ԴԱՍ ԺԲ. Անցյալ կատարյալ ժամանակաձև Ներգործաձև և կրավորաձև խոնարհումներ

  1.      Հիշիր գրաբարյան անցյալ կատարյալի ներգործաձև և կրավորաձև վերջավորությունները.

                    ներգործաձև                                                                  կրավորաձև

                   պահեց - ի                                                                      պահեց - այ

                   պահեց - եր                                                                    պահեց - ար

                   պահեաց -                                                                      պահեց - աւ 

                    պահեց - աք                                                                   պահեց - աք

​                   պահեց-էք/իք                                                                  պահեց - այք

                   պահեց- ին                                                                     պահեց - ան

  1. Համեմատիր, որոշիր ընդհանրություններն ու տարբերությունները Ե խոնարհման պարզ և ածանցավոր բայերի դեպքում.

աշխարհաբար     գրաբար                   աշխարհաբար      գրաբար

                                  առաքել                                       ելնել                      ելանել 

                       առաքեցի               առաքեցի                    ելա                        ելի

                      առաքեցիր            առաքեցեր                  ելար                      ելեր

                       առաքեց                 առաքեաց                   ելավ                      ել

                         

                    առաքեցինք          առաքեցաք                 ելանք                    ելաք

                    առաքեցիք             առաքեցէք/իք/           ելաք                      ելէք/իք/

                    առաքեցին             առաքեցին                  ելան                      ելին        

 

ՀԻՇԻՐ, որ գրաբարում Ե խոնարհման բոլոր բայերը անցյալի հիմքից կազմվող ժամանակաձևերում /անցյալ կատարյալ, երկրորդ ապառնի, բուն հրամայական, հորդորական հրամայական/ խոնարհվում են ներգործաձև, իսկ ներգործական սեռի բայերը ըստ անհրաժեշտության կարող են խոնարհվել նաև կրավորաձև: Ե խոնարհման չեզոք սեռի բայերը կրավորաձև չեն խոնարհվում:

 

2.Համեմատիր, ուշադրություն դարձրու ներգործաձև և կրավորաձև խոնարհումների ձևային և իմաստային տարբերություններին.

                   ներգործաձև                                                                  կրավորաձև

աշխարհաբար     գրաբար                               աշխարհաբար      գրաբար

 բուժեցի                 բուժեցի                                բուժվեցի                բուժե

  բուժեցիր               բուժեցեր                              բուժվեցիր              բուժեցար

    բուժեց                   բուժեաց                               բուժվեց                   բուժեցաւ

     բուժեցինք             բուժեցաք                             բուժվեցինք            բուժեցաք

    բուժեցիք               բուժեցէք/իք/                        բուժվեցիք              բուժեցայք

   բուժեցին               բուժեցին                               բուժվեցին              բուժեցան    

            Ծանոթություն:  Երբ անցյալի հիմքը պարզ է և միավանկ /արկանել – արկ, տեսանել – տես, թողուլ - թող/,  ներգործաձև խոնարհման եզակի թվի երրորդ դեմքում /որը վերջավորություն չունի/ որպես կանոն հիմքին սկզբից ավելանում է  ե /երբ բառը սկսվում է բաղաձայնով՝ հարցանել – հարց – եհարց/  կամ  է /երբ բառը սկսվում է ձայնավորով՝ անցանել – անց – էանց/. օրինակ՝ հանի, հաներ, եհան, հանաք, հանէք, հանին.  ածի, ածեր, էած, ածաք, ածէք, ածին:

                               

Վարժություն  28.  Ե խոնարհման հետևյալ բայերը խոնարհիր անցյալ կատարյալ ժամանակաձևով /ըստ հնարավորության՝ նաև կրավորաձև/. 

          արկանել, կարգել, բեկանել, բերել, բրել, գրաւել, զարդարել, իջանել, լուցանել, խնդրել, կաքաւել, հասանել, հերկել, մտանել, պահել, սիրել, վազել, քայլել:

 

3. Ուշադրություն դարձրու, որ Ա  և  ՈՒ խոնարհումների պարզ բայերը անցյալի հիմքից կազմվող ձևերում խոնարհվում են ներգործաձև, իսկ ներգործական սեռի բայերը ըստ անհրաժեշտության կարող են խոնարհվել նաև կրավորաձև:

                                  ներգործաձև                                                                      կրավորաձև

                     աղալ             գնալ                                                           աղալ                      գնալ       

                    աղացի          գնացի                                                        աղացայ                   -

                    աղացեր        գնացեր                                                      աղացար                  - 

                    աղաց            գնաց                                                           աղացաւ                   -

                    աղացաք      գնացաք                                                      աղացաք                   -    

                    աղացէք       գնացէք                                                        աղացայք                  -   

                    աղացին       գնացին                                                       աղացան                   -

         Ծանոթություն: ա/ գթալ, յուսալ, փութալ, խիթալ /կասկածել, վախենալ/ բայերը խոնարհվում են կրավորաձև, բ/ մի շարք բայեր, անկախ սեռից, խոնարհվում են և ներգործաձև, և կրավորաձև, գոռալ, դողալ, եռալ, խոկալ, հոգալ, շողալ, ոռնալ, որսալ, ջանալ և այլն:

 

5, Ուշադրություն դարձրու, որ Ա  և  ՈՒ խոնարհումների ածանցավոր բայերը անցյալի հիմքից կազմվող ձևերում խոնարհվում են կրավորաձև:

 

                             մոռանալ                                      ջեռնուլ

                             մոռացայ                                      ջեռայ

                             մոռացար                                     ջեռար

                             մոռացաւ                                      ջեռաւ

                             մոռացաք                                      ջեռաք

                             մոռացայք                                     ջեռայք

                             մոռացան                                      ջեռան

 

          Ծանոթություն: ա/ Ա խոնարհման բանալ, բառնալ, թանալ, լուանալ, մերկանալ բայերը ներգործական իմաստով խոնարհվում են ներգործաձև, կրավորական իմաստով՝ կրավորաձև, այդպես նաև ՈՒ խոնարհման  առնուլ, ընկենուլ, լնուլ, խնուլ բայերը:

 

Վարժություն  29.  Ա  և  ՈՒ խոնարհումների հետևյալ բայերը խոնարհիր անցյալ կատարյալ ժամանակաձևով. 

          անսալ, թողուլ, գողանալ, զբօսնուլ, զարմանալ, հեղձնուլ, զգալ, իմանալ, առնուլ, խայտալ, կիզուլ, խնդալ, արգելուլ:

 

6. Նկատի ունեցիր, որ Ի խոնարհման բայերը խոնարհվում են միայն կրավորաձև.

         կամել                                             անկանել 

         կամեցայ                                       անկայ

         կամեցար                                      անկար

         կամեցաւ                                       անկաւ

         կամեցաք                                       անկաք

         կամեցայք                                      անկայք

         կամեցան                                       անկան

 

          Վարժություն  30.   Ի խոնարհման հետևյալ բայերը խոնարհիր անցյալ կատարյալ ժամանակաձևով.

          բազմել, բուսանել, ծնանել, ծիծաղել, նստել, շիջանել, ուսանել, սկսանել, հայել, շրջել, սասանել, մեռանել, խորհել:

        

   6.   Ուշադրություն դարձրու, որ անցյալի հիմքի Ի թույլ բաղադրիչը /նման բաղադրիչ ունեցող բայերը անցյալ կատարյալում խոնարհվում են կրավորաձև/ վերջավորություններից առաջ դառնում է Ե.

 

         հանգչել /հանգի/                                  զարթնուլ /զարթի

         հանգեայ                                               զարթեայ

          հանգեար                                             զարթեար

          հանգեաւ                                              զարթեաւ

          հանգեաք                                              զարթեաք

          հանգեայք                                             զարթեայք

          հանգեան                                              զարթեան        

                              

Վարժություն  31.   Ի թույլ բաղադրիչ ունեցող հետևյալ բայերը խոնարհիր անցյալ կատարյալ ժամանակաձևով.

          այտնուլ,  թռչել, մատչել, մածնուլ, ցասնուլ, երկնչել, կորնչել, հարթնուլ, քաղցնուլ, մարտնչել, ուռնուլ, յարնչել, ոստնուլ:

 

Վարժություն  32.  Թարգմանիր աշխարհաբար.

Փոշոտեցան և ծխոտեցան սրահակք և սրսկապանք նորեկ հարսանց, և սարդիոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա: Աչօք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց: Առան գանձք իւրեանց յարքունիս, և ոչ մնացին ամենևին զարդք երեսաց իւրեանց: Սևացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա: Մոռացան զկանացի տկարութիւն: Հատին կտրեցին և ընկեցին զմահաբեր արմատս նորա: Խոնարհութեամբ կռփեցին զամբարտաւանութիւն, և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեանն: Հատին զարմատս  ագահութեան, և չորացան մահաբեր պտուղք ոստոց նոցա:  Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակրեցան:  Կերան գազանք զմարմինս դիականցն և գիրացան: Կուզ կերեալ՝ ուռեաւ որպէս զարջ: Գայլ, քանզի շատակեր էր, պայթեաց:  Եւ արջ ի սովոյ մեռաւ: Մկունք, քանզի շատ կրեցին ի ծակսն, ոտքն մաշեցան:  Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ: Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց:  Ապա Գնել պատանեակն էառ զնա ի կնութիւն իւր: Եւ համբաւ գեղեցկութեան աղջկանն ընդ վայրսն տարածեցաւ:  Վասն զի ըստ բանից չարախօսացն ոչ ինչ գտաւ ի քեզ չարութիւն: Եւ յետ այսորիկ էառ իւր Արշակ զկինն սպանելոյն զՓառանձեմն: Բայց ծնաւ ապա Փառանձեմ թագաւորին ուստր մի, և կոչեցին զանուն նորա Պապ, և սնուցին զնա, և ի չափ հասուցին:

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.
  1. Որո՞նք են գրաբարյան անցյալ կատարյալի ներգործաձև վերջավորությունները:
  2. Որո՞նք են գրաբարյան անցյալ կատարյալի կրավորաձև վերջավորությունները:
  3.  Ինչպե՞ս  են խոնարհվում Ե խոնարհման բայերը անցյալ կատարյալում:
  4. Ե խոնարհման ո՞ր բայերն են խոնարհվում միայն ներգործաձև:
  5. Ինչպե՞ս  են խոնարհվում Ա և ՈՒ խոնարհումների պարզ բայերը անցյալ կատարյալում:
  6. Ինչպե՞ս  են խոնարհվում Ա և ՈՒ խոնարհումների ածանցավոր բայերը անցյալ կատարյալում:
  7. Ինչպե՞ս  են խոնարհվում Ի խոնարհման բայերը անցյալ կատարյալում:
  8. Ներգործաձև խոնարհման եզակի թվի երրորդ դեմքի ձևի սկզբից ե՞րբ է ավելանում  է  կամ  ե:
  9. Ինչպե՞ս  են խոնարհվում Ի թույլ բաղադրիչ ունեցող բայերը անցյալ կատարյալում:
  10. Բայի ո՞ր սեռերի իմաստներ կարելի է արտահայտել ներգործաձև վերջավորություններով, և ո՞ր սեռերի իմաստներ՝ կրավորաձև վերջավորություններով:

 

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.