դարձավ նույնքան «հանճարեղ» որբախնամ՝ վաստակելով Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ տխուր պատվանունը:
3.
Ամենայն հայոց թամադա-ն նրա հաջորդ պատվանունն է: Հանրահայտ է Թումանյանի կենսախինդ, կենսահաստատ բնավորությունը: Այս մասին հիշատակել են նրա բոլոր կենսագիրներն ու հուշագիրները: Բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, իր հուշերում պատմում է. «Հայրիկը հայտնի էր նաև որպես թամադա: Կյանքի առաջին շրջանում քեֆերը դրսում է արել. տանը ո՛չ հարմարություն է ունեցել, ո՛չ էլ հնարավորություն: Տան հրավերքները սկսվել են Վերնատան ժամանակից: Մեր տան ճաշկերույթների թամադան մինչև 1911 թվականը Աղայանն էր, իսկ Աղայանների տանը՝ հայրիկը: Այդ ժամանակների հայրիկը իր հեքիաթի ուրախ Հասանն էր: Չունեցած տեղն էլ քեֆ էր անում: Թումանյանի մերձավորները գիտեն, որ նա իր քեֆերը պարտքով է արել կամ ձեռն ընկած պատահական գումարով: Ուստի և քեֆի ժամանակ ասում էր. «Բանը մարդու սիրտն է…, դու քո սիրտը ուրախ պահի՛ր, քեֆ արա՛, փողն ի՞նչ է, որ մարդ փողի մասին մտածի»: Ինքն ուրախ էր ապրում, ուրիշներին էլ ուրախացնում էր և սովորեցնում աշխարհում ուրախ ապրել: Սիրում էր ասել. «Ես իմ հոր զվարթությունիցն ունեմ»
[7]:
«Թումանյանը, ի պատիվ Բրյուսովի, երեկույթ տվեց իր տանը: Ընթրիքի սեղանին Թումանյանը Բրյուսովի աջ կողմը նստեցրեց տիկին Զապել Եսայանին, ձախ կողմը՝ ինձ: Տիկին Եսայանը Բրյուսովի հետ խոսում էր ֆրանսերեն: Թումանյանը, ժպիտը երեսին, հյուրասեր տանտիրոջ դերում, կենդանություն էր ստեղծում սեղանի շուրջը: Բրյուսովը դիմեց նրան հետևյալ խոսքերով.
-Видимо, Ованес Туманйан нетолько большой поэт, но и большой хлебосоль
[9].
Թումանյանի անկաշառ, շռայլ հյուրասիրության մասին հիշում է նաև Վահան Թոթովենցը
[10]:
Թումանյանի անսահման կենսասիրությունն է խնկարկում Վահան Տերյանը իր «Թումանյանի պալատում»
[11] բանաստեղծության մեջ.
Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Թումանյանի պալատում
Կգտնես, ով մարդ,
Անուշ, Արփի- արբեցում,
Եվ վարդ, և Նվարդ:
4. Հայ ժողովրդի ազնիվ կենսագիր: 1958-ին լույս տեսավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը՝ նվիրված մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանին՝ Հայոց մեծ եղեռնին՝ Կոմիտասի կերպարով մեկնելով «հայոց չհասկացված բախտի քմայքը»: Սակայն Կոմիտասը մենակ չէր իր անհունորեն անտանելի ողբերգության մեջ: Ծննդյան օրից նրա հետ է իր հոգևոր եղբայրը, և Սևակը պոեմի նախերգանքն սկսում է հենց նրա ծնունդով, քանզի այս երկու հանճարների ծնունդով Հայոց աշխարհից ընկան «Տաճկան» և «Ռուսան»:
Սևակը նախերգանքում անդրադառնում է Թումանյանի ստեղծագործություններին, ասելով, որ «Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի և միջնադարյան կենսագիրը» և նրան կնքում՝ «
հայ ժողովրդի ազնիվ կենսագիր»
[12] պատվանվամբ, քանի որ ցանկացած մարդ, այդ գործերը կարդալով, կարող է ճանաչել մեր ժողովրդին: Բացի այդ, Թումանյանն այն համոզումն ուներ, որ «Մարդ որքան մոտ լինի իր երկրին ու ժողովրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, այնքան ավելի մեծ է ու համամարդկային, էդ ճանապարհով միայն գրողը կարող է համամարդկային գրականության մեջ տեղ ունենալ»
[13]:
5.
Մեր լավաշ հացը: 1969-ին՝ Թումանյանի 100-ամյակին, Սևակը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական նստաշրջանում կարդացած զեկուցման մեջ Թումանյանին համարում է «
մեր լավաշ հացը, ինչը եղել և մնալու է անփոխարինելի»
[14], այսինքն նրան նույնացնում է հայի սրբություն հացի հետ:
6. Լոռու երգիչ: Ամենաշքեղ ցանկը պատվանունների ասպարեզում Եղիշե Չարենցինն է: Այսպես է բնորոշել նա Հ. Թումանյանին 1934թ. հունիսի 28-ին կարդացած իր զեկուցման մեջ (ստորև բերվող վեց շքանուններից 7-ից 12-ը ևս նրանն են):
7. Լոռու պայծառ երգիչ՝ «Մեր լեզուն» բանաստեղծության վերջին քառատող.
Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո´չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո´չ Նարեկի մրմունջը մագաղաթյա:
Եվ ո´չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական
[15]:
8. Հմուտ, հանճարեղ Լոռեցի՝ Թումանյանին նվիրված քառատողերից մեկում.
Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք է տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույք նստելիս
[16]:
9.
Անհաս Արարատը մեր նոր քերթության: Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, Բայց Թումանյանն է
անհաս Արարատը մեր նոր քերթության
[17]…
Ի դեպ, «վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում բանաստեղծին, փողոցում նրան հանդիպելիս մոտենում էին, կանգնում, ողջունում՝ «Привет Арарату» խոսքերով»
[18]:
10. Մեր խոսքի ամենամեծ վարպետ,
11. Նաիրյան խոսքի ավագ նահապետ,
12. Վաստակած և իմաստուն:
1922-24 թվականներին՝ Եղիշե Չարենցի ձախ որոնումների շրջանում, երբ նա, տուրք տալով այն գաղափարին, թե հեղափոխությունը հեղաշրջել է աշխարհը, և նույնը պետք է կատարվի արվեստի բնագավառում, իր գրչակիցների հետ ժխտեց դասական պոեզիան, սակայն զարմանալիորեն հենց այդ տարիներին էլ Չարենցին հարազատ էին ինչպես «լուսահոգի Տերյանը», այնպես էլ «ամենասիրելի պոետ» Թումանյանը:
1934-ին լույս տեսած «Գիրք ճանապարհի» ժողովածուում արդեն հրատարակվում են Թումանյանին նվիրված քառյակները, որտեղ էլ տրվել են վերը բերված անզուգական պատվանունները՝ դասելով Թումանյանին համաշխարհային մեծերի շարքը՝ նրան սեղանակից դարձնելով Հոմերին ու Գյոթեին: Աստվածաշնչյան լեռան հետ համեմատելով Թումանյանին՝ Չարենցը աշխարհին է ներկայացնում հայոց հանճարի անմահության բանալին: Իր «մեղքը» Թումանյանի նկատմամբ Չարենցը քավում է դեռևս 1923-ին՝ մի սրտառուչ նամակով դիմելով Մոսկվայում բուժվող բանաստեղծին.
«… Գնում եմ մեր երկիրը՝ խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ՝ մեր հայրենի եզերքում, մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության՝ որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Ընդունեցեք իմ՝ Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր
վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր»
[19]:
Նույն «Գիրք ճանապարհի» ժողովածուում Չարենցը զետեղում է «Թումանյանի երգերը» բանաստեղծությունը
[20]:
Թումանյանի երգերը
Կարդալիս՝ միշտ ես
Միտք եմ անում, թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
Լինել այդքա˜ն իմաստուն,
Երբ լինեմ ծեր…
Կարողանա՞մ պիտի ես
Արդյոք, ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
Թե՛ անկում, թե՛ մահ.-
Շաղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր…
-
Հայոց Պուշկին: Թումանյանի հաջորդ պատվանունը «հայոց Պուշկինն» է: Որտեղի՞ց է ծագել այս պատվանունը: Դեռևս 1913 թվականին իր «Հայոց Դրամբյանիզմն ու ես» ծավալուն հոդվածում Թումանյանը, պատասխանելով «Մշակի» Դրամբյանին և «Հովիտի» Ս. Հ.-ին, որոնք անխնա քննադատում ու պարսավում էին Թումանյանին գրագողության և այլ «ծանր մեղքերի» համար, հիշեցնում է, որ իրենից առաջ Պուշկինն է արժանացել նույն ճակատագրին, «որ քիչ է մնում կարծեմ, թե ես էլ մի Պուշկին եմ»
[21]: Սակայն այս նույն պատվանունը գտնում ենք Ստեփան Զորյանի «Ո՞վ է Հովհաննես Թումանյանը» հարցին տրված պատասխանի մեջ՝ «Թումանյանը համազգային բանաստեղծ է, Թումանյանը
Հայոց Պուշկինն է»: Այս պատվանվան հիշատակումը կա նաև Կոմիտասի տաղանդավոր աշակերտ Վահան Տեր-Առաքելյանի հուշերում
[22]: «Իսկ Թումանյանի հետ ծանոթանալուս հաճույքն իրագործվեց 1905-ի գարնանը Թիֆլիսում, ուր մեր շնորհագեղ երաժշտագետ Կոմիտասը բերել էր իր երգեցիկ խումբը՝ համերգներ տալու: Կոմիտասը Թիֆլիսում ուներ բազմաթիվ ծանոթներ, անձնական բարեկամներ, բայց համերգներից առաջ ոչ ոքի այցելության չգնաց՝ բացի Հովհաննես Թումանյանից, որի մոտ տարավ նաև ինձ»: Զրույցի ժամանակ (զրույցի մի մասը դուրս ենք թողնում) Կոմիտասը, դիմելով իր սանին, ասում է.
-Զուռնաչի, մի բան էլ դո՛ւ ասա, ի՞նչ ես լռել:
-Ես առաջարկում եմ Հայոց Պուշկին՝ պարոն Հովհաննես Թումանյանի կենացը,- թոթովեցի ես կարմրելով:
-Պա՛հ, ինձ Պուշկինի հետ համեմատելը շատ մեծ պատիվ է ինձ համար, երկա՛ր ապրես, պայծա՛ռ ապրես, լավ տղա,- ասաց Թումանյանը՝ նույնպես կարմրելով:
Այս զրույցը տեղի է ունեցել 1905-ին, իսկ Թումանյանը իր հոդվածը գրել է 1913-ին, Զորյանն էլ է ավելի ուշ գրել, ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս պատվանունով մեծ բանաստեղծին առաջինը մեծարել է Վահան Տեր-Առաքելյանը:
14.
Հայ տոհմային բանաստեղծության նահապետ, այլև
գրական ամենից շեն ու հաստատ օջախի ճրագ, բանաստեղծական կուլտուրայի գագաթ է անվանել Թումանյանին պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը «Հուշեր և բնութագրումներ» գրքի «Հովհաննես Թումանյան» հոդվածում
[23]:
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին 1923 թվականի մարտի 19-ին ուղղված իրենց նամակում Մոսկվայի հայկական գաղութի ներկայացուցիչները նրան ողջունել են որպես «
հայ ժողովրդի ցավերի և ուրախությունների մեծ երգչի»
[24] :
Հ. Թումանյանին իր խոնարհումն է բերել նաև Շիրազը՝ նրան անվանելով իր
Մասիսը ազատված[25]:
Լոռիդ ուներ բարձր սարեր,
Բայց ձյունագահ մի լեռ չուներ,
Որ աշխարհին ամեն կողմից երևար,
Քեզ ստեղծեց անմահ ու մեծ
Եվ աշխարհին, սար ու ձորին
Ամպ ու հողին ամեն կողմից երևաց՛
Ես քո Սիսը, Դու Իմ Մասիս ազատված....
Հետաքրքրական է, որ Թումանյանին շատերն են Արարատ, Մասիս անվանել:
15. Երգի մեծ վարպետ, երգերի աղբյուր: Գուսան Սարգիս Զաքարյանը երգ է նվիրել Մեծ Լոռեցուն, որտեղ նրան այդպես է մեծարում՝
Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
Երգի մեծ վարպետ, անմահ Թումանյան
[26]:
Այսպիսով, ներկայացնելով Հ. Թումանյանի ամենահիմնական պատվանունները, որոնք 15-ից շատ ավելին են (չենք անդրադարձել նրա այս կամ այն հատկանիշը մատնանշողներին՝ բեղմնավոր գրիչ, լուսավոր ճակատ, շռայլ ձեռք և այլն)՝ փաստենք, որ դեռ կան մեզ անհայտ գրող-անհատներ, որոնք նույնպես պատվանուններով են մեծարել բոլորիս Թումանյանին, որ դեռ շատ բան կա ասելու այս ոլորտում. ուրեմն՝ չբավարավենք արդեն հայտնիներով և շարունակենք փնտրտուքը. սա մի անսպառ նյութ է՝ կարոտ մշտական և մանրակրկիտ ուսումնասիրության:
Ավարտենք Թումանյանի տաղանդավոր հոգեզավակի՝ Հրանտ Մաթևոսյանի հետևյալ մտքով. «Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Պուշկինի, Տոլստոյի, Շեքսպիրի, Ֆիրդուսու, Գյոթեի աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով… Թումանյանով՝ մենք և նրանք հավասար մեծություններ ենք…»
[27]:
Թումանյանը մեզ հետ է մեր ծննդյան օրից մինչ վախճան, ու դեռ ծնվելու են նոր Թումանյաններ, և հանձինս նրանց շարունակվելու է Թումանյանի պատվանունների նոր շքերթը, իսկ մեր քնարերգության անհաս Արարատը ձուլվելու է մեր Նահապետին՝ մեզ պատգամելով՝ Արևի նման նայեցեք աշխարհին:
[1] Պատվանուններին նվիրված միակ ամփոփ աշխատությունը Մանվել սարկավագ Սարգսյանի «Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանն» է (Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հրատ., Ս. Էջմիածին, 2018):
[2] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստ., հ. 4, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980, էջ 180:
[3] Գնել արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան, Կ. Տօնիկեան եւ Որդիք հրատարակչատուն, Պէյրութ, 1992, հ. 2, էջ 685:
[4] Վ. Թոթովենց, Երկեր երեք գրքով, Գիրք 3, Ե., Նաիրի, 1991, էջ 495-496:
[5] Լ. Հախվերդյան, Թումանյանի կյանքը, Ե., Հայաստան հրատ., 1969, էջ 60:
[6] Սուսաննա Հովհաննիսյան, Պատմություններ Հ. Թումանյանի կյանքից,
https://www.mediamax.am/am/news/society/27235/:
[7] Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե., Լույս, 1969, էջ 335:
[8] Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե., ԷՊ, 2009, էջ 52:
[9] Սոֆիա Դանիելբեգ, «Ժամանակակիցների հուշերը հայ դասական գրողների մասին», Գիրք 8-րդ, Ե., Հայաստան, 1975, էջ145-150:
[10] Վահան Թոթովենց, Երկեր երեք գրքով, Գիրք 3-րդ, Հովհաննես Թումանյան, Ե., Նաիրի, 1991, էջ 504:
[11] Վահան Տերյան, Բանաստեղծություններ, Լիակատար ժողովածու, Ե., Սով. գրող հրատ., 1985, էջ 403:
[12] Ավ. Իսահակյան, Ռ. Ներսիսյան, «Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին», Ե., 2005, էջ 65:
[13] Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե.,ԷՊ, 2009, էջ 83:
[14] Պարույր Սևակ, Երկերի ժողովածու, հ. 3-րդ, Ե., Սովետական գրող, 1983, էջ 103:
[15] Յեղիշե Չարենց, Գիրք ճանապարհի, Պոեմներ և բանաստեղծություններ, Ե., Պետհրատ, 1997, էջ 271-272:
[16] Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, էջ 250:
[17] Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, էջ 270:
[18] Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե.,ԷՊ, 2009, էջ 52:
[19] Չարենցի նամակը Թումանյանին թվագրված է`Մոսկվա, 1 հունվարի 1923 թ., որը լույս է տեսել նաև 1967 թվականին ԳԱ կողմից հրատարակված թումանյանական վեցհատորյակի 6-րդ հատորի 396 էջում (Ե., ԽՍՍՀ ԳԱ հրատ.), և նույն նամակը բանաստեղծի դուստրը` Նվարդ Թումանյանը, զետեղել է իր` Հուշեր և զրույցներ գրքում, Ե., ԷՊ, 2009, էջ 284:
[20] Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, էջ 280:
[21] Հովհ. Թումանյան, Ընտիր երկեր, Ե., Սովետական գրող, 1978, էջ 450:
[22] Վ. Տեր-Առաքելյան, Հուշեր Կոմիտասի մասին, Ե., Խորհրդային արվեստ, 1936, թիվ 1 (53): Այդ այցելության մասին Վ. Տեր-Առաքելյանը գրել է նաև հուշեր, որ տեղ է գտել «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» հատորում (1969), որից մի հատված Ն. Թումանյանը ներկայացրել է իր՝ «Հուշեր և զրույցներ» գրքում, Ե., ԷՊ, 2009, էջ 56:
[23] Աշոտ Հովհաննիսյան, Հուշեր և բնութագրումներ, Ե., Հայաստան հրատ., 1969, էջ 99-100:
[24] Ն. Թումանյան, «Հուշեր և զրույցներ», Ե., ԷՊ, 2009, էջ 312:
[25] Այս ձոնը, որ վերնագրված է «Փոքր Հովհաննեսից Մեծ Հովհաննեսին», ամենայն հավանականությամբ գտնվում է Գյումրիի Հ. Շիրազի Տուն-թանգարանում՝ նրա անտիպ նյութերի տրցակում:
[26] Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան, Երգարան, Ե., Հայաստան, 1966:
[27] Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Ե., Հայագիտակ, 2004 (մեջբերված տողերը տե´ս գրքի ետնաշապիկի վրա):
Տիոյան Սուսաննա
Աբազյան Սուսաննա