Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հենասյուներից մեկը՝ մեծահամբավ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԻԱՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
Գիտության աննկուն նվիրյալ էր ընկեր Հովսեփյանը, իր գիտակցական ողջ կյանքը ծառայեցրեց գիտության զարգացմանն ու կրթության կազմակերպմանը: Հեղինակեց տասնյակ գիտական հոդվածներ, մենագրություններ, ժողովածուներ: Մինչև վերջին օրերը ընկեր Հովսեփյանը զբաղվում էր հետազոտական աշխատանքով, փորձում էր կյանքի կոչել նոր ծրագրեր. հրատարակության էր պատրաստում գրաբարի լիակատար քերականությունը: Ցավոք չհասցրեց ավարտին հասցնել:
Չափազանց մեծ է նրա վաստակը հայ լեզվաբանության մեջ. ուսումնասիրությունների շրջանակը շատ լայն է և ընդգրկուն` հայոց լեզվի պատմություն, բարբառագիտություն և բառարանագրություն, հայերենի կառուցվածքային և պատմական տիպաբանություն, լեզվի ձևայնացված նկարագրություն և կաղապարում, հետազոտության ժամանակակից մեթոդներ, գրական լեզվի նորմավորման խնդիրներ...
Ընկեր Հովսեփյանը կրթության մեծ կազմակերպիչ էր, իր եռանդն ու ջանքերը չէր խնայում գիտական կադրեր պատրաստելու համար: Մի հետաքրքիր ուժով և հմայքով իր շուրջն էր համախմբում ամենքին` իր ասպիրանտներին, գործընկերներին, իր եռանդով վարակում բոլորիս, մղում նոր հորիզոններ նվաճելու:
Աշխատանքի մեջ շատ խիստ էր ու պահանջկոտ ընկեր Հովսեփյանը, մեծ երկմտանքով ու երկյուղով էինք մեր աշխատանքներն իրեն ներկայացնում, բայց երբ հավանության էր արժանացնում, վե'րջ, ուրեմն իսկապես արժանի աշխատանք էր: Ընկեր Հովսեփյանի ասպիրանտը լինելը մեծ պատիվ էր մեզ համար:
Աշխատանքից դուրս ընկեր Հովսեփյանը մեր ավագ ընկերն էր, խորհրդատուն, հարազատը, բարեկամը: Իրենց տանը հավաքում էր մեզ` իր ասպիրանտներին, հյուրասիրում իր ձեռքով պատրաստած տեսակ-տեսակ ուտեստները, իսկ հետո թեյի կամ սուրճի սեղանի շուրջ գրական ընթերցումներ էին լինում, մեզ պատիվ էր անում` ներկայացնելով իր գրական անտիպ թարգմանությունները:
Մեր շատ սիրելի՛ ընկեր Հովսեփյան, մեր խորհրդատու, մեր ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ, թո՛ղ փառավորվի Ձեր հոգին, Ձեր խոսքերը, խորհուրդները մեր ականջին են, Ձեր կենդանի ներկայությամբ միշտ ուղղորդելու եք մեզ թե՛ գիտության, թե՛ կյանքի մյուս ասպարեզներում, իսկ Ձեր բացառիկ կերպարը միշտ վառ կլինի մեր հուշերում…
Լիանա Հովսեփյանի ասպիրանտ, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան