«Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» (հուլիսի 29-30)

05/08/2015

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» խորագրով  համաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նա   համոզմունք  հայտնեց,  որ մայրենի լեզվի երկու ճյուղերին նվիրված այս գիտաժողովը  կնպաստի մեր լեզվի միասնական զարգացմանը, կանոնարկմանն ու գիտական ուսումնասիրությանը,  կրթական խնդիրներին վերաբերող նախաձեռնություններին, նոր ծրագրերի առաջադրմանն ու իրագործմանը: §Մենք պարտավոր ենք արևմտահայերենը պահպանել, մեր լեզուն անաղարտ պահել և ապահովել հայերենի միասնական զարգացումը՝ իբրև ազգային միասնության պահպանման և պետականության զարգացման կարևորագույն գործոն»,- նշեց նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա կարևորեց համաժողովի դերը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Նշեց նաև, որ այսօր առավել քան երբևէ օրակարգային է  Հայերենի բարձրագույն խորհուրդ ստեղծելու խնդիրը:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը  խոսեց ցեղասպանությունից 100 տարի անց հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերների մասին:  Անդրադառնալով լեզվի երկու ճյուղերի ներկա վիճակին և առկա խնդինենրին`  նա ներկայացրեց ցեղասպանության հետևանքով և խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, լեզվի զարգացման ու երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին: Վ. Կատվալյանը մասնավորապես նշեց, որ գիտաժողովի նպատակը գրական լեզվի մեկ միասնական տարբերակ ունենալը չէ, այլ զարգացման միասնական հեռանկարի և փոխհամաձայնեցված կանոնակարգումն է և փոխհարստացման ուղիների մշակումը և դրանց գործադրումը:

 ԵՊՀ դասախոս Հակոբ Չոլաքյանը հանդես եկավ նաև «Գրական հայերէնի երկու ճիւղերու մերձեցման խնդիրները Սփիւռքահայ դպրոցի համապատասխան փորձի լոյսին տակ» զեկուցումով: Ներկայացնելով արևմտահայերենի դասավանդմանն առնչվող խնդիրները Սփյուռքի հայկական դպրոցներում՝ նա հիմնավորեց բազմամշակույթ և բազմալեզու միջավայրերում ապրող և կրթվող հայ երեխաներին մայրենին արդյունավետ ուսուցանելու համար որոշակի հայեցակարգ և մեթոդներ մշակելու անհրաժեշտությունը:

Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանը ներկայացրեց իր խոհերը արդի հայերենի խնդիրների շուրջ:  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ազգային միասնության հարցում էական դեր ունեն մեր երկու գրական ճյուղերի քերականական և ուղղագրական տարբերությունները՝ «Հարություն» ֆիլմի օրինակով առանձնացրեց անհարկի նորաբանություններին և փոխառություններին առնչվող որոշ խնդիրներ:

Բանավոր խոսքում արևմտահայերենի և արևելահայերենի բառազուգորդումների մասին  զեկուցումով հանդես եկավ ԵՊԼՀ դասախոս Սուսաննա Աբազյանը: Շարժայի (ԱՄԷ) Օհաննէսեան վարժարանի ուսուցչուհի Հեղնար Կազանջյանը ևս անդրադարձավ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներին՝ ներկայացնելով դասավանդման ընթացքում իր կուտակած փորձը: Քննարկվող խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյանն անդրադարձավ գրական արևելահայերենի և արևմտահայերենի տերմինաբանության միասնականացման հարցերին:

Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Պալյանն առաջարկեց հայերենի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող որոշակի քայլեր: Նույն հարցին անդրադարձավ նաև  «Մեսրոպեան ուխտ» լեզվապահպանական միության նախագահ Նշան Որբերյանը (ԱՄՆ) և առաջարկեց  ստեղծել Համահայկական տերմինաբանական կոմիտե, քննարկել և ի մի բերել ուղղագրության միասնականացման խնդիրները:

Արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման իր տեսլականն ու լուծման ուղիները ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտիչյանը: Նա  հանգամանալից անդրադարձավ Սփյուռքի տարբեր համայնքներում օտար լեզուների ազդեցությամբ արևմտահայերենի կրած հնչյունական, քերականական փոփոխություններին և կիրառվող օտարաբանություններին: Խոսեց նաև սփյուռքում արևմտահայերեն հրապարակվող լրատվամիջոցների լեզվական խնդիրների, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման հարցերի մասին: Ն. Մկրտչյանը առաջարկեց Հայաստանում ստեղծել արևմտահայերենով գործող դպրոցներ,  իսկ Սփյուռքում`  լեզվի տեսչությանը համարժեք կառույց, որը փորձի նորմավորել լրատվամիջոցների լեզուն և աշխատանքներ իրականացնել տարբեր համայնքներում արևմտահայերենի կանոնարկման, տարբերությունների նույնականացման ուղղությամբ:

 ՀՀ  ԳԱԱ  Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց բաժնին կից սփյուռքի խմբի  ուղերձը Լոս Անջելեսից (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակներն անդրադառնում են հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներին ու ուղիներին: Նրանք նշում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, ուղղագրությանը և լեզվական այլ իրողությունների` համոզմունք հայտնելով, որ գործընթացը չպետք է կայանա լեզվաճյուղերից որևէ մեկի հաշվին: Ս. Տիոյանը ներկայացրեց նաև իր դիտարկումներն արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի   

հարցերի վերաբերյալ: 

Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը հանդես եկավ «Հայերէնը ֆրանսերէնի շուքին» զեկուցումով՝ անդրադառնալով տարբեր երկրներում այլ լեզուների հետ հայերենի ազդեցության և փոխազդեցության  խնդիրներին:

Արևմտահայերենի պահպանության, գործառության և կանոնարկման խնդիրներին, ուղղագրության հարցերին, հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման մարտահրավերներին վերաբերող զեկուցումներով հանդես եկան  ԵՊՀ  դասախոս, պրոֆ. Լևոն Եզեկյանը, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիմա Համբարձումյանը և նույն ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանը, ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, նույն կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանը, ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը, լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը, ԵՊԼՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Լուսինե Մարգարյանը,  «Այլկերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը, որոնք պատկերաշարով ներկայացրին մտավոր-ժամանցային խաղերի միջոցով  հայերենը պահպանելուն և կիրառելուն ուղղված իրենց ծրագիրը:  Ելույթ ունեցան նաև սփյուռքի կրթօջախների ուսուցիչները՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սոսե Փիլավճյանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». մայրենին անաղարտ պահել»): Զեկուցումների շարքը եզրափակեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատակից Անահիտ Քարտաշյանը՝ ներկայացնելով «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ»:

Մասնակիցների հարցերին պատասխանեցին  Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Համաժողովի երկօրյա աշխատանքն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ համաժողովը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանը միտված թերևս առաջին գործնական քայլն էր, իսկ արված դիտողությունները, առաջարկություններն ու նոր գաղափարները կարող են առաջադրել խնդիրների լուծման նոր ուղիներ:

 

 

 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.