Ս. թ. հունիսի 14-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկման նյութը հայերեն ձեռագրերի՝ 14-րդ դարի հիշատակարաններում վկայված այն օտարամուտ բառերն էին, որոնց օտար լինելը գիտակցվում է հայերենի զարգացման բոլոր փուլերում: Նշվեց, որ, ի տարբերություն նախորդ դարերի հիշատակարանների, որոնցում հիմնականում գործածվել են այլ ազգերի, ժողովուրդների կառավարման համակարգին, մշակույթին վերաբերող օտար բառեր (էկզոտիկ բառեր), 14-րդ դարի հիշատակարաններում մեծ թիվ են կազմում հատկապես առօրյա կյանքին բնորոշ օտարամուտ բառերը: Վերջիններս ներկայացվեցին ըստ իմաստային խմբերի: Բանախոսը նկատեց, որ այդ բառերը ժամանակին լայնորեն տարածված են եղել հայերենի բարբառներում, ուստի և բարբառախոս հիշատակագիրները գործածել են առանձնակի հարազատությամբ: Օրինակներ՝ չրախճի < պ., թ. čerağči «մոմ թափող», ղասապ < ա. qassab, պ. ğāssab, թ. kasap «մսագործ, մսավաճառ», իլախայ < ա., թ. alāxa «կապ, առնչություն, մասնակցություն», խասատ < ա. qist «մաս, բաժին», լայէխ < ա., պ. lāyeq «արժանի, վայել, պատշաճ» և այլն:
Ծավալվեց մտքերի փոխանակություն: Գիտաշխատակիցները փորձեցին ճշգրտել մի քանի բառերի իմաստներ՝ ելնելով համատեքստից և բառերի հնչյունական առանձնահատկություններից: