ԴԱՍ ԺԴ. Բուն հրամայական ժամանակաձև

1.Համեմատիր,  որոշիր անցյալի հիմքում արմատական հիմք ունեցող բայերի /Ե խոնարհման ածանցավոր բայեր, Ու խոնարհման պարզ բայեր/ ներգործաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

 

աշխարհաբար                                                               գրաբար

/ելնել/                                                                               /ելանել, անց. հիմք՝ ել-/

ե՛լ        ելե՛ք                                                                      ե՛լ             ելէ՛ք

/տեսնել/                                                                            /տեսանել, անց. հիմք՝ տես-/

տե՛ս    տեսե՛ք                                                                  տե՛ս          տեսէ՛ք

/անցնել/                                                                            /անցանել, անց. հիմք՝ անց-/

անցի՛ր   անցե՛ք                                                                 ա՛նց           անցէ՛ք

/թողնել/                                                                             /թողուլ, անց. հիմք՝ թող-/

թո՛ղ     թողե՛ք                                                                   թո՛ղ           թողէ՛ք

/հեղել/                                                                                 /հեղուլ, անց. հիմք՝ հեղ-/

հեղի՛ր    հեղե՛ք                                                                  հե՛ղ           հեղէ՛ք   

                        

2.Համեմատիր,  որոշիր Ե խոնարհման պարզ բայերի ներգործաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

  աշխարհաբար                                                               գրաբար

/գրել/                                                                                 /գրել, անց. հիմք՝ գրեաց-/

գրի՛ր       գրեցե՛ք /գրե՛ք/                                                   գրեա՛              գրեցէ՛ք

/վազել/                                                                              /վազել, անց. հիմք՝ վազեաց-/ 

վազի՛ր     վազեցե՛ք /վազե՛ք/                                        վազեա՛           վազեցէ՛ք  

 

3.Համեմատիր,  որոշիր Ա խոնարհման պարզ բայերի ներգործաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

       աշխարհաբար                                                               գրաբար

      /գնալ/                                                                                 /գնալ, անց. հիմք՝ գնաց-/

      գնա՛      գնացե՛ք                                                               գնա՛             գնացէ՛ք

      /զգալ/                                                                                 /զգալ, անց. հիմք՝ զգաց-/

      զգա՛      զգացե՛ք                                                                զգա՛             զգացէ՛ք

 

Ծանոթություն:  ա/ Անցյալի հիմքի  ց  բաղադրիչը ներգործաձև բուն հրամայականի եզակի թվում պահպանվում է, եթե արմատական է  կամ  մտնում է արմատի տարբերակի մեջ, ինչպես՝ բանալ – բա՛ց, թանալ – թա՛ց, լնուլ – լի՛ց, խնուլ – խի՛ց, լալ – լա՛ց, կալ /= մնալ, կանգնել/ - կա՛ց, կեալ /=ապրել/ - կեա՛ց.  բ/ բառնալ բայի եզակի հրամայականն է՝ բա՛րձ, դառնալ  բայինը՝ դա՛րձ կամ դարձի՛ր:

 

4.Համեմատիր,  որոշիր անցյալի հիմքում արմատական հիմք ունեցող բայերի /Ե և Ի խոնարհումների  ան  ածանց ունեցող բայեր, Ու խոնարհման  ածանցավոր բայեր, Ու խոնարհման ներգործական սեռի պարզ բայեր/ կրավորաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

          աշխարհաբար                                                               գրաբար

          /տեսնվել/                                                                    /տեսանել, անց. հիմք՝ տես-/

         տեսնվի՛ր   տեսնվե՛ք                                                 տեսի՛ր        տեսա՛յք//տեսարո՛ւք

         /սկսել/                                                                           /սկսանել, անց. հիմք՝ սկիս-/

         սկսի՛ր       սկսե՛ք                                                         սկսի՛ր        սկսա՛յք//սկսարո՛ւք

         /զբոսնել/                                                                        /զբօսնուլ, անց. հիմք՝ զբօս-/

         զբոսնի՛ր    զբոսնե՛ք                                                     զբօսի՛ր     զբօսայք//զբօսարուք

         /հեղվել/                                                                          /հեղուլ, անց. հիմք՝ հեղ-/

        հեղվի՛ր       հեղվե՛ք                                                       հեղի՛ր       հեղա՛յք//հեղարո՛ւք 

 

5. Համեմատիր,  որոշիր Ե  և  Ի  խոնարհումների պարզ բայերի կրավորաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

 

աշխարհաբար                                                               գրաբար

/գրվել/                                                                              /գրել, անց. հիմք՝ գրեաց-/

գրվի՛ր     գրվե՛ք                                                              գրեա՛ց       գրեցա՛յք//գրեցարո՛ւք

/բազմել/                                                                           /բազմել, անց. հիմք՝ բազմեաց-/

բազմի՛ր   բազմե՛ք                                                  բազմեա՛ց    բազմեցա՛յք//բազմեցարո՛ւք

        

                  Ծանոթություն:  ա/ Ի խոնարհման նստել  բայի հրամայականի ձևերն են՝  նի՛ստ – նստա՛յք//նստարո՛ւք. բ/ Ի խոնարհման պարզ բայերը մի շարք դեպքերում կարող են ունենալ եզակի հրամայականի զուգահեռ ձևեր, ինչպես՝    համարեա՛ց  կամ  համարեա՛, ողորմեա՛ց  կամ  ողորմեա՛, խօսեա՛ց  կամ  խօսեա՛, նայեա՛ց  կամ  նայեա՛:

 

6. Համեմատիր,  որոշիր Ա  խոնարհման բայերի կրավորաձև բուն հրամայականի կազմության յուրահատկությունները գրաբարում.

աշխարհաբար                                                               գրաբար

/աղացվել/                                                                        /աղալ, անց. հիմք՝ աղաց-/

աղացվի՛ր     աղացվե՛ք                                              աղացի՛ր      աղացա՛յք//աղացարո՛ւք

/հեռանալ/                                                                        /հեռանալ, անց. հիմք՝ հեռաց-/

հեռացի՛ր      հեռացե՛ք                                               հեռացի՛ր    հեռացա՛յք//հեռացարո՛ւք

 

Ծանոթություն:  Մոռանալ, իմանալ, ընթանալ  բայերը բուն հրամայականի եզակի մոռացի՛ր, իմացի՛ր, ընթացի՛ր կանոնավոր ձևերին զուգահեռ ունենում են նաև իմա՛//իմա՛ց, մոռա՛,  ընթա՛//ընթա՛ց  ձևերը:

 

7. Համեմատիր,  որոշիր Ի թույլ բաղադրիչ ունեցող բայերի բուն հրամայականի  /միայն կրավորաձև/ կազմության յուրահատկությունները գրաբարում.

       

աշխարհաբար                                                               գրաբար

/փախչել/                                                                          /փախչել, անց. հիմք՝ փախի-/

փախի՛ր     փախե՛ք                                                        փախի՛ր     փախեա՛յք//փախերո՛ւք 

/երկնչել/                                                                           /երկնչել, անց. հիմք՝ երկի-/

երկնչի՛ր     երկնչե՛ք                                                       երկի՛ր         երկեա՛յք//երկերո՛ւք 

/զարթնել/                                                                          /զարթնուլ, անց. հիմք՝ զարթի-/

զարթնի՛ր    զարթնե՛ք                                                   զարթի՛ր     զարթեա՛յք//զարթերո՛ւք

 

Վարժություն  38. Հետևյալ բայերը խոնարհիր բուն հրամայական ժամանակաձևով.

  

ուսանել /ի/, գտանել, արգելուլ, ելանել,  զբօսնուլ, իջանել, բուսանել /ի/, հասանել, թողուլ, ջեռնուլ, տեսանել, կիզուլ, անսալ, գոհանալ, մերձենալ, իմանալ, խնդալ, մնալ,  բրել, գրաւել, կաքաւել, վազել, բազմել /ի/, ծիծաղել /ի/, թռչել, մածնուլ, կորնչել, երկնչել, խափնուլ, հանգչել, ցասնուլ, մարտնչել, հարթնուլ:

 

 

Վարժություն  39.  Թարգմանիր աշխարհաբար.

 

Գրեցէ՛ք եւ առաքեցէ՛ք առ իս: Խրատեցէ՛ք զորդիս ձեր. սաստեցէ՛ք եւ մխիթարեցէ՛ք: Պահեա՛ զբանս իմ եւ զպատուիրանս իմ: Խնդրեա՛ զիմաստութիւն եւ մի՛ մերժեր զգիտութիւն: Հարցէ՛ք զծերս եւ զիմաստունս, մի՛ հարցանէք զանմիտս:  Հա՛րց  զվարդապետն. մի՛  հարցաներ զմեզ:  Ապրեցո՛  զանձն քո եւ է՛ջ  ի խաչէդ: Օգնեա՛  մեզ եւ զորացո՛  զմեզ: Հայեա՛ց  ի մրջիւնս  եւ  ուսի՛ր  ի նոցանէ  զջանասիրութիւն: Զբարիս խորհեցարո՛ւք  եւ  խօսեցարո՛ւք  հանապազ: Մի՛  յաղթիր  ի չարէն, այլ յաղթեա՛  բարեաւն  չարին: Հաւատացէ՛ք  յԱստուած եւ յիս հաւատացէ՛ք:  Ե՛լ  եւ  գնա՛  աստի: Մոռա՛  զժողովուրդ քո եւ զտուն հօր քո: Իմա՛  զինչ ասէ հայր քո: Իմացարո՛ւք անզգամք, մինչեւ յե՞րբ  ոչ առնուք ի միտ:  Որդեակ, իմում իմաստութեան անսա՛:  Ցնծա՛  եւ  ուրախ լեր: Մատուցէ՛ք պատարագս արդարութեան եւ յուսացարո՛ւք ի Տէր: Յիսուս, որդի Դաւթի, ողորմեա՛ց մեզ: Բա՛րձ ի մէնջ եւ հա՛ն զդա ի խաչ: Բարձէ՛ք զչարն ի միջոյ ձերմէ: Մերձեցարո՛ւք առ աստուած, սրբեցէ՛ք զձեռս մեղաւորք: Ածէ՛ք, զենէ՛ք զեզն պարարակ: Ընթերցի՛ր  զպատգամս զայսոսիկ յականջս ժողովրդեանդ: Խի՛ց զականջս քո:  Ընտրեա՛ դու քեզ արս զօրաւորս: Է՛ջ ի տուն քո եւ լուա՛  զոտս քո: Ձգեա՛  զսուր քո եւ խոցեա՛  զիս դովաւ: Մո՛ւտ  ի շտեմարանս քո, փակեա՛  զդուրս քո, թաքի՛ր առ ժամանակ մի: Խորհեա՛ց  ընդ միտս քո թէ զինչ գործեսցես: Բա՛ց զսրունս քո, ա՛նց ընդ գետս:

 

 

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.
  1. Ինչպե՞ս է ձևավորվում անցյալի արմատական հիմք ունեցող բայերի ներգործաձև բուն հրամայականը:
  2. Ինչպե՞ս է ձևավորվում Ե խոնարհման պարզ բայերի ներգործաձև բուն հրամայականը:
  3. Ինչպե՞ս է ձևավորվում Ա խոնարհման պարզ բայերի ներգործաձև բուն հրամայականը:
  4. Ինչպե՞ս է ձևավորվում անցյալի արմատական հիմք ունեցող բայերի կրավորաձև բուն հրամայականը:
  5. Ինչպե՞ս է ձևավորվում Ե  և  Ի  խոնարհումների պարզ բայերի կրավորաձև բուն հրամայականը:
  6. Ինչպե՞ս է ձևավորվում Ա  խոնարհման բայերի կրավորաձև բուն հրամայականը:
  7. Ինչպե՞ս է ձևավորվում Ի թույլ բաղադրիչ ունեցող բայերի բուն հրամայականը:
  8. Բուն հրամայականի ձևավորման ընդհանուր օրինաչափություններից ի՞նչ շեղումներ կան:

 

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.