Կարնո բարբառը կենդանի, գործուն է և որպես հաղորդակցման միջոց է ծառայում Գյումրիում, Շիրակի մարզի բազմաթիվ բնակավայրերում։ Մեզ հետաքրքրող բարբառային իրողությունների մասին տեղեկություններ քաղեցինք գյումրեցի Հրայր Մելքոնյանից, որը քաղաքում ճանաչված արհեստավոր-թիթեղագործ է (ժեշտանճի)։
Մարզի ամենաբարձրադիր գյուղը Լեռնակերտն է, ուր այցելեցինք 88-ամյա Մանիկ Հովհաննիսյանին։ Նա լավ հիշողություն ուներ և պատասխանեց մեզ հետաքրքրող բոլոր հարցերին։
Հայրենյաց գյուղում մեր 93-ամյա բարբառախոս Լիա մայրիկին (նախնիները գաղթել են Կարսից 1828թ.) օգնում էր վերհիշել որդին՝ Գագիկ Սարոյանը։ Հատկապես հետաքրքիր էր Թումանյանի <Սուտասանը> հեքիաթի սկզբնամասի թարգմանությունը Կարսի խոսվածքով։ ։Պարզեիպարզ երևում էր, որ Կարսի խոսվածքը -ում ճյուղի բարբառային հատկանիշներ ունի՝ բէրըմ է, զարգըմ է, լալըմ է, տալըմ է և այլն։
Հոռոմ գյուղում նույնպես Կարսից գաղթածների 3-րդ սերնդի ներկայացուցիչնեգրի հետ աշխատեցինք։ Զելֆիկ Փարվանյանը մեզ տվեց արժեքավոր տեղեկություններ իրենց խոսվածքին հատուկ բառակազմական միջոցների մասին։
Մեծ եղեռնից հետո Զորավար Անդրանիկի զորքի հետևից Շիրակի դաշտում ապաստանած մշեցիների մի քանի տասնյակ ընտանիքներ իրենց համար գյուղատեղի են ընտրել Ախուրյան գետի Ախուրիկ վտակի երկու ափերը։ Այդ խառնակ ժամանակաշրջանում՝ 1922-23 թթ. են կազմավորվել բացառապես գաղթականներով բնակեցված Ոսկեհասկ գյուղը։ Այդ գյուղում աստիճանաբար բնակություն էին հաստատել նաև Կարսի մարզի տարբեր գյուղերից բռնագաղթածների նորանոր գերդաստաններ՝ փաստորեն առանձնանալով և գետակի տարբեր ափերին առանձին թաղեր հիմնելով։ Այդ կերպ մեկուսանալն էր պատճառը, որ տասնամյակներ շարունակ տարիքով մարդիկ անխառն էին պահել իրենց մայրենի խովածքները։ Կարսի Փարկիտ գյուղից գաղթածների 4-րդ սերնդի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ Էլբակի Ժորժիկի որդին, վստահեցնում էր, որ ինքն անխաթար ներկայացնում է իր ծնողների խոսվածքը։ Նրա կինը՝ Սոֆյա Սարգսյանը, մշեցիների թաղում է ծնվել, բայց կարսեցիների թաղ հարս գալով՝ շատ լավ պահել էր իր պապի՝ Մշո Հացիկ գյուղից գաղթած Մեսրոպի մայրենի խոսվածքը։ Ոսկեհասկում տեղեկություններ հավաքեցինք նաև Վարդանի ու Սոֆյայի դուստր Շողան Մուրադյանից։ Բարբառին լիրողություններին քաջատեղյակ էր Առափի գյուղում ծնված և Ոսկեհասկի դպրոցում դասավանդող ուսուցչդուհի Էլիզա Նիկոլյանը։
Մշո Բոստաքյանդ գյուղի խոսվածքով զանազան տեղեկություններ հայտնեց 80-ամյա Լենա Պետրոսյանը։
Պեմզաշեն և Տուֆաշեն գյուղերում մեր բարբառախոսները 1828թ. Ալաշկերտից գաղթածների սերունդներն էին։ Նրանց խոսքում ակնհայտ էր Կարնո բարբառի ազդեցությունը։
Մեր աշխատանքը շատ շահեց Արթիկ քաղաքում հարգանք վայելող Դավայան ընտանիքի անդամների պատրաստակամությունից։ 93-ամյա Շահեն Դավայան ը հիանալի հիշողություն ուներ, լավ էր տիրապգետում Կարնո բարբառին և անգամ ուղղում էր իր զավակների խոսքում հանդիպող փոքրիկ անճշտությունները։
Ահա այսպիսի գործնական աշխուժությամբ կարողացանք եռօրա այցելության շրջանակներում քաղել մեզ անհրաժեշտ բազմաթիվ տեղեկություններ, որ առկա են Շիրակի մարզի խոսվածքներում։ Առջևում դեռ շատ աշխատանք կա իրաեկանացնելու՝ պարզելու համար այս յուրօրինակ մարզի բարբառային համապատկերը։
Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան