«ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԳԱԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ

17/11/2023
        2023թ. նոյեմբերի 2-3-ը ՀՀ ԳԱԱ  Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում  կայացավ «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով, որ նախաձեռնել էր հայոց լեզվի պատմության բաժինը: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի ուսումնագիտական տարբեր հաստատու­թյունների գիտնականներ (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, արևելագիտության ինստիտուտ, քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, ԵՊՀ, «Տաթև» գիտակրթական համալիր, Մ. Մաշտոցի անվան Մատենադարան), ինչպես նաև հետազոտողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Չինաստանից։ Գիտաժողովի աշխատանքներն ընթացան առկա և առցանց։
        Գիտաժողովը սկսվեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի բացման խոսքով: Նա կարևորեց հայոց լեզվի պատմական զարգացմանն առնչվող ուսումնասիրությունների դերը գիտության զարգացման և գիտական ձեռքբերումների լուսաբանման տեսանկյունից:
        Գիտաժողովում հնչած զեկուցումներն աչքի ընկան թեմատիկ բազմազանությամբ՝  ընդգրկելով հայոց լեզվի պատմության տարբեր փուլերի և խնդիրների առնչվող հարցեր։ Զեկուցումների մեծ մասը վերաբերում էին հայոց լեզվի կառուցվածքի բոլոր մակարդակների պատմական քննությանը՝ հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, իմաստաբանության:
Պատմական հնչյունաբանությանն էին առնչվում «Հայերենի ը ձայնավորի մասին» (Վ․ Կատվալյան),  ««Ու» երկտառ նշանագրի ոսկեդարեան արտասանության խնդրի շուրջ» (Ա․ Միքայելյան, (Ֆրանսիա)), «Անվանական հիմքը և անշեշտ դիրքում ձայնավորների սղումը ուրարտերենում» (Ս․ Այվազյան) զեկուցումները։
         Զեկուցումների մի ամբողջ շարք նվիրված էր գրավոր հուշարձանների լեզվական և բանասիրական քննությանը: Ուշագրավ էին նորակազմ բառերը XII-XIII դդ. ձեռագիր բառարաններում  (Ն. Հովհաննիսյան),  անձնական դերանունների որոշ առանձնահատկությունների բացահայտումը (Մ. Ֆելեքյան), XII-XIII դդ. երկերում օտար բառերի գործածության դեպքերի քննությունը (Վ. Խաչատրյան), խոսքիմասային անցումների դրսևորումները միջնադարյան բժշկարաններում (Հ. Թադևոսյան), իրավագիտական և կրոնական եզրույթների հետազոտությունը Դավիթ Վարդապետի «Կանոնական աւրէնսդրութիւն» երկում (Ն. Դիլբարյան), Գ. Տաթևացու գրական ժառանգության մի շարք իրավական հասկացությունների առկայությունը հայերենի բարբառներում (Ս. Գրիգորյան), Ա. Սանահնեցու «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի» երկի գրաբարյան դարձվածային միավորների ուսումնասիրությունը:        Ելույթ ունեցողները բնագրագիտական հետազոտությամբ պարզաբանում էին գրավոր աղբյուրների ստեղծման ժամանակաշրջանի, կառուցվածքի, նախօրինակների և լեզվական առանձնահատկություններին առնչվող խնդիրներ:
         Հայոց լեզվի պատմության նախորդ փուլերի բառապաշարի և քերականական որոշ իրողությունների ուսումնասիրության տեսանկյունից առանձնանումվ էին գոյականի սեռի քերականական կարգին առնչվող դիտարկումը հայերենում (Գ. Մխիթարյան), միջին հայերենի պարբերափուլերի գիտական ըմբռնումներին վերաբերող զեկուցումները (Գ. Մկրտչյան):
Պատմական բարբառագիտության հարցեր էին արծարծվում Ղարաբաղի (Արցախի) բարբառի գործիական հոլովի դրսևորման առանձնահատկություններին և ցուցական դերանունների կիրառությանը նվիրված Լ. Հովհաննիսյանի զեկուցումներում:
          Քննարկվեցին պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայերենի և այլ լեզուների շփումների ու փոխհարաբերությունների հարցեր: Այդ տեսանկյունից առանձնանացան Ոսկան Երևանցու քերականության սահմանումների լատինական նախօրինակներին վերաբերող (Տ. Սիրունյան), խեթերենից հայերենին անցած որոշ փոխառությունների (Հ. Հմայակյան)  և մուսուլմանական ծագման հայկական անձնանուններին վերաբերող զեկուցումները (Տ. Միքայելյան):
          Ուշագրավ էին բառաքննությանը և ստուգաբանությանը առնչվող դիտարկումները: Հետաքրքիր էր Հ.  Զաքարյանի՝  «փոքրավոր» և «ձագ» իմաստներով մի քանի բառերի ստուգաբանությունը: Հայերենի բարբառներում ժողովրդական ստուգաբանությամբ հնչյունափոխված անձնանունների մասին ինքնատիպ զեկուցում ներկայացրեց Ա. Վարդանյանը:
Առանձնանում էին նաև արևմտահայերենի քերականությանը՝ մասնավորապես խնդրառության հարցեր (Ա. Ֆիշենկճեան, Ս. Տիոյան), ինչպես նաև հայերենի գրական երկու տարբերակների բառապաշարի ընդհանրություններին և տարբերություններին վերաբերող հետաքրքիր նկատառումներ (Ս. Տիոյան, Զ. Խպլիկեան):   
        Զեկուցումների շուրջ ծավալվեցին առողջ գիտական քննարկումներ, արծարծվեցին տարբեր կարծիքներ և տեսակետներ։
       Գիտաժողովն ամփոփեց լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը։ Նա նշեց, որ այս գիտաժողովը ևս մեկ անգամ  համախմբեց Հայաստանի գիտության ոլորտի մասնագետներին՝ ստեղծելով մասնագիտական զրույցների ու քննարկումների, մտքերի և փորձերի փոխանակման բարենպաստ միջավայր:
        Հնչած զեկուցումները հագեցած էին փաստական հարուստ նյութով, գիտական վերլուծությունները մեծ մասամբ համոզիչ էին։ Որոշ հարցեր ստացան նոր լուծումներ, և ըստ այդմ՝ նորովի անդրադառնալով հայոց լեզվի պատմության արդի հիմնախնդիրներին։ Հատկանշական է նաև այն, որ վաստակաշատ լեզվաբանների կողքին իրենց խրախուսելի քայլերն են անում երիտասարդ մասնագետները, որոնց զեկուցումները գնահատելի էին նյութի բավարար իմացության և գիտական ճիշտ վերլուծության տեսանկյունից։
 
Հայոց լեզվի պատմության բաժին

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.