ՌՈԲԵՐՏ ԹՈԽՄԱԽՅԱՆ
83 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց հայագիտության երախտավոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանը։ Մեծ է նրա ավանդը հատկապես արդի հայերենի փորձառական հնչյունաբանության ասպարեզում։
Վանեցի ծնողների անվանի զավակը 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը և նույն տարին էլ ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ասպիրանտուրան հաջողությամբ ավարտելուց հետո Ռոբերտ Թոխմախյանը աշխատանքի է անցել նույն ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության խմբում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Ամալյա Խաչատրյանը։
Երիտասարդ գիտնական Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանը հայագիտության մեջ մեծ հաջողությամբ կիրառել է լեզվաբանության մեջ մշակվող նորագույն փորձառական մեթոդները։ Ճշգրիտ մեթոդների արդյունքների հաշվառմամբ Ռ. Թոխմախյանը փայլուն հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական` հետագայում` դոկտորական ատենախոսությունը։
Սկսած 1966 թվականից Ռ. Թոխմախյանը իր գիտական գործունեությամբ սերտորեն կապված է եղել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ։ Անվանի հայերենագետը ավելի քան կես դար դասավանդել է Հայաստանի Հանրապետության բուհերում (Երևանի պետական համալսարանում, Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանության ինստիտուտում և այլ բուհերում)։
Անցյալ դարի 90‑ական թվականների կեսերից շուրջ չորս տարի Ռոբերտ Թոխմախյանը աշխատել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ճեմարանում։ Ամենուրեք նա անկեղծորեն բարձր է գնահատվել և սիրվել ուսանողության և տնօրենության կողմից։ Դա վկայում է այն մասին, որ անվանի հայերենագետը ոչ միայն գիտական խորությամբ և միաժամանակ մատչելիությամբ կարողացել է մատուցել լեզվաբանության հիմունքներն ու նորագույն նվաճումները, այլև հանդես բերել հոգատար և ազնվագույն մանկավարժի հատկանիշներ։
Հայագիտության մեջ Ռոբերտ Թոխմախյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների։ Դրանցում դիտարկվում են հայերենագիտության նորագույն նվաճումները։ Անվանի հնչույթաբանը մեծ հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ միջազգային լեզվաբանական գիտաժողովների և միշտ բարձր է պահել Հր. Աճառյանի անունը կրող լեզվի ինստիտուտի պատիվը։ Հայերենագետը օրինակ կարող է ծառայել երիտասարդ գիտնականներին, տիրապետելով ընդհանուր լեզվաբանության նորագույն նվաճումներին` նորովի դիտարկելիս արդի հայերենի հնչյունական կառուցվածքը։
Վերջին տասնամյակում պրոֆեսոր Ռոբերտ Թոխմախյանը լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի առաջատար գիտաշխատակիցներից էր։ Վերստին ուզում ենք հիշեցնել, որ նա օրինակ կարող է ծառայել երիտասարդ հայերենագետներին` վիճակագրական մեթոդների արդյունավետ օգտագործմամբ որակական նոր մակարդակի բարձրացնելու հայերենագիտությունը։ Այդ է վկայում Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանի «Հայերենի հնչաշղթան» մենագրությունը։
«Էդիտ պրինտ» հրատարակությամբ 2011 թ. Ֆ. Խլղաթյանի հեղինակակցությամբ լույս է տեսել «Շարահյուսություն (կապակցաբանություն)։ Վարժություններ և գիտական գործնական աշխատանքներ» գիրքը։
Տողերիս հեղինակի և Ռ. Թոխմախյանի հեղինակակցությամբ ժամանակին լույս է տեսել «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» աշխատանքը`ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից։
Ռոբերտ Թոխմախյանը, կանոնական մակարդակին զուգահեռ` քննության է ենթարկել արդի հայերենի արևելահայ և արևմտահայ գրական լեզուների խոսակցական ոլորտում դրսևորվող ոլորտային առանձնահատկությունները։
Անկեղծ ցավ ապրելով մեր գործընկերոջ մահվան առիթով` ուզում ենք նշել, որ ավելի քան կես դար մենք միասին աշխատել ենք նույն բաժնում, մշակել գիտական նորագույն բնագավառներ, հանդես եկել հեռուստատեսությամբ և այլն։
Հայտնի ասույթ է. «Մարդը գնում է, գործը` մնում»։ Ռոբերտ Թոխմախյանը մնայուն լեզվաբանական աշխատանքների հեղինակ է։
ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ սերունդը շատ բան ունի սովորելու Ռ. Թոխմախյանի օրինակից։
Պետք է անկեղծորեն հուսալ, որ հայոց լեզվի և մեր կենդանի խոսքի ասպարեզում եռանդուն ջատագովի համբավ ձեռք բերած Ռ. Թոխմախյանի գործը կշարունակվի և ավելի կընդարձակվի նոր սերնդի լեզվաբանների կողմից։
Սրտի խորունկ ցավով նշելով կորուստը մեր անկրկնելի ընկերոջ` Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանի` ասում ենք.
–Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանաս. գիտ. դոկտոր, պրւֆեսոր