ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

26/04/2021
         Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. վախճանվեց անվանի հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Սամվելի Հովսեփյանը։ Նա երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար, փոխտնօրեն, այնուհետև տասնամյակներ շարունակ` հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։
         Իր գիտական գործունեությանը զուգընթաց՝ Լ. Հովսեփյանը եղել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս, վաստակաշատ պրոֆեսոր, որ վայելում էր դասախոսական կազմի և ուսանողության բարձր գնահատանքը։
         Լիանա Հովսեփյանը հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերի (գրաբար, միջին գրական հայերեն, ժամանակակից հայոց լեզու) քաջահմուտ մասնագետն էր։ Իր գիտահետազոտական գործունեությունը անվանի պրոֆեսորը սկսել է միջին հայերենի քննությամբ։ Նրա կատարած աշխատանքները աչքի են ընկնում ոչ միայն նյութի խոր և սպառիչ քննությամբ, այլև  հայագիտության մեջ նորագույն մեթոդների արդյունավետ կիրառմամբ։
         Վաստակաշատ հայագետը իր գիտական հետազոտություններում ներկայաց­րել է միջին հայերենի, հետագայում` գրաբարի քերականական կառուցվածքը։ Այդ աշխատանքներում նա հաջողությամբ կիրառել է ընդհանուր լեզվաբանության մեջ նորագույն շրջանում մշակված որակական և քանակական մի շարք մեթոդներ, կատարել վիճակագրական հետազոտություններ և այլն։
Կարելի է անվարան ասել, որ Լ. Հովսեփյանի հրատարակած ամեն մի գի­տա­կան հոդված կամ մենագրություն ներկայացնում է տվյալ ոլորտի ամբողջական պատկերը։
          Լիանա Հովսեփյանը երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով, պատրաստել նոր սերնդի գիտական կադրեր։ Իր անձնական օրինակով նա ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի մեր ժամանակի հայերենագետը՝ քաջ ծանոթ լինելով ոչ միայն նախորդ փուլերում կուտակված նյութին և  ձեռքբերումներին, տիրապետելով հին ու նոր մի շարք լեզուների (հին հայերեն, հին հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն), ծավալելով ընդհանուր լեզվաբանության արդի փուլի մակարդակը ապահովող գիտական գործունեություն։
          Լիանա Սամվելի Հովսեփյանը եռանդուն և արդյունավետ մասնակցել է  Հայերենագիտական միջազգային գիտաժողովներին` սկսած կազմակերպչա­կան փուլից մինչև թեզիսների հրատարակում։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, հանձին Լ. Ս. Հովսեփյանի, կորցրեց ընդհանուր լեզվաբանության լավագույն մասնագետին։ Արժե շեշտել, որ թեև Լիանա Հովսեփյանը այժմ հրաժեշտ է տվել իր երկրային կյանքին, սակայն նրա թողած գիտական ավանդը, բազում հոդվածներն ու մենագրությունները վկայում են, որ հեղինակի գիտական գործունեությունը եղել է արգասաբեր։ Այդ աշխատանքները սեղանի գիրք են նոր սերնդի հայագետների համար։ Հիրավի, Լիանա Հովսեփյանը ստեղծել է մնայուն արժեքներ և օրինակ է ծառայում նորագույն սերնդի հայագետներին։
         Լիանա Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ ինստիտուտի գիտական խորհրդի երկարամյա անդամն էր, բազմաթիվ ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարը։
        Ականավոր գիտնականի, ազնիվ ու բարի հայուհու հիշատակը միշտ վառ կմնա ինչպես իր սերնդի, այնպես էլ երիտասարդ հայագետների հոգիներում։
         Ինչպես ընդունված է ասել նման պարագայում` արժանին հարկ է տալ արժանավորին։
        Հիշատակն արդարոց օրհնությամբ թող լինի...
 
 
Արտեմ Սարգսյան,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ
18. ապրիլի 21 թ.

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.