1971թ.
«Ռուս-հայերեն բառարանը»(Ե., 1968), որը պարունակում է մոտ 85000 բառահոդված, արժանանում է ՀՍՍՀ Պետական մրցանակի:
Ս. Ասլանյանը Մոսկվայում դեկտեմբերին կայացած համամիութենական տերմինաբանական գիտաժողովում կարդացել է զեկուցում «Հայ ռազմական տերմինների կառուցվածքային տիպերը» թեմայով, որը տպագրվել է:
(ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 102, թ. 2)
Դ. Կոստանդյանը գիտարշավի է մեկնել Գագրա և Բաթումի քաղաքներ, որտեղ հանդիպել է բարբառախոս երզնկացիների հետ: Նրանց միջոցով կատարել է նյութերի ստուգում, գրի է առել տեքստեր, ընդարձակել է բարբառի բառացանկը:
(ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 102, թ. 11)
1972թ.
Ինստիտուտն ունի 8 բաժին. ժամանակակից հայոց լեզվի, լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, խոսքի մշակույթի և տերմինաբանության, բառարանագրության և բառագիտության, կիրառական լեզվաբանության, կառուցվածքային ու մաթեմատիկական լեզվաբանության, 1 լաբորատորիա / ինֆորմացիոն հաշվողական և փորձարարական / ու 1 ամբիոն /օտար լեզուների /: Ինստիտուտը համալրվել է ի հաշիվ ԳԱ հաշվողական կենտրոնից եկած մի շարք աշխատակիցների: Ինստիտուտում այժմ աշխատում է 111 մարդ, որոնցից գիտական աշխատողներ՝ 60, գիտասպասարկու անձնակազմ՝ 23 և տեխնիկական ու օժանդակ անձնակազմ՝ 28 հոգի:
Ինստիտուտի գիտնականներն աշխատավորության առջև հանդես են եկել զեկուցումներով ու դասախոսություններով՝ մասամբ սեփական նախաձեռնությամբ, մասամբ «Գիտելիք» ընկերության գծով: Ինստիտուտը կազմակերպել է արտագնաց գիտական նստաշրջաններ Կամոյի և Ստեփանավանի շրջաններում՝ նվիրված ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակին:
Ինստիտուտի աշխատակիցները բազմաթիվ հոդվածներ են հրատարակել հանրապետական մամուլում և պարբերականներում:
Հանրապետական մամուլը և ռադիոն լայնորեն լուսաբանեցին ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը «Սովետական լեզվաբանության անցած ուղին և զարգացման հեռանկարները» ընդհանուր պրոբլեմի շուրջը:
Ն. Պառնասյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Քերականական հոմանիշները ժամանակակից հայերենում» :
1973թ.
Ինստիտուտում աշխատում է 114 մարդ, որոնցից գիտաշխատողներ՝ 59:
Լեզվաբանական տարբեր մասնագիտությունների գծով ինստիտուտն ունի 19 ասպիրանտ: Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ զեկուցումներով հանդես են եկել միջազգային և համամիութենական զանազան նստաշրջաններում: Վ. Գրիգորյանը զեկուցում է կարդացել Վարշավայի Սլավոնագիտական յոթերորդ համագումարում: Օտար լեզուների ամբիոնի դասախոսները ակտիվ մասնակցություն են ունեցել օտար լեզուների դասավանդման ուսումնամեթոդական համամիութենական խորհրդակցությանը:
Հոկտեմբեր- Հանրապետության գիտական կյանքում կարևոր իրադարձություն էր Երևանում հրավիրված համամիութենական խորհրդակցությունը՝ նվիրված բարբառագիտության և լեզվի պատմության ընդհանուր հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին ճանաչված շատ լեզվաբաններ Սովետական Միության տարբեր քաղաքներից: Լսվեց շուրջ 70 զեկուցում և հաղորդում, որոնք վերաբերում էին բարբառագիտության և լեզվի պատմության հրատապ հարցերին: Խորհրդակցության աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին նաև լեզվի ինստիտուտի գիտաշխատողները, որոնցից ինը հանդես եկան զեկուցումներով ու հաղորդումներով:
Լեզվի ինստիտուտի գիտական գործունեության հետագա ծավալմանը և սոցիալիստական պարտավորությունների հաջող կատարմանը մեծապես նպաստում են նաև այն քայլերը, որոնք արվում են լեզվաբանական այլ կենտրոնների հետ գիտական սերտ համագործակցության ուղղությամբ: Համագործակցության պայմանագրեր են կնքվել Վրաստանի և Ադրբեջանի գիտությունների ակադեմիաների լեզվաբանության ինստիտուտների հետ, որոնց հիման վրա համատեղ մշակվելու են կարևոր նշանակություն ունեցող թեմաներ, հրավիրվելու են գիտական նստաշրջաններ և այլն: Լեզվի ինստիտուտի՝ 1974 թ. գիտահետազոտական աշխատանքների պլանում մտցված է ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի հետ համատեղ կատարվող մեկ թեմա՝ «Հայերենի վանկային շեշտը»:
Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
Ինստիտուտը գիտական կապեր ունի արտասահմանյան առանձին կենտրոնների, պարբերականների և գիտնականների հետ: Հյուրընկալվել են արտասահմանյան մի շարք գիտնականներ / ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից և այլն /, տրվել են գրավոր և բանավոր կոնսուլտացիաներ: Ինստիտուտի գիտաշխատակից Ամ. Սարգսյանը մեկնել է Հունգարիա՝ գիտական գործուղման: Վ. Գրիգորյանը հոդված է ներկայացրել Չեխոսլովակիայի լեզվաբանական հանդեսներից մեկին և այլն: Ինստիտուտի հայոց լեզվի կաբինետն ունի նաև փոխանակման ֆոնդ:
Որոշ գործերի հրատարակումը տարիներ շարունակ ձգձգվել և հրատարակչական մի պլանից մյուսին է անցել ինստիտուտից անկախ պատճառներով:
1.Ինստիտուտի գիտահետազոտական պլանային որոշ թեմաների կատարմանը նկատելիորեն խանգարում է ժամանակակից տեխնիկական սարքերի բացակայությունը: Դրանց հայթայթումը կապված է դժվարությունների հետ, մանավանդ այդ սարքերի մասսայական արտադրություն դեռևս չկա:
2.Ինստիտուտի գիտական գործունեության արդյունավետության վրա բացասաբար է ազդում նաև այն հանգամանքը, որ ավարտված թեմաների հրատարակումը երբեմն տարիներ շարունակ ձգձգվում է: Հատկապես խանգարում է ակադեմիայի հրատարակչության ռոտապրինտային բազայի ոչ բավարար կազմակերպվածությունը:
3.Ինստիտուտի դիրեկցիան հաճախ ստիպված է լինում հաղթահարել արհեստական մի շարք դժվարություններ ասպիրանտուրան հաջող ավարտողներին ժամանակին աշխատանքի տեղավորելու գործում: Այս հանգամանքը բացասաբար է անդրադառնում երիտասարդ կադրերի պատրաստման վրա:
4.Ֆինանսական դժվարությունների հետևանքով ինստիտուտի լավ որակավորում ունեցող մի քանի կրտսեր գիտաշխատակիցների համար տարիներ շարունակ հնարավոր չի լինում լուծել նրանց ավագության հարցը:
(ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 103)
1974թ.
Ինստիտուտն ունի 8 բաժին, 116 աշխատակից, որոնցից գիտաշխատողներ են 60-ը: Ասպիրանտուրայում ուսանում են 10 ասպիրանտներ:
Հոկտեմբերի 2-4 Կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին կոնֆերանսը, որտեղ հանդես եկան ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից 9 հոգի:
Իրականացվեց «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» լույս տեսած հատորների հրապարակային լայն քննարկումը, որին մասնակցեցին նաև հանրապետության բուհերի ներկայացուցիչներ:
Ինստիտուտի գիտաշխատողները քաղաքի և հանրապետության աշխատավորության առաջ հանդես են եկել զեկուցումներով ու դասախոսություններով: Հեռուստատեսությամբ պարբերաբար տրվել են խոսքի մշակույթին նվիրված հաղորդումներ, որոնց մասնակցել են ինստիտուտի գիտաշխատակիցներ Գ. Ջահուկյանը, Վ. Քոսյանը, Ս. Աբրահամյանը, Ն. Պառնասյանը, Թ. Ղարագյուլյանը և ուրիշներ: Հանրապետական մամուլում և գիտական հանդեսներում հոդվածներով և հաղորդումներով հանդես են եկել ինստիտուտի աշխատակիցներ Վ. Քոսյանը, Է. Աղայանը, Հ. Մուրադյանը, Ս. Անթոսյանը, Ա. Խաչատրյանը, Ռ. Թոխմախյանը, Լ. Հովսեփյանը, Ա. Սարգսյանը և ուրիշներ:
Ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ մասնակցել են համամիութենական գիտական նստաշրջանների: Գ. Բ. Ջահուկյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում կայացած լեզվաբանության տեսական հարցերին նվիրված համամիութենական կոնֆերանսում, կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Ա. Խաչատրյանը և Ա. Գրիգորյանը մասնակցել են Մինսկում կայացած խորհրդակցությանը, որը նվիրված էր խոսքի փորձառական ուսումնասիրության մեթոդներին:
Գ. Ջահուկյանը ընտրվեց Եվրոպայի լեզվաբանական ընկերության անդամ: