Լրացավ անվանի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակը

09/03/2022
ԱՆՄՈՌԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
         Շատերի կյանքում են լինում ճակատագրական պահեր, ճակա­տագրական հանդիպումներ, ճակատագրական մարդիկ... Ինձ համար ճակատագրական եղավ անվանի հայերենա­գետ, մատենագետ, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի հետ հանդիպումը:
        1980-ականների սկզբներին, կարդալով նրա հոդվածները, ապա մոտիկից ծանո­թանալով անվանի հայագետի հետ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի երիտասարդ ճարտարագետս հանկարծ ավելի համոզվեցի, որ մեծ սխալ եմ գործել մասնագիտությանս ընտրության հարցում և ճակատագրի կամոք շրջվեցի դեպի հայագիտություն: Սկսեցի կլանված կարդալ հայոց լեզվին, հայ  ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառագի­տու­թյանը վերաբերող գրեթե ողջ հիմնարար գրականությունը, հրապարակել գիտական, գիտահան­րամատչելի, հրապարակախոսական հոդվածներ, նույնիսկ սկսեցի առաջին բանաստեղծություններս գրել... Եվ այս ամենի «մեղավորը» զարմացած ման­կան մաքրամաքուր հայացքով, հրեշտականման այդ մարդն էր՝ անվանի գիտնա­կան և ազնիվ մտավորական Ռաֆայել Իշխանյանը... Թեև նախքան նրան հանդիպելը, լինելով Մարո Մուրադյանի ղեկավարած «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր կազմի անդամներից, բանահավաքչական աշխա­տանք­ներ էի կատարում, լրագրողական հույզերով էի ներշնչվում՝ կարդալով Մարգո Ղուկասյանի հայրենաշունչ հրապարա­կա­գրությունները, այնուա­մե­նայնիվ հենց այս հանդիպումը ինձ համար բախտորոշ եղավ...
       Ես միշտ զարմանում էի, որ մեծաթիվ բարեկամներ ունեցող Ռաֆայել Իշխանյանը նաև գրեթե ոխերիմ թշնամիներ ուներ, որոնք նրան մեղադրում էին այլատյացության, մասնավորապես ռուսատյացության մեջ: Սակայն առաջին իսկ անգամ լինելով նրա տանը, տեսնելով Լև Տոլստոյի ոսկետառ 22-հատորյակը՝ խնամքով դասավորված նրա հարուստ գրադարանի ամենապատվավոր տեղում, առավել քան համոզվեցի, որ իր հայրենիքն ու լեզուն անսահմանորեն սիրող մտավորականը, որ այնքան լավ գիտեր նաև ռուս գրականություն, պաշտում էր Պուշկինին, Լերմոնտովին, բնօրինակով արտասանում էր նույնիսկ վրացի և ադրբեջանցի գրողների ստեղծագործություններից, չէր կարող այլատյաց լինել...
 
   «Գիլգամեշը», Խումբաբան և... խատուտիկը
        Ճարտարապետի տունը լեփ-լեցուն էր: Ռաֆայել Իշխանյանին հրավիրել էին հայերենի ծագմանը և հայոց պատմության հնագույն շրջանին նվիրված դասա­խոսություն կարդալու, իսկ «Ակունքին»՝ հնագույն ժողովրդական երգերով հանդես գալու:
      Կարդալով գիտնականի՝ հատկապես հայերի և հնդեվրոպացի-արիների նախահայրենիքին նվիրված «Գարունի» վերջին հրապարակումները՝ ակունքցիներս ոգևորվել էինք հաճելի հանդիպման կապակցությամբ, և ես առիթը բաց չթողեցի ծանոթանալու սիրված գիտնականի հետ: Դասախոսությունից հետո և համերգից առաջ մոտեցա նրան, ասացի, որ իմ մայրենի բարբառում մի հետաքրքիր հնագույն փոխառություն եմ նկատել. խատուտիկ ծաղիկը, որ բարբառով «խմբաբա» է կոչվում, հավանաբար շումերական «Գիլգամեշ» դյուցազներգության հերոսներից մեկի՝ Խումբաբա հրեշի անունն է կրում:
     Իսկույն պայծառացավ.
     – Իհարկե, դա անկասկած շումերական կամ աքքադական փոխառություն է, մանավանդ, որ խատուտիկի անունը գրեթե բոլոր բարբառներում հրեշի հետ է կապվում... Տեսնո՞ւմ եք որքան հին շերտեր ունի հայերենը:
     Այնուհետև, իմանալով, որ ծնունդով Նախիջևանի վերջին հայաբնակ մեծ գյուղից եմ, հետաքրքրվեց օրեցօր իսպառ հայաթափվող Նախիջևանի ճակա­տա­գրով:
    Առաջարկեցի աշնանը միասին մեկնել Նախիջևան: Առաջարկս ընդունվեց, թեև մեկնեցինք ավելի ուշ՝ 1984-ի նոյեմբերին:
 
Ճանապարհին
     Ազնաբերդ մեկնեցինք երեքով. մեզ միացավ ընկերս՝ այն ժամանակ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ Հովհաննես Զա­քար­յանը, որ Ռաֆայել Իշխանյանի ուսանողն էր եղել:
     Գյուղ հասնելու համար կտրում-անցնում ենք Երևան-Նախիջևան խճուղու մեծ մասը, ապա Ղվրախ կոչվող գյուղի կողքով թեքվում ձախ, անցնում ադրբեջա­նաբնակ գյուղերի շարանն ամփոփող Ղարաբաղլար գյուղով: Ռաֆայել Իշխանյանի ուշադրությունը գրավում է գյուղի երկայնքով ձգվող ցեխաշեն տների խղճուկ պատերին ու ցանկապատերին, նույնիսկ մարագներին, գոմերին ու աթարի դեզերին փակցված միևնույն մակագրությունը:
     – Ի՞նչ է գրված,– հետաքրքրությամբ հարցնում է նա:
     – «Լենին քյուչասի»՝ «Լենինի փողոց»:
     Մի լավ զվարճանում ենք ադրբեջանցիների «առաջնորդասիրության» բուռն դրսևորման վրա:
 
Նորահայտ բարեկամական կապ
     Ռաֆայել Իշխանյանը շատ հավանեց Ազնաբերդը: Հիացավ նրա հինավուրց այգիներով, ընկուզենիներով ու նշենիներով, սառնորակ Նշաղբյուրի ջրով, Սուրբ Գրիգոր եկեղեցու՝  Հովնաթանյանների ձեռքով արված որմնանկարներով...
     – Ո՞ւր էր, թե Արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը թեկուզ այսպես՝ օտարի իշխանության տակ, պահպանված լինեին:
     Իմ հայրական տանը ծանոթացավ  85-ամյա տատիս հետ, որ հորեղբորս ընտա­­նիքի հետ էր ապրում և մեր կողմերի ավանդական տարազի պարզեցված տարբերակն էր կրում: Ուշադրությունը գրավեց տատիս հնավանդ Թեբուր անունը, ասացի, որ բարբառով փետուր է նշանակում: Ամենազարմանալին կատարվեց երեկոյան՝ թեյի շուրջ զրույցի ժամանակ. պարզվեց, որ մենք բավական մերձավոր խնամիական կապ ունենք Իշխանյանների հետ. տատիս եղբոր դուստրը ամուս­նացած է Ռաֆայել Իշխանյանի տիկնոջ՝ Բյուրակնի քեռորդու հետ:
 
Ադրբեջանցիները «ճիշտ» են...
     Նախիջևան քաղաքում Ռաֆայել Իշխանյանին ցույց եմ տալիս հայկական արդեն միակ՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, որ ոչ ավել, ոչ պակաս՝ մարզադպրոց է դարձել, Մոմինե խաթունի պարսկական դամբարանը, որի շինարարությունը ադրբեջանցիներն իրենց «ազգային շինարարական հանճարին» են վերագրում, դամբարանի շուրջը տեղակայված բացօթյա «թանգարանում» ցուցադրված հայ­կական խոյաձև տապանաքարերը՝ ամբողջովին քերված կամ աղճատված  հայերեն արձանագրություններով, Նախիջևանի պատմության թանգարանը, որի սրահներից մեկում ցուցադրված հայկական եկեղեցիներն ու խաչքարերը չարաբաստիկ «աղվանական» պիտակն են կրում...
     – Է՛, ի՞նչ ասեմ, Արտա՛կ ջան, սրանք էլ երևի մեղք չունեն. նվեր են ստացել՝ պիտի ասեն իրենցն է, բա ի՞նչ պիտի անեն... Հո չե՞ն ասի՝ սրանք մերը չեն...
 
Անսպասելի «ծանոթություն»
     Մեծոփ գյուղում ենք: Պատմական Շահապունիք գավառի երբեմնի ծաղկուն այս բնակավայրում, որ նաև իմ երկու նախատատերի ծննդավայրն է, այլևս հայ չկա, անունն էլ օտարահունչ Բադամլու է դարձել:
     Ռաֆայել Իշխանյանը ջուր է խմում աման-չաման լվացող ադրբեջանուհու տված բաժակով, «բաջուն» իր լեզվով շնորհակալություն հայտնում և շրջվում դեպի կողքին կանգնած հինգ-վեց տարեկան մանչուկը.
       – Անունդ ի՞նչ է,– դարձյալ ադրբեջաներեն հարցնում է պրոֆեսորը:
       – Ռափայիլ...– անսպասելի պատասխանում է տղան:
      Զարմանալին այն էր, որ հինկտակարանյան այդ անունը ադրբեջանցիները հազվադեպ են կրում, սակայն Ռաֆայել Իշխանյանին «հաջողվեց» առաջին իսկ ծանոթության ժամանակ հանդիպել իրեն անվանակից փոքրիկ ադրբեջանցուն:
 
Անհարկի խուճապ
    Իմ հայրական տան բակում հորեղբայրս ուլ է մորթում՝ պատվավոր հյուրին մեր ավանդական «խորովով» հյուրասիրելու համար:
    – Մեղք չի՞, ինչո՞ւ եք մորթում,– անկեղծորեն խղճահարվում է Իշխանյանը (նա, ի դեպ, անչափ սակավապետ էր և մսեղեն գրեթե չէր օգտագործում), ապա բարձրանում տան հակառակ կողմը, որտեղ այգին է և քիչ հեռու՝ զուգարանը:
    – Հովի՛կ, երևի արդեն կես ժամից ավելի է անցել, բայց ընկեր Իշխանյանը զուգարանից դուրս չի գալիս,– անհանգստացած դիմում եմ ընկերոջս՝ Հովհաննես Զաքարյանին:– Շատ էր հաբեր օգտագործում, հանկարծ վատացած չլինի՞...
    Երկուսով գնում ենք զուգարանի կողմը և հերթով կանչում.
    – Ընկե՛ր Իշխանյան... Ընկե՛ր Իշխանյան...
     Ոչ մի ձայն: Բառացիորեն խուճապի մեջ ենք:
     Միմյանց համոզում ենք դուռը բացել. վերջապես մեկս բաց է անում, և ի՛նչ ենք տեսնում... Այնտեղ... ոչ ոք չկա...
    Իսկույն հայացքս վեր եմ բարձրացնում և տեսնում Սևեր կոչվող բլուրներից պատանեկան խանդավառությամբ իջնող պրոֆեսորին. նա ընդամենը որոշել է միայնակ բարձրանալ լեռնակներից մեկը և գագաթից տեսնել Ազնաբերդի երեք ձորերի մեջ փռված  համայնապատկերը...
 
Երկնքից երեք... նարինջ ընկավ
    Մի օր հանրային գրադարանից դուրս գալուն պես՝ դիմացի կրպակում նարինջ տեսանք: Խորհրդային շրջանում օրը ցերեկով խանութում անդրօվկիանոսյան նման բարիք տեսնելն անգամ (այն էլ առանց հերթի) հրաշքի նման մի բան էր:
     Ռաֆայել Իշխանյանը իսկույն դրամ հանեց և նարինջ գնեց, մտածեցի՝ երևի տան համար: Այնինչ հենց փողոցում անմիջականորեն նարինջներից երեքն ինձ տվեց՝ առաջարկելով ուտել, մյուս երեքն էլ սկսեց կեղևահան անել և ուտելով ճանապարհը շարունակել:
    Ես իմ բաժին նարինջները պահեցի, հետս տարա «Ակունքի» փորձին և բաժանեցի անվանի հայագետին գրեթե պաշտող ակունքցիներին՝ հպարտությամբ ասելով, թե ով է հյուրասիրել:
 
  Մուսաների աթոռը
    Իմ առաջին հոդվածները հրապարակվելուց ամիսներ առաջ մի զարմանալի երազ էի տեսել. մի խորհրդավոր մարդ ինձ ուղեկցեց անծանոթ մի սենյակ և, նստեցնելով գրասեղանի մոտ դրված բազկաթոռին, ասաց, որ այդ աթոռին ժամանակին նստել է... Պարույր Սևակը:
    Ընդամենը մի քանի ամիս անց՝ ամռան մի օր հրատարակչության շենքի միջանցքում հանդիպում եմ պրոֆեսոր Իշխանյանին: Պարզվում է, որ երկուսս էլ հանրային գրադարան գնալու մտադրություն ունենք: Առաջարկում է մի քանի րո­պեով հրատարակչությունում տեսնել ընկերոջը, ապա միասին գրադարան գնալ:
    Սենյակում, որտեղ ներս ենք մտնում, միայն մի ազատ աթոռ և մի հնամաշ բազկաթոռ կա:
    Իշխանյանը, նստելով աթոռին, ինձ առաջարկում է բազկաթոռը և նստելուց հետո ասում.
    – Գիտե՞ս ժամանակին ով է նստել այդ աթոռին... ինքը՝ Եղիշե Չարենցը:
    Իսկույն հիշում եմ իմ զարմանահրաշ երազը և սկսում կասկածել՝ արդյո՞ք երազումս հանդիպած խորհրդավոր մարդը հենց Ռաֆայել Իշխանյանը չէր:
 
  Ազգային գրադարանում
      93-ի ցուրտ և մռայլ ձմռան օրերից մի օր ազգային գրադարան գնացի (տնօրենն արդեն Ռաֆայել Իշխանյանն էր)՝ իմ առաջին գրքի՝ «Ալ խնձորիկի»  օրինակներից մի քանիսը գրադարանին նվիրելու:
      Պայմանավորված ժամին սպասում էի ընդունարանի նախասենյակում: Ներս մտավ մի անծանոթի հետ, փոխադարձ ջերմ ողջույնից հետո խնդրեց սպասել մի քանի րոպե և  հյուրի հետ աշխատասենյակ մտավ:
     Տեսնելով սիրելի ուսուցչիս խիստ գունատ դեմքն ու բեկված քայլվածքը՝ հուզվեցի. ակնհայտորեն հիվանդությունը շատ էր խորացել...
   Հետո աշխատասենյակ հրավիրեց, զրուցեցինք, հիշեցինք Նախիջևանն ու Ազնաբերդը, որ արդեն հայաթափվել էր... Մակագրությամբ նվիրեց «Դասական ուղղագրութեան կանոնները»՝ «Ի յիշատակ այն գեղեցիկ օրերի...»:
 
  Վերջին հանդիպումը
     1995-ի փետրվարի 2-ն էր: Արդեն գիտեի, որ Ռաֆայել Իշխանյանի առողջական վիճակը շատ է վատացել: Որոշել էի մոտակա օրերին անպայման այցելել: Այդ մտքերով մետրո մտնելուն պես իմ ընկերներից Հովհաննես Զա­քարյանին և «Լեզվագետ» կենտրոնի տնօրեն Վաչագան Սարգսյանին տեսա: Առաջարկեցին իրենց միանալ. զարմանալիորեն պարզվեց, որ հիվանդանոց են գնում՝ Ռաֆայել Իշխանյանին տեսնելու: (Իմիջիայլոց, երեքս էլ ծնվել ենք նույն թվականի մայիսին՝ Ավարայրի 1500-ամյակի օրերին և անկախ մեր կրթությունից (Հովհաննեսն ավարտել է պետական համալսարանի բանասիրական, Վաչագանը՝ մաթեմատիկայի, ես՝ ճարտարագիտականի տեխնիկական կիբեռնե­տիկայի ֆակուլտետները) երեքս էլ առանձնահատուկ խանդավառությամբ հայագի­տությանն ու հայերենագիտությանն ենք նվիրվել և Ռաֆայել Իշխանյանին հա­մարում ենք մեր համար մեկ ուսուցիչը:
   Ուրիշ կարծիք լինել չէր կարող, և միասին գնացինք հանրապետական հի­վանդանոց՝ այն հիվանդասենյակը, որտեղ, ցավոք, արդեն անհույս վիճակում էր գտնվում ուսուցչապետը:
   Հիվանդասենյակում նրան ծանր վիճակում տեսանք, արդեն նույնիսկ դժվարությամբ էր շնչում: Տիկին Բյուրակն Չերազ-Անդրեասյանը նրա մոտ էր:
   Մեզ տեսնելով՝ մի պահ կարծես պայծառացավ, սակայն անմիջապես հի­վան­դության ծանր կնիքը կրկին դրոշմվեց դեմքին:
  – Տղանե՛ր ջան, շատ վատ եմ արդեն, գրեթե չեմ կարողանում խոսել... Եթե ուզում եք հաղորդակցվել, խնդրում եմ՝ «թարգմանչի» միջոցով...– Եվ ցույց տվեց տիկին Բյուրակնին...
     ...Մեր կարճատև հանդիպումից ուղիղ երեք օր անց Ռաֆայել Իշխանյանը հեռացավ այս աշխարհից: Նրանից լսած վերջին նախադասությունն էր՝ «Տեսնենք Աստված ինչպես կորոշի...»: Ինչ-որ ավետարանական խորհուրդ կար այդ հան­դիպման մեջ՝ երևի խաչելության կամ նորածին Փրկչի մահճին այցելող երեք հովիվների, երեք մոգերի դրվագները հիշեցնող խորհրդավոր մի բան...
 
Արտակ Վարդանյան
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. ԼԻ
բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.