«Սոցիալական ցանցերում հայոց լեզուն դրսեւորվում է այնպես, ինչպես կենցաղում ու առօրյայում: Դա խոսակցական հայերենն է, որը պարզապես արտահայտվում է գրավոր տեսքով: Պետք չէ շատ կենտրոնանալ սոցցանցերում հայերենի գործածության վրա, քանի որ սոցիալական ցանցերում գրում են այնպես, ինչպես խոսում են: Դա նորմալ է: Աննորմալն այն է, որ գրվում է ոչ թե հայերեն տառերով, այլ լատինատառով»,- նշում է ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Սոցիալական ցանցերում մարդիկ ազատ դրսեւորվում են: Եվ պարտադիր չէ, որ սոցցանցերում մաքրամաքուր գրական հայերեն լինի, երբ մարդիկ իրար հետ հաղորդակցվում են: Այնպես որ՝ խոսակցական հայերենի գործառությունն իր մեջ մեծ վտանգ չի պարունակում: Խոսակցական հայերենն էլ իր իրավունքներն ունի: Ուղղակի պետք է այդ հայերենը ժարգոնախառը չլինի, օտար, անհարգի բառեր չլինեն, քերականական կամ բառային կոպիտ սխալներ չլինեն: Ինչքան մաքուր լինի խոսակցական հայերենը, այնքան ավելի լավ: Դա ազատ խոսք է եւ անվերահսկելի: Սոցիալական ցանցերի լեզուն վերահսկելը նույնն է, որ փորձենք փողոցում մարդկանց խոսակցությունները վերահսկել: Եվ ասենք՝ ինչո՞ւ դուք գեղեցիկ հայերենով չեք խոսում»,- կարծում է մասնագետը:
Կատվալյանը վստահեցնում է՝ լատինատառով գրելու վտանգը մեծ է՝ պարզաբանելով, որ մայրենի լեզուն ազգային նկարագրի ամենակարեւոր արտահայտությունն է, իսկ մայրենին պիտի իր բոլոր դրսեւորումներն ունենա մայրենիի ձեւով, ոչ թե օտարալեզու այբուբենի: «Ամենավատն այն է, որ մարդու գիտակցության մեջ է նստում այդ օտար այբուբենը, դա խայտառակություն է: Դա ոչ թե միայն վիրտուալ տիրույթում է, այլ մարդու մոտ արդեն հայոց այբուբենի մոռացություն է լինում: Երբ հայը հայերենով ու օտար տառերով է գրում, դա աղտոտում է հայերենը՝ մեկ, եւ երկու՝ ազգային նկարագիրն է կորում: Հաճախ նաեւ շատ տգեղ բաներ են գրում, գուցե նաեւ մեր այբուբենը թույլ չի տալիս այդքան իջնել, որքան իրենց ազատ են զգում ու օտար այբուբենով ինչ ասես գրում են»,- մտահոգվում է Կատվալյանը: Երբեմն նաեւ հայերենի ուղղագրության վատ իմացությամբ է բացատրվում լատինատառ գրելը: Բայց Կատվալյանը սա համարում է կեղծ հիմնավորում՝ պարզաբանելով. «Սխալներով գրողները միշտ էլ գրում են սխալներով, կարծում եմ, որ ավելի լավ է՝ սխալներով հայատառ գրեն, քան՝ լատինատառ: Ես չեմ կարծում, որ սխալներից խուսափելով են լատինատառ գրում: Եթե այդ գրողներն այդքան գիտակցեն, որ սխալներից պետք է խուսափեն, ապա կփորձեն սովորել: Կարծում եմ՝ սա կամ սովորության հարց է, կամ տեխնիկան թույլ չի տալիս հայատառ գրել, կամ օտարամոլության խնդիր կա»:
Լեզվական ծեքծեքումներ
Հայերեն խոսքում նորաձեւ դարձած անգլալեզու r-ի կամ ռուսերենի ь-ի գործառությունը Կատվալյանը համարում է հովեր, որոնք կգան ու կանցնեն: Նա դա բացատրում է կամ տարիքային առանձնահատկությամբ, կամ աչքի ընկնելու ցանկությամբ: «Ուղղակի տգեղ է ու տհաճ: Երիտասարդը պիտի իմանա, որ պետք է բառերը ճիշտ արտասանել: Գրական լեզվում այդ լեզվական ծեքծեքումները պիտի չլինեն: Հաճախ դիտավորյալ են անում՝ գիտե՞ք, սեթեւեթում են: Դա օտարամոլություն է: Դա միշտ էլ եղել է: 19-20-րդ դդ․ մեր մտավորականներն իրենց գրվածքներում ունեն նույն մտահոգությունները, ինչ մենք հիմա: Ուղղակի մենք հիմա պետություն ունենք եւ պետք է կարողանանք մեր պետական լեզվին տեր կանգնել, ուղղորդել բոլոր միջոցներով: Դա լեզվամշակույթի խնդիր է: Պետք է ընդհանրապես հասարակության լեզվամշակույթը բարձրացվի: Իսկ լեզվամշակույթը կարող է բարձրացվել կրթության համակարգում եւ նաեւ լրատվամիջոցներով: Ժողովուրդը հաճախ լեզվի մասին չունի ճիշտ պատկերացում: Մարդիկ հաճախ ամաչում են բարբառով խոսել: Նրանց թվում է, թե դա գռեհիկ է, վատ է, մինչդեռ դա սովորական հայերեն է եւ իր իրավունքներն ունի: Երեխան դպրոցում պիտի գեղեցիկ հայերեն խոսել սովորի: Եթե գրական լեզուն ճիշտ է դասավանդվում, ապա նրանց խոսակցական լեզուն ինքնաբերաբար մաքրվում է: Աշակերտները պիտի շատ պատմեն, խոսեն դասին»,- կարծում է Կատվալյանը: Նա նկատում է, որ մեր խոսակցական լեզվի ամենախոցելի կողմն օտար բառերի առատությունն է՝ պոլ, պարավո, ակուշկա, լյուստրա, խալադելնիկ եւ այլն: «Բացի այդ՝ խոսակցական լեզվում շատ սխալներ կան, որոնք շատ տգեղ են: Օրինակ՝ ե խոնարհման բայերը գործածում են իբրեւ ա խոնարհման բայեր՝ ծիծաղելուն ասում են ծիծաղալ, գովելուն՝ գովալ եւ այլն: Սրանց դեմ նույնպես պետք է պայքարել, որտեղ, իհարկե, կարեւոր է դպրոցական ուսուցումը»,- մտահոգվում է Կատվալյանը:
Երեխաները լուռ են
«Երեխաներն այսօր չեն սիրում խոսել,- նկատում է երեւանաբնակ մի ուսուցչուհի,- բացի այդ՝ նրանց բառապաշարը հագեցած է ժարգոնային արտահայտություններով ու հեռուստահաղորդումներից վերցրած բառերով: Թեեւ ես փորձում եմ աշակերտներիս շատ խոսեցնել, սակայն կարծում եմ, որ ծնողի դերն էլ այստեղ բավական մեծ է: Այսօր ծնողները ժամանակ չեն գտնում լսելու իրենց բալիկներին զբաղվածության եւ այլ խնդիրների պատճառով: Երեխաները նաեւ քիչ են կարդում: Տնային առաջադրանքներից բացի, շատ քիչ աշակերտներ են, որ կարդում են: Հիմնական զբաղմունքը համակարգչային խաղերն ու սմարթֆոններն են: Աշակերտներս դասամիջոցներին իրար հետ շփվելու փոխարեն խորասուզվում են իրենց սմարթֆոնների մեջ: Բառապաշարը պետք է գիրք կարդալով եւ շատ պատմելով զարգացնել: Երբ աշակերտը խոսում է, ես զգում եմ՝ կարդո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօր ծնողները երեխաներին փոքր տարիքում հեքիաթ պատմել էլ չեն սովորեցնում, ինչի բացասական արդյունքը տեսնում ենք դպրոցում: Բացի այդ՝ ուսուցչուհին որքան էլ փորձի, չի կարող մեկ դասաժամի ընթացքում բոլոր աշակերտներին լսել, քանի որ դասարանները գերծանրաբեռնված են: Պատկերացրեք՝ մի դասարանում 36-37 աշակերտ է սովորում»:
Հայերենի բարձրագույն խորհուրդը
«Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետի որոշմամբ վերագործարկվել է Հայերենի բարձրագույն խորհուրդը,- հայտնում է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, խորհրդի նախագահ Յուրի Ավետիսյանը։- Ժամանակին դա մտնում էր Հայոց լեզվի պետական տեսչության կազմում, սակայն նպատակային համարեցինք, որ դա առանձնանա եւ լինի վարչապետին կից: Դրանով բարձրացվեց կարգավիճակը, որպեսզի գործունեությունը լինի արդյունավետ: Խորհուրդն զբաղվելու է գրական լեզվի նորմավորման խնդիրներով: Դա օրենսդիր մարմին է, իսկ Լեզվի պետական տեսչությունն ավելի շատ վերահսկիչ մարմին է: Վերջերս շրջանառվում է այն փակելու խնդիրը, սակայն հասկանալի է, որ դա խիստ նպատակահարմար չէ, քանի որ դրանք տարբեր գործառույթներ են իրականացնում: Մեկն օրենսդիր է, մյուսը՝ վերահսկիչ: Տեսչությունը պետք է մնա որպես այդպիսին: Այս նոր մարմինը գիտական մարմին է: Զբաղվելու է գրական լեզվի կանոնակարգման հարցերով՝ սկսած արտասանությունից մինչեւ շարահյուսական կառույցներ եւ այլն»: «Մենք նաեւ խնդիր ունենք գրական ու խոսակցական հայերեններն իրար մոտեցնելու, քանի որ դրանք ակնհայտ իրարից հեռացել են: Խոսակցական լեզուն կտրվում է գրականից»,- կարծում է Ավետիսյանը: Անդրադառնալով համացանցում հայերենի գործածությանը՝ նշում է, որ սոցցանցերն ինչ-որ առումով մարտահրավեր են հայերենի անաղարտությանը: «Եթե մենք ձեռքներս ծալած նստենք, բնականաբար, դրանք կարող են էապես խաթարել լեզվի մաքրությունը: Այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանք տարվի, որն ըստ էության չի արվում. լատինատառ գրություն, գռեհկաբանությունների առատություն, լեզվական իրողությունների աղավաղումներ, բառագործածության սխալներ, որոնք տարածվելով, ցավոք սրտի, կարող են մուտք գործել նույնիսկ գրական լեզու»,- նշում է Ավետիսյանը:
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուրը `http://hraparak.am/?p=144627&l=am/hayereny+petq+e+gargonaxary+chlini+