Սույն թվականի հունիսի 29-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված լեզվաբանության զարգացման միտումներին վերջին տասնամյակում: Սեմինարը վարում էր Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի գիտաշխատակից, բ.գ.թ. Մերի Սարգսյանը: Նա ներկայացրեց վերջին տասնամյակում լեզվաբանության զարգացման հիմնական միտումները. «21-րդ դարասկզբին լեզվաբանությունը ներփակ (իմանենտ) վիճակից աստիճանաբար անցում է կատարում դեպի արտաքին գործոնների նկատմամբ քիչ թե շատ ազատ վիճակի: Ներկայումս լեզվաբանությունը ազատ փոխգործակցում է այլ գիտությունների հետ: Հետևաբար կարելի է ենթադրել, որ ներփակ լեզվաբանությունը վերածվում է միջգիտակարգային և մարդաբանական լեզվաբանության»: Մ.Սարգսյանը անդրադարձավ նաև աշխարհի տարբեր լեզվաբանական կենտրոններին, ներկայացրեց տարբեր հետազոտողների և պրոֆեսորների տեսակետները (Փ. Հագուրտ, Մ. Հասփելմատ, Տ. Կուն, Վ. Դեմյանկով, Է. Կուբրյակովա ևն):
Ինչ վերաբերում է լեզվաբանական նոր ուղղություններին, ապա, Մ. Սարգսյանը նշեց, որ «նոր բնորոշումը, իհարկե, պայմանական է: Տեսությունը նոր է այնքան ժամանակ, քանի դեռ լայնորեն չի կիրառվում և չունի հետևորդներ: Այսպիսով՝ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են քաղաքական և իրավաբանական լեզվաբանությունները, լեզվամշակութաբանությունը, էթնոլեզվաբանությունը, ճանաչողական լեզվաբանությունը, գենդերային լեզվաբանությունը, պրագմալեզվաբանությունը (գործաբանական լեզվաբանությունը), նոր են պայմանականորեն: Մի կողմից՝ սրանք արդեն իրենց կայուն տեղն ունեն գիտական ուսումնասիրություններում, մյուս կողմից՝ դեռևս չեն դարձել ավանդական: Բոլորովին նոր ուղղություններ կարելի է համարել էկոլեզվաբանությունը, համացանցային լեզվաբանությունը, նոոլեզվաբանությունը, բիոլեզվաբանությունը, սուգգեստիվ լեզվաբանությունը, ռեֆլեքսային լեզվաբանությունը ևն: Այս ուղղությունները հստակ ձևավորված մեթոդաբանություն դեռ չունեն, ինչպես նաև տեսական հիմքերը ևս հեղհեղուկ են և ձևավորման փուլում»:
Սեմինարը բավական հետաքրքիր էր և բովանդակալից, բուռն հարցադրումների և քննարկման առիթ դարձավ: Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, կարևորելով լեզվաբանական նոր ուղղությունների և նորագույն նվաճումների ուսումնասիրությունը, ողջունեց Մ. Սարգսյանի նախաձեռնությունը և նշեց, որ վերջինս առաջիկայում հանդես կգա սեմինարների շարքով՝ նվիրված լեզվաբանական նորագույն ուղղություններին: