ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԼԵԶՎԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՊԱՏԿԵՐԸ. ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆ, «Հրապարակ օրաթերթ»

07/10/2021

           ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ իրականացնում են ինտենսիվ հետազոտություններ «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայով։ Ղեկավարը բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյան է, ինստիտուտի տնօրենը։ Կարելի է հարցնել՝ տեխնոլոգիաների այս 21-րդ դարում, երբ արհեստական բանականությունն արդեն ներխուժել է մեր կյանքի բոլոր ոլորտները, ի վերջո՝ ԱԹՍ-ների ու Քիմ Քարդաշյանի ազդրերի խաղի դարում՝ ի՞նչ բարբառագիտություն, ի՞նչ Կոտայք (այս տարվա հետազոտությունները վերաբերում են Կոտայքի մարզի բնակավայրերի բնակիչներին)։

 Իրոք, ի՞նչ Կոտայք և՝ ի՞նչ բարբառ։

Բայց հիշենք Ակսել Բակունցի «Կյորեսը»... «O tempora, o mores...
Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես...` «Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը՝ չոր թթուն։»։ 

Լեզուն այն ամենն է, ինչ մենք ունենք՝ դա է ի վերջո դարերի մեջ մեզ տանողը, պահապանն ու փրկիչը։ Մեր գոյության առհավատչյան։

Կոտայքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերի բնակիչների նախնիները տարբեր ժամանակներում (1828- 1830 թթ., 1870-ականններ, 1915-1920 թթ.) ներգաղթել են Արևմտյան Հայաստանի գավառներից և Պարսկաստանից: Նայելով ներգաղթի տարեթվերին՝ դժվար չէ տեսնել արտագաղթի պատճառները՝ զանգվածային կոտորածներ, ցեղասպանություն: Հաշվի առնելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի կողմից արված հետազոտության արդյունքները՝ սա ցեղասպանագիտական աշխատանքի ենթատեքստ պարունակող ուսումնասիրություն է:  

«Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում պատրաստվել են ՀՀ Կոտայքի մարզի բնակավայրերի լեզվական բնութագրերը, որոշվել ու մեկնաբանվել է խոսվածքների բարբառային պատկանելությունը: Որոշվել են խառը տիպի խոսվածքների ձևավորման ուղիներն ու յուրահատկությունները ըստ Կոտայքի մարզի բարբառային միավորների: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. գիրք 2. Կոտայքի մարզ» աշխատության մեջ:

Աշխատանքը կատարվել է Գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորմամբ: Հետազոտությունը ղեկավարել է  բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: Կատարող խմբում ընդգրկված են փորձառու բարբառագետներ, խմբի երիտասարդ աշխատակիցը գիտությունների թեկնածու է: Ցավոք, ինստիտուտի ասպիրանտներ կամ հայցորդներ հետազոտությանը չեն մասնակցել: 

Վիկտոր Կատվալյան. «Տեսական եզրահանգումներ կատարվել են գործնական աշխատանքների արդյունքների հիման վրա: Չորս հոգուց բաղկացած բարբառագետների խումբը 2 տարվա ընթացքում դաշտային աշխատանքներ է կատարել Կոտայքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, նախապես պատրաստված հարցաշարերով բարբառակիրներից կատարել է հարցումներ, տեսաձայնագրման եղանակով հավաքել բարբառային կենդանի խոսքի հսկայական պաշար»:

Ապա. «Մշո բարբառի տարբերակներով են հաղորդակցվում Հրազդանի տարածաշրջանի Աղավնաձոր, Մարմարիկ և Սոլակ, Նաիրիի տարածաշրջանի Բուժական, Քասախ գյուղերի բնակիչները, նաև Նոր Երզնկա գյուղի բնակիչների մի մասը: Բայազետի բարբառի խոսվածքներով են հաղորդակցվում Աբովյանի տարածաշրջանի Ակունք, Գեղարդ, Գողթ, Կոտայք, Հատիս գյուղերում: Խոյ-Մարաղայի բարբառով են հաղորդակցվում Աբովյանի տարածաշրջանի Արամուս, Ձորաղբյուր, Մայակովսկի և Նաիրիի տարածաշրջանի Զովունի գյուղերում: Վանի բարբառի տարբերակներ Կոտայքի մարզում գործածվում են Հրազդանի տարածաշրջանում՝ Լեռնանիստ գյուղում, Հրազդան քաղաքի Կաքավաձոր, Ջրառատ և Վանատուր թաղամասերում»:

Հետազոտության արդյունքը 

Վիկտոր Կատվալյան.«Մենք պարտավոր ենք ունենալ մեր երկրի լեզվավիճակի ամբողջական պատկերը, լեզվական քարտեզը՝ ըստ բոլոր բնակավայրերի»: Արդյունքը՝ Կոտայքի մարզի լեզվական վիճակի ամբողջական բնութագիրն է՝ բաղկացած 3 մասից: Թեմայի իրականացնող խմբի անդամները իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են զեկուցումներում, հոդվածներում: Այդ աշխատանքները (դրանք տասն են) շուտով կներկայացվեն առանձին պրակով: Նյութի վերաբերյալ այլալեզու հրապարակումներ չկան:
Մեր ունեցածը պետք է ներկայացնել աշխարհին

Վիկտոր Կատվալյան. «Հայերեն կարդացող այլազգի լեզվաբաններ կան Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իրանում, այլուր: Նրանց հետ համագործակցության հեռանկարներ ունենք: Կոտայքի մարզի բարբառային պատկերով հետաքրքրված օտարերկրացի լեզվաբան մեզ հայտնի չէ, սակայն մեր աշխատանքը տեղադրված է համացանցում և կարող է օգտակար լինել հետաքրքրվողներին: Հետազոտության արդյունքների «Scopus» գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրություն ունենալու հնարավորություն իհարկե կա: Առայժմ չունենք հրապարակման համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորություն»:

Թվում է` հետազոտությունը վերաբերում է ընդամենը հայերենի բարբառային  միավորների արդի դրսևորումների հնչյունաքերականական ու բառապա­շարային իրողություններին: Մինչդեռ, բարբառների միախառնումը վկայում է նաև այդ բարբառները կրողների վերջին երկու հարյուր տարիների ընթացքում զանգվածային տեղահանությունների ու աքսորների մասին: Թեմայի միջազգայնացումը կարևոր է: Եվ այդ առումով Վիկտոր Կատվալյանն անհրաժեշտ է համարում գիտաժողովների անցկացումն ու հրապարակումներն արտասահմանյան հանդեսներում: 

Հերմինե Օհանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/20fb29f9e0d4a3ac2cbd1700174591ad

 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.