Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. վախճանվեց անվանի հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Սամվելի Հովսեփյանը։ Նա երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար, փոխտնօրեն, այնուհետև տասնամյակներ շարունակ` հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։
Իր գիտական գործունեությանը զուգընթաց՝ Լ. Հովսեփյանը եղել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս, վաստակաշատ պրոֆեսոր, որ վայելում էր դասախոսական կազմի և ուսանողության բարձր գնահատանքը։
Լիանա Հովսեփյանը հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերի (գրաբար, միջին գրական հայերեն, ժամանակակից հայոց լեզու) քաջահմուտ մասնագետն էր։ Իր գիտահետազոտական գործունեությունը անվանի պրոֆեսորը սկսել է միջին հայերենի քննությամբ։ Նրա կատարած աշխատանքները աչքի են ընկնում ոչ միայն նյութի խոր և սպառիչ քննությամբ, այլև հայագիտության մեջ նորագույն մեթոդների արդյունավետ կիրառմամբ։
Վաստակաշատ հայագետը իր գիտական հետազոտություններում ներկայացրել է միջին հայերենի, հետագայում` գրաբարի քերականական կառուցվածքը։ Այդ աշխատանքներում նա հաջողությամբ կիրառել է ընդհանուր լեզվաբանության մեջ նորագույն շրջանում մշակված որակական և քանակական մի շարք մեթոդներ, կատարել վիճակագրական հետազոտություններ և այլն։
Կարելի է անվարան ասել, որ Լ. Հովսեփյանի հրատարակած ամեն մի գիտական հոդված կամ մենագրություն ներկայացնում է տվյալ ոլորտի ամբողջական պատկերը։
Լիանա Հովսեփյանը երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով, պատրաստել նոր սերնդի գիտական կադրեր։ Իր անձնական օրինակով նա ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի մեր ժամանակի հայերենագետը՝ քաջ ծանոթ լինելով ոչ միայն նախորդ փուլերում կուտակված նյութին և ձեռքբերումներին, տիրապետելով հին ու նոր մի շարք լեզուների (հին հայերեն, հին հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն), ծավալելով ընդհանուր լեզվաբանության արդի փուլի մակարդակը ապահովող գիտական գործունեություն։
Լիանա Սամվելի Հովսեփյանը եռանդուն և արդյունավետ մասնակցել է Հայերենագիտական միջազգային գիտաժողովներին` սկսած կազմակերպչական փուլից մինչև թեզիսների հրատարակում։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, հանձին Լ. Ս. Հովսեփյանի, կորցրեց ընդհանուր լեզվաբանության լավագույն մասնագետին։ Արժե շեշտել, որ թեև Լիանա Հովսեփյանը այժմ հրաժեշտ է տվել իր երկրային կյանքին, սակայն նրա թողած գիտական ավանդը, բազում հոդվածներն ու մենագրությունները վկայում են, որ հեղինակի գիտական գործունեությունը եղել է արգասաբեր։ Այդ աշխատանքները սեղանի գիրք են նոր սերնդի հայագետների համար։ Հիրավի, Լիանա Հովսեփյանը ստեղծել է մնայուն արժեքներ և օրինակ է ծառայում նորագույն սերնդի հայագետներին։
Լիանա Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ ինստիտուտի գիտական խորհրդի երկարամյա անդամն էր, բազմաթիվ ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարը։
Ականավոր գիտնականի, ազնիվ ու բարի հայուհու հիշատակը միշտ վառ կմնա ինչպես իր սերնդի, այնպես էլ երիտասարդ հայագետների հոգիներում։
Ինչպես ընդունված է ասել նման պարագայում` արժանին հարկ է տալ արժանավորին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ թող լինի...
Արտեմ Սարգսյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ
18. ապրիլի 21 թ.