Տեղի ունեցավ «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովը

12/10/2024
         Ս. թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովը` նվիրված անվանի լեզվաբան Հայկ Ամալյանի ծննդյան 100-ամյակին:
        Գիտաժողովը ողջույնի խոսքով բացեց ՀՀ Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Լ. Կատվալյանը: Նա նշեց, որ հայագիտության երախտավորների հոբելյանները նշելը լեզվաբանների նոր սերնդի համար առանձնահատուկ նշանակություն ունի:
         Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին Լավրենտի Հովհաննիսյանին, որի զեկուցումը նվիրված էր հին հայերենի մի շարք բուսանունների:
         Բառարանագիտության պատմության մի դրվագ ներկայացրեց բառարանագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Վանուհի Բաղրամյանը. «Մ. Սիմեոնյանի անգլերեն-հայերեն բառարանի բառարանագրական արժեքը» զեկուցումը ուշագրավ փաստեր ներկայացրեց նշյալ բառարանի մասին:
         Գայանե Գրիգորյանի «Դիմակի ազդեցությունը խոսքի ընկալման վրա» զեկուցումը ներկայացնում էր հայերեն փորձառական հնչյունաբանության գիտափորձերով հաստատված տվյալները` դրանք համադրելով այլ լեզուների նյութերի ընձեռած արդյունքներին:
         Անահիտ Գալստյանը և Լեոնիդ Թելյանը «Անել բայի իմաստագործառական քննություն» համատեղ զեկուցման մեջ անդրադարձել են նշված բայի իմաստաբանական նկարագրին, դարձվածակազմական տարողունակությանը, իմաստային այլևայլ կիրառություններին հայերեն խոսքի տարբեր շերտերում` ժողովրդախոսակցական հայերեն, բարբառներ, մեղմասություններ, ժարգոնային արտահայտություններ, մանկական խոսք: Սույն զեկուցումը անկանոն բայերի իմաստագործառական քննությանը նվիրված շարքի առաջին մասն է:
         «Վանկային և խառը հապավումները արդի հայերենում» զեկուցման մեջ Վալենտին Խաչատրյանը քննում է հայերենի բառակազմական ուրույն եղանակի` հապավման առանձնահատկությունները: Օ. Խաչատրյանի և Ս. Տիոյանի «Կիրառական արվեստի մի քանի տերմինների մասին» համատեղ զեկուցումը անդրադառնում է լեզվի ինստիտուտի աշխատակից Մարգարիտ Գյուլնազարյանի` կիրառական արվեստի տերմիններին նվիրված աշխատությանը, որի հրատարակության պատրաստման գործն են ձեռնարկել սույն զեկուցման հեղինակները:
          Նռանե Սարգսյանի և Արմինե Մկրտումյանի համատեղ զեկուցումը հայերենում բիո- և կենսա- բաղադրիչներով կազմությունների գործառույթին էր վերաբերում. հարցը դիտարկվում էր փոխառություն-կիսապատճենում-հայերեն տարբերակ կտրվածքով:
         Գ. Հովսեփյանը անդրադարձել է «Նոր բառեր» բառարանաշարքում գրանցված նորակազմությունների առավել գործուն կաղապարներին, Ի. Մարգարյանը` հեռուստատեսության խոսքից դուրս գրած նորակազմություններին:
        Ն. Սիմոնյանի «Հայ-գերմանական բառային զուգաբանություններ» զեկուցումը, որը լսվեց մեծ հետաքրքրությամբ, հագեցած էր բազմաթիվ բացատրական և ստուգաբանական բառարանների համադրումից և վերլուծությունից բխող ուշագրավ եզրահանգումներով:
         Արսեն Վարդանյանը «Հարանունների դասակարգման շուրջ» զեկուցման մեջ ներկայացրեց դասավանդման ընթացքում հարանունների դասակարգման մի քանի խնդիրներ:
         Ռեբեկա Մարգարյանը կարդաց «Հագուստ անվանող բառերը դարձվածքներում» զեկուցումը: Վերջում զեկուցողը նշեց նաև, որ իր թեկնածուական ատենախոսության ընդդիմախոսներից մեկը Հայկ Ամալյանն էր, որին միշտ հիշում է երախտագիտությամբ և խորին ակնածանքով:
         Բառագիտության արդի խնդիրներին նվիրված գիտաժողովը աչքի ընկավ թեմաների բազմազանությամբ, հարցադրումների լայն շրջանակով, առաջարկվող դասակարգումների, մոտեցումների թարմությամբ և յուրահատկությամբ:
 
ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ,
բառարանագրության բաժին

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.