1965-1970թթ.

   1965թ.
            Տեղի է ունենում հաշվետու գիտական նստաշրջան. Գիտխորհրդի նիստերի արձանագրություններից տեղեկանում ենք նստաշրջանի թեմաների մասին.
  1. Հայերենի հնդեվրոպական կողմնակի բառաշերտի առանձնացման հարցի շուրջը:
  2. Բառակապակցության ակտիվացող ձևերը հայոց լեզվի զարգացման սովետական շրջանում:
  3. Միջին հայերենի հնչյունական համակարգը:
  4. Միջին հայերենի խոնարհման համակարգը:
           Բարբառագիտական ատլասի նյութեր հավաքելու նպատակով Թ. Դանիելյանը 1ամսով գործուղվել է Իջևան, Ալ. Փաշայանը և Ն. Մկրտչյանը՝ Կիրովական, Ա. Գրիգորյանը և Հ. Կոստանյանը՝ Աշտարակ- Ապարան:
Դեկտեմբերի 8- Պրոֆ. Գ. Սևակը գիտխորհրդի նիստում հաղորդում է Մոսկվայում կայացած << Ազգային լեզուների զարգացման օրինաչափությունները՝ կապված սոցիալիստական ազգերի զարգացման հետ>> կոմպլեքսային պրոբլեմի գիտական խորհրդի նիստի արդյունքների մասին:
                                                                                                                                                      (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ.37)
 
  1966թ.
            Հայոց լեզվի բաժնի վարիչ Ս. Աբրահամյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն (թեման՝ ,,Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում,, ):
            Ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գիտական որակավորումը բարձրացնելու հարցերին: Այդ նպատակով կազմակերպվում են զեկուցումներ, սեմինարներ, բանավեճեր: Զեկուցումներով հանդես են գալիս նաև այլ ինստիտուտներից կամ քաղաքներից հրավիրված մասնագետներ: ,,Ժամանակակից լեզվաբանության կարևորագույն խնդիրները,, թեմայով զեկուցում է կարդացել ՍՍՀՄ ԳԱ  լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատակից բ.գ.դ.  Լ. Ա. Մակաևը:
Նոյեմբերի 3-22- Ինստիտուտում անցկացվում է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճ, որը հանրապետության գիտական հասարակայնության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Բանավեճը շարունակվում է 20 օր: Հանդես են գալիս հանրապետության առաջավոր լեզվաբաններ, դասախոսներ, ուսուցիչներ, լեզվի ինստիտուտի աշխատակիցներ: Քննարկվող հարցի կապակցությամբ ելույթ է ունենում երեսուն անձ:
            Լեզվաբանական նորագույն գրականությանը ծանոթանալու և մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով ինստիտուտի տասնմեկ աշխատակիցներ  1966 թ. ընթացքում գործուղվում են Սովետական Միության գիտական խոշոր կենտրոններ:
                                                                                                                                  (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 93)
               
 1967թ.
         Ինստիտուտի կառուցվածքը փոփոխություն չի կրել: Ինստիտուտն ունի 4 բաժին և մեկ ամբիոն, որոնք են՝
               1.ժամանակակից հայոց լեզվի բաժին
               2.բառարանագրության բաժին
               3.հայոց լեզվի պատմության բաժին
               4.ընդհանուր լեզվաբանության բաժին
               5.օտար լեզուների ամբիոն:
            Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 1967թ. ինստիտուտի գիտական կոլեկտիվը ջանքեր է գործադրել, որպեսզի ինստիտուտը դառնա ժամանակակից հայերենի գրավոր և բանավոր խոսքի նորմավորման, ինչպես նաև քերականության և բառագիտության ուսումնասիրության կենտրոն: Պարբերաբար գործնական օգնություն է ցույց տրվել  հանրապետության տարբեր հիմնարկների, նաև  առանձին հեղինակների՝ ուղղագրության, ուղղախոսության և խոսքի կուլտուրայի հարցերում: Տարբեր թեմաներով զեկուցումներ են կարդացել Է. Աղայանը, Գ. Ջահուկյանը, Հ. Կոստանյանը, Գ. Վահանյանը: Հատկապես պետք է նշել կազմախոսական տերմինների և դասագրքերի լեզվի վերաբերյալ մամուլում ծավալված բանավեճի նյութերի հանգամանալից քննարկումը ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժնում, որի արդյունքը գոհունակությամբ ընդունվեց Հայաստանի գրողների միության վարչության կողմից և տպագրվեց «Գրական թերթում»՝ որպես հիշյալ բանավեճն ամփոփող կարծիք:
            Ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գիտական որակավորումը բարձրացնելու հարցերին: Այդ նպատակով կազմակերպվում են զեկուցումների լսումներ և սեմինարներ: Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության մի շարք հարցերի և սկզբունքների մասին դասախոսություններ է կարդացել  ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատակից, բ.գ.դ., պրոֆ. Է. Ա. Մակաևը: 
            Լեզվաբանական նորագույն գրականությանը   ծանոթանալու և մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով ինստիտուտի 15 աշխատակիցներ և 2 ասպիրանտներ գործուղվում են Սովետական Միության գիտական խոշոր կենտրոններ:
            Ինստիտուտում պարբերաբար անցկացվում է մասնագիտական սեմինարների  շարք՝ գիտաշխատակիցների գործուն մասնակցությամբ:
            Մեծ ուշադրություն է դարձվում նաև օտար լեզուների ուսուցման հարցերին, ինստիտուտի ավագ լաբորանտներից մի քանիսը հաջողությամբ մասնակցում են օտար լեզուների խմբակների պարապմունքներին:
            Ինստիտուտում կազմակերպվում է գիտական նստաշրջան՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին: ՍՍՀՄ ԳԱ և ՀՍՍՀ ԳԱ օտար լեզուների ամբիոնների՝ Երևանում կազմակերպած գիտամեթոդական 15-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքներին զեկուցումներով մասնակցում են նաև Է. Աղայանը և Գ. Ջահուկյանը:                                                                                                                                                                                                                          
  (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 92)
 
 1968թ.
         Ինստիտուտի կառուցվածքում տեղի է ունենում փոփոխություն. հոկտեմբերի 8-ից կազմավորվում է տերմինաբանության բաժին / բաժնի վարիչ՝ պրոֆ. Գ. Սևակ/: Ըստ այդմ էլ կատարվում է աշխատակիցների նոր վերադասավորում. բարբառագիտական խումբը ընդհանուր լեզվաբանության բաժնից անցնում է հայոց լեզվի պատմության բաժնին, իսկ քարտարանի խումբը մտնում է նորաբաց տերմինաբանության բաժնի մեջ :
              Ինստիտուտն ունի հինգ բաժին և մեկ ամբիոն, որոնք են՝
  1. ժամանակակից հայոց լեզվի բաժին
  2. հայոց լեզվի պատմության և բարբառագիտության բաժին
  3. ընդհանուր լեզվաբանության բաժին / փորձառական հնչյունաբանության խմբով/,
  4. բառարանագրության բաժին / գավառական բառարանի խմբով/
  5. տերմինաբանության բաժին / քարտարանի խմբով/
  6. օտար լեզուների ամբիոն:
              Ինստիտուտի հինգ բաժիններում աշխատում են 46 գիտաշխատակիցներ, որոնցից  վեցը գիտությունների դոկտորներ են,  քսանմեկը՝ թեկնածուներ:
              Ինստիտուտն ունի 15 ասպիրանտ:
              Կազմակերպվում է գիտական հաշվետու նստաշրջան՝ նվիրված ակադեմիկոս Գ. Ղափանցյանի ծննդյան 80-ամյակին:
Դեկտեմբերի 12-21 Հանրապետության լեզվաբանական կյանքում կարևոր իրադարձություն էր ժամանակակից գրական արևելահայերենի խոնարհման համակարգի մի շարք վիճելի հարցերին նվիրված բանավեճը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես մասնագետների, այնպես էլ ուսուցչության շրջանում. խոսվեց շատ հարցերի մասին, որոնք պահանջում էին գիտության զարգացման ժամանակի մակարդակին համապատասխան լուծում:
              Հունգարիայի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների գիտական համագործակցության պայմանագրի  համաձայն՝ Հունգարիայի ԳԱ լեզվի ինստիտուտի ներկայացուցիչները եղան Հայաստանում: Ձեռք բերվեց նախնական համաձայնություն երկու ակադեմիաների լեզվի ինստիտուտների հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ:
              Գ. Ջահուկյանը գերմաներեն և հայերեն լեզուներով հոդվածներ է տպագրում Իտալիայում հրատարակված հոբելյանական գիտական երկու ժողովածուներում:
              1968 թ. Գ. Բ. Ջահուկյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1974 թ.՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
 
            Տարեկան փաստացի ստուգումների արդյունքների մասին հաշվետվությունից.
            Քարտարանի հետ կապված ամենացավոտ հարցերից է մկների հարցը: Մի կողմից քարտարանը համալրվում է նորանոր քարտերով, մյուս կողմից մկները ոչնչացնում են դրանք: Սա լուրջ պրոբլեմ է, քանի որ դեղամիջոցների օգնությամբ չի հաջողվում դրանց ոչնչացնել: Հավանաբար անհրաժեշտ է մտածել քարտարանը այնտեղից (ներքնահարկից-խմբ.) տեղափոխելու մասին, այլապես մենք կկորցնենք երկարատև տարիների ընթացքում ստեղծված այդ, իրոք, կարևոր արժեքները:   
                                                                                                                                                                                                                      (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 8)
     1969թ.
           Ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների գիտական որակավորումը բարձրացնելու հարցերին: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նվիրված լեզվաբանության ընդհանուր և մասնավոր հարցերին: Բաժիններում լսվում են առանձին զեկուցումներ և այլն: Ինստիտուտի աշխատակիցների և հանրապետության բուհերի մասնագետների համար զեկուցումներ են կարդացել պրոֆ. Ուիլյամ Թաունսդը և Էթել Ուոլեսը՝ ,,Ամազոնի բնիկների լեզուների ուսումնասիրությունը, /Մեքսիկա/, դոկտոր Պ. Յունգմանը՝ ,,Հայագիտությունը Արևմտյան Գերմանիայում,, /ԳՖՀ/, ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի տնօրեն պրոֆ. Վ. Ն. Յարցևան՝ ,,Ժամանակակից սոցիոլոգիական լեզվաբանության պրոբլեմները,, և «Շարահյուսական կառուցվածքների տարողության չափը» թեմաներով:
            Կազմակերպվել  է հաշվետու գիտական նստաշրջան, որտեղ զեկուցումներով հանդես են եկել Գ. Ջահուկյանը, Թ. Ղարագյուլյանը, Ն. Պառնասյանը, Ս. Անթոսյանը, Լ. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը և ուրիշներ:
            Լեզվաբանական նորագույն գրականությանը   ծանոթանալու և մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով 18 աշխատակիցներ և ասպիրանտներ գործուղվում են Սովետական Միության գիտական խոշոր կենտրոններ ու գրադարաններ: Գործուղման արդյունքների մասին բաժիններում լսվում են հաշվետվություններ: Գործառական հնչյունաբանության խմբի անդամները մասնակցում են ՍՍՀՄ բարձրագույն կրթության նախարարությանն առընթեր լեզվաբանական հանձնաժողովի հնչյունաբանության բաժնի՝ Մոսկվայում տեղի ունեցած նիստի աշխատանքներին: Թբիլիսիում գումարված համամիութենական բարբառագիտական խորհրդակցությունում լեզվաբանական նորագույն մեթոդներով հայ բարբառների ուսումնասիրությանը նվիրված իր նոր աշխատանքի մի քանի արդյունքների մասին զեկուցումով հանդես է գալիս պրոֆ. Գ. Ջահուկյանը:
            Կադրերի պատրաստման բավական արդյունավետ միջոց է դիսերտանտների հետ տարվող աշխատանքը: Ինստիտուտն իր և այլ հիմնարկների աշխատակիցներից ունի ժամանակակից հայոց լեզվի, բարբառագիտության, բառարանագրության և տերմինաբանության գծով դիսերտանտներ: Գիտական խորհուրդը ժամանակին հաստատել է նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի անհատական պլանը, դիսերտացիոն աշխատանքի թեման և նշանակել խորհրդատու:
            1969թ. ինստիտուտն ունեցել է արտադրությունից կտրված եղանակով  ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. դասական լեզվաբանություն /2տեղ՝ սանսկրիտ և լատիներեն/, կիրառական լեզվաբանություն /2 տեղ/, տերմինաբանություն /1 տեղ/, ուգրո-ֆիննական /1 տեղ՝ հունգարերեն/ և հարավ-կովկասյան լեզուներ /1 տեղ/: Ինստիտուտը 1969թ. ունի 19 ասպիրանտ:
            1969թ. ընթացքում հայոց լեզվի կաբինետի ֆոնդը հարստացել է շուրջ 100 անուն մասնագիտական նոր գրականությամբ: Կաբինետն ստանում է մոտ երեք տասնյակ հայրենական և արտասահմանյան մասնագիտական ամսագրեր ու հանդեսներ: Այս կապակցությամբ կուզենայինք ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ուշադրությունը հրավիրել արտաքուստ գուցե թե երկրորդական թվացող, սակայն շատ կարևոր մի հարցի վրա: Հանրահայտ է Հայաստանի գրախանութներում լեզվաբանական նորագույն գրականության անբավարար ստացման փաստը: Երբեմն նորույթները դժվար են ձեռք բերվում նաև Մոսկվայի և Լենինգրադի մասնագիտացված գրախանութներից: Նորագույն գրականության իր ունեցվածքով Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանը հարուստ է: Դրան հակառակ, չափազանց աղքատիկ է հասարակական գիտությունների բաժանմունքի գրադարանը: Լեզվաբանության վերաբերյալ նոր գրքերի կրկնօրինակներ ֆունդամենտալ գրադարանից այստեղ համարյա չեն ստացվում: Բնականաբար, սա առաջացնում է գիտաշխատողի ժամանակի ավելորդ կորուստ և երբեմն փաստորեն կտրում նրան իր աշխատավայրից: Վիճակը վատ է նաև հին և հազվագյուտ գրքերի ձեռքբերման հարցում:
                                                                                                  (ՀԱԱ, ֆ. 1085,  ց.6, գ. 95)
 
 1970թ.
          Գ. Բ. Ջահուկյանը պարգևատրվում է ,,Աշխատանքային արիության համար,, մեդալով  և  Մխիթարյան միաբանության հոբելյանական արծաթե մեդալով:
            Է. Բ. Աղայանին շնորհվում է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
          «Լրաբերի» էջերում ծավալվում է բանավեճ՝ նվիրված տերմինաբանության հարցերի քննարկմանը , որը տևում է մի քանի տարի: Բանավեճին մասնակցում են նաև ինստիտուտի աշխատակիցներից շատերը՝ Է. Աղայան. Ա. Աբրահամյան, Ս. Աբրահամյան, Ս. Ասլանյան և այլք: Խմբագրության խնդրանքով Գ. Ջահուկյանը « Հայոց լեզվի տերմինաբանության զարգացման հարցերի քննարկումը» հոդվածում ամփոփում է  « Լրաբերի » 1969 թ.  N7, 1970թ. N12, 1971 թ. N1,2,6,7,8-ում տպագրված հոդվածներում արծարծված հարցերի քննարկումը:
 
 
 
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.