Հրաչյա Աճառյան

                              

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ  (1876-1953)

 

                                          Հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,

                       ԳԱ ակադեմիկոս,ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

 

 

 

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ     Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 թ. մարտի 8-ին Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում, արհեստավորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Պոլսի Կեդրոնական վարժարանում, որը ավարտելով ՝  1893-ին պաշտոնավարել է Գատը գյուղի Արամյան դպրոցում, 1894-ին՝ Կարինի Սանասարյան վարժարանում:
             1895 թ. մեկնելով Ֆրանսիա` բարձրագույն կրթություն է ստացել Սորբոնի  համալսարանում, որտեղ աշակերտել է նշանավոր հայագետ Անտուան Մեյեին: 1897թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը (Société de linguistique de Paris) ներկայացնելով լազերենի մասին իր ուսումնասիրությունը՝ ընտրվել է այդ ընկերության անդամ: Նույն թվականին Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և ներկայացրել  երկու զեկուցում հայերենի մասին: 1898 թ.  ընդունելով Հյուբշմանի հրավերը՝  մեկնել է Ստրասբուրգ և մեկ կիսամյակ  լսել մեծ հայագետի դասախոսությունները: Ավարտելով  մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ.  Աճառյանը վերադառնում է Անդրկովկաս և գիտական-մանկավարժական գործունեություն ծավալում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում:
            Աճառյանի բեղմնավոր գործունեությունը Հայաստանում սկսվում է խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: Երևանի պետական համալսարանի հիմնադրումից հետո Աճառյանը 1923 թ-ից աշխատանքի է անցնում որպես հայագիտական, լեզվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս, ապա՝ արևելյան լեզուների ամբիոնի վարիչ:
            Բազմահարուստ գիտելիքները և բազում լեզուների իմացությունը հնարավորություն էին տալիս նրան տարբեր ժամանակներում տարբեր դասընթացներ վարելու.  լեզվաբանության ներածություն, հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ  և այլն:

            1924թ.-ից արդեն պրոֆեսոր Աճառյանը 1937թ. ընտրվում է նաև Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից անդամ:

            1943թ., երբ ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, Աճառյանը հաստատվեց հիմնադիր  ակադեմիկոսների  թվում:   

            Հ. Աճառյանը մահացել է  1953 թվականի ապրիլի 16-ին Երևանում:

            Արտակարգ բեղմնավորության հասնող շուրջ վաթսոն  տարվա իր գիտական գործունեության ընթացքում Հրաչյա Աճառյանը  իրեն հատուկ բարեխղճությամբ ու գիտական մեծագույն հմտությամբ ստեղծել է  շուրջ երկու հարյուր գիտական մեծարժեք աշխատություններ, որոնք  ընդգրկում են   հայոց   լեզվի  ուսումնասիրության գրեթե բոլոր բնագավառները, դեռ ավելին.  նրա աշխատությունները դարձան հայերենի ուսումնասիրության գիտական հիմքերը, որոնց վրա զարգացավ և այսօր էլ շարունակում է զարգանալ հայերենագիտությունը: Նրա «Հայերենի արմատական բառարան», «Հայ բարբառագիտություն», «Հայոց անձնանունների բառարան», «Հայոց լեզվի պատմություն», «Հայոց լեզվի լիակատար քերականություն» և այլ մենագրական ստվարածավալ աշխատությունները մեծագույն ավանդ են ոչ միայն հայագիտության, այլև ընդհանուր լեզվաբանության բնագավառում:

            Աճառյանը ուսումնասիրել է հայերեն բարբառները, նրանց պատմությունն ու արդի վիճակը և իր հետազոտություններով հիմնադրել ու զարգացրել հայագիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հայոց լեզվի պատմությունը և  հայ բարբառագիտությունը:

            Իբրև հայագետ՝   նա նախ և առաջ իր ուսումնասիրության առարկա է դարձրել  հայերենի բազմաթիվ ու բազմազան բարբառները: Դեռևս 1898թ. առանձին հոդվածներով քննության առնելով մի շարք բարբառներ (Ասլանբեգի, Ղարաբաղի, Նոր Նախիջևանի Ղրիմի, Մարաղայի, Ագուլիսի, Նոր Ջուղայի, Պոլսի, Համշենի, Վանի, Աուչավայի, Առտիալի)՝  նա առաջին հերթին զբաղվում է բարբառների գիտական դասակարգման հարցով և նրանց ընդհանուր նկարագրությամբ: Դրան է նվիրված նրա «Հայ բարբառների դասակարգումը» («Classification des dialects arméniens») աշխատությունը, որ իբրև դիսերտացիա ներկայացվել է Սորբոնի համալսարանին (լույս է տեսել 1909թ. ֆրանսերեն): Վերջինս վերամշակված, ընդարձակված լույս է տեսել հայերեն  տարբերակով  Նոր Նախիջևանում «Հայ բարբառագիտութիւն» (1911) խորագրով: Օգտագործելով հայերեն բարբառների մասին մինչև այդ եղած ուսումնասիրությունները և ավելացնելով իր հետազոտությունների տվյալները՝  Աճառյանը հայագիտության մեջ առաջին անգամ առաջարկել է հայերեն բարբառների ձևաբանական դասակարգումը՝  բաժանելով դրանք 3 ճյուղի՝ ում, կը և  ել ճյուղեր: Հայ բարբառագիտության կողմից ընդունված  այս դասակարգմամբ Աճառյանը ցույց է տալիս, որ աշխարհագրական դասակարգումը չի տալիս հայերեն բարբառների ճշգրիտ պատկերը. Արևելյան և Արևմտյան կոչված խմբերը իրենց մեջ ընդգրկում են բարբառներ, որոնք միանգամայն տարբեր են իրենց հիմնական քերականական հատկանիշներով. hնչյունական տարբերությունները նույնպես դասակարգման հիմք չեն կարող հանդիսանալ, որովհետև մի կողմից` իրարից բոլորովին տարբեր, նույնիսկ տարբեր ճյուղերի մեջ մտնող բարբառները հնչյունական միևնույն հատկանիշներն ունեն (ինչպես` պայթականները Ագուլիսի և Մեղրու բարբառներում), մյուս կողմից` երբեմն միևնույն բարբառի խոսվածքները տարբեր հնչյունական հատկանիշներ ունեն (ինչպես` պայթականները  Նոր-Նախիջևանի խոսվածքներում):

            Հետագայում, ճիշտ է, այդ դասակարգումը ենթարկվել է որոշ ճշտումների ու լրացումների, բայց և այնպես  մնացել ու մնում է իբրև հայերեն բարբառների գիտական դասակարգման հիմք: Իր բարբառագիտական հետազոտություններով Հ. Աճառյանը մշակեց նաև բարբառների ուսումնասիրության մի համակարգ, որ անխախտ կերպով պահպանված է հայերեն առանձին բարբառներին նվիրված նրա բոլոր մենագրություններում:

            Բարբառների հարուստ բառագանձը Աճառյանը ներկայացրել է իր «Հայերէն գաւառական բառարան»-ում (1913), որտեղ ամփոփված է ավելի քան 40 բարբառների ու ենթաբարբառների մոտ 30000 բառ։ Թեև, ինչպես հեղինակն է խոստովանում, այս բառարանի հրատարակությունը կատարված է հակառակ իր կամքի և իր բացակայությամբ, որի պատճառով էլ հնարավորություն չի ունեցել վերանայելու և անհրաժեշտ լրացումներն ու փոփոխությունները կատարելու, բայց և այնպես, այդ վիճակում էլ հայերեն բարբառների լավագույն բառարանն է, թեև միակը չէ (իբրև մրցակից ունի Ամատունու «Հայոց բառ ու բանը», որ պարունակում է 16000 բառ և ոճ):

            Հրաչյա Աճառյանի գիտական ուսումնասիրությունների կարևորագույն բնագավառներից մեկը եղել է հայոց լեզվի  բառագանձի քննությունը: Դրան նվիրված նրա մեծագույն աշխատանքը  և գլուխգործոցը շուրջ քառասուն տարիների աշխատանքի արգասիքը հանդիսացող «Հայերեն արմատական բառարանը» -ն է (հ. 1-7, 1926-35, 2-րդ հրտ.՝ հ. 1-4, 1971-79): Համեստ վերնագիր կրող այս ծովածավալ աշխատությունը հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 հայերեն արմատական բառերի ցանկն է՝  նրանց բացատրությամբ, քերականական տեղեկություններով ու ստուգաբանությամբ հանդերձ: Այն Անտուան Մեյեի հավաստմամբ իմաստաբանական-ստուգաբանական եզակի բառարան է, որտեղ հայերենի արմատները բնութագրված են հնդեվրոպական հիմք լեզվի, ցեղակից և հարևան լեզուների հետ ունեցած առնչությունների, բառակազմական հնարավորությունների և գավառաբարբառներում նրանց դրսևորումների համապատկերում: Բառարանում     հերթականությամբ   ամփոփված են   հայերեն բոլոր      արմատները.      յուրաքանչյուր      բառ    ներկայացված     է     հինգ    բաժնով.              

 1) բառագիտություն, 2) ստուգաբանություն,    3) ստուգաբանությունների    պատմություն,  4) գավառական      բառեր,   5) հայերենից     փոխառյալ    բառեր, որտեղ   ցույց   է տալիս   հայերենի   ազդեցությունն    ուրիշ    լեզուների վրա,    մի բան, որով առհասարակ լեզվաբանները քիչ են զբաղվել:
             Արմատական բառարանը  կարելի է ասել՝  ամփոփումն է հայ լեզվաբանության   մի     ճյուղի`   ստուգաբանության, այդ    իսկ   պատճառով դարագլուխ կազմող այս աշխատությունը դարձել է հայագիտության ամենաարժեքավոր գործերից մեկը: 
            Հրաչյա Աճառյանի հայագիտական ուսումնասիրությունների կարևորագույն բնագավառներից  և հիմնադրած ճյուղերից  մեկը  հայոց լեզվի պատմությունն ու պատմահամեմատական քերականությունն է: Այս ուղղությամբ նրա կատարած հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր աշխատության մեջ (Ա մաս, 1940, Բ մաս,1951): Այստեղ նախ տրվում է հայոց լեզվի առաջացման պատմությունը, ապա` հայերենի բառամթերքի մանրամասն պատմությունը, որ ընդգրկում է գրեթե ամբողջ առաջին մասը և երկրորդ մասի որոշ գլուխներ, և վերջապես` հայերենի կրած պատմական փոփոխությունները նրա զարգացման տարբեր շրջաններում և այդ շրջանների (վիպասանական, դասական կամ մեսրոպյան, հետմեսրոպյան, հունաբան հայերեն, միջին հայերեն, լատինաբան հայերեն, աշխարհաբար` բազմաթիվ բարբառներով հանդերձ) լեզվի նկարագրությունը (Բ. մաս): Բառամթերքի ուսումնասիրության տեսակետից այս աշխատությունը օրգանական շարունակությունն է կազմում «Արմատական բառարան»-ի: Եթե «Արմատական բառարան»-ում ամփոփված են հայերեն արմատները և նրանց ստուգաբանությունը, ապա այստեղ այդ ստուգաբանությունների հիման վրա խմբավորված են բոլոր բառերն. ամենից առաջ՝ ըստ իրենց ծագման, որով և  նախ` պարզվում  է, թե որն է «բնիկ-հնդեվրոպական», ապա`   թե  օտար  լեզուներից    հայերենն   ինչ   բառամթերքի   ազդեցություն  է  կրել:

Բառացանկերը տալուց առաջ հեղինակը, բնականաբար, լուսաբանում է պատմական այն հանգամանքները, որոնց մեջ այս կամ այն լեզվից հայերենը ազդեցություն է կրել:

Առաջին հերթին հայերի նախապատմության ու «հնդեվրոպական նախահայրենիքից» գաղթելու մասին խոսելով` նա նկարագրում է հնդեվրոպացիների, ապա՝ հայերի քաղաքակրթության աստիճանը նախնական շրջանում, այնուհետև տալիս այն բոլոր հայերեն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն, այսինքն «բնիկ» հայերեն են. այստեղ յուրաքանչյուր բառի դիմաց տրված են հնդեվրոպական վերականգնված նախաձևը և ցեղակից լեզուների միջև եղած համապատասխան ձևերը: Այնուհետև հեղինակն անցնում է ուրիշ լեզուների ազդեցությանը:

            Առաջին հատորում առանձնակի կարևորություն են ներկայացնում առաջին երկու գլուխները («Հնդեվրոպական նախաշրջան» և «Հնդեվրոպական բարբառները և հայերենի դիրքը նրանց մեջ»), որտեղ հեղինակը քննության է առնում լեզվի պատմական զարգացման, լեզուների ցեղակցության, հայերենի և հնդեվրոպական լեզուների ցեղակցության և ցեղակից լեզուների շարքում նրա գրաված դիրքի և նրա կազմավորման հարցերը: Ընդունելով լեզվի պատմականությունը և նրա կապը հասարակության հետ`  Աճառյանը  լեզվի զարգացման համար առանձնացնում է երեք գործոն.  ա) լեզվի ներքին «բարեշրջություն» (նրա էվոլյուցիան), բ) օտար ազդեցություններ, գ) անհատական նորամուծություններ, որոնք մեծ մասամբ գրական ճանապարհով են կատարվում և լեզվի զարգացման մեջ շատ ավելի փոքր դեր են խաղում: 
            Երկրորդ հատորում հետաքրքրական են այն գլուխները, որոնց մեջ քննության են առնվում հայերենի քերականության կրած փոփոխությունները, հայերենի բարբառների առաջացման, միջին հայերենի ու ժամանակակից հայերենի կազմավորման հարցերը:

            Այսպիսով՝ ի մի  բերելով նախորդ շրջաններում արվածը և սեփական հետազոտությունների արդյունքները` Աճառյանը «Հայոց լեզվի պատմություն» աշխատությամբ հիմնադրել ու ամբողջական ուսումնասիրության է ենթարկել հայագիտության այս ճյուղը:

            Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված Հ. Աճառյանի   «Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների» մեծարժեք մենագրությունը  (Ներածություն, 1955, հ.1-6, 1952-71): Ի մի բերելով վերջին շուրջ մեկ հարյուրամյակում հայերենի պատմական ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները, ինչպես նաև սեփական հետազոտությունների արդյունքները՝ Աճառյանն այս աշխատության մեջ քննարկվող բարդ խնդիրների իր լուծումներն է առաջարկել:
            Լեզվաբանական հանրագիտարանի բնույթ ունեցող այս հսկայածավալ աշխատությունը  բաղկացած է տասը հատորից.

1. Ներածություն
2. Ձայնաբանություն
3. Գոյական
4. Ածական և թվական
5. Դերանուն
6. Բայ
7. Դերբայ, նախադրություն, մակբայ, շաղկապ
8. Շարահյուսություն
9. Բառաքննություն
10. Իմաստաբանություն
           

            Վերջին երեք հատորները (շարահյուսություն, բառաքննություն, իմաստաբանություն) ներկայացնում են անմշակ նյութեր, իսկ մյուսները հիմնականում ավարտված են և հրատարակության համար կարիք ունեն միայն մասնակի լրացումների:

            Ներածական առաջին հատորը Աճառյանի բոլոր տեսական-լեզվաբանական պրպտումների ամփոփումն է և  ընդգրկում է նրա լեզվաբանական սկզբունքները: Այստեղ  նա անդրադառնում է լեզվի բնորոշման, ծագման հարցերին:  Լեզուն բնորոշելով որպես հասարակության հաղորդակցման միջոց` նա փաստերով ցուցադրում է լեզվի ընդհանրությունը, նրա համաժողովրդական բնույթը: Լեզվի զարգացման հարցում Աճառյանը հետևում է, այսպես կոչված, լեզվաբանական անընդհատության տեսությանը՝ ընդունելով, որ լեզուն անընդհատ ձևափոխություններ է կրում, բայց երբեք որակական անցումներ չի կատարում, նոր լեզուն ոչ այլ ինչ է, եթե ոչ հին լեզուն` ձևափոխված վիճակում: 
Աճառյանը անդրադարնում է նաև լեզուների ցեղակցության երևույթին, այն բացատրում է նախալեզվի տեսության համաձայն, ըստ որի  ցեղակից լեզուները երբեմնի նախալեզվի շարունակությունն ու ճյուղավորումներն են: Տեսական շարադրանքից  բացի  Աճառյանը բազմաթիվ օրինակներով ցույց է տալիս տարբեր լեզուների միջև եղած ընդհանրությունները:

            Հ. Աճառյանը հիշյալ հատորի վերջին գլխում քննության նյութ է դարձրել «ընդհանուր նախալեզվի» հարցը:  Այս տեսության համաձայն՝ նախնական ժամանակներում գոյություն է ունեցել  հնդեվրոպական միասնական մի ժողովուրդ, որ հեղինակի կարծիքով ապրել է այժմյան Ռուսաստանի տեղում, հետագայում այդ ժողովուրդը մասնատվել է, նրա հատվածները գաղթել են և բնակություն հաստատել Ասիայի ու Եվրոպայի զանազան մասերում` կազմելով առանձին ժողովուրդներ, որոնցից էլ հետագա մասնատումներով առաջացել են դարձյալ նորանոր ժողովուրդներ, և այսպես գոյացել են «հնդեվրոպական ժողովուրդները»:
            Աշխատության՝  խոսքի մասերին վերաբերող  բոլոր բաժինները   բաղկացած են երեքական մասից. ընդհանուր լեզվաբանություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և հայերենի պատմահամեմատական քերականություն: Այսինքն՝  հեղինակը լեզվական տվյալ երևույթը նախ քննում է համեմատվող բազմաթիվ լեզուներում և դրանով իսկ ամբողջական գաղափար տալիս վերջինիս՝  աշխարհի լեզուներում ունեցած դրսևորումների մասին, ապա  տվյալ երևույթը քննում  է հնդեվրոպական լեզուների մեջ` սկսած «հնդեվրոպական նախալեզվից»: Այնուհետև հեղինակն անցնում է հայերենին` նույն երևույթը քննության առնելով պատմահամեմատական մոտեցմամբ, այսինքն, նախ հայերենի տվյալ երևույթը քննում է հնդեվրոպական լեզուների համեմատությամբ, մեկնաբանում նրա առաջացումն ու նախնական շրջանում կրած փոփոխությունները և ցույց տալիս այդ կետում եղած ընդհանրություններն ու տարբերությունները հայերենի ու ցեղակից լեզուների միջև, ապա  նույն երևույթը իր բոլոր դրսևորումներով ամենայն մանրամասնությամբ քննում է  գրաբարում, միջին հայերենում, հայերեն բարբառներում և ժամանակակից հայերենում:

            Այսպիսով, հայոց լեզվի պատմահամեմատական քերականության բնագավառում Հրաչյա Աճառյանը ամփոփել է այդ ուղղությամբ կատարված բոլոր ուսումնասիրությունները, ավելացրել իր հետազոտությունների արդյունքները և ստեղծել այնպիսի մի աշխատություն, որը հիմնականում սպառում է հայերենի համեմատական ու պատմական ուսումնասիրության բոլոր կարևորագույն հարցերը:
             «Արմատական բառարանի» լրացումը կարելի է համարել «Հայոց անձնանունների բառարանը»: Հինգ հատորից բաղկացած այս մեծածավալ աշխատության մեջ հեղինակը հավաքել, դասավորել և ուսումնասիրել է V-XIII դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները, տվել դրանց մեծ մասի ստուգաբանությունը։ Յուրաքանչյուր անվան մասին խոսում է երկու հատվածում. առաջինում բերում է անունը` տալով նրա ծագումը կամ ստուգաբանությունը և հիշելով նրա փաղաքշական ու ժողովրդական ձևերը: Երկրորդ հատվածում պատմական հաջորդականությամբ բերված են նույն անունը կրող բոլոր անձինք` տալով նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկություններ (եթե կան), ապա և` այն բոլոր տեղերը, ուր հիշատակված է այդ անձը ամբողջ հայ հին մատենագրության, ձեռագրաց ցուցակների և հեղինակի կողմից առանձնապես կարևոր համարված նոր աղբյուրների մեջ: Այդ ընդարձակ ծրագիրը ևս հեղինակն ի կատար է ածել բացառիկ բարեխղճությամբ և ուշադրությամբ և այսպիսով տվել մի աշխատություն, որ չափազանց մեծ արժեք է ներկայացնում թե' հայ լեզվաբանության, թե' հայոց պատմության և թե' հայ բանասիրության համար: 
            Այս համառոտ ակնարկում ներկայացված  հայագիտական ու ընդհանուր լեզվաբանական ամենագլխավոր գործերով, սակայն, չեն սպառվում Հրաչյա Աճառյանի աշխատությունները, ինչպես նաև հայագիտության այն ճյուղերը, որոնցով նա զբաղվել է իր բեղմնավոր գիտական գործունեության ընթացքում և որոնք հարստացրել է նույնպես ոչ նվազ արժեքավոր աշխատություններով: Աճառյանը ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը  կազմել հայ հին ձեռագրերի ցուցակներ («Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի», 1910, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Բայազետի», 1924, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի», 1936 և այլն)։ Բանասիրական ուշագրավ ուսումնասիրություն է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ի պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկա նորգիւտ ձեռագրին», 1904, համահեղինակ)։ Նրա գրչին են պատկանում հայ գրերի գյուտին և նրանց զարգացման պատմությանը, («Ս. Մեսրոպի եւ գրերու գիւտի պատմութեան աղբիւրներն ու անոնց քննութիւնը», 1907, «Հայոց գրերը», 1928), հայ հին մատենագրության բազմազան հարցերի, հայ նոր գրականությանը, հայ ժողովրդի պատմության զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ մենագրություններ և գիտական առանձին հոդվածներ, որոնց մասին հանգամանորեն խոսել այստեղ հնարավոր չէ: Անհնար է նաև անդրադառնալ ձեռագիր վիճակում մնացած աշխատություններին:

            Այսպիսով՝ միանգամայն վստահ կարելի է ասել, որ Հրաչյա Աճառյանը մեր ժամանակի ամենաբեղմնավոր և ամենամեծ հայագետ-լեզվաբանն է, ում բազմաթիվ գիտական աշխատություններից յուրաքանչյուրը մի կոթող է հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Իր գիտական գործունեության հետ միասին նա միշտ էլ զուգակցել է մանկավարժական աշխատանքը և մինչև իր կյանքի վերջին օրն էլ ամենագործուն մասնակցություն ունեցել երիտասարդ հայագետների պատրաստման գործին:

 

 

ՔԱՂՎԱԾՔՆԵՐ   ՀՐԱՉՅԱ   ԱՃԱՌՅԱՆԻՑ

Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել:

Անմեղների ողբերգությունը սկիզբ է առնում մեղավորների մեղավորությունից: Սակայն մեղավորների մեղավորությունը երբեք չի արդարացնում անմեղների ողբերգությունը
 

 

                                     ՀՐԱՃՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ՄԱՍԻՆ 
 

* * * * 
       «Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել            եմ իմ աշակերտների թվում»: 

Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան 
 

* * * * 
Իբրեւ գլուխ եւ իբրեւ սիրտ՝ մեծ ապագայ կը գուշակէի Կեդրոնականին այդ կոչէցեալ աշակերտին համար․․․ ամէն բան ունի յառաջանալու, մեծանալու համար․․․ քանզի բանաստեղծ ալ է։ Եւ հակառակ ասածին՝ խօսքին տեղ գի՜րն է, որ պիտիւ թռչի ու գայ մեզի։ 

Եղիա Տեմիրճիպաշյան 

* * * * 
Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ: 
Էդուարդ Բագրատի Աղայան,

 

 

 

 

 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.