ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԵՐԻՆ

22/09/2023
 
        ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Գավառի պետական համալսարանը վերսկսում են լեզվական հարցերին նվիրված ամենամսյա առցանց քննարկումները, որոնց սիրով մասնակցում են ոչ միայն մասնագետ լեզվաբանները, այլև ուսուցիչները, ուսանողները, բարձր դասարանների աշակերտները և բոլոր նրանք, որոնք հետաքրքրվում են  հայոց լեզվի հարցերով։
         Նոր ուսումնական տարվա առաջին առցանց քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին, որին մասնակցում էին լեզվի ինստիտուտի և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի աշխատակիցները, ուսանողներ, Արմեն Միքայելյանը Ֆրանսիայից։ Քննարկման սկզբում Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վ․Կատվալյանը, անդրադառնալով նախորդ տարվա հանդիպում-քննարկումների  նկատմամբ դրսևորված հետաքրքրությանը և բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը, անհրաժեշտություն  համարեց այսուհետև ևս ապահովել դրանց շարունակականությունը։
        Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Պարզաբանվեցին պետական, պաշտոնական, գրական լեզուների, բարբառների սահմանազատման և կիրառության հետ կապված արդիական հարցեր, ներկայացվեցին հայերենի, մասնավորապես՝ արևելահայերենի և արևմտահայերենի հնչյունական համակարգերի համեմատական բնութագրերը, շոշափվեցին բուհական և հանրակրթության ոլորտներում լեզվի ուսուցման հետ կապված հարցեր, մտահոգություններ արտահայտվեցին, որ հայոց լեզվի դպրոցական ծրագրերում գրաբարը, բարբառները, արևմտահայերենն ըստ էության ընդգրկված չեն, չնայած առանձին  հեղինակներին ուսումնասիրելու համար խիստ անհրաժեշտություն է զգացվում որոշակի գիտելիքներ ունենալ հայերենի դրսևորումների հնչյունական, բառապաշարային և քերականական առանձնահատկությունների մասին։
      Քննարկմանը  մասնակցեցին Արմեն Միքայելյանը, Վարսիկ Ներսիսյանը, Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ ուսանողներ Անահիտ Պողոսյանը, Լիլիթ Սեյրանյանը և ուրիշներ։
        Քննարկումը վարեց և ամփոփեց Վ․Կատվալյանը։
          Քննարկումն անցավ ակտիվ բանավիճային մթնոլորտում։

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.