ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ի նշանավորումն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակի, նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված ակադեմիայի և լեզվի ինստիտուտի հիմնադրման ու զարգացման ակունքներում կանգնած մեծանուն լեզվաբաններին: Ս.թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ շարքի երկրորդ միջոցառումը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բեգլարի Ջահուկյանին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, կարևորեց Գ. Ջահուկյանի մեծ ներդրումը՝ ինստիտուտի կայացման և զարգացման գործում:
Լեզվի ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ տարբեր հաստատությունների, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են, լիահույս է, որ հայ լեզվաբաններին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն: «Այսօր մեր խնդիրն է ոչ միայն գնահատել նրանց վաստակը, այլև փորձել շարունակել նրանց մեծ գործը: Ես երջանկություն եմ ունեցել աշխատելու ակադեմիկոս Ջահուկյանի հետ Հայերենի բարձրագույն խորհրդում, մեծ է նրա ներդրումը ընդհանուր և համեմատական լեզվաբանության ոլորտում, նրա դիտարկումները արժանի են համաշխարհային ճանաչման»: Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պատմեց Գ. Ջահուկյանի հետ ծանոթության մասին. դեռևս ուսանողական տարիներից Գ. Ջահուկյանը անվիճելի հեղինակություն էր իր համար, հայագիտության հսկան: Շնորհավորելով լեզվի ինստիտուտի հոբելյանական 75 – ամյակը՝ Դ. Գյուրջինյանը մաղթեց, որ Ջահուկյանի դրած բարձր չափանիշը երբեք չխարխլվի: Սփյուռքի նախարարի և նախարարության բոլոր աշխատակիցների անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկ Ենգիբարյանը, շնորհավորեց ակադեմիայի և լեզվի ինստիտուտի 75-ամյակը, մաղթեց, որ իր բարձր առաքելության մեջ ինստիտուտը միշտ հաջողի, իսկ Սփյուռքի նախարարության և լեզվի ինստիտուտի փոխգործակցությունը կշարունակվի՝ ի նմաստ հայերենի տարածման և հայապահպանության: ՀՀ գրողների միության նախագահի, նախագահության վարչության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Որպես Գ. Ջահուկյանի նախկին ուսանող՝ մի քանի դրվագ պատմեց իր ուսանողական տարիներից: Բ.գ.թ., պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը ողջույնի խոսքում նշեց. «լեզվի ինստիտուտը կայացած հաստատություն է հանրապետությունում, իր գոյության 75-ամյակի ընթացքում ստեղծել է մնայուն արժեքներ, իսկ այդ ֆոնին լեզվի ինստիտուտի կենսագրության մեջ եղել են անձինք, որոնք ոչ միայն լուրջ գիտնականներ, այլև գիտության կազմակերպիչներ են եղել, գիտության բարձրագույն արժեքներ դավանողներ՝բարոյական վսեմ կերպարով... Այդպիսին էր Գ. Ջահուկյանը»:
Միջոցառման բանախոսն էր ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Մերի Սարգսյանը: Նա հանգամանալից ներկայացրեց Գ. Ջահուկյանի կյանքը և գիտական գործունեությունը, հատկապես հետաքրքիր էր տվյալների ներկայացումը թվերով: Մ. Սարգսյանն անդրադարձավ Գ. Ջահուկյանի հետազոտության բոլոր ոլորտներին՝ հայերենի համեմատական քերականություն, հայ քերականական մտքի պատմություն, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզվի նկարագրություն, հնդեվրոպական և նոստրատիկ լեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության պատմություն, լեզվաբանության տեսություն… «Հարստացնելով լեզվաբանության բնագավառը նոր մտքերով, որոնք հանդես են գալիս որպես ամբողջական համակարգեր, փորձելով նպաստել հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի զարգացմանը՝ Գ. Ջահուկյանն իր աշխատություններում առաջ է քաշել լեզվաբանական զանազան խնդիրների լուծման ճշգրիտ ուղիներ: Կարելի է անվերապահորեն ասել, որ Գ. Ջահուկյանի շնորհիվ մի նոր բարձունքի է հասել հայ և համաշխարհային լեզվաբանական միտքը»: Բանախոսը ելույթը եզրափակեց Գ. Ջահուկյանի բանաստեղծություններից մեկով:
Միջոցառման երկրորդ հատվածում ներկաներից ոմանք հանդես եկան ելույթներով, շնորհակալական խոսքեր հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և բանախոսին, պատմեցին դրվագներ ու հուշեր Գ. Ջահուկյանի մասին, ևս մեկ անգամ արժևորեցին մեծ գիտնականի վաստակը: ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը նշեց. «Ովքեր ծանոթ են Ջահուկյանին, կփաստեն, որ նա, ինչ մասնագիտություն էլ ընտրեր, լինելու էր առաջինը այդ ասպարեզում, երջանիկ ենք, որ առիթ ենք ունեցել մոտիկից ծանոթ լինելու նրան, շփվել նրա հետ, լսել նրա խորհուրդները: Նա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող գիտնական էր, մեծերի շարքում էր»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ընդգծեց, որ համալսարանում ևս վառ է պահվում Գ. Ջահուկյանի հիշատակը, նրա անունով են անվանակոչել լսարաններից մեկը: Ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյանը հուշեր և կյանքի դրվագներ պատմեց Գ. Ջահուկյանի աշխատանքային առօրյայից: Բ.գ.դ. Ռոբերտ Թոխմախյանը խոսեց Գ. Ջահուկյանի գիտակազմակերպչական գործունեության մասին:
Միջոցառումը եզրափակվեց «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի 13-րդ պրակի շնորհանդեսով: «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի ստեղծման պատմությունը ներկայացրեց ինստիտուտի գիտական քարտուղար, բ.գ.թ. Անահիտ Աբրահամյանը: Նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի 75-ամյա բազմաթիվ հրատարակությունների շարքում առանձնանում է «Ջահուկյանական ընթերցումները». այն հարգանքի ու գնահատանքի յուրատեսակ դրսևորում է վաստակաշատ գիտնականի, ղեկավարի, ավագ գործընկերոջ և մեծ ուսուցչի հանդեպ: Գ. Ջահուկյանի մահից մեկ տարի անց Լավրենտի Հովհաննիսյանն առաջարկեց հրավիրել գիտաժողով՝ նվիրված Ջահուկյանի հիշատակին: 2006-2018 թվականների ընթացքում մատենաշարի պրակներում հրատարակվել է 380 հոդված, դրանց մի մասը նվիրված է Ջահուկյանի կյանքին և գործունեությանը: Մատենաշարը թեմատիկ լայն ընդգրկում ունի՝ արդի հայերեն, հայոց լեզվի պատմություն, բարբառագիտություն, ընդհանուր և կիրառական լեզվաբանություն, համեմատական լեզվաբանություն, բառարանագրություն... Ա. Աբրահամյանը նշեց, որ երախտագիտության խոսք պետք է ասել մատենաշարի խմբագրական խորհրդին, հատկապես ընդգծեց ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Նազիկ Հովհաննիսյանի աշխատանքը՝ մատենաշարի յուրաքանչյուր ժողովածուի խմբագրման, սրբագրման և հրատարակության պատրաստելու գործում: Ամփոփելով խոսքը նշեց. «լեզվաբան-հետազոտողները յուրաքանչյուր միտք թղթին հանձնելիս նորից ու նորից պետք է մտածեն. տեսնես՝ Ջահուկյանը ինչ կասի»...