Հունիսի 18-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական նստաշրջանը: Այն դարձյալ հաստատեց, որ հայերենագիտությունը ակտիվ, խորքային և արդիական քննարկումների դաշտ է։
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նստաշրջանի բացման խոսքում ընդգծեց նման գիտաժողովների կարևորությունը ոչ միայն լեզվաբանական ավանդույթի պահպանման, այլև հայերենագիտական հետազոտությունների նոր ուղղությունների ձևավորման տեսանկյունից։ «Ջահուկյանական ընթերցումներ» միջոցառման ձևաչափը արդեն խորհրդանշորեն կապում է հայ լեզվաբանական դասական միտքը ժամանակակից գիտական որոնումներին։ Նստաշրջանի բացմանը ողջույնի խոսք հղեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը:
Ներկայացված զեկուցումները աչքի էին ընկնում թեմատիկ բազմազանությամբ, գիտական թարմությամբ և միջգիտակարգային շեշտադրումներով։ Քննարկումների առանցքում էին հայերենի բառապաշարի պատմական շերտերը, բարբառային իրողությունները, միջինհայերենյան ժառանգությունը, արդի լեզվաբանության տեսական խնդիրները, տեղանվանագիտությունը, իմաստաբանությունը, քերականական եզրույթների մեկնաբանությունը, ինչպես նաև լեզվի և հոգեբանության, լեզվի և թվային հաղորդակցության փոխհարաբերությունները։
Առաջին նիստի զեկուցումները վերաբերում էին հայերենագիտական հետազոտության տարբեր ուղղություններ՝ բառիմաստի զարգացումներ, ստուգաբանություն, միջինհայերենյան բառաշերտ բարբառային բառապաշարի ուշագրավ դրսևորումներ։ Հատկապես կարևոր էր այն, որ դասական լեզվաբանական խնդիրները դիտարկվում էին ժամանակակից գիտական մեթոդաբանության լույսի ներքո՝ նոր հարցադրումներով և մեկնաբանության նոր հնարավորություններով։
Երկրորդ նիստը ևս առանձնացավ թեմատիկ ընդգրկունությամբ։ Զեկուցումներում արծարծվեցին ուրարտերենի ուսումնասիրության պատմության, Արցախի տեղանվանահամակարգի, ժամանակակից հայերենի դարձվածային միավորների, միջնադարյան քերականական դիտարկումների, համաշխարհայնացման և թվային հաղորդակցության ազդեցության, ինչպես նաև լեզվի հոգեբանական ընկալման ու հուզական տարբերակման խնդիրներ։
Նստաշրջանի կարևոր առանձնահատկություններից էր այն, որ զեկուցում ոչ միայն ներկայացնում էր հստակ հետազոտական արդյունք, այլև դառնում էր քննարկման առիթ՝ միավորելով տարբեր սերունդների և տարբեր հաստատություններ ներկայացնող մասնագետների։
«Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանը հայերենագիտական մտքի արդյունավետ դրսևորման հարթակ է, որն ապահովում է և՛ գիտական հերթական բացահայտումների բազմազանություն, և՛ գիտական տարբեր սերունդների միջև փորձի փոխանակություն։ Նստաշրջանը ևս մեկ անգամ հավաստեց, որ լեզվի ուսումնասիրությունը արդի գիտական, մշակութային և հասարակական գործընթացներին արձագանքող կենսունակ միջավայր է։