Մայրենիին նվիրված գիտաժողով՝ «Մեր լեզուն մեր Հայրենիքն է»

20/02/2015

 Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլի­ճում մեկնարկեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը:  

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին Մայրենիի օրվա առթիվ՝ նշելով, որ այս տարի Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները իրականացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: «Սա նոր երանգ է հաղորդում այս միջոցառմանը, քանի որ ցեղասպանության հետևանք է նաև լեզվասպանությունը: Մենք չենք կարող առաջին հերթին մեծագույն ցավով չարձանագրել հայերենի շուրջ երեք տասնյակ բարբառների կորուստը: Այլևս գոյություն չունեն Ակնի, Խարբերդի, Երզնկայի, Տիգրանակերտի, Շապին-Գարահիսարի, Վանի, Հաջընի, Սեբաստիայի, Մարաշի և բազում այլ բարբառները, որոնք հայերենի յուրահատուկ դրսևորումներ էին և մեր ժողովրդի լեզվաստեղծագործական ու ազգային մտածողության ինքնատիպ արտահայտությունները, և եթե այսօր մեր երիտասարդներից շատերը չեն խոսում հայերեն, դա ևս ցեղասպանության հետևանք է», -հավելեց գերատեսչության ղեկավարը:  

Նախարարը նշեց, որ 2015թ.-ին ՀՀ սփյուռքի նախարարության գերակա խնդիր է հռչակվել հայոց լեզվի տարածումը և երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության ընդլայնումը: Նա առանձնացրեց այն քայլերը, որ իրականացնում է գերատեսչությունը Սփյուռքում Մայրենիի պահպանության և տարածման ուղղությամբ՝ մասնավորապես անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին և «Արի տուն» ծրագրին, որոնց շրջանակներում հայ պատանիներն ու երիտասարդներն այցելելով Հայրենիք՝ իրենց յուրաքանչյուր առավոտը սկսում են Մայրենիի դասընթացներով, հայերենով շփվելու բացառիկ հնարավորությամբ: Նա կարևորեց նաև նախարարության էլեկտրոնային գրադարանի դերը հայապահպանության գործում:

  «Մենք մշտապես կարևորել ենք Սփյուռքում մեկօրյա դպրոցների ստեղծումը, և ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 6 տարիների աշխատանքի շնորհիվ տարբեր համայնքներում կարողացել ենք շուրջ 600 մեկօրյա դպրոց հիմնել, մեծ նվաճում էր, որ կարողացանք հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոց ստեղծել, որը հեռարձակվում է հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռարձակմամբ», -ասաց նախարարը:   ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց նաև Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ և իրաքահայ մեր հայրենակիցների մասին, որոնց ինտեգրումն առավել արագ և ճիշտ կազմակերպելու համար նախարարությունը նրանց համար կազմակերպում է մայրենիի ուսուցման արագացված դասընթացներ:   Իր խոսքի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը երիտասարդությանը կոչ արեց հատկապես Հայոց ցեղասպանութ­յան 100-րդ տարելիցին իրենց կարևորագույն և ազգանպաստ գործը համարել հայերեն սովորելը, հայերեն խոսելը, և որ Մայրենիի օրը յուրաքանչյուրի համար դառնան ոչ միայն փետրվարի 21-ը, այլ տարվա բոլոր օրերը:

  ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին` արդեն ավանդույթ դարձած Մայրենիի օրվան նվիրված այս գիտաժողովների կազմակերպմանն աջակցելու համար:  

ՀՀ ԳԱԱ անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նա ուրախությամբ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չի բավարարվում միայն այս գիտաժողովի կազմակերպմամբ և Մայրենիի օրվա շրջանակներում մշտապես իրականացնում է այցելություն Մաշտոցի շիրիմին և այլ միջոցառումներ: Յու. Սուվարյանը նշեց, որ համաշխարհայնացման այս դարաշրջանում առաջանում են նոր խնդիրներ, նոր տերմիններ և դրանց հայերենացումը, հայերեն թարգմանությունը պետք է համակարգված բնույթ կրի: Նա առաջարկեց ստեղծել Հայերենի համակարգման բարձրագույն խորհուրդ:

  «Հայրենիք և լեզու» թեմատիկ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա նշեց, որ ինչպես նախորդ երկու, այնպես էլ այս գիտաժողովի նպատակն է ոչ միայն արժևորել ու գնահատել մայրենի լեզվի դերը հայեցի հոգեկերտվածքի, մտածողության, աշխարհըմբռնման ձևավորման, հայ ազգի ինքնության, մշակութային ինքնատիպության զարգացման ու պահպանման, հայությանը միավորելու, հայոց պետականության և ինքնիշխանության պահպանման գործում, այլև արծարծել ու բարձրացնել լեզվաքաղաքականությանը, լեզվի գործառությանն ու կանոնարկմանը, ուսուցմանն ու ուսումնասիրությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, որոնք կարող են հետագա մասնագիտական քննարկումների առարկա և առկա խնդիրները լուծելու խթան դառնալ:  

Անդրադառնալով շուրջ 3 տասնյակ անհետացած բարբառների խնդրին՝ Վ.Կատվալյանը հավելեց, որ եթե մի քանի տարի առաջ դեռևս կարելի էր այդ բարբառների բեկորները հավաքել եղեռնից մազապուրծ եղած բարբառակիրներից, ապա ներկայումս այդ հնարավորությունը ավելի ու ավելի սահմանափակ է դառնում: Կատվալյանը ևս հավաստիացրեց, որ  լեզվի նորմավորումը և զարգացումը առավել արդյունավետ կլինի պետական համակարգող կենտրոնի առկայությամբ, որպիսին կարող է լինել Հայերենի բարձրագույն խորհուրդը:

«Ավետիք Իսահակյանը և հայոց լեզուն» թեմատիկ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը՝ ընթերցելով մեծանուն գրողի խոսքերը. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…»:

  Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն խոսեց հրապարակային գրվածքներին առնչվող հիմնախնդիրների մասին, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հայ բանաստեղծական խոսքի առանձնահատկությունների մասին:

ԵՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական  կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը խոսեց արևմտահայերենի առկա տագնապների մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ արևմտահայերենին տրվի պետական լեզվի կարգավիճակ, ստեղծել հայերենի միասնական պետական և համահայկական խորհուրդ, որ կունենա արտակարգ լիազորություններ և կկարգավորի արևմտահայերենի ուղղագրական բազան:  

ԵՊՀ հայոց հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը խոսեց Արդի հայերենի գիտական ուսումնասիրության գերակա ուղղությունների մասին:  

ԵՊՀ դասախոս Ռուբեն Սաքապետոյանը  հանդես եկավ «Արևմտահայերենն անհետացող լեզու չէ» զեկուցումով:ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Արևմտահայերենի բաժնի գիտաշխատող Սուսաննա Տիոյանը ներկայացրեց «Արևմտահայերենի զարգացման հիմնական ուղղությունները»` նշելով բաժնում կատարված և կատարվող  աշխատանքները, այդ թվում հրատարակված գրքերը, հրատարակման գործընթացում գտնվող «Արևմտահայերենի գործնական բառարանը»:   ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն անդրադարձավ Բելգիացի հայագետ Ֆելիքս Նևի՝ հայոց լեզվի հանդեպ վերաբերմունքին, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը՝ Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլմանը հայերենի բառապաշարում:

  ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը խոսեց Հայոց ցեղասպանության հետևանքով հայոց լեզվի կրած կորուստների մասին, որոնց ի մասնավորի անդրադարձավ լեզվաբան Հովհաննես  Զաքարյանը: Հ. Սուքիասյանը ամբիոնի մոտ հրավիրեց գիտաժողովին մասնակից արաբ, պարսիկ և հնդիկ ուսանողներին: Օտարազգի ուսանողները հայերենով իրենց հիացմունքը հայտնեցին հայոց լեզվի մասին և շեշտեցին, որ Հայաստանում իրենց ավելի վստահ և ընդունված են զգում հայերենը սովորելուց հետո: Նրանք ասմունքեցին հայ մեծանուն բանաստեղծների հայտնի ստեղծագործություններից՝  նվիրված Մայրենիին:  

Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան մի շարք այլ ճանաչված լեզվագետներ:  

Ամփոփելով աշխատանքները՝ գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով սիրել, պահպանել, գործածել, տարածել ու սերնդեսերունդ փոխանցել հայոց լեզուն՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով հայապահպանության գործին:

Աղբյուրը՝  ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջ՝  http://www.mindiaspora.am/am/News/3686  

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.