Ս.թ. մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հեռավար հարթակում տեղի ունեցավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի հերթական սեմինարը, որը վարում էր բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը: Սեմինարի թեման շատ արդիական էր և հետաքրքիր, նվիրված էր կիրառական լեզվաբանության արդի խնդիրներիցմեկին՝ հայերենի ձևային նկարագրությանը:
Դեռևս 2018 թվականից Մ. Սարգսյանի ղեկավարությամբ և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հովանավորությամբ սկսվել են «Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական նախագծի աշխատանքները: Սեմինարի ընթացքում Մ. Սարգսյանը ներկայացրեց շտեմարանի կազմության հիմքում ընկած սկզբունքները, հայերենի ձևայնացմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղիները, շտեմարանի հնարավորությունները և այլն: Նշեց. «Ծրագրաշարը մշակված է այնպես, որ շտեմարանում տվյալներ մուտքագրելիս համակարգը հեռացնում է կրկնությունները: Շտեմարանի տվյալները ենթակա են խմբագրման, սակայն միայն հեղինակների կողմից: Շտեմարանում տվյալների մուտքագրման փուլից հետո կարելի է որոնման համակարգով գտնել անհրաժեշտ տվյալներ, իրականացնել տվյալների համեմատություններ, դիտումներ, խմբագրումներ և այլն: Օգտատերերը տվյալների շտեմարանից կարող են օգտվել որոնումների շնորհիվ: Որոնումներն ու հարցումները կազմակերպելու համար ստեղծվել է կաղապար, որը բառակազմության ձևային նկարագրման շտեմարանի օգտատերերին հնարավորություն էտալիս ստանալ իրենց հետաքրքրող տվյալները»: Շտեմարանում հնարավոր է կատարել երկու տիպի հարցում՝ սովորական և ընդլայնված: Սովորական հարցում կատարելիս որոնումը կազմակերպվում է ըստ բառի: Ընդլայնված հարցումները հնարավորություն են տալիս տեսնելու տարբերակային ձևերի, շեղումների և անկանոնությունների ամբողջական պատկերը:
Այս էլեկտրոնային շտեմարանն իր տեսակի մեջ, ըստ էության, եզակի է՝ ծավալով և բառային նյութի ընդգրկումով, կարող է լիովին լուծել բառերի կազմության հետ կապված խնդիրները: Շտեմարանը կարող է ծառայել հասարկության լայն շրջանակներին: