ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց Եղեռնի 98-րդ տարելիցին, ինստիտուտի գիտական անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Հյատարարությունը ներկայացնում ենք ստորեւ: «Մարդկության դեմ գործված որևէ հանցանք երբևիցե մոռացության ենթակա չէ: Այս կամ այն պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից, թուրքական պետության կողմից օսմանյան ոճրագործության ժխտումից և քաղաքական ու դիվանագիտական անմաքուր խաղերից անկախ՝ ողջ աշխարհը և հենց թուրք առաջադեմ մտավորականները հիշում և դատապարտում են քսաներորդ դարասկզբի հայոց եղեռնը, որը միաժամանակ մարդկության ամոթն է՝ իր դրսևորման հրեշավոր ու գազանաբարո եղանակներով:
Գրեթե մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը՝ միլիոնավոր հայերի ֆիզիկական բնաջնջումով, տեղահանությամբ, իր հայրենի հողի վրա դարերի ընթացքում ժողովրդի արարած արժեքների ոչնչացումով, խեղեց հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, բեկեց հայության զարգացման բնականոն ընթացքը՝ այդպիսով ծանրագույն վնաս հասցնելով նաև մարդկային քաղաքակրթությանն ու համաշխարհային մշակույթին: Արդեն շուրջ հարյուր տարի է, ինչ յուրաքանչյուր հայի հոգում դաջված են կոտորածների, մշակութային արժեքների անդառնալի ոչնչացման, հայրենիքի մեծագույն մասի կորստի տառապագին հիշողությունն ու անամոք ցավի զգացումը: Մեծագույն ցավով փաստում ենք, որ վայրենի բնազդների՝ օսմանյան պետության կողմից ուղղորդվող քստմնելի վայրագությունների հորձանուտում եղեռնազարկ եղավ նաև աշխարհի հնագույն ու զարգացած լեզուներից մեկը՝ հայերենը:
Աշխարհի երեսից իսպառ անհետացան դարերի ճամփա անցած, դարավոր իմաստնություն ու հիշողություն ամբարած տասնյակ հայ բարբառներ, շատ այլ բարբառներ էլ, վտարվելով հայրենի հողից և զրկվելով կենսական պայմաններից, բեկորներով սփռված են օտար ափերում ու սերնդից սերունդ մոռացության են մատնվում այլախոս միջավայրերում: Երբեմնի ծաղկուն ու շքեղ գրական արևմտահայերենը, զրկված լինելով իր հայրենիքում գոյատևելու և գործառելու հնարավորությունից, թևը զարկված հավքի նման անհեռանկար դեգերում է աշխարհից աշխարհ՝ որոնելով ու չգտնելով տունդարձի ճամփան: Առանձնահատուկ ընդգծելով այն իրողությունը, որ հայոց եղեռնի հետևանքով հայերենը ևս ծանրագույն կորուստներ է կրել և զրկվել է միասնական զարգացման իր բնական իրավունքից ու հնարավորությունից՝ մենք դատապարտում ենք մարդկանց զանգվածային ոչնչացման ցանկացած դրսևորում, միաժամանակ կոչ ենք անում բոլոր ժողովուրդներին ու երկրներին՝ հարաբերությունները կառուցել միմյանց իրավունքները հարգելու և փոխըմբռնման հիմքի վրա, բացառել բոլոր կարգի բռնությունները, ջանքեր գործադրել ոչ թե պատերազմելու միջոցներ ստեղծելու ու եղածները կատարելագործելու, այլ համամարդկային բարօրության ու համերաշխության հասնելու ուղղությամբ:
Դիմում ենք նաև աշխարհի բոլոր հայերին՝ կոչ անելով՝ ա) համախմբվել հայրենի պետականության շուրջ և ամեն կերպ նպաստել նրա զարգացմանն ու հզորացմանը, միշտ հիշել, որ յուրաքանչյուր հայի հայրենիքը Հայաստան աշխարհն է. բ) սիրել, պահպանել, գործածել, տարածել ու սերնդեսերունդ փոխանցել հայոց լեզուն՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով հայապահպանության և ազգային իղձերի իրականացման գործին, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների հռչակած՝ բազմալեզու ու բազմամշակույթ աշխարհում ազգային յուրահատկությունները պահպանելու և զարգացնելու գաղափարների իրագործմանը»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am