2013թ.

2013թ.
Հունվարի 8-ից  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօ­րենի հրամանով հաստատվում են ինստիտուտի վեց բաժինները՝ արդի հայերենի (բաժ­նի վարիչի պաշտոնակատար՝ Ն.Ժ.Սարգսյան), հայոց լեզվի պատ­մու­թյան (բաժ­նի վարիչի պաշտոնակատար՝ Գ.Մ.Մխիթարյան), բարբառագիտության (բաժնի վա­րի­չի պաշտոնակատար՝ Վ.Լ. Կատ­վալյան), կիրառական լեզվաբանու­թյան (բաժնի  վա­րիչի պաշտոնակատար՝ Ա.Խ.Մանուկյան), ընդ­հանուր և համեմատական լեզ­վա­բանու­թյան (բաժնի վարիչի պաշտոնակատար՝  Վ.Գ.Համբար­ձումյան), արևմ­տա­հայե­րենի (բաժնի վարիչ՝ Ա.Ե. Սարգսյան). աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 63:
Հունվարի 13- Տեղի է ունենում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի գիտական խորհրդի նոր կազմ ընտրելու համար: Քվեարկության արդյունքներով ինստիտուտի գիտական խորհուրդը հաստատվում է հետևյալ կազմով` բ.գ.թ.  Կատվալյան Վ.Լ. (տնօրեն), բ.գ.թ. Հովհաննիսյան Ն.Գ. (փոխտնօրեն), բ.գ.թ. Աբրահամյան Ա.Ա. (գիտական քարտուղար), բ.գ.թ. Աղաբեկյան Մ.Ա. (ավագ գիտաշխատակից), բ.գ.թ Գալստյան Ա.Ս.. (ավագ գիտաշխատակից), բ.գ.դ. Եզեկյան Լ.Կ. (ԵՊՀ ամբիոնի վարիչ), բգ.թ. Թելյան Լ.Գ. (ԵՊՀ, դոցենտ), բ.գ.դ. Թոխմախյան Ռ.Մ. (ՀՏՀ, դոցենտ), բ.գ.դ. Խաչատրյան Լ.Մ.  (ՀՊՄՀ ամբիոնի վարիչ), բ.գ.դ. Համբարձումյան Վ.Գ. (բաժնի վարիչի պաշտոնակատար), բ.գ.դ. Հովհաննիսյան Լ.Շ. (առաջատար գիտաշ­խա­տակից), բ.գ.դ. Հովսեփյան Լ.Ս. (ԵՊՀ ամբիոնի վա­րիչ), տ.գ.թ. Մանուկյան Ա.Խ. (բաժնի վարիչի պաշտոնակատար), բ.գ.թ. Միքայելյան Ժ.Ա.  (բաժնի վարիչի տեղակալ), բ.գ.թ. Մխիթարյան Գ.Մ.  (բաժնի վարիչի պաշտոնակատար),  բ.գ.թ. Պապիկյան Ս.Վ. (բաժնի վարիչի տեղակալ), բ.գ.դ. Սարգսյան Ա.Ե. (ՀՊՄՀ պրո­ֆեսոր), բ.գ.թ. Սարգսյան Ն.Ժ. (բաժնի վարիչի պաշտոնակատար), բ.գ.թ. Սիմո­ն­յան Ն.Մ. (բաժնի վարիչի տեղակալ), բ.գ.թ. Սիրունյան Տ.Ղ. (գիտ­աշ­խատակից, երիտասարդ գիտնականների խոր­­հրդի նախագահ), տ.գ.թ.  Ուռուտյան Ռ.Լ. (առաջատար գիտաշխատակից):
Փետրվարի 21-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի է ու­նե­նում ՀՀ սփյուռքի նախարարության և ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինս­տի­տու­տի կազ­մակերպած «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» խորագրով գի­տա­ժողովը:
Մարտի 21- ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կայանում է հանդիպում Բեյ­րութի համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանի, նույն համալսարանի՝ սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանի հետ:
Մարտի 27- ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվում է Լիբա­նանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտա­հար­յանը: Նա ինստիտուտի գիտաշխատողներին է ներկայացնում օրաթերթի անցած ուղին, ներ­կա խնդիրներն ու ապագայի ծրագրերը:
Մարտի 29- ապրիլի 5-  Տեղի են ունենում  ինստիտուտի գիտահետազոտական ստորաբաժանումների նիս­­տեր` քննարկելու  բաժինների  վարիչների թափուր տեղերի համար հայ­տարար­ված մրցույթին մասնակցելու համար առաջադրված թեկնա­ծությունները: 
     Արդի հայերենի բաժինը երաշխավորում է  բ.գ.թ. Նվեր Ժորայի Սարգսյանին, հայոց լեզ­վի պատմության բաժինը` բ.գ.թ. Գայանե Մելիսի Մխիթարյանին, կիրա­ռա­կան լեզ­վա­բանության բաժինը ` տ.գ.թ. Անժելա Խաչիկի Մանուկյանին, ընդհանուր և հա­մեմա­տա­կան լեզվաբանության բաժինը`  բ.գ.դ. Վազգեն Գուրգենի  Համբար­ձու­մ­յանին, բարբա­ռա­գիտության բաժնինը` բ.գ.թ. Վիկտոր Լիպարիտի Կատվալյանին:
Ապրիլի 8-Ինստիտուտում նշվում  է Մայրության և  գե­ղեց­կու­­թյան տոնը
Ապրիլի 12-Հրավիրվում  է գիտական խորհրդի նիստ` բաժինների  վարիչների թափուր տե­­ղե­րի համար հայ­տարարված մրցույթին մասնակցելու համար առաջադրված թեկնա­ծությունները քվեարկելու համար:Գիտական խորհուրդը փակ (գաղտնի) քվեարկությամբ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բաժինների վարիչներ է  ընտրում.  բարբառա­գիտության բա­ժին` բ.գ.թ. Վիկտոր Լիպարիտի Կատվալյանին,  ընդհանուր և համեմատական լեզ­վաբանության բաժին` բ.գ.դ. Վազգեն Գուրգենի Համբար­ձումյանին,  կիրա­ռա­կան լեզվաբանության բաժին` տ.գ.թ. Անժելա Խաչիկի Մանուկյանին, հայոց լեզվի պատմության բաժին` բ.գ.թ. Գայանե Մելիսի Մխիթարյանին, արդի հայերենի բաժին` բ.գ.թ. Նվեր Ժորայի Սարգսյանին:
 Ապրիլի 22- ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի է ունենում միջոցառում՝ նվիր­ված հայոց եղեռնի 98-րդ տարելիցին:  Միջոցառման ավարտին լեզվի ինստի­տուտի գիտական անձնակազմը հանդես է գալիս հետևյալ հայտա­րա­րությամբ. 
              Մարդկության դեմ գործված որևէ հանցանք երբևիցե մոռացության են­թակա չէ: Այս կամ այն պետության կողմից հայոց ցեղասպանության ճանա­չումից,  թուրքական պետության կողմից օսմանյան ոճրագործության ժխտումից և քաղաքական ու դիվանագիտական անմաքուր խաղերից անկախ՝  ողջ աշխարհը և հենց թուրք առաջադեմ մտավորականները հիշում և դատա­պարտում են քսաներորդ դարասկզբի հայոց եղեռնը, որը միաժամանակ մարդ­կության ամոթն է՝ իր դրսևորման հրեշավոր ու գազանաբարո եղանակներով: Գրեթե մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը՝ միլիոնավոր հայերի ֆիզիկական բնա­ջնջումով, տեղահանությամբ, իր հայրենի հողի վրա դարերի ընթացքում ժողո­վըրդի արարած արժեքների ոչնչացումով, խեղեց հայ ժողովրդի պատմական ճա­կատագիրը,  բեկեց հայության զարգացման բնականոն ընթացքը՝ այդպիսով ծան­րագույն վնաս հասցնելով նաև մարդկային քաղաքակրթությանն ու համաշ­խարհային մշակույթին: Արդեն շուրջ հարյուր տարի է, ինչ յուրաքանչյուր հայի հոգում դաջված են կոտորածների, մշակութային արժեքների անդառնալի ոչնչաց­ման, հայրենիքի մեծագույն մասի  կորստի տառապագին հիշողությունն ու անամոք ցավի զգացումը:
               Մեծագույն ցավով փաստում ենք, որ վայրենի բնազդների՝ օսմանյան պետության կողմից ուղղորդվող քստմնելի խրախճանքի հորձանուտում եղեռ­նազարկ եղավ նաև աշխարհի հնագույն ու զարգացած լեզուներից մեկը՝ հայե­րենը: Աշխարհի երեսից իսպառ անհետացան դարերի ճամփա անցած, դարավոր իմաստնություն ու հիշողություն ամբարած տասնյակ հայ բարբառներ, շատ այլ բարբառներ էլ, վտարվելով հայրենի հողից և զրկվելով կենսական պայմաններից, բեկորներով սփռված են օտար ափերում ու սերնդից սերունդ մոռացության են մատնվում այլախոս միջավայրերում: Երբեմնի ծաղկուն ու շքեղ գրական արևմտա­հայերենը, զրկված լինելով իր հայրենիքում գոյատևելու և գործառելու հնարավորությունից,  թևը զարկված հավքի նման անհեռանկար դեգերում է աշ­խար­հից աշխարհ՝ որոնելով ու չգտնելով տունդարձի ճամփան:
            Առանձնահատուկ ընդգծելով այն իրողությունը, որ հայոց եղեռնի հետևանքով հայերենը ևս ծանրագույն կորուստներ է կրել և զրկվել է միասնական զարգաց­ման իր բնական իրավունքից ու հնարավորությունից՝ մենք դատապարտում ենք մարդկանց զանգվածային ոչնչացման ցանկացած դրսևորում, միաժամանակ կոչ ենք անում բոլոր ժողովուրդներին ու երկրներին՝ հարաբերությունները կառուցել միմյանց իրավունքները հարգելու և փոխըմբռնման հիմքի վրա, բացառել բոլոր կարգի բռնությունները, ջանքեր գործադրել ոչ թե պատերազմելու միջոցներ ստեղծելու ու եղածները կատարելագործելու, այլ համամարդկային բարօրության  ու համերաշխության հասնելու ուղղությամբ:  
        Դիմում ենք նաև աշխարհի բոլոր հայերին՝ կոչ անելով՝
      ա) համախմբվել հայրենի պետականության շուրջ և ամեն կերպ նպաստել նրա զարգացմանն ու հզորացմանը, միշտ հիշել, որ յուրաքանչյուր հայի հայրենիքը Հայաստան աշխարհն է.
      բ) սիրել,  պահպանել, գործածել, տարածել ու սերնդեսերունդ փոխանցել հայոց լեզուն՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով հայապահպանության և ազգային իղձերի իրականացման գործին, ինչպես նաև համաշխարհային կազմակ­եր­պու­թյունների հռչակած՝ բազմալեզու ու բազմամշակույթ աշխարհում  ազգային յուրահատկությունները պահպանելու և զարգացնելու գաղափարների իրագործ­մանը:    
Մայիսի 16- Կայանում է «Հովսեփ Օրբելու բարբառագիտական և բանահյուսական աշ­խա­­տանք­­ները Մոկաց աշխարհ կատարած գիտական գործուղման ընթացքում» թեմայով սեմինար:  
Մայիսի 22-24 -Տեղի է ունենում «Ջահուկյանական ընթերցումներ»  ութերորդ հանրապե­տա­­կան գիտական  նստաշրջանը:
Սեպտեմբերի 30-ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենում հանդիսավոր նիստ՝ նվիրված Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին: Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը նշում է այն մեծ դերակատարությունը, որ ունեցել է լեզվի ինստիտուտը հայերենագիտության զարգացման ոլորտում, և հետագա գիտական ձեռքբերումներ մաղթում ինստիտուտի գիտաշխատողներին: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ջերմորեն շնորհավորում է ինստիտուտին` ընդգծելով հայապահպանության, հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում ինստիտուտի աշխատակիցների դերը: Հ.Հակոբյանը լեզվապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար ինստիտուտի մի շարք աշխատակիցների պարգևատրում է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մե­դալով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Ինստիտուտի անցած ուղին, ձեռքբերումները առաջիկա անելիքները և ծրագրերը ներկայացնում է ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը: Ողջույնի խոսք է  ասում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռ.Հակոբ­յա­ն­ը` կա­րևո­րե­լով ինստիտուտի դերը հայագիտության ոլորտում: Ինստիտուտի ավագ սերնդի մի շարք աշխատակիցներ հետաքրքիր դրվագներ են հիշում ինստիտուտի կյանքից: Նիստը եզրափակում է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քար­տուղար Յու.Սուվարյանը` վստահություն հայտնելով, որ ինստիտուտի 70-ամյա ուղու այս արձանագրումը նոր լիցք կհաղորդի գիտաշխատողներին՝ իրենց հայրենանվեր աշխա­տանքում:
         Լ.Հովսեփյանի ելույթը  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնա­դրման 70-ամյակին նվիրված  հանդիսավոր նիստում:
        Ինստիտուտի կյանքի յոթանասուն տարիներից ուղիղ 50-ին առնչվել եմ ամենասերտ կերպով` սկսած 1963 թվականից, երբ ընդունվեցի ասպիրանտուրա, և մինչև այսօր, ականատես եմ եղել և' ամենամեծ նվաճումներին, և' ցավոք, որոշ հետըն­թացին, որ մեղմ ասած` անբացատրելի և չարդարացվող քաղաքականության հե­տևանք էր ակադեմիայի պատմության որոշ շրջանում: Բարեբախտաբար, այժմ իրա­վիճակը աստիճանաբար շտկվում է, և ավելի լայն հեռանկարներ են բացվում ինստիտուտի և ընդհանրապես հայագիտության առաջ:
        Ինստիտուտի գիտական նվաճումների մասին սպառիչ խոսք ասացին թե' տնօ­րենը, թե' մյուս ելույթ ունեցողները և ըստ արժանվույն գնահատեցին այն նշանա­կալից ավանդը, որ ներդրել է ինստիտուտը հայրենի գիտության զարգացման մեջ իր գոյության 70 տարիների ընթացքում:
        Բայց այս պահին ես կուզենայի հատկապես խոսել ոչ միայն և ոչ այնքան ինստիտուտի գիտական կոլեկտիվի արդյունավետ աշխատանքի ու նվաճումների, որքան ինստիտուտում տիրող մթնոլորտի մասին` մտավոր, հոգեկան, բարոյական, հայրենասիրական, ազգային, մշակութային, մարդկային հարաբերությունների, հետաքրքրությունների, ձգտումների, երազանքների այն մթնոլորտի մասին, որը տիրում էր ինստիտուտում նրա ծաղկման շրջանում` 60-80-ական թվականներին, մինչև 90-ականների սկիզբը:
          Ամենից առաջ կուզենայի շեշտել, թե որքան բարձր էր գնահատվում գիտելիքը թե' ավագների, թե' երիտասարդների մեջ, որ հասնում էր յուրատեսակ պաշտամունքի: Պետք է հատկապես նշեմ, թե ինչ լայն կրթություն էին ստանում ինստիտուտի ասպիրանտները: Անկախ ընտրած մասնագիտությունից, նրանք պարտադիր քննություններ էին հանձնում ընդհանուր լեզվաբանությունից, առնվազն երեք ժամանակակից օտար լեզուներից, շատերը նաև դասական լեզուներից (հունարեն ու լատիներեն), լեզվի պատմությունից ու գրաբարից: Հնարավորություն էր տրվում ուսումնասիրելու արևելյան լեզուներ, բավական է ասել, որ Ջահուկյանը մեզ հետ պարապում էր սանսկրիտ, ընդ որում լիովին անվճար, մասնագետներ էին հրավիրվում մյուս ինստիտուտներից, Մոսկվայից, Լենինգրադից, արտասահմանից, որոնք զեկուցումներով հանդես էին գալիս ինստիտուտի աշխատողների առջև:
        Չի կարելի մոռանալ լեզվաբանության տեսական հարցերին ու նորագույն ուղղություններին նվիրված գիտական սեմինարները, որին մասնակցում էին ինստի-տուտի բոլոր աշխատակիցները, և որտեղ բոլորը անհամբեր սպասում էին Ջահուկ-յանի ամփոփիչ խոսքին: Հիշենք քերականության հարցերին նվիրված գիտական բանավեճերը, որոնք բուռն հետաքրքրություն էին առաջ բերում մայրաքաղաքի մտավորականության մեջ, նույնիսկ լեզվաբանությանն անմիջաբար չառնչվող մար-դիկ նույնպես անտարբեր չէին մնում, իսկ ատենախոսությունների պաշտպանու-թյուններն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում:
        Չի կարելի մոռանալ հայերենագիտական երկու հայտնի միջազգային գիտա-ժողովները 1982 և 1987 թվականներին, որոնք ակնհայտորեն հաստատեցին, որ Հայաստանն է հայագիտության կենտրոնը, և հայ գիտնականները համընթաց են քայլում ժամանակի լեզվաբանական գիտության գաղափարներին ու մոտեցում-ներին£
        Չի կարելի մոռանալ, թե ինչպիսի մեծ գիտնականների հետ էինք մենք շփվում, որոնց անուները այսօրվա երիտասարդների համար կարող են լեգենդ թվալ, և որոնք հայտնի են նրանց միայն իրենց գրքերով ու աշխատանքներով: Ե. Տեր-Մինասյան, Գ. Ջահուկյան, Է.Աղայան, Ա.Ղարիբյան, Գ.Սևակ, Վ.Առաքելյան, Ա.Աբրահամյան, Ս.Աբ­րա­համյան, Վ.Քոսյան, Ա.Սուքիասյան, Հ.Մուրադյան, Ն.Պառնասյան, Վ.Գրի­գորյան և ավելի երիտասարդ սերնդի բազում շնորհալի մասնագետներ: Նրանց վերաբերմունքը մեր` երիտասարդներիս հանդեպ միշտ բարեկամական էր ու մտերմական, բայց դրանից մեր ակնածանքը չէր պակասում: Միևնույն ժամանակ տիրում էր գիտական անաչառ մթնոլորտ, և նույն այդ երիտասարդները կարող էին ազատորեն արտահայտել իրենց մտքերը գիտական քննարկումների ու նախապաշտպանությունների ժամանակ, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ մերժվել են կամ վերամշակման են հանձնարարվել ավելի ավագների ոչ այնքան հաջողված կամ դեռևս անմշակ որոշ գործեր, քանի որ չափանիշները շատ բարձր էին:
        Պետք է շեշտեմ նաև, որ ավագների հետ միասին հայ լեզվաբանությունն առաջ էին մղում և երիտասարդները: Պարբերաբար կազմակերպվում էին երիտասարդ լեզվաբանների գիտաժողովներ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում և այլուր: Ավագների հետ միասին գիտական գործուղումների էին մեկնում նաև երիտասարդները` մասնակցելու Սովետական Միության տարբեր քաղաքներում տեղի ունեցող լեզվաբանական համաժողովներին ու այլ միջոցառումներին և միշտ էլ շատ բարձր էին գնահատվում մասնագետ գործընկերների կողմից:
       Չի կարելի մոռանալ և այն հայրենասիրական ու ազգային ոգին, որ հատուկ էր լեզվի ինստիտուտի կոլեկտիվին: Հիշենք, որ այն տարիներին, երբ Մեծ եղեռնի տարելիցների նշումը մեղմ ասած չէր խրախուսվում, լեզվի ինստիտուտում էր, որ ամեն տարի հանդիսավոր նիստեր ու ցերեկույթներ էին տեղի ունենում, իսկ երբ ցեղասպանության փաստն ու ամենամյա ոգեկոչումներն ընդունվեցին պետականորեն, դարձյալ լեզվի ինստիտուտն էր, որ կազմակերպված քայլարշավով ու սեփական ձեռքով պատրաստված ծաղկեպսակներով առաջիններից մեկն էր այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Եվ երբ սկսվեց արցախյան շարժումը, լեզվի ինստիտուտը դարձյալ այդ շարժման առաջավորներից էր, ոչ միայն ցույցերին մասնակցելով, այլև ելույթներով, հոդվածներով, նամակներով ու համախոսականներով: Ինստիտուտից շատերը, թե' միջին սերնդի ներկայացուցիչները, թե' ավելի երիտասարդները, այն ժամանակ հայտարարված արտակարգ դրության և պարետային ժամի պայմաններում հնարավորություն էին ձեռք բերում շրջելու մարզերը և օգնություն հասցնելու Բաքվից ու Արցախից գաղթած և Հայաստանում ապավինած մեր հայրենակիցներին: Ինստիտուտն առաջինն էր, որ կազմակերպեց բարեգործական աճուրդ, որի հասույթն ամբողջապես տրամադրվեց արցախյան ֆոնդին: Նույնպիսի օգնություն էր կազմակերպվում նաև երկրաշարժից տուժած բնակչությանը: Ինստիտուտը հատուկ բանկային հաշիվ բացեց կամավոր դրամական օգնությունների համար:
       Լեզվի ինստիտուտը եղել է նաև հայ ազգային մշակույթի օջախ: Չմոռանանք, որ ինստիտուտի աշխատակից, երջանկահիշատակ Մարո Մուրադյանի` հայ ազգային երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի դստեր ղեկավարությամբ է ստեղծվել ինստիտուտի երգչախումբը, որ հետագայում դարձավ հանրահայտ «Ակունք» հա-մույթի հիմքը, և նրա օրինակով ստեղծվեցին մի քանի ազգագրական պարային ու երգչային խմբեր:
Ինստիտուտի կոլեկտիվը խորապես հետաքրքրված էր նաև հայ պատմա-մշակութային հուշարձաններով, բազմիցս այցելում և ի մոտո ծանոթանում էր դրանց, ակտիվ անդամագրված էր հայ ճարտարապետական հուշարձանների պահպանության ընկերությանը, հանդիպումներ էր կազմակերպում հայ ճարտարապետության մասնագետների, ինչպես նաև այլ արվեստագետների, գրողների, ասմունքողների, երգիչների հետ: Հայտնի էին լեզվի ինստիտուտի կազմակերպած էքսկուրսիաերը` պատմամշակութային հուշարձանների այցելությամբ (ներառյալ Ջավախքն ու Արցախը), որոնց սիրով մասնակցում էին և ակադեմիայի այլ ինստիտուտների աշխատակիցները:
         Հիշենք նաև «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդաշարը, որը մայրենի լեզվի անաղարտության, մշակման ու կատարելագործման շնորհակալ աշխատանքն էր իրագործում: Ակտիվորեն գործում էր Տերմինաբանական կոմիտեն, հետագայում` Հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը: Ինստիտուտի աշխատակիցներից շատերը դպրոցական ու բուհական դասագրքերի հեղինակներ էին:
       Այս բոլորը ավանդույթներ են, որ արժանի են շարունակության:
       Ուրախությամբ պետք է նշեմ, որ այժմ դրա համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ, թեև հայ գիտնականի կյանքը դեռևս ծանր է:  Բայց կան նոր ծիլեր և երիտասարդների ձգտում` զբաղվելու հայագիտության հարցերով: Ինստիտուտում հիմնված է երիտասարդ լեզվաբանների խորհուրդ: Եվ վերջին տարիներս ավելի մեծ աջակցություն է նկատվում ակադեմիայի ղեկավարության և ԿԳ նախարարության կողմից: Բավական է ասել, որ 90-ականների անողոք կրճատումներից հետո այժմ սկսել է ավելի ընդլայնվել ինստիտուտի պրոֆիլը, աստիճանաբար վերականգնվում է ինստիտուտի նախկին կառուցվածքը, բացվել են նոր բաժիններ, ավելի շատ ասպիրանտական և հայցորդական տեղեր են հատկացվում, կատարելագործվում են ուսումնառության ծրագրերն ու մեթոդները, ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է գիտական միջոցառումներին, հանրակրթական գործին, ինստիտուտի շատ աշխատակիցներ դասավանդում են նաև բուհերում, մասնակցում են դասագրքերի ու ձեռնարկների ստեղծմանը և այլն:  Հատկապես պետք է գնա-հատել նոր տնօրենության ջանքերը ըստ ամենայնի ակտիվացնելու ինստիտուտի գործունեությունը, կապեր հաստատելու արտերկրի լեզվաբանների հետ: Այս ամենը հույս է ներշնչում, որ ինստիտուտին և ընդհանրապես հայագիտությանը սպասում է մեծ ապագա, անցյալի ավանդույթների վերականգնում ու շարունակում, և որ հայրենի գիտությունն ու մշակույթը կհասնեն մի նոր, ավելի բարձր աստիճանի:
Հոկտեմբերի  2-3- Տեղի է ունենում Երիտասարդ լեզվաբանների հանրապետական  երրորդ գի­տա­­ժո­ղո­վը:
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.