ԴԱՍ ԻԲ. Ու հոլովումը գրաբարում

1. Համեմատի՛ր, որոշիր  Ա   և  Ու  հոլովումների տարբերությունը ըստ բնույթի՝ նկատի ունենալով հոլովիչի դիրքը.

 

Ա  հոլովում                                                 Ու  հոլովում             

ուղղ.  հիմն             հիմունք                                         հաւ         հաւք

սեռ.   հիման          հիմանց                                           հաւու      հաւուց

տր.    հիման          հիմանց                                           հաւու      հաւուց

հայց.  /զ/հիմն         /զ/հիմունս                                      /զ/հաւ      /զ/հաւս

բաց.   ի հիմանէ     ի հիմանց                                       ի հաւէ     ի հաւուց

գործ.  հիմամբ         հիմամբք                                        հաւու      հաւուք

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ու հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով ձագ բառի հոլովական հարացույցը.

ուղղ.  ձագ          ձագք  

սեռ.   ձագու       ձագուց    

տր.     ձագու       ձագուց   

հայց. /զ/ձագ       /զ/ձագս

բաց.   ի ձագէ      ի ձագուց

գործ.  ձագու        ձագուք

 

Ծանոթություն: Եզակի բացառականում  է  հոլովակերտից առաջ Ու հոլովիչը սղվում է, սակայն այգ, դաս, զարդ, սպաս, խրատ, նախանձ բառերում սովորաբար պահպանվում է՝ յայգուէ, ի դասուէ, ի զարդուէ, ի սպասուէ, ի խրատուէ, ի նախանձուէ:

 

3.Դիտարկելով  հետևյալ  բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում      Ու վերջադրական հոլովման.

ա/ արդ /ձև/, արև, գանձ, դաս, զարդ, զէն, խրատ, ծակ, ծով, ճակատ, մոգ, նախանձ, պար, սակաւ, սպաս, վրէժ, քէն.

ուղղ.  զարդ            զարդք                        զէն          զէնք            

սեռ.   զարդու         զարդուց                     զինու      զինուց

տր.     զարդու        զարդուց                     զինու      զինուց

հայց. /զ/զարդ        /զ/զարդս                     զզէն        զզէնս       

բաց.   ի զարդուէ   ի զարդուց                   ի զինէ    ի զինուց 

գործ.  զարդու         զարդուք                     զինու      զինուք   

 

բ/ այգ, առաւօտ, դար, ժամ, շաբաթ, ուրբաթ

ուղղ.  այգ          այգք                    ժամ          ժամք  

սեռ.   այգու       այգուց                 ժամու       ժամուց

տր.    այգու       այգուց                 ժամու       ժամուց 

հայց. /զ/այգ       /զ/այգս                /զ/ժամ       /զ/ժամս

բաց.   յայգուէ    յայգուց                ի ժամէ      ի ժամուց

գործ.  այգու       այգուք                 ժամու       ժամուք

 

գ/ ագռաւ, աղուէս, առիւծ, արջ, գրաստ, ինձ, կաքաւ, հաւ, ձագ, որթ, ուլ, ուղտ, ցուլ, կով.

ուղղ.  աղուէս          աղուէսք                     ցուլ         ցուլք

սեռ.   աղուեսու       աղուեսուց                 ցլու         ցլուց      

տր.     աղուեսու       աղուեսուց                 ցլու         ցլուց

հայց. /զ/աղուէս       /զ/աղուէսս                  /զ/ցուլ     /զ/ցուլս

բաց.   յաղուեսէ        յաղուեսուց                ի ցլէ        ի ցլուց

գործ.  աղուեսու       աղուեսուք                 ցլու          ցլուք       

      

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

դ/ Աբրահամ, Խոսրով, Ղուկաս, Յոհան, Յովհաննէս, Յովսէփ, Յորդանան, Մարիամ, Սոկրատէս.

 

ուղղ.  Յովսէփ                   Մարիամ             Յովհաննէս

սեռ.    Յովսեփու               Մարեմու            Յովհաննու

տր.     Յովսեփու                Մարեմու            Յովհաննու

հայց.  /զ/Յովսէփ            /զ/Մարիամ         /զ/Յովհաննէս 

բաց.   ի Յովսեփէ              ի Մարեմէ            ի Յովհաննէ   

գործ.   Յովսեփու               Մարեմու             Յովհաննու

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

ե/ բարք, պարտք, վարք

ուղղ.  վարք

սեռ.   վարուց

տր.     վարուց

հայց.  /զ/վարս

բաց.   ի վարուց    

գործ.  վարուք  

 

զ/ ասր, թանձր, ծաղր, ծանր, կարծր, մանր, մեղր, փոքր, քաղցր

              

ուղղ.  փոքր                     փոքունք

սեռ.   փոքու                    փոքունց

տր.     փոքու                    փոքունց

հայց.  /զ/փոքր                  /զ/փոքունս

բաց.   ի  փոքուէ               ի փոքունց  

գործ.  փոքու                    փոքումբք

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին, ինչպես նաև՝ եզակի բացառական և հոգնակի հոլովների ձևավորման յուրահատկություններին:

 

  1. Ասր, թանձր և նման բառերի պես է հոլովվում նաև բարձր բառը, սակայն որոշ տարբերությամբ: Որոշիր տարբերությունը.

                                            

ուղղ.  ծանր            ծանունք                   բարձր            բարձունք

սեռ.   ծանու           ծանունց                   բարձու           բարձանց

տր.     ծանու          ծանունց                   բարձու           բարձանց    

հայց.  /զ/ծանր        /զ/ծանունս               /զ/բարձր        /զ/բարձունս

բաց.   ի  ծանուէ     ի ծանունց               ի բարձուէ       ի բարձանց   

գործ.  ծանու           ծանումբք                բարձու            բարձամբք

                                                   /բարձամբ/

 

Ծանոթություն: Զօր, պառաւ, երէց բառերը եզակի թվում ունենում են Ու հոլովիչ, հոգնակիում՝ Ա հոլովիչ:

ուղղ.  զօր                զօրք

սեռ.   զօրու             զօրաց  

տր.     զօրու            զօրաց

հայց.  /զ/զօր           /զ/զօրս

բաց.   ի  զօրուէ      ի զօրաց

գործ.  զօրու            զօրօք

 

Վարժություն  55. Հոլովիր հետևյալ բառերը.  խրատ, պարտք, ծակ, գրաստ, ինձ, Աբրահամ, պառաւ, Խոսրով, բարք, Ղուկաս, կաքաւ, հաւ,  կարծր, մանր, մեղր, ծով, ճակատ, մոգ, երէց:

 

Վարժություն  56. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

        

Զի ոչ երբեք տեսաք, թէ կովք էշս ծնան, եւ էշք՝ եզինս, եւ ոչ գայլք՝ մաքիս, եւ ոչ մաքիք՝ աղուէսս, առեւծք՝ ձիս: Իբրև զայն լսէր Արշակն, զերդումն ուխտին յիշէր, որ ընդ Պարսից արքային ուխտեալ էր: Զի՞  գործես, զմահ աղուեսու սպանից զքեզ: Եւ ոչ ոք կարաց ձգել զձեռն իւր վասն որմոյն բարձրութեան: Եւ արդ դարձցուք անդրէն առ ճառս գործոցն Աստուծոյ, որ կանգնեցան կացին հրամանաւ զարմանագործ Արարչին. եւ տեսցուք՝ որչափ ազգ իցեն ծառոց, որ բխեցին լինել յաշխարհի: Իսկ զցամաքային եւ զերկրային անասնոցս ասացեալ է, թէ ծանեաւ եզն զստացիչ իւր եւ էշ զմսուր տեառն իւրոյ: Տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանայ պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուց:

 

Վարժություն  57. Թարգմանի՛ր գրաբար.

          Ով խավարի մեջ է քայլում, չի իմանում՝ ուր է գնում:  Աղվեսը կուտի ագռավի ձագերը: Հովսեփը գնվեց Իսմայելացիների վաճառականների կողմից: Ծովի ջրերը աղի են: Հիվանդներին կերակրում էինք մեղրով: Խոսրովի գանձերից տալիս էր իշխաններին և զորավարներին: Աստված երևաց Աբրահամին: Լսում ենք /անսալ/ իմաստունների և ավագների խրատը /տր. հոլ./: Անօրենի սիրտը չարիք է փնտրում: Ծովում նավեր ենք տեսնում: Մենք կարդում ենք Պողոսի նամակները: Միթե կքաղեն փշերից խաղող կամ տատասկից թուզ:  Մոգերը մտան կուռքի տաճարը իրենց կանանցով և որդիներով հանդերձ:

 

Վարժություն  58.  Թարգմանիր աշխարհաբար.

            Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ. Յամենայն հողմոյ շարժի, եւ յամենայն բանէ խռովի, եւ յամենայն իրաց դողայ. Երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում, եւ յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում: Որպէս եւ ասաց ոմն ի հնումն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է: Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ:

            Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ: Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց: Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք: Որպէս մեծ է հոգի քան զմարմին՝ այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց:

            Եթէ ոք կարի առաւելեալ իցէ աշխարհական մեծութեամբ, եւ մտօքն աղքատագոյն, այնպիսին ողորմելի է քան զբազումս. Որպէս եւ տեսանեմք իսկ՝ ոչ միայն ի չափաւոր մարդիկ, այլ եւ յոր մեծն է քան զամենայն: Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր, ոչ կարէ ի վիճակին իւրում վայելուչ գոլ: Իսկ եթէ առ մարմնաւորս այսպէս, որչափ ևս առաւել առ հոգեւորն...

                                  

Առաջադրանք: Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Ի՞նչ  բնույթ ունի գրաբարյան  Ու  հոլովումը:
  2. Ու   հոլովման դեպքում ինչպե՞ս են ձևավորվում եզակի տրական, բացառական, գործիական և հոգնակի ուղղական հոլովները:
  3. Ու  հոլովման դեպքում հնչյունափոխական ի՞նչ երևույթներ են դրսևորվում:
  4. Բառերի ի՞նչ  խմբեր են ենթարկվում  Ու  հոլովման:

 

 

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.