Տեղի ունեցավ «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովը

12/10/2024
         Ս. թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Բառագիտության արդի խնդիրներ» հանրապետական գիտաժողովը` նվիրված անվանի լեզվաբան Հայկ Ամալյանի ծննդյան 100-ամյակին:
        Գիտաժողովը ողջույնի խոսքով բացեց ՀՀ Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Լ. Կատվալյանը: Նա նշեց, որ հայագիտության երախտավորների հոբելյանները նշելը լեզվաբանների նոր սերնդի համար առանձնահատուկ նշանակություն ունի:
         Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին Լավրենտի Հովհաննիսյանին, որի զեկուցումը նվիրված էր հին հայերենի մի շարք բուսանունների:
         Բառարանագիտության պատմության մի դրվագ ներկայացրեց բառարանագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Վանուհի Բաղրամյանը. «Մ. Սիմեոնյանի անգլերեն-հայերեն բառարանի բառարանագրական արժեքը» զեկուցումը ուշագրավ փաստեր ներկայացրեց նշյալ բառարանի մասին:
         Գայանե Գրիգորյանի «Դիմակի ազդեցությունը խոսքի ընկալման վրա» զեկուցումը ներկայացնում էր հայերեն փորձառական հնչյունաբանության գիտափորձերով հաստատված տվյալները` դրանք համադրելով այլ լեզուների նյութերի ընձեռած արդյունքներին:
         Անահիտ Գալստյանը և Լեոնիդ Թելյանը «Անել բայի իմաստագործառական քննություն» համատեղ զեկուցման մեջ անդրադարձել են նշված բայի իմաստաբանական նկարագրին, դարձվածակազմական տարողունակությանը, իմաստային այլևայլ կիրառություններին հայերեն խոսքի տարբեր շերտերում` ժողովրդախոսակցական հայերեն, բարբառներ, մեղմասություններ, ժարգոնային արտահայտություններ, մանկական խոսք: Սույն զեկուցումը անկանոն բայերի իմաստագործառական քննությանը նվիրված շարքի առաջին մասն է:
         «Վանկային և խառը հապավումները արդի հայերենում» զեկուցման մեջ Վալենտին Խաչատրյանը քննում է հայերենի բառակազմական ուրույն եղանակի` հապավման առանձնահատկությունները: Օ. Խաչատրյանի և Ս. Տիոյանի «Կիրառական արվեստի մի քանի տերմինների մասին» համատեղ զեկուցումը անդրադառնում է լեզվի ինստիտուտի աշխատակից Մարգարիտ Գյուլնազարյանի` կիրառական արվեստի տերմիններին նվիրված աշխատությանը, որի հրատարակության պատրաստման գործն են ձեռնարկել սույն զեկուցման հեղինակները:
          Նռանե Սարգսյանի և Արմինե Մկրտումյանի համատեղ զեկուցումը հայերենում բիո- և կենսա- բաղադրիչներով կազմությունների գործառույթին էր վերաբերում. հարցը դիտարկվում էր փոխառություն-կիսապատճենում-հայերեն տարբերակ կտրվածքով:
         Գ. Հովսեփյանը անդրադարձել է «Նոր բառեր» բառարանաշարքում գրանցված նորակազմությունների առավել գործուն կաղապարներին, Ի. Մարգարյանը` հեռուստատեսության խոսքից դուրս գրած նորակազմություններին:
        Ն. Սիմոնյանի «Հայ-գերմանական բառային զուգաբանություններ» զեկուցումը, որը լսվեց մեծ հետաքրքրությամբ, հագեցած էր բազմաթիվ բացատրական և ստուգաբանական բառարանների համադրումից և վերլուծությունից բխող ուշագրավ եզրահանգումներով:
         Արսեն Վարդանյանը «Հարանունների դասակարգման շուրջ» զեկուցման մեջ ներկայացրեց դասավանդման ընթացքում հարանունների դասակարգման մի քանի խնդիրներ:
         Ռեբեկա Մարգարյանը կարդաց «Հագուստ անվանող բառերը դարձվածքներում» զեկուցումը: Վերջում զեկուցողը նշեց նաև, որ իր թեկնածուական ատենախոսության ընդդիմախոսներից մեկը Հայկ Ամալյանն էր, որին միշտ հիշում է երախտագիտությամբ և խորին ակնածանքով:
         Բառագիտության արդի խնդիրներին նվիրված գիտաժողովը աչքի ընկավ թեմաների բազմազանությամբ, հարցադրումների լայն շրջանակով, առաջարկվող դասակարգումների, մոտեցումների թարմությամբ և յուրահատկությամբ:
 
ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ,
բառարանագրության բաժին

Հայտարարություններ

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.