ԴԱՍ ԺԸ. Ա հոլովումը գրաբարում

1. Համեմատիր տիտան և սկիզբն բառերի հոլովական հարացույցները, որոշիր տարբերությունները

ուղղ.  տիտան           տիտանք                        հիմն          հիմունք

սեռ.   տիտանայ      տիտանաց                     հիման       հիմանց         

տր.    տիտանայ       տիտանաց                     հիման       հիմանց    

հայց. /զ/տիտան        /զ/տիտանս                    /զ/հիմն      /զ/հիմունս

բաց.   ի տիտանայ    ի տիտանաց                  ի հիմանէ   ի հիմանց 

գործ.  տիտանաւ       տիտանօք                      հիմամբ      հիմամբք

 

2. Տիտան բառի հոլովական հարացույցը դիտարկելով՝ որոշի՛ր, թե Ա վերջադրական հոլովման դեպքում ինչպես են ձևավորվում եզակի բացառականը, գործիականը և հոգնակի ուղղականը:

 

3. Դիտարկելով հետևյալ բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում Ա վերջադրական հոլովման.

ա/ Անակ, Անահիտ, Արամ, Արշակ, Բէլ, Երասխ, Երուանդ, Հայկ, Հռովմ, Մաժակ, Մեսրոպ, Մծբին, Սահակ, Վաղարշակ, Վարդան, Տիգրան, Տիրան, Տրդատ և այլն:

ուղղ.  Սահակ

սեռ.   Սահակայ         

տր.    Սահակայ    

հայց. /զ/Սահակ

բաց.   ի Սահակայ 

գործ.  Սահակաւ

 

բ/ Ալանք, Գամիրք, Գուգարք, Ծոփք, Մարք, Միջագետք, Մոկք, Վիրք, Տաշիրք, Քուշանք և այլն:

ուղղ.  Գուգարք

սեռ.   Գուգարաց        

տր.    Գուգարաց    

հայց. /զ/Գուգարս

բաց.   ի Գուգարաց 

գործ.  Գուգարօք

 

գ/ Ագրիպպաս, Ղուկաս, Անդրէաս, Տիմոթէոս, Աքիլլէս, Հերակլէս, Տիբերիոս, Հոմերոս և այլն /բոլորը հունական հատուկ անուններ են՝ աս, էաս, էոս, էս, իոս, ոս հնչյունախմբերով/:

ուղղ.  Տիբերիոս

սեռ.   Տիբերեայ        

տր.    Տիբերեայ    

հայց. /զ/Տիբերիոս

բաց.   ի Տիբերեայ 

գործ.  Տիբերեաւ

Ծանոթություն: ա/Թեք հոլովներում հունարեն անունների աս, ոս, ս մասերը ընկնում են: բ/ Այդ անկումից հետո բառավերջում մնացած է-ն և ի-ն Ա հոլովիչից առաջ դառնում են ե /Անդրէաս – Անդրեայ, Տիբերիոս – Տիբերեայ/: գ/ Որոշ հատուկ անուններում ընկնում է նաև էս-ը /Վրթանէս – Վրթանայ, Արիստակէս – Արիստակայ կամ Արիստակեայ/: դ/ Որոշ հատուկ անուններ, կորցնելով ոս խումբը, Ա հոլովիչից առաջ ունենում են ե /Դամասկոս – Դամասկեայ, Եփեսոս – Եփեսեայ, Կադմոս – Կադմեայ, Կիպրոս – Կիպրեայ և այլն/:

 

դ/ Գայիանէ, Հեղինէ, Հռիփսիմէ, Մանէ, Վահէ և այլն:

ուղղ.  Հեղինէ

սեռ.   Հեղինեայ        

տր.    Հեղինեայ    

հայց. /զ/Հեղինէ

բաց.   ի Հեղինեայ 

գործ.  Հեղինեաւ

 

ե/ Աննա, Ասիա, Գալիլիա, Եղիա, Կեսարիա, Մակեդոնիա, Շաղիտա, Սամարիա և այլն:

ուղղ.  Աննա

սեռ.   Աննայ        

տր.    Աննայ    

հայց. /զ/Աննա

բաց.   յԱննայ 

գործ.  Աննաւ

 

4. Հիմն բառի հոլովական հարացույցը դիտարկելով՝ որոշի՛ր, թե Ա ներդրական հոլովման դեպքում ինչպես են ձևավորվում եզակի բացառականը, գործիականը և հոգնակի ուղղական ու թեք հոլովները:

 

Ծանոթություն: Ա ներդրական հոլովման դեպքում հոգնակի ուղղականում բառերը սովորաբար վերջավորվում են ունք խմբով /գագաթունք, աղեղունք/: Բացառություն են ակն /գոհարեղեն/, անուն, կողմն, ջերմն, սերմն բառերը, որոնք հոգնակի ուղղականում ունենում են անք. ականք, անուանք, կողմանք, ջերմանք, սերմանք:

 

5. Դիտարկելով հետևյալ բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում Ա ներդրական հոլովման.

 

ա/ ակն, աղեղն, ամառն, ասեղն, բուրգն, գագաթն, դիակն, դուռն, եղեռն, եղէգն, երկն, թիթեղն, լիսեռն, ծիծեռն, կայծակն, հիւսն, ձմեռն, ձուկն, մատուռն, մուկն, նուռն, շուրթն, ոսպն, որդն, ուլն, ունկն, ռունգն, սկիզբն, փայլակն, քիրտն, ազդումն, անկումն, երդումն, խոստումն, կոչումն, շարժումն, այծեամն, ատամն, եղեամն, կողմն, սերմն, ջերմն, պաշտօն /եզ. սեռ. պաշտաման, հոգն ուղղ. պաշտամունք/ և այլն:

ուղղ.  սկիզբն                սկզբունք

սեռ.   սկզբան               սկզբանց

տր.    սկզբան               սկզբանց    

հայց. /զ/սկիզբն             /զ/սկզբունս

բաց.   ի սկզբանէ          ի սկզբանց 

գործ.  սկզբամբ             սկզբամբք

Ծանոթություն: ա/ Որոշ բառերում ռ հնչյունը, ն-ից հեռանալով, դառնում է ր /դուռն – դրան, ամառն – ամարան, եղեռն – եղերան, ձմեռն – ձմերան, մատուռն – մատրան, ոլոռն – ոլորան/: բ/ Ակն բառը տարբեր իմաստներով ունի հոգնակիի տարբեր ձևեր, ինչպես՝ ակունք /աղբյուրի ակ/, ականք /գոհարեղեն/, աչք /տեսողական/: գ/ Մի շարք բառեր ունեն հոգնակի ուղղականի զուգահեռ ձևեր. դուռնդրունք կամ դուրք, ունկն ականջք կամ ունկունք /ամանի ունկ/, եղեռնեղերունք կամ եղերք, նուռննռունք կամ  նռնունք, ռունգնռնգունք կամ ռունգք, քիրտնքրտունք կամ քրտինք:

 

բ/ Անուն /անուանք/, ձեղուն /ձեղուան, ձեղունք/, շուն /շունք/, տուն /տունք/:

ուղղ.  անուն                անուանք                  տուն          տունք

սեռ.   անուան             անուանց                  տան           տանց   

տր.    անուան             անուանց                  տան           տանց

հայց. /զ/անուն             /զ/անուանս              /զ/տուն       /զ/տունս         

բաց.   յանուանէ          յանուանց                 ի տանէ      ի տանց        

գործ.  անուամբ           անուամբք                տամբ          տամբք    

 

Ծանոթություն: Անուն և ձեղուն բառերի նման է հոլովվում մահ բառը /մահուան, մահունք կամ մահուանք/: Սա հոլովվում է նաև Ու հոլովիչով /մահու/:

 

գ/ Աղջիկ, անդրանիկ /անդրանիկք/, խցիկ, ծաղիկ, մանուկ, մասնիկ, փոքրիկ, նաև՝ Աստղիկ, Ձուիկ/Ձըւկան/, Յուսիկ, Սաթէնիկ և այլն: 

ուղղ.  ծաղիկ                ծաղկունք

սեռ.   ծաղկան             ծաղկանց

տր.    ծաղկան             ծաղկանց    

հայց. /զ/ծաղիկ             /զ/ծաղկունս

բաց.   ի ծաղկանէ        ի ծաղկանց 

գործ.  ծաղկամբ           ծաղկամբք

Ծանոթություն: Այս բառերի պես է հոլովվում մարդիկ ձևը միայն եզակի թվով /մարդկան, մարդկամբ/: Մարդ բառը ենթարկվում է Ո հոլովման:

 

դ/ Բազմութիւն, մեծութիւն, քաջութիւն, զօրութիւն, ջերմութիւն, աշխատութիւն:

 

ե/ Անկիւն, արիւն, կորիւն, ձիւն, մրջիւն, սիւն /բացառություն են աղմուկ նշանակող բառերը՝ գոչիւն, թնդիւն, շառաչիւն և այլն, որոնք չեն հոլովվում, ինչպես նաև կնիւն բառը, որ ենթարկվում է Ո հոլովման/:

ուղղ.  բազմութիւն       բազմութիւնք              կորիւն               կորիւնք     

սեռ.   բազմութեան     բազմութեանց             կորեան             կորեանց

տր.    բազմութեան     բազմութեանց             կորեան             կորեանց     

հայց. /զ/բազմութիւն   /զ/բազմութիւնս           /զ/կորիւն           /զ/կորիւնս    

բաց.   ի բազմութենէ   ի բազմութեանց          ի կորենէ           ի կորեանց

գործ.  բազմութեամբ   բազմութեամբք           կորեամբ           կորեամբք

Ծանոթություն: Այս բառերի պես են հոլովվում ունդ, ուստ, ուրդ ածանցներով մի շարք բառեր, ինչպես՝ ծնունդ /ծնունդք, ծննդոց/, սերունդ /սերունդք, սերնդոց/, սնունդ /սննդեանց/, գալուստ, կորուստ, ժողովուրդ /ժողովրդոց/ և այլն: Այդպես նաև՝ տեսիլ /տեսլեան, տեսիլք, տեսլեանց/:

 

Վարժություն  44.  Թարգմանիր աշխարհաբար.

Զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց: Ոչ է բարւոք առնուլ զհաց մանկանց և արկանել շանց: Յանխնայ կոտորելով՝ նախճիրս արեան գործէին: Իսկ նախարարքն մեր խնդրէին ի Վռամայ այլ աթոռակալ: Առաքէ ի Հայս հանդերձ մեծաւն Վրթանաւ: Առնոյր աւար բազում ի կողմանցն Ասորւոց: Տապալեաց զլերինս ի հիմանէ: Ի Վաղարշայ առնու զթագաւորութիւնն Խոսրով որդի նորա: Գայր հասանէր դեսպան ի թագաւորէն Վրաց Վախտանգայ: Քանզի մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրտութենէ և ի ջերմութենէ: Զոքանչ Սիմովնի տագնապէր ջերմամբ մեծաւ: Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց: Տայ ի ժառանգութիւն Կադմեայ՝ որդւոյ Արամանեկայ: Խաղա՛  գնա՛  դու յերկիրն Քուշանաց: Այրէին կիզուին զտունս պաշտաման կրակի: Նմանեսցուք գոնէ մրջեանն, որ ամարայնւոյն պատրաստէ աշխատութեամբ զհամբարս ձմերայնոյ: Ապա ազդ լինէր թագաւորին Արշակայ փախուստն Տիրիթայ, տայր հրաման թագաւորն Արշակ ազատագունդ բանակին զհետ լինել Տիրիթայն, զի իբրև հասցեն նմա, անդէն ի տեղւոջն սպանցեն: Մեծաւ բարկութեամբ և բազում սրտմտութեամբ բարկանայր: Եւ եթէ գազանացն գազանութիւն չար ինչ բնութեամբ կարծեցուցանիցէ նոցա, գիտասցեն՝ զի կէսքն յանասնոցն ի պէտս արարան, որպէս և արջառ և ոչխար և ամենայն ինչ, որ ուտելի է և կրելի է, և կէսքն վասն երկիւղ ի միտս մարդկան ծնուցանելոյ:

 

Առաջադրանք. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Որո՞նք են Ա հոլովման երկու տեսակները գրաբարում:
  2. Ո՞րն է Ա հոլովման երկու տեսակների միջև եղած հիմնական տարբերությունը:

Ա վերջադրական հոլովման դեպքում ինչպե՞ս են ձևավորվում 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.