Ողջունելի է, որ օտար լեզուներում առկա սամմիթ (պետությունների ղեկավարների ժողով) քաղաքական եզրույթը վերջին մեկ-երկու տասնամյակում գտավ իր հայեցի ձևը, մեր մայրենին հարստացավ ևս մեկ նորաբանությամբ: Շատերին է տարակուսանքի մեջ գցում, սակայն, միմյանցից թեկուզև մեկ հնչյունով տարբերվող` այդ բառի երկձևությունը:
Իսկապես, գագաթաժողո՞վ, թե՞ գագաթնաժողով:
Բանն այն է, որ գրաբարի` բառավերջի ն ունեցող բառեր (մատն, ձեռն, ձուկն, մուկն, գագաթն, ասեղն, եաւթն, տասն և այլն) պարունակող համադրական բարդությունները գրաբարում գրեթե անխտիր կազմվել են ն-ի պահպանմամբ` աղեղնաւոր, մատնացոյց, տասնապատիկ, եաւթնաղի, առատաձեռն, բոկոտն և այլն:
Ժամանակակից գրական հայերենում նույնպես այդ կանոնը գործում է, մանավանդ բարդությունների առաջին եզրում` ձկնկիթ, մկնդեղ, ուսումնասեր, կողմնացույց, կաթնատուն, յոթնամյակ, հարսնաքույր, բեռնատար, ասեղնաբուժություն, ատամնաբուժարան, ձեռնագնդակ, ոտնագնդակ և այլն: Կանոնը, իհարկե, սակավաթիվ որոշ բացառություններում խախտվում է (ոտաբոբիկ, սերմացու, ձեռագործ և այլն), սակայն օրինաչափը, անշուշտ, ն-ի պահպանումն է:
Հետևաբար, առավել հայեցի, առավել ավանդական կազմությունը գագաթնաժողովն է, որին էլ անհրաժեշտ է նախապատվություն տալ: Ինչպես չենք ասի գագաթակետ, գագաթամաս, գագաթակողմ, գագաթասլաց, գագաթահայաց, այլ համապատասխանաբար կասենք գագաթնակետ, գագաթնամաս, գագաթնակողմ, գագաթնասլաց, գագաթնահայաց, այնպես էլ պետք է ասենք գագաթնաժողով, այլ ոչ թե գագաթաժողով: