2015թ. ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որին ինստիտուտի գիտաշխատողներից բացի մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը, ԱՄՆ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գ.Բարդակչյանը, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Ս.Վարդանյանը: Ելույթ ունեցողները (Վ.Կատվալյան, Ս.Սրապիոնյան, Գ.Բարդակչյան, Ջ.Բառնասյան, Ս.Վարդանյան) ցավով նշեցին, որ եղեռնի ընթացքում ծանրագույն կորուստներ է կրել նաև հայոց լեզուն: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Ս.Տիոյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բաժնի աշխատակիցների պատրաստած «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» ուսումնասիրությունը, որով սկիզբ է դրվում Սփյուռքի լեզվավիճակի համալիր ուսումնասիրության գործընթացին: Միջոցառման մասնակիցներն ընդունեցին հայտարարություն:
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, դատապարտելով 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց եղեռնը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ապաշխարումից ու իրենց երկրում կատարված ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարումը, հայտարարում է.
1. Լեզվի ինստիտուտը իր զորակցությունն է հայտնում հայրենի պետության, հայ եկեղեցու և աշխարհասփյուռ հայության՝ ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին և խորին երախտագիտություն է հայտնում աշխարհի այն պետություններին ու ժողովուրդներին, միջազգային ու կրոնական կառույցներին, արդարամիտ մարդկանց, որոնք զորավիգ են եղել հայ ժողովրդին և իրենց ձայնն են հնչեցրել պատմական փաստերի նենգափոխման, ստի ու կեղծիքի դեմ.
2. Եղեռնի հետևանքով մեծագույն կորուստներ է կրել նաև հայոց լեզուն: Իր բնօրրանում միասնական գոյության, գործառության և զարգացման բնական իրավունքից ու պայմաններից զրկվել է գրական արևմտահայերենը, որն այսօր երկրորդական լեզվի կարգավիճակով հազիվ է կարողանում գոյատևել աշխարհի տարբեր երկրներում: Կորստի են մատնվել մոտ երեք տասնյակ հայերեն բարբառներ, որոնք ամբարում էին հայի աշխարհընկալման, լեզվամտածողության, հայերեն բառապաշարի և հնչյունաքերականական իրողությունների անկրկնելի տարրեր:
3. Լեզվի ինստիտուտը, իր առաքելությունը համարելով հայոց լեզվի պահպանմանը նպաստելն ու մայրենիի համակողմանի ուսումնասիրությունը, այսուհետ ևս զբաղվելու է արևմտահայերենի հետազոտության, կանոնարկման հարցերով, ձգտելու է նպաստել Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերենի տարածմանն ու գործառության ոլորտների ընդլայնմանը: Լեզվի ինստիտուտը շարունակելու է նաև կորստի մատնված հայ բարբառների ուսումնասիրությունը, դրանց պատառիկների որոնումն ու արձանագրումը:
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը կոչ է անում ողջ հայությանը, յուրաքանչյուր հայ մարդու՝ սովորել, կիրառել և սերունդներին փոխանցել մայրենի լեզուն՝ գիտակցելով, որ մտավոր ունակությունները լավագույնս զարգանում ու դրսևորվում են մայրենի լեզվով, և ազգային ինքնությունը նախ և առաջ պայմանավորվում է մայրենի լեզվով:
29.04.2015թ.