Մարտի 3-ին Անահիտ Հանեյանը կդառնար 80 տարեկան

03/03/2021
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  կայքէջում  այսուհետև պարբերաբար կանդրադառնանք  լեզվաբանների հոբելյաններին։ Բարբառագիտության բնագավառում մեծ վաստակ ունեցող Անահիտ Հանեյանը   2021թ. մարտի 3-ին կդառնար 80 տարեկան։ 
 
 
       
 
           ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
           Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հասմիկ Խաչատրյան
 
         Այսօր  բարբառագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Նշանի Հանեյանի ծննդյան 80-ամյակն է, և ես պարտքս եմ համարում վերհիշել ու ներկայացնել իմ ավագ գործընկերոջ, խորհրդատուի և սիրելի ուսուցչի`  երջանկահիշատակ Անի Հանեյանի կյանքի և գործունեության որոշ մանրամասներ:
          Անահիտ Հանեյանը հայ բարբառագիտության անխոնջ մշակներից էր: Չափազանց ազնիվ, բարեխիղճ, աշխատասեր, պրպտող գիտնական: Խստապահանջ իր և շրջապատի հանդեպ: Հայրենասեր, ազնիվ մի գերդաստանի դուստր էր` տարագիր մի հայ ընտանիքի զավակ: Հայի դաժան ճակատագիր ժառանգած մի հայուհի` ծնված 1941 թ. մարտի 3-ին Երուսաղեմում քեսապահայ Նշան Հանեյանի և ադանահայ Ազատուհի Փոքրաչյանի ընտանիքում: 1947 թվին նրանց ընտանիքը հայրենադարձվում է Հայաստանի Սովետական Հանրապետություն:
        Հայրենիք են գալիս մեծ հույսերով ու երազանքներով, բայց հայրենիքում էլ հանգստություն և խաղաղություն չեն գտնում տարագիր այս ընտանիքի անդամները: Եղեռնից մազապուրծ և ողջ ընտանիքը կորցրած նրա հորը՝ Նշան Հանեյանին, անհիմն մեղադրանքներով, որոնք էին՝ բազմաթիվ լեզուների տիրապետելու, օտարալեզու ռադիոհաղորդումներ ունկնդրելու և կոլտնտեսության նախագահի որդուն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները սովորեցնելու «փաստերը», դատապարտեցին հարկադիր աշխատանքի՝ աքսորելով հեռավոր Սիրբիր: Միայն Ստալինի մահից հետո է հնարավոր դառնում նրա վերադարձն ու ընտանիքի վերամիավորումը:
       Մայրը` տիկին Ազատուհին մեծ դժվարությամբ, դերձակություն անելով է մեծացնում երկու դուստրերին` Անահիտին ու Աստղիկին: Եվ ընտանեկան ողբերգության այս պայմաններում է մեծացել Անահիտ Հանեյանը: 
       Դեռ դպրոցական տարիներին, սակայն, ուշիմ և խելացի Անահիտը բազմաթիվ հետաքրքրություններ ուներ: Հաճախում էր «Պիոներպալատ», որը դառնում է նրա համար հոգևոր-մշակութային մի դարբնոց: Այստեղ նա ծանոթանում ու մտերմանում է իրեն շատ հոգեհարազատ մարդկանց հետ, որոնք հետագայում հայտնի գրողներ, մտավորականներ դարձան: Մինչև կյանքի վերջը նա մեծ ոգևորությամբ ու խանդաղատանքով էր հիշում այդ տարիները և իր ընկերներին: Ժամերով պատմում էր իր սիրելի ուսուցչուհու`Սուսաննայի մասին՝ վերջում մշտապես ակնածանքով հավելելով. «Գիտե՞ս` Պարույր Սևակը սիրահարված էր նրան»:
       Դպրոցից հետո ուսումնառությունը շարունակում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում: Գալիս են ուսանողական տարիները: Հետաքրքրությունները շատ էին, բայց նա որոշում է ընդունվել Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա: Այն հաջողությամբ ավարտելուց հետո Ա. Հանեյանը անմիջապես սկսում է աշխատել նույն ինստիտուտում՝ նախ որպես գիտաշխատող, հետո՝ ավագ գիտաշխատող, ապա՝ բարբառագիտության բաժնի վարիչ:
        1972 թվականին լույս է տեսնում Գ.Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» հիմնարար աշխատությունը, որում, ինչպես գիտենք, շրջանառաության մեջ են դրվում բարբառագիտական նոր գիտակարգի` վիճակագրական բարբառագիտության մեթոդներն ու սկզբունքները:
        Այս աշխատությունն էլ նպաստում է, որ 20-րդ դարի 70-ական թվականներին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հայոց լեզվի պատմության բաժնից առանձնանա և ձևավորվի նոր` բարբառագիտության բաժին: Հայ բարբառագիտության մեջ լեզվաբանական աշխարհագրության կամ բարբառագիտության՝ որպես ինքնուրույն գիտակարգի վերջնական առանձնացումը կապված է 1977 թվին ստեղծված «Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրի» հետ, որի կազմակերպումը ստանձնեց հայ բարբառագիտության երախտավոր, բարբառագիտության բաժնի երկարամյա ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մուրադյանը: Ի թիվս այլոց՝ նրան այդ աշխատանքում մեծապես աջակցել են Ահարոն Գրիգորյանը, Դարիկո Կոստանդյանը, Մարո Մուրադյանը: Այդ աշխատանքում իր ներդրումն է ունեցել նաև Անահիտ Հանեյանը:
         Հովհաննես Մուրադյանի ղեկավարությամբ ու նախաձեռնությամբ Անահիտ Հանեյանը Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի և բաժնի աշխատակիցներ Դարիկո Կոստանդյանի, Ալբերտ Խաչատրյանի, Ժաննա Միքայելյանի, Ջեմմա Բառնասյանի, Անահիտ Մկրտումյանի, Հասմիկ Խաչատրյանի և այլոց հետ կանգնած են եղել հայերենի, այդ թվում՝ արևմտահայ բարբառների հավաքման և մոռացությունից փրկելու գիտական նախաձեռնության ակունքներում: Տասնյակ տարիներ Ա. Հանեյանը հայ բարբառագիտության բաժնի իր գործընկերների հետ լծված է եղել բանահավաք գործունեությանը՝ հաճախ գրեթե չլսող կամ հազիվ արտահայտվող մեծահասակներից ունկնդրելով ու գրի առնելով Մեծ Հայքի բնակավայրերի խոսվածքների վերջին հնարավոր պատառիկները:
Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն մարդկային անդառնալի կորուստներ ունեցավ, այլև զրկվեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասից, ինչպես նաև դարերի ընթացքում ստեղծած նյութական և հոգևոր-մշակութային արժեքներից:
       Հայոց ցեղասպանության արհավիրքներից մեկն էլ արևմտյան բարբառների գլխին կախված կորստյան սպառնալիքն էր, և հենց այդ հանգամանքի գիտակցումով են ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակիցները բարբառային միավորները գրանցելիս առաջնորդվել արևմտահայ բարբառների խոսվածքները գրառելու առաջնահերթությամբ: Եվ պատահական չէր, որ մեր՝ բարբառագիտության բաժնում սիրում էինք կրկնել հեքիաթ-զավեշտի հայտնի խոսքերը. «Նախ ոտավորներին ուտենք, հետո` անոտներին»:
Այս նկատառումներից ելնելով էլ Ա. Հանեյանը հեղինակել է «Տիգրանակերտի բարբառը» մենագրությունը: Սա առաջին ծանրակշիռ ուսումնասիրությունն է, որում քննության է առնվում և ինչ-որ չափով կորստից փրկվում եղեռնազարկ Ամիդ-Դիարբեքիրի հայության լեզուն ու խոսքը: Տիգրանակերտի բարբառի մասին մինչ Հանեյանի այս աշխատասիրությունը որևէ այլ ուսումնասիրություն չի եղել, միայն Հ.Աճառյանն է «Հայ բարբառագիտություն» աշխատության մեջ հինգ էջի սահմաններում տվել բարբառի համառոտ նկարագիրը:
       Ա.Հանեյանը հիշյալ մենագրության մեջ հանգամանալից քննության է առել Տիգրանակերտի բարբառի հնչյունական համակարգը, շեշտափոխական, պատմական և փոխազդեցական հնչյունափոխությունը: Քննվում են նաև անվանական, դերանվանական, բայական համակարգերը` և՛ համաժամանակյա, և՛ տարժամանակյա հայեցակետերով: Գիրքն ունի նաև հավելված, որում տրվում են բարբառով նմուշներ, գրաբար-բարբառ բառացանկ և բարբառային բառերի բառարան:
       Արևմտյան բարբառները կորստից փրկելու գործին լծված գիտնականը «Հայ բարբառագիտական ատլաս» ժողովածուում հրատարակում է «Եդեսիայի բարբառը» ուսումնասիրությունը` կատարելով բարբառին վերաբերող կարևոր ճշգրտումներ: Հինգ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել հանրապետական գիտական ամսագրերում և ժողովածուներում:          Գիտնականը նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների բանախոս է:
        Անահիտ Հանեյանի բարբառագիտական հետազոտությունների մեջ արժեքավոր տեղ ունեն հնչյունաբանությանը վերաբերող նրա ուսումնասիրությունները, որոնցից է «Գրաբարի բառասկզբի յ ձայնորդի արտացոլումը արդի հայերենի բարբառներում» հոդվածը: Անվանի լեզվաբանը համահեղինակն է նաև «Հայերենի բարբառների տառադարձման համակարգի», որի ստեղծմամբ հնարավոր եղավ տարբերանշանել հայերենի բարբառների խրթին հնչյունները: Հետագայում Անահիտ Հանեյանը իր դոկտորական թեզի շրջանակում հեղինակել և հրատարակել է «Ձայնեղ շնչեղները հայերենի բարբառներում» ուսումնասիրությունը: Սակայն, ցավոք սրտի, գիտությունների դոկտորի աստիճան ստանալու գործընթացն անավարտ մնաց երկարատև և ծանր հիվանդության պատճառով:
Հայ բարբառագիտության երախտավոր գիտնականի՝ հիշատակության արժանի աշխատանքներից են «Բնության երևույթների անվանումները հայերենի բարբառներում» իմաստային-թեմատիկ խմբի բառանունների վերաբերյալ հոդվածները, որոնցից են՝ «Քամի հասկացության բառիմաստային դրսևորումները հայերենի բարբառներում», «Ամպ հասկացության բառադրսևորումները հայերենի բարբառներում» և այլն, որոնցից հատկապես չափազանց ուշագրավ է «Ծիածան» հասկացության բառազուգաբանությունների լեզվաաշխարհագրական բնութագիրը և հոգևոր-մշակութային արժեքը» հոդվածը:
         Ա. Հանեյանը կյանքի վերջին տարիներին կատարել է նաև ստուգաբանական, բառաքննական աշխատանքներ, որոնք ներկայացված են «Գօտի» բառանվան ստուգաբանության շուրջ», «Բառաքննական դիտարկումներ (բլիթ, գաւիթ, խրճիթ, կնճիթ)», «Գավառ բառանվան ստուգաբանության շուրջ» հոդվածներով:
        Մեծ է նաև Անահիտ Հանեյանի ներդրումը բարբառագետների կրթման և պատրաստման նվիրական գործում: Նա գիտական ղեկավար կամ խորհրդատու է եղել հայագիտության մեջ հիմա արդեն նշանակալի աշխատանքներ կատարած բարբառագետ մասնագետների ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում ու հարևան Իրանում՝ Անահիտ Աբրահամյան, Հասմիկ Խաչատրյան, Արտակ Վարդանյան, Արմեն Սարգսյան, Անդրանիկ Սիմոնյան և ուրիշներ:
         Անահիտ Հանեյանը վախճանվեց 2019 թվականի մարտի 12-ին և հուղարկավորվեց Շահումյանի գերեզմանատանը:
        Հայ բարբառագիտության երախտավորի հիշատակը միշտ վառ է մեր սրտերում;
        Յիշատակն արդարաւց օրհնութեամբ եղիցի:
 
   ***
 
ՄԵՐ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՆԻՆ
Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող  Արտակ Վարդանյան
 
       Անահիտ-Անի Հանեյանի հետ ծանոթացել եմ 1978 թվականի մայիսի 12-ին՝ այն օրը, երբ լեզվի ինստիտուտում անդամագրվեցի դեռևս առաջին քայլերն անող «Ակունք» ազգագրական համույթին, իսկ մինչ այդ հասցրել էի ծանոթանալ բարբառագիտության բաժնի վարիչ Հովհաննես Մուրադյանի հետ և նրանից հանձնարարություն ստանալ՝ գրանցելու իմ հայրենի գյուղի խոսվածքը՝ ըստ «Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրի»:
           «Ակունքի» հին կազմում Մարո Մուրադյանի շուրջ համախմբված էին իրենց գործին նվիրված երիտասարդ մտավորականներ՝ ոչ միայն լեզվաբաններ, այլև ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, տնտեսագետներ, ճարտարագետներ և այլք, որոնք միաժամանակ նվիրվել էին հայ տոհմիկ երգարվեստի պահպանման և տարածման ազգանվեր գործին: Փորձերի ընդմիջումներին առավելապես սիրում էի շփվել լեզվաբանների, հատկապես՝ բարբառագետների հետ:
            Անին քնքուշ, գեղեցիկ ձայն ուներ և ժողովրդական երգերի նուրբ զգացություն, երգում էր հիմնականում իր հայրենի Քեսաբում լսած երգերը, ինչպես նաև Վանի, Շատախի ազգագրական երգեր: Ես սիրում էի երբեմն աղջիկների ձայները կեսկատակ-կեսլուրջ ծիածանի գույների ու երանգների հետ համեմատել: Անիի ձայնը մտովի «պատկերացնում էի» մանուշակագույնի և երկնագույնի միջև՝  յասամանագույն: Երբ մի օր բոլորի ներկայությամբ ասացի այդ մասին, նա շատ զարմացավ և շփոթվեց, իսկ խմբի մասնակիցները լիովին համամիտ էին ինձ հետ...
         Իմանալով, որ թեև մասնագիտությամբ հաշվողական տեխնիկայի ճարտարագետ եմ, բայց խիստ հետաքրքրվում եմ բարբառագիտությամբ, Անին հետաքրքրվեց իմ մայրենի բարբառի գրանցման ընթացքով և հեղինակային ընծայագրով ինձ նվիրեց նոր լույս տեսած իր «Տիգրանակերտի բարբառը» մենագրությունը: Նա երբեմն ասում էր, որ նման եմ տարիներ առաջ պատանի տարիքում կորցրած իր միակ եղբորը: Ես էլ իմ հերթին ողջ խմբի մեր աղջիկներից առանձնացնում էի Անիին և մի տեսակ հարազատական կապ էր առաջացել մեր միջև: Հանձին Անիի՝ ես տեսնում էի հայագիտությանը նվիրված գիտնականի և հայրենասեր քաղաքացու համատեղված վառ կերպար ունեցող հայուհու, ումից կարելի էր և՛ գիտական նախանձախնդրություն, և՛ հայրենասիրություն վարակվել:
          Իմ առաջին գիտական հոդվածները շարադրելիս անգնահատելի էին Անի Հանեյանի խորհուրդները: Իսկ երբ շատ անսպասելի և վաղաժամ վախճանվեց իմ ատենախոսության գիտական ղեկավար Ալբերտ Խաչատրյանը, Անին առանց երկմտելու ստանձնեց իմ թեմայի ղեկավարությունը: Նա ոչ միայն ղեկավարի, այլև հարազատի հոգատարությամբ էր հետևում ինչպես ատենախոսությունն ամբողջացնելու, այնպես էլ թեկնածուական մինիմումները հանձնելու ընթացքին: Իսկ «Տիգրանակերտի բարբառը» ինձ համար գիտական բարեխղճության և պրոֆեսիոնալիզմի  այնպիսի չափանիշ էր, որով հաճախ էի առաջնորդվում աշխատանքս շարադրելիս: Միշտ երախտապարտ եմ եղել Անիին՝ իր մասնագիտական ջանքերի և մարդկային  հոգատար վերաբերմունքի համար:
Անի Հանեյանը իր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին հոգու ամենանվիրական թելերով կապված օրինակելի մտավորական էր, որի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
.    ..Մի քանի տարի առաջ լինելով Երուսաղեմում՝ բազմիցս անցնում և երկար նայում էի հայկական թաղամասի այն շենքերին, որոնք ժամանակին կառուցվել են Մեծ եղեռնից փրկված հայերի ընտանիքների համար, և որոնցից մեկում էլ տարագիր քեսաբահայի ընտանիքում ծնվել է Անի Հանեյանը: Երևան վերադառնալուց հետո որքա՜ն կուզեի հանդիպել Անիին, պատմել իր ծննդավայր Սուրբ քաղաքի ներկայի մասին, լուսանկարներ ցույց տալ, բայց, ավա՜ղ, նրա առողջական վիճակը արդեն շատ էր վատթարացել...
            Հ. Գ.
            «Ակունքի» ժամանակներից մի դեպք էլ եմ հաճախ հիշում: Երեկոյան փորձից տուն էինք գնում՝ ես, Անին և խմբի երգչուհիներից մեկը՝ Վարդուհին: Անին մեր ճանապարհի վրա՝ «Մերգելյան» ինստիտուտի մոտակայքում էր ապրում, իսկ Վարդուհին՝ մեր թաղամասում, և հաճախ միասին էինք տուն գնում:
            Այդ օրը որոշեցինք Ռադիոտնից ոտքով քայլելով՝ Բաղրամյանով բարձրանալ, սակայն հասնելով փողոցի սկզբնամասերում գտնվող Տեխնիկայի տանը, Անին առաջարկեց բակի ցայտաղբյուրից ջուր խմել: Թեև արդեն երեկոյան տասն անց էր, որոշեցինք մի քիչ էլ բակում դրված  նստարանին նստել, հանգստանալ:
         – Անի, կհիշեցնե՞ս «Քեսաբի օրորը»,– խնդրեց Վարդուհին:
         Անին նախ հիշեցրեց մանկությունից լսած երգի նրբերանգները, հետո սկսեցին երկուսով երգել, իսկ հաջորդ երգին ես քէլ միացա: Երեկոյան լռությունն ու բակի հաճելի կիսամութը այնպես տրամադրեցին, որ մեկիկ-մեկիկ սկսեցինք երգել «Ակունքի» ողջ երգացանկը: Մեզ թվում էր, թե ոչ ոք չի լսում, և ազատ ու անկաշկանդ երգում ու հաճելիորեն ունկնդրում էինք ինքներս մեզ:
         Արդեն երևի կես ժամ տևած «համերգի» ամենաթեժ պահին հանկարծ հարակից այգու կողմից անսպասելի շշուկներ ու ոտնաձայներ լսեցինք և ի՛նչ տեսնենք՝ շենքի երկու տարեց պահակները, որոնք հավանաբար ծայրեծայր լսել էին մեր երգերը, իրենց մշակած ծառերի պտուղներից քաղել և մեզ համար անակնկալ էին պատրաստել:
         Համերգ-հյուրասիրությունն ավարտեցինք հայրենասիրական մի խրոխտ երգով, և երբ վերջապես տուն էին գնում Անին ասաց.
      – Փաստորեն, թափառական երգիչների տպավորություն էլ թողեցինք...
     – Բայց ծիրանն ու բալը լավն էին,– ավելացրեցի ես:– Ես, օրինակ,  չգիտեի, որ մայրաքաղաքի կենտրոնում նման համեղ մրգեր են աճում:   
 
***
                                                                     
ՀՈւՇԵ՛Ր, ՀՈւՇԵ՛Ր...
Բարբառագիտության բաժնի  ավագ գիտաշխատող    Ջեմմա  Բառնասյան
          Անի Հանեյանին գիտեմ 1978 թվականից ,  երբ  սկսեցի հաճախել  «Ակունք»  ավանդական երգի   համույթի պարապմունքներին և սկզբից ևեթ  համույթի երգացանկ ներմուծեցի  Տարոն-Տուրուբերան ազգագրական գոտու մի շարք երգեր՝ մեծ  գոհունակություն պատճառելով  խմբի ղեկավար Մարո Մուրադյանին և  բարբառագետ Անի Հանեյանին։    Լսելով Մշո երգերի իմ կատարումները՝  նրանք առաջարկեցին համույթի առաջիկա  համերգի ժամանակ   մեներգել  «Լաչին ու մանա» պարերգի  իմ բերած տարբերակը՝ միանգամայն տարբեր մինչ այդ  եղածներից։  Անին  կողմնակից էր  միևնույն երգը բազմազան տարբերակներով ներկայացնելուն՝ ժողովրդի լեզվամտածողության  տարբերակային  արտահայտությունները կարևորելով։   Զգալով բարբառների հանդեպ  իմ մեծ հետաքրքրությունը՝ Անին  ու Մարոն  ինձ տարան նորակազմ բարբառագիտության բաժնի վարիչ  Հովհ.Մուրադյանի մոտ… Ու այդպես  ընդունվեցի  լեզվի ինստիտուտի բարբառագիտության  բաժին՝ լծվելով հայերենի բարբառների  հավաքչական  աշխատանքների  պատվաբեր գործին։  Սակայն Անին իր չափից ավելի մանրակրկիտ  աշխատանքի  օրինակով  մեզանից էլ նույնպիսի  տքնաջանություն էր ակնկալում։ Համապատասխան բառահոդվածների դիմաց  տվյալ խոսվածքում առկա  բառաձևերը գրանցելուց հետո բարբառախոսներին հորդորում էր  հիշել  ու ներկայացնել  իրենց  ծնողներից  լսած  տեղեկություններ Հայկական ջարդերի ,  կոտորածների,  գաղթի մասին՝ որպես հարգանքի տուրք  կորցրած բնօրրանի,  հայրենի եզերքի,  զոհված հարազատների   հիշատակի   հանդեպ։  Նրան հաջողվում էր  բարբառախոսներից    գրառել  նաև  ժողովրդական խաղիկներ,   ազգագրական արժեք  ունեցող  տեղեկություններ։ Մի խոսքով,   քաղում էր տեղեկատու անձից առավելագույնը՝ մեզ նույնպես վարժեցնելով նման աշխատաոճին։ Այդ առումով Անիի բարբառային գրանցումներն  աչքի են ընկնում  արտակարգ   բարեխղճությամբ և հնարավորություն են տալիս կատարելու  տարաբնույթ  ուսումնասիրություններ՝ ըստ  լրացուցիչ տեղեկությունների։  Վաստակաշատ   բարբառագետ   և  իր գործին անմնացորդ նվիրված  գիտնական էր երջանկահիշատակ  Անահիտ Հանեյանը՝ մեր սիրելի Անին։
       Թող օրհնվի՜ նրա հիշատակը...  
 
Լուսանկարները տրամադրել է Ջեմմա Բառնասյանը:
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.