Նյարդահոգելեզվաբանության ուղղվածության միջազգային առցանց խորհրդակցություն

13/01/2025
      Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված նյարդահոգելեզվաբանության ուղղվածության միջազգային առցանց խորհրդակցությանը («Международное совещание по проблемам прикладной лингвистики: нейролингвистика, психолингвистика»): Օրակարգում նյարդահոգելեզվաբանական 4 խնդիր էր՝ «Կիրառական լեզվաբանությունը և ժամանակակից տեխնոլոգիաները. արհեստական բանականություն» (Прикладная лингвистика и современные технологии: искусственный интеллект),  «Նյարդալեզվաբանության ժամանակակից խնդիրները. լեզվամտածողության վերականգնումը լեզվական թեստերի միջոցով» (Актуальные проблемы нейролингвистики: восстановление языкового мышления с помощью языковых тестов), «Հոգելեզվաբանության զարգացման կանխատեսումներ. XXI դարի II կեսի նախաշեմին» (Прогнозы развития психолингвистики: на пороге II половины XXI века), «Դաշտային մեթոդները լեզվական և միջգիտակարգային հետազոտությունների մեջ» (Полевые методы в языковых и междисциплинарных исследованиях (диалектология, разговорная речь)): Խորհրդակցությունը նախագահում էր լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող, նյրադահոգելեզվաբանական ուղղության ղեկավար Ս. Հովհաննիսյանը, իսկ միջոցառման համանախագահն էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Լ. Վերբիցկայի անվան ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Ե. Ռիեխակայնենը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, փորձաքննությունների ազգային բյուրոյի, ԵՊՀ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ԵՊԲՀ, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի, ՌԴ գիտությունների ակադեմիայի, ՌԴ լեզվի և ուղեղի կենտրոնի ներկայացուցիչները:
      Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին մասնագիտական հաղորդումներ ոլորտի առաջատար մասնագետների կողմից  (Օ. Միտրենինա, Ե. Ռիեխակայնեն, Օ. Դրագոյ, Վ. Զուբով, Պ. Էյսմոնտ, Մ. Կորոլկովա): Մասնագետները քննարկեցին մի շարք կարևոր և հրատապ խնդիրներ, ինչպիսիք են՝ բնական լեզվի և հուզական ինտելեկտի՝ արհեստական բանականության կողմից վերարտադրումը և մշակումը, վերբալ և ոչ վերբալ տեքստերի ընկալումը, լեզվական միավորների ընկալման և վերլուծության մեխանիզմները հատկապես լեզվամտածողության պաթոլոգիաների դեպքում, ընդարձակ զեկուցում ներկայացվեց հոգելեզվաբանության ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Առանձնահատուկ ուշագրավ էր տեքստի ուսումնասիրության ուղղությունների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաև երկխոսության փոխազդեցության հետազոտության մասին հաղորդումը: Խորհրդակցության էր դրված նաև մենթալ բառապաշարի և խոսքի ընկալման գործընթացների վերաբերյալ գործնական դիտարկումը: Դաշտային աշխատանքներին նվիրված մասում հնչեցին հաղորդումներ ժամանակակից բարբառագիտության մեջ դաշտային մեթոդի կիրառության մասին, էմպիրիկ նյութի հավաքման խնդիրների մասին, և այս մասում ընդգծելի էր խոսակցական լեզվի բազմամակարդակ բնութագրի կազմության և բանավոր խոսքի կորպուսների ստեղծման վերաբերյալ հաղորդումը: Ս. Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց հայ-գերմանական համատեղ աշխատանքով հայերենի, անգլերենի և գերմաներենի զուգադիր շտեմարանի հիմքով ստեղծված  LexTale լեզվական իմացության չափման թեստը և դրա զարգացման հեռանկարները, ինչը հատուկ հետաքրքրություն առաջացրեց ՌԴ գործընկերների շրջանակում, և առաջարկ հնչեց այս ուղղությամբ համատեղ նոր ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ: Խորհրդակցությունն ավարտվեց երկու կողմերի կարծիքների փոխանակմամբ, հետագա համագործակցության հստակ առաջարկներով և նոր միջոցառման ակնկալիքով:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.