Լույս է տեսել արժեքավոր բարբառագիտական աշխատություն, ԱՐՄԵՆՊՐԵՍ

19/02/2019

       «Ասողիկ»  հրատարակչությունը լույս է  ընծայել  «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» գրքի առաջին հատորը։ Այն հեղինակել է ՀԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների  դոկտոր Վիկտոր Կատվալյանը։ Առայժմ հրապարակի վրա է առաջին գիրքը, և այն նվիրված է Գեղարքունիքի մարզին։

      Աշխատության մեջ ընդհանուր գծերով ներկայացված են Գեղարքունիքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության տեղաշարժերի, խոսվածքների բարբառային պատկանելության վերաբերյալ, բերվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը։ Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրի առնված խոսքի նմուշներ ու բառացանկ։   

       «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ են մերօրյա լեզվաբանները ձեռնամուխ եղել այս աշխատության հրատարակմանը, երբ բարբառագիտությունը մշտապես եղել է հայ և օտարազգի լեզվաբանների ուշադրության կենտրոնում, անգամ գրել են բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ, գիտնականը պատասխանեց. «Հիրավի, հայ  բարբառագիտությանը նվիրված աշխատություններ են հեղինակել մեծանուն լեզվաբաններ Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Էդուարդ Աղայանը, Գևորգ Ջահուկյանը, ինչպես նաև այլ գիտնականներ։ Նրանք հեղինակել են ինչպես բարբառագիտական ընդհանուր-տեսական բնույթի, այնպես էլ առանձին բարբառների նվիրված աշխատություններ: Շարունակելով եղած ավանդները և հայ բարբառագիտության  կարևորագույն  խնդիրներից  մեկը համարելով Հայաստանում բարբառային միավորումների և հատկանիշների տարածական արդի պատկերի ձևավորումը, երկրի բարբառային քարտեզի կազմումը և ամբողջացումը՝ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժինը իրականացնում է «Հայաստանի  Հանրապետության  բարբառային համապատկեր» համալիր ծրագիր, որի նպատակն է հետազոտել երկրի բոլոր բնակավայրերի լեզվական յուրահատկությունները, ձևավորել դրանց բարբառային բնութագրերը և առանձին հատորներով ներկայացնել ըստ  ՀՀ մարզերի։

        Վիկտոր Կատվալյանը Գեղարքունիքի մարզի բարբառի ուսումնասիրությամբ զբաղվել է տակավին մինչև Լեզվի ինստիտուտ գալը, երբ դասավանդում էր Գավառի պետական համալսարանում։ Եվ երբ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնով ձեռնամուխ եղան վերը նշված ծրագրի իրականացմանը, բնական է, օգտագործեցին նաև Վիկտոր Կատվալյանի  տեղեկությունները և աշխատանքները։

          Ծրագրի առաջին փուլում, որն ընդգրկել է 2013-2015 թվականները,  ինստիտուտի բարբառագիտության բաժնի մի խումբ աշխատակիցներ,   հետազոտական լայն աշխատանք են ծավալել Գեղարքունիքի մարզում: Նրանք  գրանցել են մեծ ծավալի բարբառային և բանահյուսական նյութեր։ Անհրաժեշտ նյութ ստանալու նպատակով հարցումներ են կատարվել նաև Գավառի պետական համալսարանի մարզաբնակ ուսանողության շրջանում։ Արդյունքում ձևավորվել են  Գեղարքունիքի մարզի բնակավայրերի լեզվական բնութագրերը՝ համալրված բարբառային և բանահյուսական հարուստ նյութով, ժողովրդագրական տեղեկություններով ու փաստական տվյալներով։

           Գրքի առաջին մասում հեղինակը հանգամանորեն խոսում է Գեղարքունիքի մարզում բարբառային հայերենին առնչվող հարցերից, մասնավորապես՝ անդրադարձել է Մշո բարբառին ու դրա դրսևորումներին հիշյալ մարզում։ Նա նախ  ընդհանուր տեղեկություններ է հաղորդում Մշո բարբառի վերաբերյալ, ապա անդրադառնում է այդ բարբառի դրսևորումներին Գեղարքունիքում։ Նույնպիսի սխեմայով նա անդրադառնում է Բայազետի, Դիադինի բարբառներին, Գանձակի միջբարբառին, Մակուի և  Արծափի խոսվածքներին։

       Գրքի երկրորդ մասում ներկայացված են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը։

       Կարծում ենք, որ գրքի երրորդ մասը, որը ներառում է բարբառային խոսքի նմուշներ, կհետաքրքրի ոչ միայն պրոֆեսիոնալ լեզվաբաններին, այլև շարքային ընթերցողին, ով հնարավորություն կունենա ըմբոշխնելու հայերենի բարբառների խորքն ու գեղեցկությունը։         

  Լևոն Ազրոյան

 

Աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/964760.html

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.