Լեզվի ինստիտուտը տարին ամփոփեց բարձր գնահատականով
Անցնող տարում ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ընթացել են գրական արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, խոսակցական հայերենի, բարբառների կառուցվածքային յուրահատկությունների, հնչյունաքերականական ու բառային համակարգերի, լեզվի պատմությանն առնչվող հարցերի, ընդհանուր, համեմատական ու կիրառական լեզվաբանական խնդիրների հետազոտման աշխատանքներ։ Դրանք շարունակական են լինելու նաեւ եկող տարվա ընթացքում։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ մանրամասն ներկայացնելով լեզվաբանության ոլորտում կատարված կարեւոր փոփոխությունները։ Նրա խոսքերով՝ մասնավորապես քննության են ենթարկվել հանրալեզվաբանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդու հաղորդակցական գործառույթները, լեզվի եւ մշակույթի, լեզվի եւ կրոնի փոխհարաբերությունները, լեզուների պատմության մեջ հանրային եւ հոգեբանական գործոնների դերը, լեզվաբանական աշխարհագրության դիտանկյունից մեկնաբանվել են հարավկովկասյան տարածքի բառագիտական խնդիրները, ներկայացվել են հայ լեզվաբանության մեջ վիճակագրական նորագույն մեթոդների օգտագործման առաջին փորձերի արդյունքները։
«Ստացված արդյունքները որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ե՛ւ հայերենագիտության, ե՛ւ ընդհանուր ու համեմատական լեզվաբանության առումներով։ Կարեւոր նշանակություն կարող են ունենալ ինչպես գիտության հետագա զարգացման, տարբեր հարցերի նորովի մեկնաբանման, այնպես էլ կրթության, մշակույթի, պատմության եւ մի շարք այլ բնագավառների խնդիրներ լուծելիս։ 2019թ. դեռեւս շատ աշխատանքներ ունենք անելու մասնավորապես արեւմտահայերենի ուսումնասիրության ուղղությամբ, նպատակ ունենք ստեղծել ակադեմիական քերականություն։ Բարբառագիտության ոլորտում լույս կտեսնի Հայաստանի բարբառագիտության երկրորդ հատորը՝ նվիրված Կոտայքի մարզին։ Կան բազում բարբառային միավորներ, որոնք դեռեւս նկարագրված չեն։ Արդի հայերենի ուսումնասիրության ոլորտում մտադիր ենք պատրաստել կանոնական կամ նորմատիվ քերականություն՝ նախատեսված բոլորի համար, անկախ տարիքից։ Լեզվի պատմության ոլորտում սկսելու ենք գրաբարի ակադեմիական քերականության շարադրանքը, որը բաղկացած կլինի 3 կամ 4 հատորից»,–ներկայացրեց Կատվալյանը՝ միաժամանակ նշելով, որ նյութեր են պատրաստվել հայերենի պատմական բառարանի համար, պատրաստ է ստուգաբանական բառարանի 1—ին պրակը։
Կատվալյանի խոսքերով՝ արդի հայ լեզվաբանության կարեւորագույն խնդիրներից է մնում արեւմտահայերենի հետազոտումն ու կանոնարկումը։ Այս առումով աշխատանքներ են տարվել արեւմտահայերենի քերականության պատմությունը նոր տվյալներով համալրելու ուղղությամբ. «Մասնավորապես՝ դիտարկվել է 1950—1960—ական թվականներից հետո սփյուռքի տարբեր համայնքներում կիրառվող՝ արեւմտահայերենի ուսումնական ձեռնարկների մեջ քերականական կարգերի մեկնաբանությունների պատմական զարգացումը՝ զուգադրելով հեղինակների տեսակետներն ու մեկնաբանությունները։ Որոշվել են արեւմտահայերենի բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական խոսքի մասերի գործառության կանոնական ձեւերը, համակարգված ձեւով ներկայացվել են քերականական օրինաչափությունները»։ Մեծ աշխատանք է տարվել նաեւ բարբառագիտության ոլորտում՝ Հայաստանում գործառող բարբառային միավորների ուսումնասիրության առումով։ Ավարտվել է «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» համալիր ծրագրի առաջին փուլը, որը ներկայացնում է Գեղարքունիքի մարզում գործածվող Մշո, Բայազետի, Դիադինի բարբառների, Գանձակի միջբարբառի, Մակուի եւ Արծափի խոսվածքների ընդհանուր նկարագրերն ու մարզում բարբառային այդ միավորների դրսեւորումների առանձնահատկությունները։ Աշխատության մեջ տրված են մարզի 52 բնակավայրերի բարբառային բնութագրերը, բարբառային խոսքի նմուշներն ու բարբառային բառերի ընդարձակ բառացանկը։
Հայերենագիտության ոլորտում տարվող այս գիտահետազոտական աշխատանքները, Կատվալյանի դիտարկմամբ, նպաստում են ազգային ինքնության խնդիրներին, պատմությանը, մշակույթին, նկարագրին, հոգեբանությանը, զարգացման անցած փուլերին ու հեռանկարներին վերաբերող եւ բազում այլ հարցերի պարզաբանմանը, հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների, քաղաքակրթական առանձնահատկությունների բացահայտմանն ու արժեւորմանը. «Մեր ուսումնասիրությունների արդյունքները կարեւոր նյութեր են պարունակում ընդհանուր լեզվաբանական առումով, արժեքավոր են հարակից մի շարք գիտաճյուղերի համար։ Լեզվի ինստիտուտում կատարված շատ աշխատանքներ ունեն նաեւ գիտագործնական, կիրառական նշանակություն։ Ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ լայն հանրության մեջ սպասված է «Նոր բառերի» հերթական պրակը։ Ինստիտուտում պատրաստված թե՛ տեսական եւ թե՛ ուսուցողական աշխատանքները գործածվում են բուհական համակարգում, ուսումնական այլ գործընթացներում։ Գործարկվել է «հamabarbar.am» էլեկտրոնային կայքը, որտեղ ներկայացված էլեկտրոնային համաբարբառների հսկայածավալ շտեմարանը մեծապես կնպաստի լեզվաբանական հետազոտություններում էլեկտրոնային համաբարբառների կիրառությանը, ինչպես նաեւ լեզվական փաստերի համաժամանակյա եւ տարաժամանակյա քննությանը»։ Կիրառական եւ համակարգչային լեզվաբանության արդի խնդիրները գիտական պատշաճ մակարդակով ներկայացնելու նպատակով ստեղծվել է նաեւ «appliedlinguistics.am» էլեկտրոնային հարթակը, որը կարող է օգտակար լինել լեզվաբանների, լեզվածրագրավորողների, ուսանողների, ինչպես նաեւ գիտական հանրության առավել լայն շրջանակների համար։
Ինստիտուտը հրատարակում է «Լեզու եւ լեզվաբանություն» հանդեսը, որի այս տարվա 2 համարներում գիտական հոդվածներից բացի ընդգրկված են նաեւ միջազգային գիտական նորությունները ներկայացնող, ինստիտուտի գիտական ու գիտակազմակերպական իրադարձությունները լուսաբանող նյութեր։ Ինստիտուտի գիտական կյանքի կարեւոր բաղկացուցիչ մաս են նաեւ սեմինար—քննարկումները։ Անցնող տարում կազմակերպված սեմինարները, Կատվալյանի խոսքով, նվիրված են եղել արդի տիպաբանական լեզվաբանության հիմնախնդիրներին, արեւմտահայերենում ներգործական սեռի բայերի խնդրառությանը եւ հայցական հոլովի դրսեւորումների, արեւելահայերենի շարահյուսական ծառերի շտեմարան նախագծի ներկայացմանը եւ այլն։ «Հաշվետու տարում սկսել ենք կազմակերպել հրապարակային դասախոսություններ, որոնց նպատակն է գիտական հանրությանը, նաեւ լայն հասարակությանը ներկայացնել լեզվական ու լեզվաբանական խնդիրների պարզաբանումներ, մեկնաբանություններ, նորություններ։ Մեր ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում լեզվաքաղաքական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին։ Հայերենի անաղարտության պահպանման, արեւմտահայերենի ուսումնասիրության ու ուսուցման խնդիրների շուրջ շահեկան ու արդյունավետ համագործակցություն է ծավալվել մեր, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի միջեւ։ Ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են զանգվածային լրատվամիջոցներում լեզվին ու լեզվաքաղաքականությանը վերաբերող քննարկումներին, ներկայացրել են ինստիտուտի տեսակետները, պարզաբանումներ տվել լեզվին առնչվող մերժելի ու խեղված, մակերեսային պատկերացումների վերաբերյալ»,–ասաց Կատվալյանը՝ ընդհանուր առմամբ արդյունավետ գնահատելով ինստիտուտի 7 բաժինների աշխատանքները, որոնք պարբերաբար կազմակերպել են գիտական քննարկումներ, բաժինների նիստեր, մասնակցել են ինստիտուտային քննարկումներին, սեմինարներին, միջոցառումներին։
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ի նշանավորումն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75—ամյակի, այս տարի նախաձեռնել էր նաեւ միջոցառումների շարք՝ նվիրված ակադեմիայի եւ լեզվի ինստիտուտի հիմնադրման ու զարգացման ակունքներում կանգնած մեծանուն լեզվաբաններ Գեւորգ Ջահուկյանին, Հրաչյա Աճառյանին, Արարատ Ղարիբյանին եւ Գրիգոր Ղափանցյանին։ Այս միջոցառումների ընթացքում տեղի են ունեցել նաեւ գրքերի շնորհանդեսներ՝ նվիրված տվյալ գիտնականներին։ Օրինակ՝ լույս է տեսել Սոֆյա Աճառյանի՝ նրա կնոջ գրքի շնորհանդեսը։ Դա հուշերի գիրք է անվանի լեզվաբանի մասին։ Արարատ Ղարիբյանին նվիրված միջոցառմանը տեղի է ունեցել Կատվալյանի՝ «Հայաստանի բարբառային համապատկեր» գրքի առաջին հատորի շնորհանդեսը, որում ներկայացված է Գեղարքունիքի մարզի բարբառային բնութագիրը։ «Յուրաքանչյուր մարզին կնվիրենք մեկ հատոր, այդպես կունենանք ամբողջ Հայաստանի բարբառային պատկերը»,–ասաց ինստիտուտի տնօրենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինստիտուտի՝ բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները ամփոփված են հրատարակված 18 մենագրություններում, 8 համաբարբառներում եւ շուրջ 80 հոդվածներում, 1 մենագրություն եւ 12 հոդված տպագրվել են արտասահմանյան հանդեսներում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20181227_6&flag=am