ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն այսօր նախաձեռնել էր «Հայոց լեզուն հեռուստաեթերում» խորագրով քննարկում՝ լեզվաբանների եւ հեռուստալրագրողների մասնակցությամբ: Այն նվիրված էր հեռուստաեթերի լեզվի հասարակական դերին, առանձնահատկություններին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը փաստեց, որ գրական հայերենը նահանջ է ապրում: Նրա խոսքով, այդ երեւույթը մեղմելու, լեզվավիճակի վրա ազդելու առումով կարեւոր դերակատարություն ունեն ինչպես գիտական հանրությունը՝ տվյալ դեպքում լեզվի ինստիտուտը, այդպես էլ հեռուստատեսությունը:
Պարոն Կատվալյանի խոսքով, գրական լեզվի ոլորտ են ներխուժել զանազան դրսեւորումներ՝ բարբառներ, խոսակցական հայերեն, ստիպված ինստիտուտը հեռուստաեթերի լեզվում հաճախ հանդիպող սխալները հավաքել է, պատրաստել գրքույկ, որը շուտով կհրատարակվի:
Նա ասաց, որ պատրաստվում են ամիսը մեկ անգամ սեմինար անցկացնել հեռուստալրագրողների համար. «Հաղորդավարները երբեմն մտածում են, որ իրենց խոսքը պետք է ասեն անկաշկանդ, անգամ ա-երով են խոսում, իսկ գովազդի, սերիալների լեզուն ավելի անմխիթար վիճակում է»:
Այսօր լեզվի ինստիտուտն ունի յոթ բաժին, որոնք ուսումնասիրում են ոչ միայն հայոց լեզվին վերաբերող, այլեւ ընդհանուր լեզվաբանական հարցեր:
«Ժողովուրդը մեծ համարում ունի հեռուստատեսության նկատմամբ, հեռուստատեսային խոսքը շատ արագ իր արձագանքն է գտնում ժողովրդի մեջ: Հասկանում ենք, որ հեռուստատեսային լեզու ասվածը բազմաշերտ իրողություն է. տարբեր է հաղորդավարի խոսքը, հյուրի կարգավիճակում գտնվողի խոսքը, լեզուն կարող է տարբեր դրսեւորումներ ունենա սերիալում, գովազդում, այլուր, բայց գրական լեզուն ամենուր պետք է լինի տիրապետողը, եւ հեռուստաընկերությունը պետք է վերահսկողություն ունենա սփռվող լեզվի վրա… Հեռուստաընկերությունները եւ գիտական հիմնարկները կարող են համագործակցել եւ նպաստ բերել գրական լեզվի պահպանման գործում»,-համոզված է Լեզվի ինստիտուտի տնօրենը: Նա հավելեց, որ ինստիտուտի աշխատակիցները պատրաստել են ուղեցույցներ հեռուստաընկերությունների համար: «Պետք է սկսել մի օր, պետք է կանգնեցնել գրական լեզվի նահանջը, գրական հայերենը շատ էլ կենսունակ է»,-ասաց Կատվալյանը:
Լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի վարիչ Նվեր Սարգսյանն ասաց, որ հեռուստաընկերություններին հրավիրել են ոչ թե քննադատելու, այլ որպես գործընկերոջ՝ համագործակցելու ակնկալիքով: «Դուք մեզ ձեր թշնամու կարգավիճակում մի դրեք, եթե միմյանց պետք է մի քիչ դիպչենք, դա պետք է լինի այն պահանջը, որ պետք է»,-ասաց Սարգսյանը: Նա հավելեց, որ ինստիտուտը պատրաստ է հուշագիր կնքել հեռուստաընկերությունների հետ՝ հանուն անաղարտ հայերենի: «Բավական է ասել «էձիկն» ու «ձիրեկտրը», «ձյաձյան» ու «ծյոծան»,-զայրացավ Արդի հայերենի բաժնի վարիչը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/04/16/451651/