Թեմա՝ Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր
ԹԵՄԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈւՄՆԵՐԸ
Թեմայի իրականացման ողջ ժամանակահատվածում, ըստ §Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր¦ թեմայի օրացուցային պլանի, ամիսը երկու անգամ հաճախականությամբ կատարվել են բարբառագիտական արշավներ Գեղարքունիքի մարզ: Մարզի բնակավայրերի վերաբերյալ և՛ տեղերում, և՛ եղած գրականությունից ու արխիվից հավաքվել են անհրաժեշտ տեղեկություններ, բարբառախոսների տեսաձայնագրման և հարցումների ու գրի առման եղանակներով գրանցվել են բարբառային և բանահյուսական նյութեր: Անհրաժեշտ նյութի ստացման նպատակով հարցումներ են կատարվել նաև Գավառի պետական համալսարանի մարզաբնակ ուսանողության շրջանում: Այդպիսով կուտակվել է ուսումնասիրության համար անհրաժեշտ լեզվական հսկայական նյութ:
Հընթացս կատարվել է հավաքված նյութի ուսումնասիրում, մշակում և գիտական վերլուծություն: Համակարգվել են բնակավայրերի վերաբերյալ տեղեկությունները, կատարվել է բարբառային նյութի դասդասում, որոշվել են խոսվածքների բարբառային հատկանիշներն ու յուրահատկությունները, կազմվել են բառացանկեր: Հավաքված բարբառային նյութը գրառվել է բարբառային գիտական տառադարձությամբ:
Թեմայի իրականացման շնորհիվ ձևավորվել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը՝ ուղեկցված բարբառային և բանահյուսական հարուստ նյութով, ստացվել է գործառող բարբառային հատկանիշների և բարբառային միավորների տարածման ամբողջական պատկերը:
Հետազոտությունը թույլ է տվել արձանագրել բարբառային հայերենի արդի վիճակը Գեղարքունիքի մարզում, ճշգրտել Բայազետի, Դիադինի, Մշո և Ղարաբաղի բարբառների խոսվածքների մի շարք յուրահատկություններ, վեր հանել բարբառային խոսքի գործառական հատկանիշներ և զարգացման միտումներ: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր բնակավայր, այլ բնակավայրերի հետ ընդհանրություններով հանդերձ, ունի խոսվածքային իր յուրահատկությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բնակիչների նախնիների ծագումնաբանությամբ, որոշ դեպքերում՝ նաև խոսվածքների ինքնուրույն զարգացմամբ: Օրինակ, ծագումնաբանական ընդհանրություններ և հետագայում ձեռք բերված տարբերություններ ունեն Գավառն ու Կարմիրգյուղը, Գանձակն ու Ծաղկաշենը, Սարուխանն ու Լանջաղբյուրը, Հայրավանքն ու Նորատուսը, մինչդեռ ծագումնաբանական տարբերություններով, բայց հետագայում ձեռք բերված ընդհանրություններով բնորոշվում են Նորատուս գյուղի երկու թաղամասերը, Սարուխանի երկու թաղամասերը և այլն:
Նկատելի է, որ խոսվածքները ժամանակի ընթացքում կարող են ենթարկվել տարաբնույթ փոփոխությունների՝ պայմանավորված տարբեր գործոններով: Մայր բարբառից կտրված և բարբառախոս այլ, բայց մերձավոր միջավայրում հայտնված խոսվածքը կարող է կորցնել տարբերակիչ իր այս կամ այն հատկանիշը: Օրինակ, բայազետցիների, մշեցիների կամ դիադինցիների սերունդները բարբառախոս այլ միջավայրերում, պահպանելով մայր բարբառի շատ հատկանիշներ, կորցրել են մի շարք այլ հատկանիշներ, երբեմն էլ ենթարկվել այլ բարբառի զգալի ազդեցության: Հետաքրքրական իրավիճակ են ներկայացնում բնակիչների ծագումնաբանորեն տարբեր հատվածներ ունեցող բնակավայրերը: Օրինակ, Սարուխան և Նորատուս գյուղերի բնակիչների՝ տարբեր ծագում ունեցող հատվածները ոչ միայն հստակորեն գիտակցում են իրենց ծագումնաբանական տարբերությունը, այլ նաև, 180 տարուց ավելի ապրելով նույն գյուղում, պահպանել են լեզվական մի շարք զանազանություններ, իսկ Ծովազարդ գյուղի բայազետցիների և մշեցիների լեզվական տարբերությունները ավելի մեծ են, սակայն ուրվագծվում է փոխադարձ ազդեցությամբ ձևավորվող մի նոր լեզվավիճակ: Մի շարք բնակավայրերի բնակիչները, եկած լինելով տարբեր վայրերից, միմյանց հետ հաղորդակցվում են խոսակցական հայերենով, որը սովորաբար երանգավորվում է խոսվածքային հատկանիշներով, և բավականին դժվար է նման բնակավայրի խոսքը իբրև մեկ խոսվածք դիտարկելն ու հատկանիշները որոշելը: Վարդենիսի և Ճամբարակի բազմաթիվ բնակավայրեր էլ բնակեցված են ղարաբաղյան իրադարձությունների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթված հայերով, որոնք Ղարաբաղի բարբառի տարբեր խոսվածքների կրողներ են: Դեռևս վաղ է խոսել նման բնակավայրերում միասնական խոսվածքի առկայության մասին:
Հետազոտությունների ընթացքում երևան են եկել նաև մինչև այժմ տվյալ բարբառում չնկատված կամ բավարար ուշադրության չարժանացած բարբառային հետաքրքիր իրողություններ: Օրինակ, Մարտունու տարածաշրջանի Վարդաձորի խոսվածքում բառասկզբում դրսևորվում է երկշրթնային ձայնորդ (ւ), բազմավանկ բառի շեշտակիր վանկում՝ շրթնային ա ձայնավոր: Կը ճյուղի Մշո և Դիադինի բարբառները ներկայացնող խոսվածքներում նկատվում են ներկա ժամանակի՝ առանց Կը եղանակիչի կազմության դեպքեր և այլն:
Ընդհանրապես նկատելի է նաև, որ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում բարբառային խոսքը հաստատուն է պահում հնչյունական և քերականական հատկանիշները, և համենայն դեպս այս տարածաշրջանում գրական լեզվի ազդեցությամբ բարբառների վերացման մասին խոսք լինել չի կարող: Բարբառները զարգանում են բնականոն հունով՝ բնականաբար տեղաշարժեր ունենալով հատկապես բառապաշարում:
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները թույլ են տալիս ոչ միայն ունենալ մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը, այլ նաև ձեռք բերված փաստերը օգտագործել բարբառագիտական տեսական ու գործնական որոշ խնդիրներ արծարծելիս: §ՀՀ Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր¦ թեմայի իրականացման արդյունքները ներկայացվելու են մոտ 250 տպագիր էջ ընդգրկող աշխատությունում, որը պատրաստվում է հրատարակության:
Գեղարքունիքի մարզի բնակավայրերում բարբառային նյութեր հավաքելիս ծրագրի իրականացնողները մշտապես ունեցել են մարզպետարանի, գյուղապետարանների աշխատակիցների և Գավառի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների աջակցությունը:
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ
§ՀՀ Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր¦ թեմայի իրականացման արդյունքները ներկայացվել են միջազգային և հանրապետական գիտաժողովներում, հրապարակվել ժողովածուներում: Հրապարակումներում հեղինակները անդրադարձել են դիտարկվող տարածքի մի շարք խոսվածքների առանձնահատկություններին, բարբառների և հին ու միջին հայերենների փոխհարաբերություններին, մի շարք հասկացությունների բարբառային դրսևորումներին, կատարել նաև տեսական դիտարկումներ:
Արդյունքները ներկայացվել են հետևյալ հրապարակումներում.
- Վ.Կատվալյան, Խոսվածքային առանձնահատկություններ Բայազետի բարբառում, Վ.Կատվալյան, Հայ բարբառագիտության հարցեր, §Հայաստան¦ հրատ., Եր., 2014թ., էջ 114-120:
- Վ.Կատվալյան, Հինհայերենյան իրողություններ Բայազետի բարբառում, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 77-83:
- Վ.Կատվալյան, Միջինհայերենյան իրողություններ Բայազետի բարբառում, §Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 49-61:
- Հ.Խաչատրյան, Փողոց և արահետ հասկացությունների բարբառային դրսևորումները և նրանց բառիմաստային զարգացումները, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 61-68:
- Հ.Խաչատրյան, Ազգակցական հարաբերություններ արտահայտող բառանվանումների բարբառային պատկերը Գեղարքունիքի տարածաշրջանում, §Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 37-48:
- Գ.Մկրտչյան, Միջին հայերենում և Մշո բարբառում գործառող հոգնակերտ մասնիկները, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 125-132:
- Գ.Մկրտչյան, Մշո բարբառի արդի վիճակը Գեղարքունիքի տարածաշրջանում, §Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ¦ միջազգային գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 134-143:
- Գ.Մկրտչյան, Առկայացման քերականական կարգի առանձնահատկությունները միջին հայերենում և Մշո բարբառում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական IV գիտաժողովի զեկուցումներ, §Ասողիկ¦ հրատ., Եր., 2014թ., էջ 38-46:
- Գ.Մկրտչյան, Մշո բարբառի տեղաշարժերը, տարածական բուն հիմքերի խախտման պատճառները եվ դիրքը հայերենի բարբառների շարքում, «Էջմիածին» հանդես, 2014թ., թիվ , էջ 81-88:
Զեկուցումներ
- Վ.Կատվալյան, Լեզվական դիտարկումներ ըստ Բայազետի բարբառի նյութի, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Վ.Կատվալյան, Ռուսերեն փոխառություններ Բայազետի բարբառում, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Հ.Խաչատրյան, Տուն և հյուղ հասկացությունների բառանունների բարբառային բնութագիրը, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Հ.Խաչատրյան, Բնակարան, տուն, կահ-կարասի իմաստային թեմատիկ խմբի բառանվանումները Գեղարքունիքի մարզի խոսվածքներում, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Ժ.Միքայելյան, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի խոսվածքը, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Գ.Մկրտչյան, Հայերենի ը հոդի ծագման հարցի շուրջ, Գ. Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում, Եր., 2015թ., ապրիլի 5:
- Գ.Մկրտչյան, Գեղարքունիքի մարզի խոսվածքների հնչյունական համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի:
- Գ.Մկրտչյան, Գեղարքունիքի մարզի խոսվածքների ձևաբանական համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները, §Ջահուկյանական ընթերցումներ¦ միջազգային գիտաժողով, Եր., 2015թ., 3-5-ը հունիսի: