Ս.թ. մարտի 22-ին ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնում ներկայացվեց նույնանիշների՝ XVIII դարից ավանդված ձեռագիր բառարաններում վկայված նորակերտ բայերին վերաբերող հոդվածը։
Բանախոսը նշեց, որ հոմանիշների՝ XII-XVII դդ. ավանդված ձեռագիր բառարաններին առնչված հետազոտողները հավաստում են, որ դրանց «մանրազնին ուսումնասիրությունը ի հայտ կբերի բավական նոր բառեր, որոնք ժամանակին գործածական են եղել մեր գրականության ու ժողովրդական խոսվածքի մեջ»: Նոր կամ նորակերտ բառեր առկա են նաև նույնանիշների` XVIII դ. ավանդված ձեռագիր բառարաններում, որոնք չունեն բնագրային օրինակներ։ Ուստի, ըստ նրա, փորձ է արվում այդ բառերի գոյությունը հաստատել հայերենի բառակազմության առանձնահատկություններով, հետագայում լույս տեսած բառարաններով, հնարավորության դեպքում՝ նաև բնագրային օրինակներով: Առանձնացված առակցել, առբասրել, հակազինել, հակամարտել, մանրախուզել, նեղարկել, պայմանաւորել, սակարկել, տրտմակցել բայերի քննությամբ բանախոսը պարզել է, որ XVIII դ. ավանդված ձեռագիր բառարաններում առկա, գրաբարի տպագիր բառարաններում չվկայված այս բայերը կամ ստեղծել են ընդօրինակող գրիչները, կամ էլ նրանք բառաշարքերին հավելել են բայեր, որոնք գործածել են ժամանակիցները. մի քանի բայ հիշատակում է Մխ. Սեբաստացին XVIII դ. լույս տեսած բառարանում։ Մի քանիսն էլ, ըստ բառարանային տվյալների, պահպանվել են հայոց լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակներում։
Ծավալվեց քննարկում. բանախոսը պատասխանեց բաժնի գիտաշխատակիցների հարցերին։