ԴԱՍ ԺԹ. Ե հոլովումը գրաբարում , Ի նախդիր

  1. Համեմատի՛ր, որոշիր Ա և Ե հոլովումների տարբերությունը ըստ բնույթի՝ նկատի ունենալով հոլովիչի դիրքը.

Ա  հոլովում                                                                     Ե  հոլովում             

ուղղ.  Սահակ                                                    դուստր                  դստերք   

սեռ.   Սահակայ                                                դստեր                   դստերց

տր.    Սահակայ                                                դստեր                   դստերց      

հայց. /զ/Սահակ                                                 /զ/դուստր              /զ/դստերս

բաց.   ի Սահակայ                                            ի դստերէ               ի դստերց   

գործ.  Սահակաւ                                               դստերբ                  դստերբք 

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ե հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով տարր բառի հոլովական հարացույցը.

ուղղ.  տարր                տարերք

սեռ.   տարեր              տարերց

տր.    տարեր              տարերց 

հայց. /զ/տարր             /զ/տարերս    

բաց.   ի տարերէ         ի տարերց

գործ.  տարերբ            տարերբք

 

3. Ուշադրություն դարձրու, որ Ե հոլովման բառերը հոգնակի թվի թեք հոլովներում մի շարք դեպքերում սովորական ձևերին զուգահեռ ունենում են  նաև Ա հոլովիչով ձևեր, ընդ որում՝ Ա հոլովիչը դրվում է եզակի թվի՝ Ե հոլովիչով ձևի վրա.

ուղղ.  կայսր                կայսերք     

սեռ.   կայսեր              կայսերց  /  կայսերաց            

տր.    կայսեր              կայսերց  /  կայսերաց      

հայց. /զ/կայսր             /զ/կայսերս

բաց.  ի կայսերէ          ի կայսերց  /  ի կայսերաց

գործ. կայսերբ             կայսերբք   /  կայսերօք       

 

4.Դիտարկելով  հետևյալ  բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում Ե ներդրական հոլովման.

 

ա/ ազդր, անգղ, աստղ, արկղ, դուստր, եզր, լիտր, կայսր, կոճղ, ոսկր, ուստր, վագր, վաղր, տագր, տարր և այլն.

ուղղ.  աստղ                   աստեղք

սեռ.   աստեղ                 աստեղց  /  աստեղաց        

տր.    աստեղ                 աստեղց  /   աստեղաց     

հայց. /զ/աստղ                /զ/աստեղս

բաց.   յաստեղէ              յաստեղց  /  յաստեղաց

գործ.  աստեղբ               աստեղբք  /  աստեղօք

 

բ/ աղբիւր, ալիւր, եղջիւր, աղտիւր /կամ՝ եղտիւր/.

ուղղ.  աղբիւր               աղբերք

սեռ.   աղբեր                աղբերց   /    աղբերաց                

տր.    աղբեր                աղբերց   /    աղբերաց    

հայց. /զ/աղբիւր           /զաղբերս/      

բաց.   յաղբերէ            յաղբերց   /   յաղբերաց    

գործ.  աղբերբ             աղբերբք  /   աղբերօք

 

 Վարժություն  45. Հոլովիր հետևյալ բառերը. ալիւր, ազդր, եղջիւր,  անգղ, արկղ, եզր, լիտր, կոճղ, ոսկր, ուստր, վագր, վաղր, տագր, աղտիւր:

  5. Հիշի՛ր  ի նախդրի՝  քեզ արդեն ծանոթ կիրառությունները.

 

   ուղղություն                                ժամանակ             նպատակ 

երթամ ի քաղաք                          ի ծագել                      ի տեսանել

հասանէ ի Հայս                           ի զբօսնուլ                  ի թափել  

արկանէին ի ծով                         ի սերմանել                յիջանել

 

6. Համեմատի՛ր, որոշիր  ի  նախդրի դերը գրաբարյան բացառական հոլովի ձևավորման գործում.

 

Հայկից                ի Հայկայ

Ծոփքից               ի Ծոփաց 

 գագաթից            ի գագաթանէ

քաղաքներից              ի քաղաքաց

  արկղից                       յարկեղէ

 

6. Համեմատի՛ր, որոշի՛ր, թե  ի՞նչ իմաստներ  է արտահայտում  ի  նախդիրը եզակի տրական  և  հոգնակի հայցական հոլովների հետ.

 

ա/          ի +  եզ. տրական                                            ի + հոգն. հայցական 

  տան մեջ           ի տան                               տներում                 ի տունս

քաղաքում           ի քաղաքի                         քաղաքներում       ի քաղաքս

արկղում              յարկեղ                              արկղերում            յարկեղս

աղբյուրի մեջ      յաղբեր                               աղբյուրներում      յաղբերս

 

բ/          ի +  եզ. տրական                                            ի + հոգն. հայցական

լեռան վրա                ի լերին                       լեռների վրա                    ի լերինս           

թզենու վրա              ի թզենւոջ                   թզենիների վրա              ի թզենիս

ճանապարհի վրա   ի ճանապարհին       ճանապարհների վրա   ի ճանապարհս

 

7. Հիշի՛ր, որ ի նախդիրը տրական հոլովի հետ գործածվում է միայն եզակի թվում, որոշիր, թե ինչ իմաստ է արտահայտում ի նախդիրը տրականի հետ հետևյալ դեպքերում.

կենդանության ժամանակ         ի կենդանութեանն

այն ժամանակ                              յայնմ ժամանակի

մեռնելիս                               ի մահուան

 

8. Համեմատի՛ր, որոշիր, թե ինչ իմաստ է արտահայտում  ի նախդիրը հայցական հոլովի հետ հետևյալ դեպքերում.        

պարսկերեն լեզվով             ի պարսկերէն լեզու

երդվում է արեգակով          երդնու յարեգակն

նախարարների ձեռքով       ի ձեռն նախարարացն

 

Վարժություն  46.  Թարգմանիր աշխարհաբար.

Առէք ջուր ուրախութեամբ յաղբերացն: Եղեն նորա ուստերք եւ դստերք: Իմաստութիւն բանայ զբերանս համերց: Զդուստր քո մի՛  տացես ուստեր նորա: Երկու որդիք են յորովայնի անդ: Այլ յայնմ ժամանակի դեռ տակաւին ևս կայր կենդանի Արշակ արքայ Հայոց: Համեստութիւն ոչ գոյ ի նոսա: Առաքեա՛  դու դեսպանս յերկիրն Հայոց: Շինէ և գիւղ մի, և անուանէ յիւր անուն Հայկաշէն: Եւ ի սաստկանալ պատերազմին՝ փախստական լինի Շամիրամ յերեսաց Զրադաշտի ի Հայս: Քարինք և մեր շատ կան ի թափել զատամունս նորա: Ունէին զզէնս պատրաստ, ի ծագելոյ առաւօտուն մինչև յելանել աստեղն: Զիա՞րդ թուի քեզ. պա՞րտ է հարկս տալ կայսեր, եթէ ոչ: Համերքն խօսէին, կոյրք տեսանէին, բորոտք սրբէին: Միթէ քաղիցե՞ն ի փշոց խաղող կամ ի տատասկէ թուզ: Անմիտք ծիծաղին ի ժամու և ի տարաժամու: Երիտասարդքն պահեն զխրատսն ի միտս եւ ի սիրտս: Ունիմ զձեզ հանապազ ի սրտի: Նոքա ի միջօրէի իբրեւ ի գիշերի խարխափեն: Պարտ է փախչել ի մեղաց իբրեւ յերեսաց օձի: Ուրախութիւն է ի քաղաքիս. ժողովուրդն զբօսնու ի հրապարակս եւ ի փողոցս: Մի՛  առնուցուս կին Իսահակայ ի դստերաց Քանանացւոց: Իսկ մի ոմն ի զինուորացն մտեալ եհար վաղերբ զգլուխ Երուանդայ: Գրեցաք զամենայն բանս զայսոսիկ ի մատենի: Ո՞  ոք արածիցէ խաշն եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ: Մուշեղ սպարապետն Հայոց եհար զզօրսն Պարսից ի հարուածս անհնարինս: Այլազգիք ի սուր և ի հուր ապականեցին զամենայն երկիրն:

9. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Ի՞նչ  բնույթ ունի գրաբարյան Ե հոլովումը:
  2. Ե հոլովման դեպքում ինչպե՞ս են ձևավորվում եզակի տրական, բացառական, գործիական և հոգնակի ուղղական հոլովները:
  3. Ե հոլովման դեպքում հոգնակի թվում ի՞նչ յուրահատկություն է դրսևորվում:
  4. Բառերի ի՞նչ  խմբեր են ենթարկվում Ե հոլովման:
  5. Ե հոլովման արձագանքներ կա՞ն  արդի հայերենում:
  6. Ի  նախդրի ո՞ր կիրառություններն էին քեզ արդեն ծանոթ:
  7. Ի՞նչ իմաստներ  է արտահայտում  ի  նախդիրը եզակի տրական  և  հոգնակի հայցական հոլովների հետ:
  8. Ի նախդիրը ուրիշ ի՞նչ իմաստներ է արտահայտում տրական և հայցական հոլովների հետ:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.